Օշականի Ս.Մեսրոպ Մաշտոց եկեղեցին

Ամառ է, և Հայաստանի պատմամշակութային վայրերը այցելուների պակաս չեն զգում: Դպրոցական էքսկուրսիաների ամենասիրելի երթուղիներից մեկն էլ մեր գյուղն է՝ Օշականը, ուր գալիս են հարգանքի տուրք մատուցելու Սուրբ Մեսրոպ Մաշտոցին: Ես նկատել եմ, որ էքսկուրսիաների ժամանակ համարյա չեն պատմում մեր եկեղեցու մասին: Զբոսնում են, լուսանկարվում ու շարունակում ճանապարհը: Այդ պատճառով որոշեցի մի փոքր տեղեկություն հաղորդել:

Օշական գյուղի կենտրոնում կանգուն է Սուրբ Մեսրոպ Մաշտոց բազիլիկ եկեղեցին, որը 443 թվականին Վահան Ամատունու հիմնադրված եկեղեցու տեղում 1875-1879թթ. կառուցել է Գևորգ Դ Կաթողիկոսը: Եկեղեցու Խորանի տակ Մեսրոպ Մաշտոցի դամբարանն է: Մովսես Խորենացին հիշատակում է, որ Մեսրոպ Մաշտոցի թաղումից երեք տարի անց, այսինքն ՝443 թվականին, Ամատունի իշխանի կողմից կառուցվում է վկայարան. «Վահան Ամատունին Քրիստոսի կենդանարար մարմնի ու արյան սեղանի համար վայելուչ, գույնզգույն ոսկով, արծաթով ու քարերով պայծառափայլ անոթներ պատրաստեց՝ ի հիշատակ, և մի տեղ հավաքված բոլոր սրբերի հետ Քրիստոսի խաչակրոն վկայի՝ երանելի Մաշտոցի մարմինը փոխադրվեց տաճարի գերեզմանը: Եվ նրա Թադիկ անունով աշակերտին՝ մի զգաստ ու բարեպաշտ մարդու, եղբայրների հետ, երանության հասած սրբի համար սպասավոր կարգեցին՝ ի փառս Աստծո: Սուրբ Մաշտոցի մահվան հաջորդ տարին իսկ սահմանվեց հատուկ տոն նրա հիշատակին. սրբի գերեզմանը դարձավ ուխտատեղի»:

Սակայն ժամանակի ընթացքում այդ եկեղեցին վերանորոգելու անհրաժեշտություն է առաջանում: Մեզ հասած աղբյուրների վկայությամբ՝ եկեղեցին վերանորոգվել է 17-րդ դարում: Առաքել Դավրիժեցին վկայում է, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու վերանորոգման աշխատանքներն սկսվում են 1639 թվականին և ավարտվում 1645-ին՝ Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի օրոք: Վերանորոգված եկեղեցին իր գոյությունը պահպանել է շուրջ երկու դար: 1840 թվականին Օշականի եկեղեցում կրկին վերանորոգման աշխատանքներ են կատարվել: Այդ մասին տեղեկանում ենք Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանից: Այդուհանդերձ, այդ վերանորոգումն ակնհայտորեն բավարար չի եղել, և եկեղեցին շարունակում է մնալ ողբալի վիճակում: Կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցին 1850 թվականին իր մի կոնդակում ցանկություն է հայտնել, առնելով Սինոդի համաձայնությունը, նորոգել Օշականի եկեղեցին, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ հարցը չի լուծվում: 1860-ականներին եկեղեցին դարձյալ անմխիթար վիճակում էր: 1868 թվականից մինչև 1872 թվականը Սուրբ Էջմիածնի Սինոդը նույնպես իրականացրեց վերանորոգմանն առնչվող այլ աշխատանքներ: Գևորգ Դ կաթողիկոսը 1872 թվականին գրում է իր սրբատառ կոնդակը՝ հրավիրելով հայ ժողովրդին նյութապես սատարելու Օշականի եկեղեցու կառուցմանը: 1875-ին հայոց շինարար հայրապետ Գևորգ Դ կաթողիկոսին Սինոդի անդամ Գրիգոր Վարդապետը զեկուցում է, որ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու համար Էջմիածնի կողմից քարերն արդեն կտրվել են, հղկվել, և քարերի ընդանուր արժեքն է 7000 ռուբլի: Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կառուցման աշխատանքներն ավարտվում են 1879 թվականին:

Նույն թվականին «Արարատ» ամսաթերթը ուրախությամբ ավետում է հայ ժողովրդին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու շինարարության ավարտի մասին: Եկեղեցու շինարարների անունները չեն հիշատակվում, սակայն օշականցիների պատկերացումների վրա հենվելով՝ նշում ենք այն մի քանի տոհմերի անունները, որոնք իսկապես նվիրատվություն են կատարել Օշականի եկեղեցու կառուցման համար: Դրանք են՝ Ամատունյանց, Ներսեսանց, Մարգարանց տոհմերը: Մարգարանց տոհմից Մարգար Իսրայելի Ավագյանը 20 ոսկի է նվիրաբերել եկեղեցու կառուցման համար: Եվ որպես բարերար թաղված է եկեղեցու հյուսիսային կողմում: Եկեղեցու արևելյան մասում գտնվող երկհարկ զանգակատան կառուցումն ավարտվում է 1884 թվականին: Սա հայկական ճարտարապետության մեջ բացառիկ է ինչպես իր տեղադրությամբ, այնպես էլ գլանաձև ծավալով:

1884 թվականին Սուրբ Մաշտոցի գերեզմանի վրա դրվում է մարմարյա տապանաքար՝ Ղարաբաղի հոգևոր առաջնորդ, պոլսեցի Անդրեաս եպիսկոպոսի միջոցներով և Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանի ձեռքով: Տապանաքարի վրա հետևյալ արձանագրությունն է. «Յամի տեառն 441 փետրվարի 20 Վահան Ամատունի իշխանն ամփոփելով աստ յՕշական ըզմարմին սրբոյ վարդապետին մեծին Մեսրովբայ թարգմանչին՝ կառուցեալ է ի վերայ դամբարանիս յանուն նորին զեկեղեցիս, զոր նորոգեաց յամի 1640 Փիլիպոս կաթողիկոս. եւ ի վերջնումս յամին Դ. կաթողիկոսն օրօք ժողովրդեան հայոց Երեւանայ եւ այլ վիճակացն Ռուսաստանի, իսկ զտապանս կանգնեաց ի յիշատակ Կ. Պոլսեցի Անդրէաս արքեպիսկոպոսն յամին 1882 եւ հայոց ՌՅԼԱ»:

Օշականի եկեղեցին միջին մեծության մի կառույց է, որն իր մեջ կարող է տեղավորել մոտ 800 հոգի: Պատերը բավական բարձր են՝ առանց սյուների: Եկեղեցին ունի մեկ Սուրբ սեղան, խորանի գակ գտնվում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի դամբարանը: Եկեղեցին ամբողջությամբ կառուցված է հրաբխային քարից՝ սև տուֆից, ունի երեք դուռ՝ հարավային, արևմտյան և հյուսիսային, և 11 պատուհան: Եկեղեցու հարավային կողմում Վահան Ամատունի իշխանի գերեզմանն է: Եկեղեցու արևելյան կողմում՝ Սուրբ Սեղանի վերևում, գրված է հայերեն առաջին նախադասությունը, որ թարգմանություն է Աստվածաշունչ մատյանի «Առակաց գրքի» Ա գլխից. «ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ»: Նաև նշեմ, որ Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցի այցելում են, շատ զբոսաշրջիկներ, ուխտավորներ և զմայլվում նրա գեղեցկությամբ:

Շաբաթ և կիրակի օրերին հանրապետության տարբեր դպրոցների առաջին դասարանցիներ այցելում են Մեսրոպ Մաշտոցի եկեղեցի, ծաղիկ դնում Սուրբ Մաշտոցի շիրիմին և իրենց հարգանքը մատուցում:

Օշականի Մշակույթի պալատում ամեն ամառ կազմակերպվում է ասմունքի մրցույթ-փառատոն: Ես նույնպես մասնակցել եմ այդ մրցույթին և ստացել ժյուրիի համակրանք մրցանակը: