Քսան տարեկանների պայքարը

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Վերջին օրերի մասին շատ է խոսվում, ու վստահաբար դեռ շատ կխոսվի։ Անկախ նրանից, թե ինչ կլինի վաղը՝այսօրը բոլորն են հիշելու։

Պայքարը առաջին օրից շատ անուններ ստացավ, շատ լոզունգներ ու կարգախոսներ գտավ, որոնք երկար են քննարկվելու ու հիշվելու։ Պայքարը երգ ունի, որ փշաքաղեցնել կարող է անգամ չհավատացողին։

Ուղղակի, որովհետև սա ժողովրդի պայքարն է։

Քաղաքացիների խաղաղ անհնազանդությունը բնութագրող անուններից մեկը, որ ամենից շատ տպավորվեց՝ «20 տարեկանների պայքարն» էր: Հեղափոխություն, ցույց կամ ապստամբություն՝ սրանց բոլորի համար առաջին շարժիչ ուժը երիտասարդությունն է։ Ու ինչքան էլ ասեն, թե երիտասարդներին կառավարելը հեշտ է, հեշտ է նրանց ուղղություն ցույց տալը՝ երիտասարդը նաև ինքնակառավարվել, ինքնակազմակերպվել գիտի։ Գիտի։ Տեսել եք բոլորդ էլ, երևի։ Տեսնում եք։

Այս օրերը հույզերի իրական խառանշփոթ են առաջացնում։ Հետո՝ երկընտրանք։ Մարդիկ, ովքեր ցանկություն ունեն միանալու, բայց մի բան իրեն հետ է պահում։ Գիտեմ՝ ինչ-որ բան կորցնելու վախն է, մի կերպ ստացածը, ձեռք բերածը պահելու ձգտումն էլ։ Որովհետև էստեղ, էս երկրում կորել էր ամենակարևորը՝ հավատը։ Բայց գտանք նրան էլ։ Ու Աստված մի արասցե՝ մեկը փորձի նորից հուսախաբ անել միավորված ժողովրդին։

Բայց դա կարևոր չէ, որովհետև նա, ով կանգնել է պայքարելու (կապ չունի՝ որտեղ, ինչպես) դա չպիտի անի դիմացինին ցույց տալու, թե տես՝ ես այստեղ եմ, ու՞ր ես։ Նա, ով ասում է, թե ողջ ժողովուրդն էսօր սիրում է իրար, ինչպես երբեք չի սիրել՝ պիտի ուժ գտնի կամա թե ակամա իր դեմ դուրս եկած ոստիկաններին էլ սիրելու։ Մի քիչ, գոնե։ Այս շարժման ամենամեծ գեղեցկությունն էլ երևի նա է, որ առաջնորդն ինքը օրինակ էր ծառայում ամեն տեսակի բախումներից խուսափելու։ Ու նույնն էին անում անգամ նրա բացակայության ժամանակ։

Սա ուսանողներն ու մեծահասակները։ 20 տարեկանների պայքարն ունի իր բոլոր հնարավոր և անհնարին արդարացումները։ Իսկ երբ բանը հասնում է տասը-տասնհինգ տարեկանների՞ն:

Գիտե՞ք հպարտության-ուժի ու մի քիչ էլ վախի զգացողություն էր մեջս, երբ տեսա նախկին դպրոցիս աշակերտներին՝ ցուցարարների մեջ։ Հպարտությունը կրկնապատկվում էր նրանց կողքին ուսուցիչներ տեսնելիս։ Բայց հարցն իրականում ավելի քան լուրջ է։ Խոսքը անչափահասների անվտանգության մասին է։ Նրանց կյանքի: Իսկ եթե նրանց ինչ-որ բան պատահի՞։ Ոչ մի ապստամբություն, ոչ մի ցույց ու քաղաքական խաղ չպիտի վտանգի երեխաների անվտանգությունը, խախտի նրանց իրավունքները։

Երեկ, երբ գյուղիս երիտասարդները փակում էին Էջմիածին տանող ճանապարհը, թվում էր, թե կողքից հետևող մեծերի համար սա ընդամենը մի րոպե ավել ծիծաղելու առիթ է։ Իմ գյուղի ու էնտեղ տիրող արժեքների դեպքում նորմալ է, մտածում էի։ Հետո ճանապարհի կենտրոնում եկավ-կանգնեց ամենատարիքովներից մեկը։ Այ սա իրոք հաղթանակ էր։ Մարդիկ գնալով ավելացան, ավելացան նաև հեգնական հայացքներն ու քմծիծաղը։ Սա պայքարի մյուս կողմն է, որ ծածկում են վերջին օրերին իրար էսքան գնահատող ու հարգող մարդիկ։ Իսկ երեխեքը հավատում էին։ Ու նրանց հավատը ամեն տեսակ հեղափոխության հաղթանակի կհասցնի։ Երբ նրանք ապահով են։

Երեկոյան աշակերտներից մեկի հետ էի խոսում։ Ուզում են, շատ են ուզում դասադուլ անել, բայց վախենում են, մի քիչ։ Հա, մի քիչ, շատ քիչ, որովհետև հաջորդ օրն արդեն դասադուլն ի՞նչ է, ուսուցիչների հետ միանում են մարզի մյուս ցուցարարներին։

Այսպես է Հայաստանի շատ դպրոցներում։ Երեխաները պայքարել են ուզում, ուզում են բարձրաձայնել այն, ինչ բարձրաձայնելու իրավունք ունեն։ Ուսուցիչներից շատերն էլ նույնն են ուզում։ Ոմանք անում են, ոմանք՝ երկմտում։

Բարիկադների մոտ աշակերտներից ավելի փոքր տարիքի երեխաներ կան, ծնողների հետ, բնականաբար։ Մի կողմից լավ է, որ ծնողները վստահ են՝ հազարների, տասը հազարների մեջ իրենց երեխաներն ապահով կլինեն։ Մյուս կողմից՝ չգիտեմ ինչ մտածել, երբ տասը-տասնմեկ տարեկան երեխաները ելույթներ են ունենում հրապարակից։ Խոսում մի բանի մասին, որ մեծահասակներին էլ անհասկանալի է։ Պայքարը գեղեցիկ է, երբ ներսում ցուցամոլություն չկա, չկան արված քայլել մի բան ավել կամ պակաս ցույց տալու։ Ի վերջո, նրանք երեխաներ են։ Նրանց պայքարը հաղթական է թեկուզ միայն նրանով, որ կարողացան դպրոցները միացնել պայքարին, կարողացան ցույց տալ ուսուցիչներին, որ իրենց վախեցնելը, դասարանում փակելը հարցի լուծում չէ։ Պատուհանները կողպել հաստատ չի հաջողվի, հետո՝ երեխեքը ԱԻն-ի համարը գիտեին։

Համացանցում էլ վիդեոներ են, որտեղ փոքրիկները ինքնուրույն փողոցներ են փակում։ Աշակերտներից մեկն էլ լրագրողի հարցին՝ ինչն ես ուզում փոխվի, ասում էր՝ վարչապետը։ Բա ինչն ես ուզում որ փոխվի կյանքում, ասաց՝ ամեն ինչ նորմալ ա, բայց ժողովուրդը գոհ չի։ Երեխեք են, բայց թող պայքարը մնա 20 տարեկաններին։

Մինչ գրում էի՝ մենք հաղթեցինք…

Խմբագրության կողմից. Մենք էլ ենք միանում բոլորիդ, ապրեք: Ուշադիր նայեք ձեր շուրջը, երեխաներին ապահովեք անվտանգությամբ: Չէ որ մենք հաղթել ենք նրանց խաղաղ, ազատ ու անվտանգ կյանքի համար: