mariam nalbandyan

Քո միակ իրավունքը համալսարանում

Շատ երկար մտածում էի` գրի առնել էն ամեն-ամեն ինչը, ինչի պատճառով, մեղմ ասած, չեմ սիրում իմ համալսարանը, որ հենց հարցնեն, թե ինչու, ցուցակս բացեմ, տամ։ Ու երևի դա ճիշտ կլիներ անել հենց այսօր, երբ դասից տուն եմ մտել ժամը իննին, որովհետև այն ավարտվել էր ութին, իսկ համալսարանս էլ, ինչպես ես եմ սիրում ասել, «ջհանդամի ծերն է»։ Դե, կամ էլ տունս է «ջհանդամի ծերը», դա էական չի: Էականն այն է, որ զզվում եմ ամեն օր երկու ժամ, դե լավ, չափազանցնում եմ մի քիչ, ժամուկես երթուղայինի մեջ անցկացնելուց։ Բայց երևի այս հարցով սուս մնամ, որովհետև մարդիկ կան, որ Էջմիածնից կամ Ծաղկաձորից են գալիս։ Իսկ իրենք իրիկունը ժամը ութին ոնց են տուն գնում՝ անկեղծ չգիտեմ։

Նախապես զգուշացնեմ, որ ես էս նյութի մեջ ահագին թեմայից շեղվելու եմ, որովհետև երկու տարի ու կես ամսվա կուտակված բան կա մեջս։ Մեկ էլ երևի ասեմ, որ համալսարանս իրականում վատը չէ, զրպարտանք կլինի ասել, որ բան չեմ սովորում կամ տվածս փողը իզուր է: Չէ, հաստատ լավ բաները վատերին փակում են, բայց վատերն էլ երբեմն ստիպում են իսկապես մտածես համալսարանից դուրս գալու մասին։ Բայց որ մի հատ էլ հակափաստարկ ասեմ, նշեմ, որ համալսարանս մինչ օրս չեմ փոխել, որովհետև Երևանում հաստատ մերից լավը չկա, դե, իմ կարծիքով։

Եթե ինձ հարցնեն, իմ կարծիքով ֆրանսիական «պրեստիժ» համալսարանում բոլոր-բոլոր պրոբլեմների հիմքը էդ մեր անտեր շենքն է։ Ախր, հեչ համալսարանի համար չէր կառուցված։ Դե, երևի գիտեք, որ այն նախկին ուսանողական հանրակացարանի շենքն է, ու եթե կառուցողը իմանար, որ մի օր բռնելու են իր սարքածը համալսարան դարձնեն, էն էլ՝ ֆրանսիական «պրեստիժ», հիմա կկարմրեր ամոթից, իրեն վատ կզգար, ժամանակի մեքենա կհնարեր, հետ կգնար կառուցելու վախտերը ու, էդ գրողի տարած, առաստաղները մի քիչ բարձր կաներ, որ չխեղդվենք։ Չգիտեմ, ում վրա՝ ոնց, բայց իմ վրա շատ-շատ են ազդում ցածր առաստաղները, ուզում եմ մեռնել, ազնիվ խոսք, գլխացավս բռնում է։ Մեր համալսարանում էլ մի տղա կա, գրադարանի միջանցքով անցնելիս հենց հասնում է առաստաղի հիմնասյանը (էն որ հորիզոնական են ու առաստաղի վրա), կռանում նոր է անցնում, դե, մարդը բարձրահասակ է։

Բողոքիս հիմնական պատճառը էսթետիկական հաճույքը չէ, չեմ ուզում Վերսալի նման շքեղ շենքում նստել, ուղղակի հարցն էն է, որ ես ընդհանրապես գեղագիտական նպատակներից ելնելով չեմ նոր շենք ուզում։ Հենց նույն շենքի պատճառով է, որ էսօր երեկոյան ութին եմ տուն եկել։ Շենքը ոչ միայն վատն է, նեղ ու վեցերորդ հարկից փլվող, այլ նաև շատ փոքր։ Դրա համար էլ հիմնականում մեր դասերը մինչև տեղավորում են՝ ուշ ենք սկսում, ուշ էլ վերջացնում։ Բայց օրեր էլ կան, որ շուտ ենք սկսում, բայց միևնույնն է՝ ուշ ենք վերջացնում։

Ինչ կիսամյակը սկսել է, ես ու ընկերուհիս ուզում ենք հաշվել, թե քանի առարկա ենք անցնում, բայց չենք կարողանում։ Մի տեսակ, գլուխ չենք հանում, 11 հատ արդեն հաշվել ենք, կարող է ավելանան, չգիտենք։ Դե, էստեղ էլ համալսարանը երևի թե իսկապես ոչ թե մեղավոր է, այլ շահող կողմ է դուրս գալիս, դասերը իսկապես շատ են, շաբաթվա հինգ (երբեմն վեց) օրը՝ քիչ։ Բայց, եթե շենքը մեծ լիներ, հաստատ կհասցնեինք մենք էլ մի քիչ շուտ կազմակերպել մեր դասերը։ Փաստորեն որ անցած տարի ուրախ-ուրախ մեկ անց կես, ամենաուշը՝ ժամը հինգին վերջացնում էի դասերը, բարձր կուրսեցիների տանջանքի գնով էր։ Հիմա էլ մենք ենք զիջում։

Բազմահիշատակ ֆրանսիականիս շենքի թերություններից մեկն էլ այն է, որ Երևանում այնքան շատ դատարկ շենքեր կան, որ դժվար թե էլի մեզ համար ուրիշ տեղ չգտնվի, որ գնացել խցկվել ենք էդ փոքրիկ տեղը։ Ֆրանսիայի կառավարությունը, կամ կրթության նախարարությունը, չգիտեմ՝ ով է զբաղվում մեզնով, բավականին շատ բան է անում մեզ համար։ Դասախոսներ է ուղարկում, մեզ է հնարավորություն տալիս չորրորդ կուրսում պրակտիկա անցնել Ֆրանսիայում, տարբեր կամավորներ էլ ենք ունենում։ Իսկ ի՞նչ է անում մեր կառավարությունը մեզ համար․․․ Սպասեք հիշեմ, հա, հիշեցի, գործող կրթաթոշակների մեծ մասին չենք կարողանում դիմել, որովհետև ԵՊՀ-ից կամ այլ պետական բուհերից չենք։ Գիտեմ, որ ֆրանսիականը պետական հավաստագիր ունի, պետք է համարվի պետական, բայց բավականին շատ կրթաթոշակների թույլատրելի բուհերի ցանկում չեմ գտել ֆրանսիականի անունը։

Եթե շենքին ու իր սղլիկ սալիկներին հանգիստ թողնեմ, որոնց վրա մի օր ընկնելու եմ վիզս ջարդեմ, երևի մեկ էլ դասացուցակից եմ դժգոհ, որ թերևս բավականին անհաջող է կազմած, ու մարդկանց վերաբերմուքից։ Դե, դու կարող ես օգոստոսի 27-ի առավոտյան ժամը իննին հասնել դասի, ու պարզվի, որ դասախոսդ չի եկել, հարկ չի համարել ասել, որ չի գալու։ Ու ընդհանրապես, ցանկացած պահի դասախոսդ կարող է ուղղակի չգալ, այս համալսարանում ոչ ոք մեզ ոչինչ պարտավոր չի։ Մենք էլ մեր հերթին, ունենք միայն պարտավորություններ, ոչ մի իրավունք։ Դե, հայալեզու գրականություն չկա, միայն անգլերեն ու ռուսերեն, ոչ ոք պարտավոր չի մեզ նյութեր տրամադրել։ Հա, սխալ բան չեմ գրել, ֆրանսերեն չէ (ու փառք Աստծո), միայն անգլերեն ու ռուսերեն։ Քննությանը շարադրանքը երկար չգրեք, ոչ ոք պարտավոր չէ 91 հոգու աշխատանք կարդալ։ Ոչ ոք ոչինչ պարտավոր չէ։ Միայն մենք ենք պարտավոր ֆրանսերենի ամենօրյա տնայիններին զուգահեռ մյուս առարկաներն էլ հասցնել ընթացքում սովորել, որովհետև «է, բա սաղ թողնում եք վերջում, դրա համար չեք հասցնում»։

Մեր ամբողջ տունը տարբեր պատճեններ, «դոսիեներ» ու տպած լեկցիաներ են, միլիոնավոր զրթուզիբիլներ։ Եթե այսքան տպածիս փողը հետ տային ինձ, հաստատ մի կիսամյակի վարձս կտայի։

Այնուամենայնիվ, ստորություն չանեմ ու ասեմ, որ մենք ֆրանսիականում հնարավորություն ունենք լիքը լավ բաներ սովորելու, բայց հնարավորություն ունենք նաև չսովորելու։ Որ ասեն՝ ֆրանսիականի երեխեքը մեկը մեկից խելացի են, չհավատաք։ Որ ասեն՝ դաս չես անում դուրս ես մնում, էլի չհավատաք, լավ էլ ձգել լինում է։ Սովորում ենք լավ անգլերեն, ֆրանսերեն, եթե ուզենաք՝ իսպաներեն ու գերմաներեն էլ երկու տարի կարող եք սովորել։ Մասնագիտությունն էլ, հուսով եմ՝ ավարտելուց կհասկանամ, որ դա էլ եմ սովորել, որովհետև հիմա իսկապես չգիտեմ, թե ինչ գիտեմ։

Հնարավորությունները շատ են, իսկ սովորելու իրավունքը՝ քո միակ իրավունքն է ֆրանսիականում։