mariam nalbandyan

Քույրս, կարմիր դիպլոմն ու Նոր Հայաստանը

Մի քանի օր առաջ մեր տանը տոն էր։ Քույրս մագիստրոսական թեզ էր պաշտպանել։ Մայրս տոնական ընթրիք էր սարքել, հորքուրն էլ տորթ էր գնել։ Կարծեմ, շամպայն էլ խմեցինք, ու քանի որ հետո բան չեմ հիշում, ենթադրում եմ, որ հա, շամպայն ենք խմել։ Մի կարմիր դիպլոմ էլ տանը ավելացավ, ուղղակի նախորդն էլ էր քրոջինս, ես դեռ ինչ դիպլոմ։ Հիշում եմ, երբ քույրս բակալավրիատի դիպլոմ էր ստացել, այն համալսարանում էր, ալարում էր գնար վերցներ։ Հիմա էլ չգիտի, թե մագիստրատուրայինը երբ են տալու։ Գիտենք միայն, որ կարմիր է, ու որ շուտով կտան։ Բայց ես արդեն նորից հստակ պատկերացնում եմ քրոջս մանկական ծիծաղը։

-Էսօր էլ չգնացի՞ր դիպլոմդ վերցնես։

-Ալարում եմ։ Վաղը։

Դե, շատ մի պետքական բան էլ չի, հա, էդ դիպլոմը։ Քույրս, որ հենց նոր գիտակցեցի՝ համարյա իմ բոլոր գրածների գլխավոր հերոսն է, պատմաբան է։ Հա, ես էլ եմ ամեն անգամ էդ բառից հետո մտքումս ասում՝ «վայ քո»։ Դժվար է պատկերացնել, թե պատմաբան մարդը, որը հասցրել է բակալավրիատում մանկավարժի որակավորում էլ ստանալ, բացի ուսուցչից, էքսկուրսավարից՝ ոչ միայն տուրիստական, այլ նաև թանգարանի, էլ ինչ կարող է աշխատել։ Քանի որ հումորս լավ չստացվեց, կասեմ, որ հումոր էր, որովհետև ուսուցիչ ու էքսկուրսավար էլ քիչ չի պահանջվում, ու ստացվում է՝ լավ էլ կարելի է այս մասնագիտությամբ աշխատել։ Ուղղակի առաջինի համար մի ամբողջ համալսարան կա, երկրորդի համար էլ տարբեր համալսարաններում լիքը ֆակուլտետներ։ Մեր կրթական համակարգը էնպես է կառուցած, որ միայն մի թեմայից չես կարողանում խոսել, մի բան ասում ես, մի հազար պրոբլեմ՝ ի հայտ գալիս, արդյունքում՝ չես իմանում ինչից խոսել։ Բայց քանի որ սկսել եմ քրոջս էդ վառ կարմիր դիպլոմից (հա, անընդհատ շեշտելու եմ կարմիրը, որովհետև ես էդպիսի գույների չեմ հավակնում, գոնե մի տեղ օգտագործեմ, էլի), չխոսեմ նրա մասին, որ էնքան շատ կադր ունենք, որ եթե առաջիկա տասը տարում էլ նոր կադրեր չլինեն, հաստատ պակաս չենք ունենա, բայց համ էլ չեմ խոսի նրա մասին, որ էդ կադրերից եսիմ քանիսն են իսկապես կադր ու պետքական մասնագիտական աշխատանքում։ Ու քանի որ մեծամտություն է էդպես խոսելը, սուս կմնամ։ Ենթադրենք, բոլոր կադրերն էլ շատ պետքական են, դրա համար մարդիկ մագիստրատուրա էլ են սովորում, որ էլ ավելի պետքական լինեն։ Իրականում, չգիտեմ՝ որտեղից եմ լսել, բայց կրթության ավելի բարձր մակարդակ ունենալու դեպքում ավելի բարձր աշխատավարձ պետք է ունենաս։ Իսկապես չեմ հիշում, թե որտեղից եմ լսել, որովհետև միայն լսել եմ, իրականում երբեք չեմ տեսել։

Մագիստրոս քույրս արդեն մագիստրատուրայի երկրորդ կուրսում աշխատանք էր փնտրում։ Նույնիսկ աշակերտ էր ձեռք բերել, հետը դաս էր անում։ Դասապատրաստում են հիմա ասում դրան, երբ ոչ թե առարկա ես պարապում, այլ բոլոր դասերն ես անում հետը։ Մի ամիս իր աշակերտի կյանքով ապրելուց ու միայն տրանսպորտի փողի չափ աշխատավարձ ստանալուց հետո պարզվեց, որ քրոջս աշակերտը կպած չի առաջադիմում։ Դե, որտեղի՞ց առաջադիմեր, եթե քրոջս էր զանգում հարցնում, թե ինքը այդ օրը ժամը քանիսին է պարի պարապմունքի։ Պարի, ինչի հետ քույրս, մեղմ ասած, ոչ մի կապ չունի։ Էսպիսի փորձից հետո էլ կարմիր դիպլոմավոր քույրս հասկացավ, որ ավելի լավ է աշխատանք փնտրել դպրոցում։ Բայց մի հաճելի անակնկալ ունեցանք այստեղ, որը կոչվում է «շնորհակալություն»։ Պարզվում է, գործի ընդունվելու համար պետք է կարողանաս «շնորհակալություն» հայտնել, ինչը էդ ձեր իմացած շնորհակալություններից չէ, այլ քրոջս նախատեսվող զուտ եկամտի տարեկան չափից էլ մի քանի անգամ մեծ, տեղը տեղին «շնորհակալություն» է։

Նոր էս նույն քրոջս պատմեցի, որ եվրոպական շատ երկրներում կազմակերպությունները ազատվում են որոշակի հարկերից, եթե աշխատանքի են ընդունում նոր համալսարանն ավարտածի՝ առանց աշխատանքային փորձի։ Եվ ոչ միայն ընդունում, այլև պարտավորվում են նրան երեք տարի սովորեցնել ողջ աշխատանքը, փորձել նրան կազմակերպության տարբեր ստորաբաժանումներում՝ տարբեր պարտականություններով, որից հետո էլ որոշում, թե որտեղ նա կշարունակի աշխատել։ Քույրս կլորացրեց աչքերը, ասաց՝ էհ, ու գնաց ֆուտբոլ նայելու։

Ես էլ գնամ մեր նոր Հայաստանում ֆուտբոլ նայելու։ Նոր Հայաստանում, որտեղ շուտով քույրս գնալու է մի քանի դպրոցներում աշխատանքի ընդունման մրցույթի։ Նորից գնալու է, նորից առանց «շնորհակալության», որովհետև ահագին բան փոխվել է։ Դեռ ահագին բան էլ կփոխվի, որովհետև արդեն մտածում ենք մրցույթի, դիպլոմի, մագիստրոսի կոչման մասին, և վստահ ենք, որ էլ «շնորհակալության» անուն չեն տա։ Քրոջս ընկերներն էլ, էլի մագիստրոս, հիմնել են իրենց արշավական ակումբն ու աշխատում են։ Շատ լավ է աշխատում գաղափարը, հատկապես, երբ իրականացնողները հավեսով մարդիկ են։ Բոլորն էլ, այնուամենայնիվ, ձևը գտնում են։ Իսկ «ձևերը» այլևս շատ են լինելու։