Քմահաճ եղանակը

Եղանակը կարող է լինել բարի, հոգատար, հաճելի և, միևնույն ժամանակ, դաժան: Թե, որտեղի՞ց այդքան դաժանություն՝ դժվար է ասել, միգուցե ինչ որ մեկը տրորե՞լ է նրա ոտքը, թե՞ ցավ է պատճառել, իսկ հնարավոր է, որ նա էլ փոքրիկ երեխայի նման ցանկացել է մի քիչ զվարճանալ….

Առավոտյան, երբ արթնացա, արևի շողերը ինձ գրկեցին՝ ասես ջերմություն ներշնչեցին: Իսկ երեկոյան եղանակը այնպիսի դաժան խաղ խաղաց մարդկանց հետ, որ թվաց, թե պատերազմ է սկսվել, ուր որ է` թշնամին կմոտենա ու իր ներկայությունը ցույց կտա, ահա մի քիչ էլ, ու նա կգա, բայց սպասումներն ապարդյուն եղան, ոչ ոք չեկավ, ոչ մի թշնամի: Այդ պահին մեր թշնամին եղանակն էր: Մոլորված պտտահողմը վայրագ թշնամու նման, ներխուժեց մեր գյուղ՝ Թթուջուր: Ավերեց տանիքները, արմատախիլ արեց ծառերը, մեծ վնաս հասցրեց բնակչությանը…

Իսկ այդ նույն պահին, երբ Թթուջրում պտտահողմ էր, մենք ընտանիքով, ընկերներով գտնվում էինք Դպրաբակ գյուղում: Այնտեղ արևոտ, տաք ու ջերմ եղանակ էր: Ոչինչ չէր կանխատեսում Թթուջրում բնության դաժան խաղը:

Մեզ էլ էր մեծ վնաս հասցրել պտտահողմը:

Տատիկս տնից այդ եղանակին դուրս էր եկել, որպեսզի հավի ճուտիկներին կեր տանի և այդ դաժան, արգելք չհանդուրժող պտտահողմը գտնելով մի «թափառաշրջիկ» մետաղյա թիթեղ հարվածել է տատիկիս: Բարեբախտաբար տատիկս լուրջ վնասվածք չի ստացել….

Մեր մեղուների փեթակներից երկուսը շրջել է, մեղվաընտանիքները քանդել: Հայրիկս Դպրաբակից շատ կարճ ժամանակում օգնության հասավ և փրկեց աղետի ենթարկված մեղվաընտանիքները…

Հաջորդ օրը, իջնելով Թթուջուր, հարցուփորձ արեցի տատիկիցս, հարևաններից, թե ինչ զգացին այդ պահին: Առաջինը տատիկիս հարցրեցի, բայց նա չցանկացավ պատասխանել, միայն ասաց.

-Քամի էր, էլի…..

Իսկ այ, հարևանուհին շատ բան պատմեց: Ես հարցրեցի, թե ի՞նչ կատարվեց, և նա պատմեց կատարվածը, իր զգացողությունները:

-Ինձ թվաց, թե պատերազմ է սկսել, ու «թուրքի գռադը» ընկավ մեր տուն: Ջարդուփշուր արեց պատուհանները….

Ինչու՞  է եղանակը այդքան դաժանությամբ լցված: