Seroj araqelyan

Քիչ մնաց

Քայլում եմ գյուղով, չէ, գյուղի կենտրոնով. ճանապարհ, շատ մեքենաներ, աղմուկ, դե Երևան-Վրաստան ավտոճանապարհը անցնում է մեր գյուղով, աղմուկը պարտադիր է, գյուղ է, բայց քաղաքի շարժին հավասար: Լավ, շատ չձգձգեմ՝ ինչու է քիչ մնացել կամ ինչից: Զբաղվելու բան չկա: Իրականում, եթե խոստովանեմ, զբաղվելու շատ բան կա, գյուղի կյանք է՝ հոգս, աշխատանք, խոտհունձ, կարտոֆիլ հանել, խաղողի քաղ, բերքահավաք, անտառային հատապտուղներ պահածոյի համար: Ասացի՝ շատ չձգձգեմ, բայց էլի ձգձգում եմ, ասածս ինչ ա՝ քիչ մնաց, և ես շուտով կկարոտեմ այս ամենը: Սեպտեմբերից Երևան եմ գնալու՝ դասեր, նոր շրջապատ, նոր միջավայր և սովորականից տարբերվող առօրյա: Երբ գյուղում եմ, ասում եմ՝ անելու բան չկա, իսկ երբ լինեմ Երևանում, ասելու եմ՝ անելու բան շատ կա, ուղղակի չեմ հասցնում, կամ անծանոթ լինելու պատճառով մի քիչ քաշվում եմ:

Պատմում էի մեր գյուղի ճանապարհների աղմուկից, որն արդեն սովորական է դարձել, բայց հիմա այդ ճանապարհները շատ են լինելու, աղմուկը՝ էլ ավելի: Աղմուկին սովորել եմ, կհամակերպվեմ: Ինձ մոտ էսպես է. երբ գյուղից անգամ մեկ օրով եմ հեռանում, մտածում եմ՝ վերջ, ամեն ինչ փոխվեց գյուղում, ինչի՞ գնացի: Բայց իրականում գիտեմ, որ ոչինչ էլ չի փոխվել. ինձ չէին սպասում, որ հենց գնամ, նոր զարգացնեն գյուղը: Վեց օրից չորս ամիս գյուղում չեմ լինի, հա, հնարավոր ա ամիսը մեկ՝ շաբաթ, կիրակի օրերին այցելեմ, բայց դա քիչ է: Կարող եմ անգամ ամեն ամիս գալ, բայց այդ 4 ամսվա հետևում կա 2 տարի, որ հենց ինձ է նայում՝ ես երեսս շրջում եմ: Հիմա կմտածեք՝ վախենում եմ ծառայությունից, բայց հավատացեք, ինձ համար մեկ է: Ես սահմանից եմ բանակ գնալու, ու դա նույնն է, որ մի սահմանամերձ գյուղից գնաս մեկ այլ սահմանամերձ գյուղ. ամենահասարակ բաներից է: Չէ, ոչ թե վախենում եմ, այլ չեմ ուզում այդ երկու տարին ապրել օտար մի վայրում, անծանոթներից էլ չեմ վախենում, կծանոթանամ և ամեն ինչ լավ կլինի: Ուղղակի գալու է մի ժամանակ, որ երազելու եմ այս պահի մասին, որ բազկաթոռին նստած նյութ եմ գրում, կամ երբ առավոտը դիմավորում եմ մատիտից սևացած ձեռքերով, ինչու չէ՝ նաև այդ գյուղի մեջ անհավես քայլելու պահն եմ կարոտելու, երբ ամենուր նույն մթնոլորտն էր կանգնած, ամեն օր կրկնվող նույն խոսակցություններն եմ կարոտելու: Բանակում կթեթևանամ օրվա աշխատանքներից, բայց չգիտեմ էլ՝ ուրախ եմ, թե տխուր: Լավ գիտեմ, որ ինչքան էլ հոգնած լինեմ, կարոտելու եմ այն պահը, երբ գործի էին դնում ինձ, իսկ ես ալարում էի, կամ փնթփնթալով անում:

Մի քանի օր մնաց: Մի քանի օր էլ քայլեմ ու կիսատ թողած գործերս վերջացնեմ, որ գնամ, չասեմ՝ սա մնաց, նա մնաց: Նախորդ նյութում ասացի՝ կպատմեմ, թե ոնց սիրահարվեցի, միայն մի պայմանով՝ եթե ամեն ինչ լավ վերջանա, իսկ այս նյութս կշարունակեմ այն ժամանակ, երբ հասնեմ քաղաք և ապրեմ չորս ամիսը Երևանում: