ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը արդեն գործում է

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լսել եք, չէ՞, Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնի մասին, որը գտնվում է Դեբեդ-Դսեղ գյուղերի խաչմերուկում։ Հրաշք միջավայր, հրաշք վայր, ամբողջը՝ ՀՐԱՇՔ։ Այնքան ոգևորված եմ ուզում խոսել մեր ՍՄԱՐԹ-ի մասին, որ հաճախ բառերն եմ խառնում, բայց ուզում եմ, որ շատերը իմանան, թե ինչ ունենք մենք։

ՍՄԱՐԹ կենտրոնը հնարավորություն է տալիս գյուղաբնակ բնակիչներին սովորելու, ի դեպ՝ ոչ միայն երիտասարդ,այստեղ կարող են սովորել նաև մեծահասակները։ ՍՄԱՐԹ-ի թիրախային բնակչությունը՝ 5 համայնք 2018 թվականին, իսկ 2019-ին՝ 12: ՍՄԱՐԹ կենտրոնը կարող է ծառայել օրական 250 մարդու համար։ 

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

ՍՄԱՐԹ-ը Թումո չէ, ՍՄԱՐԹ-ում ՏՏ-ները օգտագործվում են որպես միջոց։ Բաց է բոլորի համար և անվճար։ ՍՄԱՐԹ-իս մասին այսքանը։ Մայիսի 27-ի բացման միջոցառմանը շատ էին սպասել, շատ-շատ, թե՛ ՔՈԱՖ-ի աշխատակիցները, թե՛ կամավորները, թե՛ պարզապես այն մարդիկ, որոնք սովորելու են այնտեղ։ ՍՄԱՐԹ-ի բացմանը մոտավորապես 70 կամավորներ էինք, ու ձեռք բերեցինք բավական շատ ընկերներ։ Կողքի համայնքների երիտասարդներին ճանաչելու, ընկերանալու ու հարազատանալու հնարավորություն է տալիս թե՛ ՍՄԱՐԹ-ը, թե՛ COAF-ը։ Ու յուրաքանչյուր կամավոր ուներ իր պարտականությունը, այնքան մեծ ու համախմբված թիմային աշխատանք էր, որ ևս մեկ անգամ շնորհակալություն եմ ուզում հայտնել։ Ուզում եմ բոլորիս շնորհավորել ՍՄԱՐԹ-ի բացման առիթով ու յուրաքանչյուրիս մաղթել ՍՄԱՐԹ-ում հնարավորինս ՍՄԱՐԹ լինել։ 

#ՄարդըՍՄԱՐԹլինի

#Դբա_Սմարթ

Սյուզաննա Խառատյան

***

Մայիսի 27-ին Լոռու մարզի Դեբեդ գյուղի տարածքում բացվեց իր տեսակի մեջ դեռևս միակ COAF SMART կենտրոնը: Կենտրոնը նախատեսված է դրան մոտ ընկած գյուղերի բոլոր բնակիչների համար, բայց հիմնական թիրախային խումբը հանդիսանում են 3-35 տարեկանները: 2018-ի դրությամբ այդ համայնքները կլինեն 5-ը, հաջորդ տարի աշխարհագրությունը կընդլայնվի մինչև 12 համայնք:

Նախատեսվում են առաջիկայում նմանատիպ կենտրոններ ստեղծել ՀՀ բոլոր մարզերում:
COAF SMART կենտրոնը Հայաստանի Մանուկներ հիմնադրամի SMART նախաձեռնության մասն է կազմում: Հիմնադրամը իր գործունեությունը սկսել է ծավալել 2004 թվականին Արմավիրի մարզի Քարակերտ համայնքից: Իրենց աշխատանքները շարունակելով Արմավիրի նաև այլ գյուղական համայնքներում` վերջին տարիներին սկսել են նաև գործունեություն ծավալել Լոռիում: Կենտրոնի կառուցման նպատակը գյուղական համայնքների բնակիչների հետ աշխատանքը ավելի արդյունավետ և համակարգված դարձնելն է, միևնույն ժամանակ, մարդկանց այնպիսի կրթություն տալը, որի հնարավորությունը մինչ այժմ չեն ունեցել:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Կառույցի ճարտարապետը լիբանանահայ Փոլ Գալուստյանն է, որի նախագծով շինությունը բաժանվում է երեք թևերի, կենտրոնում չորս պարող պատերն են, որոնք հանդիսանում են նաև հիմնասյուներ, մուտքից ձախ 150-200 մարդկանց համար նախատեսված ամֆիթատրոնը, իսկ պատերին փոխարինող պատուհանները կառույցը ներդաշնակեցնում են Լոռվա փարթամ բնության հետ
Տարածքում շինարարական աշխատանքները դեռևս ավարտված չեն, քանի որ SMART կենտրոնը միայն նույնանուն ավանի մասն է կազմում: Ավանի տարածքը իր մեջ արդեն իսկ ներառում է հյուրատուն `12 սենյակներով`նախատեսված բարերարների, հյուրերի, այցելող մասնագետների համար: Առաջիկայում նախատեսվող կառույցների թվում է ճեմուղին, սպորտային օժանդակ կառույցները, լողավազանը և այլն:
Կենտրոնի դասընթացները իրենց մեջ ներառում են ռոբոտիկա, բլոկչեյն, ծրագրավորում, անգլերեն, պար և երաժշտություն, գյուղատնտեսություն, արվեստ, մանկական զարգացում, մեդիա գրագիտություն, առողջապահություն, տնտեսական զարգացում, տուրիզմ և այլն:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Կենտրոնի բացման միջոցառմանը ներկա էին մշակույթի, առողջապահության, կրթության և գիտության , աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, կենտրոնի ստեղծմանը մեծապես նպաստած բարերարները, շահառու համայնքի համայնքապետերը և դպրոցների տնօրենները: Հյուրերը նախ ծանոթացան կենտրոնի հնարավորություններին, ներկա գտնվեցին ռոբոտաշինության դասի, բանավեճի խաղի, դիտեցին կարճամետրաժ ֆիլմեր COAF-ի գործունեության և Կենտրոնի ստեղծման պատմության մասին, ունեցան շրջայցեր շինության ողջ տարածքում: Միջոցառման երկրորդ մասում ելույթ ունեցավ ամերիկահայ գործարար և COAF-ի հիմնադիր Գարո Արմենը` շնորհակալություն հայտնելով բոլոր հյուրերին`ներկա գտնվելու, բարերարներին `իրենց օժանդակելու համար, այնուհետև ելույթ ունեցան հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրերին մասնակցած երեխաներ, ովքեր պատմեցին իրենց կյանքում հիմնադրամի ունեցած դերի մասին:
Կենտրոնի բոլոր դասընթացները անվճար են:
Թե’ հյուրերը, թե’ բարերարները և թե’ շահառու համայնքների բնակիչները մեծ հույսեր ունեն` կապված այս կենտրոնի հետ, որպես նոր սերունդ կրթող և գյուղաբնակների կյանքը ավելի լավը դարձնող նախաձեռնության:

Անի Ղուլինյան