narek davtyan getahovit

Քո հարմարավետությունից դուրս

Անձրև էր գալիս. իսկական թեյ խմելու և տաք վերմակով ծածկված ֆիլմ դիտելու եղանակ էր: Չէի ցանկանում մտածել, որ դրսում վատ եղանակ է, ուստի վերցրի համակարգիչս ու սկսեցի ֆիլմ փնտրել: Վերջապես գտա այն, ինչ այդքան երկար փնտրում էի: Փորձում էի մի քանի ժամով կտրվել աշխարհից, երբ զանգ ստացա, ինչը փչացրեց իմ ստեղծած «ոչ մի բան չանելու» մթնոլորտը:

Անկեղծ ասած, առաջին անգամն էր, երբ ստացածս զանգը ինձ չհետաքրքրեց, բայց ամեն դեպքում, ինքս ինձ ստիպելով՝ վերցրի հեռախոսը: Պարզվեց, որ այդքան էլ տհաճ զանգ չէր, ինչքան ես մտածում էի: Իմ տարածքային համակարգողն էր, որը փորձում էր վայր գտնել իմ՝ աշնանային արձակուրդը անցկացնելու համար: Մի քիչ վախեցա, երբ տեսա, որ համակարգողն է զանգում: Մտածեցի, որ ինչ-որ բան այն չէ, և հիմա ինձ հետ կուղարկեն Հայաստան: Եթե չգիտեք, ասեմ, որ ես հիմա Ֆլեքս ծրագրով ապրում և սովորում եմ ԱՄՆ-ում:

Իրականում հիանալի լուր ստացա. իմ ընկերներից մի քանիսը գնում էին հյուսիսային Կարոլինայում գտնվող «Գրեյթ Սմոքի Մաունթինս» ազգային պարկը, որը հայտնի է իր գեղեցկությամբ և աժդահա լեռներով: Նրանք առաջարկել էին ինձ, որ գնամ իրենց հետ: Ես, իհարկե, համաձայնեցի և միանգամից գնացի իրերս հավաքելու, որպեսզի առավոտ շուտ մեկնենք:

Բավականին ցուրտ էր լինելու, դրա համար վերցրի միայն իմ ձմեռային շորերը: Ճանապարհը շատ երկար էր՝ մոտ 8 ժամ, և մարդուն, ով ապրել և մեծացել է Հայաստանի պես փոքր երկրում, դա մի մեծ հոգնեցնող ճանապարհ է թվում: Տեղ հասնելուն պես ես միանգամից դուրս թռա մեքենայից, որպեսզի առաջինն զգամ այդ լեռնային թարմ օդը: Երևի ընկերներիցս ամենաերջանիկը ես էի, քանի որ ինչ լքել էի Հայաստանը, լեռներ չէի տեսել: Այն, ինչ շնչում էի այդ պահին, ինձ ստիպեց հիշել Տավուշիս մաքուր, սառը օդը: Օդից արբած՝ անցա գործի: Պիտի սկսեինք վրանները, ճոճերը և այլ մնացած իրերը տեղավորել, քանի որ արդեն մթնում էր, իսկ մենք վրան չունեինք քնելու համար: Ես այդ շաբաթվա օրակարգը մոտավորապես գիտեի, բայց իրականում ավելի շատ բան կար անելու, քան օրակարգում գրված էր: Երևի չէին գրել, որ ավելի հետաքրքիր լինի: Նաև գաղտնի էին պահել այն փաստը, որ վերցնելու էին բոլորիս հեռախոսները:

Առաջին օրը գնացել էինք փոքր արշավի՝ դեպի ջրվեժ: Որոշել էինք գետում լողանալ, բայց այնքան ցուրտ էր, որ երեխաների կեսը չփորձեց անգամ մտածել դրա մասին: Ես և մի քանի հոգի, իհարկե, մտանք ջուրը: Ինչպես իմ այլ ուրիշ որոշումների համար, այս անգամ ևս ես զղջացի ամենաառաջին վայրկյանից, բայց այն փաստը, որ սա երևի հնարավոր կլինի անել կյանքում միայն մեկ անգամ, ստիպեց ինձ մտնել ջուրը:

Երկրորդ օրը մեր պլաններում քարանձավն էր: Իրականում այնքան էլ ուրախ չէի, որ պիտի գնայինք այնտեղ, քանի որ չեմ սիրում փակ տարածություններ, իսկ քարանձավներում շատ վայրեր էին լինելու, որտեղ պիտի քեզ քարշ տալով անցնես փոքր անցքի միջով: Սկսեցի սիրել քարանձավները, երբ մտա ներս: Քարանձավը իմ կյանքի ամենատարօրինակ վայրերից մեկն էր, այն ընդհանրապես նման չէր իմ պատկերացումներին: Իրականում ներսում ավելի տաք է, քան դրսում, և այդ հաստատուն ջերմաստիճանը պահպանվում է ամբողջ տարին: Այնտեղ լույսի ճառագայթ չի կարող թափանցել, ինչի արդյունքում էլ կատարյալ մթություն է: Այդպիսի մթություն շատ դժվար է ստեղծել. երկրի վրա կատարյալ մթություն կա միայն քարանձավներում և օվկիանոսի հատակին: Երբ մենք անջատեցինք մեր լույսերը, դեռևս կարողանում էինք տեսնել այն, ինչ պահպանված էր մեր հիշողության մեջ: Եթե փորձեիր շարժել քո ձեռքը, քո ուղեղը կստեղծեր կեղծ զգացողություն, որ դու տեսնում ես, բայց իրականում դա խաբկանք է, որն ապացուցում է այն փաստը, որ մարդկային ուղեղը հարմարված է եղել անդրերկրյա կյանքին:

Երրորդ օրը ամենասպասված օրերից մեկն էր. պիտի բարձրանայինք ԱՄՆ-ի ամենաբարձր գագաթներից մեկը, դրանից հետո մենք կարող էինք շարունակել արշավը, որը մոտ 12 կիլոմետր էր ձգվելու: Նրանք, ովքեր չէին ցանկանում այլևս քայլել, կարող էին հետ վերադառնալ: Ես շարունակեցի քայլել, իհարկե, այդքան քայլելը դժվար էր, բայց այն ամենը, ինչին ես ականատես եղա, ինձ ստիպեց քայլել առաջ՝ դեպի ավելին:

Ես միշտ սիրել եմ լեռները՝ համարելով, որ դրանք իմ իրական տունն են, և ապրել մի վայրում, որտեղ ընդհանրապես լեռներ չկան, ինձ համար շատ դժվար է:

Հիմա ես վստահորեն կարող եմ համաձայնել այն մտքի հետ, որ ամենալավ ճանապարհորդությունները ոչ պլանավորածներն են, և որ իրական կյանքը սկսվում է քո հարմարավետության գոտուց դուրս: