arxiv

Օղակաձև զբոսայգին

Երբ փոքր էի, հպարտանում էի, որ ապրում եմ Օղակաձև զբոսայգու մոտակայքում: Այգին շատ գեղեցիկ էր: Ես հայրիկիս հետ այնքան էի գնում զբոսանքի, որ կարծես այն իմ երկրորդ տունը լիներ: Երբ քայլում էինք այգով, շատ էի սիրում հայրիկիս հարցախեղդ անել.

-Էս ծառն ինչի՞ ծառ է, էս ծառն ինչո՞ւ է այսքան մեծ…

-Դե, հասկանում ես… Շատ շուտ են տնկել, դրա համար էլ մեծ է:

Ես այգում շատ երեխաների էի ճանաչում: Մենք խաղում էինք, վազվզում…Մի անգամ գլխապատառ վազելիս կորցրեցի հայրիկիս և ընկերներիս: Սկսեցի լաց լինել: Բոլորը գալիս էին, նայում էին վրաս ու անցնում: Ես սկսեցի ավելի բարձր լացել: Այդ ժամանակ մի կին մոտեցավ ինձ, բռնեց ձեռքս և տարավ դեպի մեծ կաղնին, որից ես վախենում էի: Անցավ մի քանի րոպե: Հայրիկս ժպիտը դեմքին եկավ, գրկեց ինձ, և մենք գնացինք: Այդ օրվանից ես սկսեցի սիրել այդ կաղնին… Մենք դարձանք ընկերներ:

Մի անգամ շատ տխուր էի… Գնացի կաղնու մոտ և սկսեցի նրա հետ խոսել.

-Գիտե՞ս, այսօր ինձ դպրոցում հրեցին, ես ընկա: Տես` ոտքս ինչ եղավ:

Կաղնին ուշադրություն չդարձրեց իմ պատմության վրա, նույնիսկ տերևները չշարժեց… Ես պատմեցի պատմությունը կրկին ու կրկին, բայց ոչինչ չէր փոխվում: Ես, առանց ոչ մի խոսք ասելու, հեռացա…

Երբ հաջորդ օրը եկա այգի, տեսա, որ ծառը չկա, իսկ կոճղի կողքին շինարարություն էր սկսվում: Ես կորցրեցի իմ լավագույն ընկերոջը, որը պահպանել էր ինձ, երբ ես մոլորվել էի…

Շուտով սրճարանը պատրաստ էր: Ամեն անգամ, երբ անցնում եմ դրա կողքով, պատկերացնում եմ, թե քանի մարդ է ինձ նման տխրել մի սրճարանի պատճառով:

Հիմա ես էլ այգում չեմ վազվզում: Չմտածեք, թե ամաչում եմ, բոլորովին… Ուղղակի սրճարանները շատ են…

 Մարիամ Մանուկյան 12տ., 2004թ.