juli abrahamyan

Օրվա պլան

«Բա մի հատ ստրուկ չունենայի~»…

Հենց այս մտքով էլ ես բացում եմ իմ աչքերն ամեն առավոտ ժամը 13:54: Ի դեպ` ինձ համար առավոտը սկսվում է այն ժամանակ, երբ ես բացում եմ աչքերս: Միջին վիճակագրական ուսանողը պարտավոր է իրեն հասանելիք 21+3 օր արձակուրդը ծախսել քնելու և միմիայն քնելու վրա: Ստրուկ էլ արժի պահել` դասերս կաներ, լեկցիաներս սիրուն կգրեր, նյութերս, գրքերս, սերիալներս… Չնայած, սերիալներս ես ինքս կնայեի:

Բայց, ցավոք սրտի, ո՜չ փոքր եղբայր ունեմ, ո՜չ էլ քույր, այսինքն, ստրուկ էլ չունեմ, իսկ Հին Եգիպտոսից բերելը թանկ է:

Հողաթափերովս «քստքստացնելով» (վատ սովորություն է մնացել) գնում եմ խոհանոց` մի բաժակ ջուր վայելելու, ապա նույն ոգով շարունակելով գնում եմ գրատախտակիս մոտ` գրելու օրվա պլանը:
Խոսքը մեր մեջ` ես ամեն օր էլ գրում եմ օրվա պլանը, բայց դե չափից դուրս ալարկոտ եմ:

  1. Գերմաներեն
  2. Անգլերեն
  3. Գիրք
  4. Նյութ
  5. Սերիալ

Պարտաճանաչ կերպով կատարում եմ հինգերորդ կետն ու վերջ` քնելու:

Հա, մոռացա: Առաջին ու երկրորդ կետերը միշտ նույն տեղում են: Գրում եմ, որ արձակուրդի ընթացքում ուղեղս չժանգոտի, սակայն արդեն ուշ է:

-Ալո:
-Ի՞նչ ես անում:
-Ըըը, նստած…
-Էլի պառկած ե՞ս:
-Հա, մամ,- խորն ընկճվածությամբ արտաբերում եմ բառերս: Չնայած` ու՞մ եմ խաբում:
-Օրը ճաշ դառավ, տնաշեն:
-Էհ…

Նշեմ, որ ես «էհ» ասում եմ միայն արտիստիկ երևալու համար, կամ էլ երբ ասելու բան չունեմ:
Մի խոսքով…
Մտածում եմ, որ կարելի է նվագել, կամ ասենք, դաս անել: Աչքս գցում եմ ժամացույցին` 18:27: Նոր չէի՞ արթնացել: Մյուս կողմից էլ նայում ես` էս «ազիզ» օրով ի՞նչ դաս:

Լավ չի, լավ չի, Նոր տարին շատ թանկ է նստում: Լավ, ոչինչ, վաղը կանեմ: