Arman Mkrtchyan

Դատարկ լռությունը

Սովորականի պես արթնանում ես։ Խմում ես մի դույլի չափ ջուր, որպեսզի գոնե մի քիչ փարատես աչքերիդ չորությունը։ Առանց նախաճաշելու` դուրս ես սողում տնից, գլխարկ էլ չես վերցնում. միևնույնն է եղանակը տաքանալու էր, նախորդ օրը ճշտել էիր։ Օդերով ես, ու թեև կանգառը մոտ է, իսկ ավտոբուսի գալուն մի քանի րոպե կա, միևնույնն է, միջինից արագ ես շարժվում։ Երևի ցրտից է։ Հա, այն կայքի կանխատեսումները, որոնք կարդացել էիր, հօդս ցնդեցին, երբ ականջներդ մետաղի սառնություն ձեռք բերեցին։ Անցնում ես դիմացի մայթ` դժվարությամբ համաձայնեցնելով քայլերդ մոտեցող մեքենաների հետ։ Դրանց վարորդները, երևի, Ֆորտ Բոյարդի «տակ են մնացել». հույսները կորցրած փորձում են բացատրել, թե որտեղ է ճանապարհն անցնելու «բանալին»։ Բայց կողքից երևում են միայն մեքենայի դիմացի լույսերի անկապ միացումներ ու անջատումներ։ Գտնելով բանալին, ոգևորված` (ընդհանրապես) այն փոխանցում ես մյուս մասնակցին։ Հաջորդ փուլն ավելի բարդ է. այդ դեպրեսիվ եղանակի ընկերակցությամբ` սպասել քո երթուղայինին։ Որպես կանոն, սպասում ես 5-10 րոպե, ոչ ավելի։ Բայց այսօր… կես ժամ։ Այսինքն շուրջ 30 րոպե դու ստիպված ես խոսել ինքդ քեզ հետ ինչ-որ «ծեծված» թեմաների մասին: Սակայն այս անգամ դու սառած ես, ու ոչ թե, ավելի ճիշտ` ոչ միայն, արտաքինից, այլ նաև ներսից։ Ճանաչելով քեզ` կարող ես ասել, որ շատ սովորական է, երբ ամբողջ օրը ուրախ ես լինում ու մի որևէ պահի վերածվում այտի վրա սառած արցունքի. դառը ու սառը։ Բայց այս անգամ զգացողությունն այլ է. ներսումդ ինչ-որ բան պակասել է։ Ունենալով, միլիոն անգամ նշեցի, թե ինչքան ժամանակ, սկսում ես հետազոտել բոլոր մտքերդ` դրանք ենթարկվելով վայրկյանական զննման։ Քիչ անց հասկանում ես, որ ամեն ինչ կարծես տեղում է. մտքերդ սովորականից ավելի նորմալ են թվում, իսկ տխրության ավազանին դեռ լցվելու տեղ կա։ Դու զգում ես խորը անորոշություն. ներսդ նորից դատարկվո՞ւմ է։

Այդ մտորումներով տարված՝ չես էլ նկատում, որ գրեթե բոլոր սպասողները գնացել են՝ մտածելով, որ ավտոբուս չի լինելու։ Դա, անկախ ամենից, նույնպես նորմալ է, քանի որ վերջին շրջանում երթուղայինի վարորդները հաճախ են գործադուլ անում։ Լավ, ինչևէ։ Քեզ ապուշ զգալով (դե, որովհետև հերիք չի էդքան սպասեցիր ու մեքենան չեկավ` ծակող մտքերն էլ 100% զեղչով «կապեցին» վզիցդ)՝ հետ ես դառնում ճանապարհի մյուս կողմ, բայց առանց որևէ հաղորդման մասնակցելու. անգամ այն վարողներն էին սառել ու հեռացել։ Նստում ես այլ տրանսպորտ, իջնում շրջանի ցածրին մասերից մեկը ու շարունակում ճամփադ` հաջորդ գազելի մեջ խցկվելով։

Սովորականից ավելի սովորական օր ես ունենում ու նույն մտքերով նստում երթուղային։ Սակայն այս անգամ միայնակ չես. փոփ ժանրի արտիստները մերթ շշնջում են, մերթ, անսարք ռադիոյի պես, աղմկում ականջներիդ մեջ։ Դա օգնում է. դու ցրվում ես` վերջապես մոռանալով առավոտվա ծակող մտքերը։ Այդ ընթացքում ձանձրույթից կողքերդ ես նայում, աչքերով շոշափում բոլոր լույսերը և ստվերները, նկատում ամեն մանրուք, բայց այլևս ոչինչ չես զգում` դետալների դերը մեծ համակարգում հասկանալուց հետո։ Ոչ մի զգացմունք։ Աչքերդ լռում են։ Բայց այդ լռությունը ճնշում է, ընկճում… վերջնականապես դատարակում ներսդ։ Մտքերդ չեն կորել, չէ, բայց սառած են. առավոտվա օդից էլ սառն են։

Մեքենան կանգնեց արդեն. տեղում էիք։ Նորից անշարժ նայում ես դուրս. եղանակը քիչ է փոխվել, ներսինդ` նույնպես։

-Չե՞ս իջնում։

Ձայնը հեռվից էր գալիս։ Երևի վարորդն էր։ Դրամը նրան ես փոխանցում ու իջնում։ Փողոցում շատ մարդիկ կային, բայց փողոցը դատարկ էր։

Արդեն տանն ես։ Չես հիշում` ոնց հասար. կարևոր չի։ Սենյակումդ ես։ Դուռը փակ է, պատուհանները` նույնպես։ Բայց սենյակում քամի կա, անտանելի սուր քամի։ Ներսիդ լռությունը քեզ պատռելով դուրս է հոսում, ինչից սենյակն էլ է լռում։ Ու դու վերջապես դատարկվում ես լռության մեջ` լռելով դատարկությունից։