lusine hovhannisyan

Քիչ մնաց

Հաջողակ մարդիկ իրենց առաջ նպատակ դնելու ու դրան հասնելու յուրահատուկ սովորություն ունեն: Նրանք միշտ պլանավորում են քայլ առ քայլ իրենց անելիքները: Նույնիսկ գիշերը չեն քնում, եթե պլանավորած չեն լինում հաջորդ օրվա անելիքը: Հաջողակները միշտ իրենց օրվա ծախսածը հաշվարկում են:

Մեզ շրջապատող աշխարհը ոչ չար է, ոչ էլ բարի: Այն այնպիսին է, ինչպիսին, որ մենք ենք ընկալում: Իսկ մենք մեր անհաջողությունների համար մեղադրում ենք ոչ թե ինքներս մեզ, այլ՝ նրան: Մարդկանց ներկա վիճակը իրենց անցյալում կատարած սխալների հետևանքներն է: Ես այսպես եմ կարծում:
Օրինակ, հիմա ես զբաղված եմ իմ պարապմունքներով. Ինչո՞ւ, որովհետև ժամանակին չեմ սովորել այն, ինչ ուսուցիչները տվել են ինձ (չնայած կլինեն ուսուցիչներ, որ բավական գիտելիքներ չեն տա աշակերտներին, որպեսզի նրանք կարողանան բուհ ընդունվել): Բայց չէ՞ որ մենք գիտենք, թե դրա հետևում ինչ է թաքնված: Բացի այդ, դպրոցում անցած թեմաներն ու դասերը չեն համապատասխանում շտեմարաններին:

Հա, շտեմարան ասացի, հիշեցի. այդ բթացնող շտեմարաններն ինչո՞ւ են արտադրում: Մեզ գիտելիք տալո՞ւ, թե՞ գումար կորզելու ու իրենց բիզնեսը առաջ տանելու համար: Դրանք մեզ չեն կրթում: Ինձ թվում է, այնտեղ կան այնպիսի բաներ, որոնք մեզ երբևէ պետք չի գալու: Բայց ինչ արած, եթե ուզում ես բարձրագույն կրթություն ստանալ, պետք է շտեմարանները անգիր անես: Ինքս էլ չեմ հասկանում` սովորեցի՞ ինչ-որ բան, թե՞՝ ոչ:
Ես հիմա պարապում եմ երեք առարկա` հայոց լեզու, անգլերեն և մաթեմատիկա, բայց դեռևս չեմ կողմնորոշվել, թե ինչ մասնագիտություն ընտրել: Երբ մայրիկիցս խորհուրդ եմ հարցնում, նա միշտ սկզբում նշում է, որ լավ մասնագետ դառնալու համար առաջին հերթին լավ մարդ պետք է դառնալ, այնուհետև ամեն ինչ իր հերթին կլինի:
Այժմ տատանողական վիճակ է. ջուրը մեկ ինձ տանում է ձախ, մեկ` աջ: Երբ փոքր էի, ուզում էի դառնալ բժշկուհի, քանի որ համարում էի կարևոր մասնագիտություն, իսկ հետո որոշումս փոխեցի: Ժուռնալիստ, դերասան, իրավաբան, դիզայներ էի ուզում դառնալ, բայց այդ երազանքներն էլ փշրվեցին, քանի որ ամենից շատ սիրում եմ պարել: Պարը իմ կյանքի մի մասն է , առանց որի անհնարին և անիմաստ եմ այն համարում ապրելը: Արդեն 14 տարի է, ինչ պարում եմ: Պարի խմբով համերգների ենք գնում (Երևան, Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք,Վրաստան նույնիսկ): Այդ համերգներից հետո մոտենում կամ հեռվից մատով են ինձ ցույց տալիս և առանց ինձ ճանաչելու խորհուրդներ տալիս. «Գնա պարի ու այն երբեք չթողնես» կամ` «Դու դրա համար ես ծնվել», և այդպիսի այլ խոսքեր:
Արդեն երկար ժամանակ է ուզում եմ թարգմանիչ դառնալ, սակայն սա էլ շատ աշխատատար մասնագիտություն է: Նաև չեմ կարող պարը շարունակել, այդ իսկ պատճառով որոշեցի ընտրել ավելի «թեթև» մասնագիտություն: Եվ ես իմ կարծիքով գտա, դա` սոցիոլոգիան է (թող սոցիոլոգները ինձ ներեն, ախր, շատ բան չգիտեմ): Բայց էլի չգիտեմ, կարող է` որոշումս նորից փոխեմ և ընտրեմ մեկ այլ մասնագիտություն:
Այժմ մտածում եմ իրարից տարբեր, բայց մի կողմից էլ իրար նման մասնագիտությունների մասին: Այսինքն, կա՛մ տնտեսագիտություն, կա՛մ սոցիոլոգիա: Միայն թե` հասնեմ հաջողության: Դառնամ իմ ուզած մասնագետը և լավագույնը իմ գործի մեջ: Քիչ մնաց: