aneta baghdasaryan

Քննություններն ավարտեցինք ֆրանսիականում

Հունիսի 9-ը այն օրն էր, երբ ես այլևս ստիպված չէի քննության պատրաստվել։ Ստիպված չէի արթուն մնալ մինչև գիշերվա 4-ը, հետո մի քիչ քնել ու արթնանալ 7-ին, որ սովորեմ մնացած հարցերը։ Վերջացավ ցույցերի արդյունքում բաց թողած դասերը լրացնելն ու չլրացնելը, լեկցիա տպելը, խնդիր լուծելն ու ձևաթուղթ հանձնելը։ Վերջացան ֆրանսիականի քննությունները, երբ պետական համալսարանի ուսանողների քննաշրջանը նոր է սկսվում։ Այո, պետական համալսարանի դասերը հետաձգվեցին, իսկ մերը՝ ոչ։ Եվ արդյունքում՝ որոշ առարկաներից լրացումներ այդպես էլ չեղան։

Վերջացավ նախաքննական շրջանը, երբ ամբողջ կուրսը որոշում էր քննությունների հերթականությունը, քանի որ այս կիսամյակ, ինչպես և նախորդին, մեզ հնարավորություն տրվեց ինքնուրույն այն ընտրելու։ Ընտրվեց իդեալական տարբերակ բոլորի համար։ Դե, համարյա բոլորի ու համարյա իդեալական։ Համարյաների պատճառով ևս մեկ անգամ քննարկվեց հերթականությունը, որպեսզի այն գոհացնի բոլորին։ Կուրսում սովորում է 87 ուսանող և իրականում անհնար կլիներ գտնել տարբերակ, որին բոլորը համաձայն կլինեին, հետևաբար, այս անգամ էլ չստացվեց։ Չեմ կարծում, որ համալսարանի նշանակած հերթականությունը ավելի լավը կլիներ, սակայն գոնե առանց պատճառի չէին մեղադրվի ավագները, որոնք ուղղակի առաջնորդվել են մեծամասնության կարծիքով։ Եվ արդյոք ճի՞շտ էր մեզ վրա դնել այդպիսի կարևոր որոշում, որից հետո կուրսում կսկսվեր խառնաշփոթ։ Ինչևէ, ամեն ինչ վերջացավ «Ընկերությունների իրավունք» առարկայով, որին պատրաստվելու ժամանակ ունեինք ընդամենը մեկ օր, ինչպես և նախորդ 5 քննությունների համար։ 105 էջ մեկ օրում։ Համաձայնեք՝ այդքան էլ շատ ժամանակ չէ։

Եվ դու ջղայնանում ես բոլորի վրա, նյարդայնանում ես ամեն մի ձայնից, չես կարողանում կենտրոնանալ, հավաքել քեզ, քանի որ քեզ տրված է մեկ օր, ու դու ստիպված ես լինում գիշերը չքնել և վերջացնել այդ անիծյալ հարցաշարը։ Երբ այնքան հոգնած ես, որ անջատվում և քնում ես հենց սեղանի մոտ՝ չսովորելով այն միակ հարցը, որը հաջորդ օրը կլինի քննական թեստի մեջ, կամ էլ երբ սովորում ես ընդամենը մեկ հարց և աղոթում, որ հենց դա լինի գրավորիդ մեջ, երբ ափսոսում ես, որ ընդհանրապես ժամանակ ես ծախսել մի առարկայի վրա, որի փոխարեն կարող էիր 5 կրեդիտանոց առարկան ավելի լավ պարապել, երբ քնելով ինչ-որ 3 ժամ, նստում ես համակարգչի առաջ, որ ապացուցես H0 վարկածը հերքելու հիմքերը և ամեն անգամ խնդիրը լուծելիս ստանում տարբեր պատասխաններ, կատաղում, նորից սկսում ու երբ վերջին քննության ձևաթուղթը հանձնում ու դուրս ես գալիս լսարանից, քեզ այլևս չի հետաքրքրում այդ խնդրի լուծման եղանակը, չես բացում տետրդ, որ տեսնես՝ ինչն ես հիշել կամ մոռացել գրել հարցի մեջ։ Ու դու գնում ես տուն՝ հուսալով, որ չես կտրվել ու անցել ես 3-րդ կուրս, հավաքում ես տարվա բոլոր նյութերը, կոնսպեկտներն ու տետրերը, որ սեպտեմբերին տաս երկրորդ կուրսեցիներից մեկին։

Վերջ, ամառ է…