Բյուրականյան մեդիա ճամբար. Նկարահանումների մեկնարկը տրված է (օր 4)

Շատ հաճախ, երբ ես ինչ-որ իրադարձության մեծ նշանակություն եմ տալիս, մեծ ոգևորություն եմ ցուցաբերում, դրանք չեն իրականանում, կամ փոփոխվում են…

Փոխվեց նախօրոք ծրագրված ևս մեկ իրադարձություն: Ես պետք է գնայի եզդիների յայլաները  նկարահանելու, բայց քնելուց առաջ ինձ իմ սենյակակիցները տեղեկացրեցին, որ փոխվել է որոշումը: Տիկին Ռուզանն ասաց, քանի որ Մանեն այսօր վատառողջ է, թող այնտեղ չգնա:

Չեմ  կարող ասել, որ  նեղվեցի: Բայց  չկարողացա պատկերացնել , թե ի՞նչ թեմա եմ  նկարելու:

Լույսը բացվեց…Առաջին անգամ էր, որ պարզ երևաց Արարատը: Իՙր ճերմակ գագաթով, իՙր հպարտ  կեցվածքով…Հայի հպարտությունը…

Իմացա, որ ես աշխատելու եմ  «Գյուղի երիտասարդության առօրյան» թեմայի շրջանակներում: Շատ ուրախացա, քանի որ աշխատելու էի ընդունակ, ընկերասեր մարդկանց հետ:

Աշխատանքները սկսվեցին: Պետք է նկարահանեինք երիտասարդների, որոնք աշխատում էին օդերևութաբանական կայանում, իսկ օրվա մյուս հատվածն էլ զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով: Սակայն այս թեման էլ փոփոխվեց, քանի որ տղաներից մեկի հորը հիվանդանոց էին տեղափոխել: Անկեղծ ասած, ուրիշ պայմանավորվածություն չկար, սակայն նկարահանումը պետք է սկսեինք:

-Ոչինչ, կիջնենք գյուղամեջ, ու այնտեղ կցրվենք տարբեր ուղղություններով, – ասաց Սիսակը:

-Բա որ չթողնե՞ն նկարել, բա որ կոպտե՞ն:

-Մենք ձեր կողքին ենք, համ էլ բյուրականցիները շատ բաց ու հյուրընկալ մարդիկ են:

Մեքենան կանգնեց գյուղամիջում: Աղբյուր-հուշարձանի մոտ երեք պապիկ էին նստած:

-Բարի լույս, ինչպե՞ս եք: Մենք Երևանից ենք, այս պատանիներն էլ պատանի ռեժիսորներ են, որոշել են ձեր գյուղի մասին ֆիլմ նկարել: Ի՞նչ խորհուրդ կտաք,- նրանց մոտեցավ տիկին Ռուզանը:

-Երևանի՞ց եք, ասում եք` կինո՞ եք նկարում… Մեր եկեղեցիները, ձորը նկարեք, սիրուն բան շատ կա,- ոգևորվեցին պապիկները:

-Էդ էլ կնկարեն, բայց երեխեքը ուզում են մարդկանց մասին նկարել:

-Եկեք` տանեմ իմ արհեստանոց,- ասաց պապիկներից մեկը, հետո իմացանք, որ անունը Կոլյա պապիկ է,- ես էստեղից մի 500 մետր վերև եմ ապրում,- տուրիստներ էլ են գալիս նայում: Ես երաժշտական գործիքներ եմ սարքում: Դարբնոց էլ ունենք:

-Գնացինք, ոգևորվեցինք մենք ու առաջ ընկանք:

Ճանապարհին տարբեր դարպասներից հետաքրքրասեր երեխեք էին ծիկրակում, հետո դուրս էին գալիս ու մեզ ժպտում:

Այնքան հետաքրքիր է  գյուղական մարդկանց մտածելակերպը: Ոմանց նկարելիս դու արժանանում ես հարգանքի, իսկ ոմանց…

- Ամերիկացիներ են եկել,- բղավում էին երեխեքը ու զարմացած մեզ նայում:

Այս օրվա ընթացքում ամենաշատ լսվող նախադասություններից  մեկն էր: Որպես պատասխան.

- Չէ, հաՙյ ենք, Հայաստանից ենք:

Մինչ մեր մի խումբը երաժշտական գործիքների վարպետ Կոլյա Թորոսյանին էին նկարահանում, մյուս խումբս էլ որոշեցինք, որ պետք է նկարենք, թե ինչպես են երեխաները խաղում գնդակով: Խնդրեցինք նրանց, որ իրենք խաղան և պատկերացնեն, որ մենք այդտեղ չենք:

Նկարելիս մենք չէինք խոսում, որպեսզի մեր ձայնը  չլսվի:

- Ես ինչի՞  չեն իրենց հետ թարգմանիչ բերել,- էլի հարցնում էին իրար:

Թարգմանի՞չ…Շատ հետաքրքիր է, իմ  ինչի՞ն է պետք թարգմանիչը, երբ ես գիտեմ  իմ մայրենի լեզուն` մտածում էի ես:

Ավարտեցինք փոքրիկների խաղի նկարահանումը:

-Շնորհակալ եմ երեխաներ,- ասացի ես, և արդեն պատրաստվում  էի հեռանալ, երբ ականջիս հասավ…

-Վա՜յ, հա՞յ են : Ինչ ամոթ ա,- գյուղի հարսներից մեկի շուրթերից լսեցի այս խոսքերը:

Վաղն էլ ենք նկարահանելու: Արդեն չենք ամաչում մոտենալ անծանոթ մարդկանց, ծանոթանալ, խոսել, թույլտվություն խնդրել…

Իսկ Բյուրական գյուղի բնակիչներն իսկապես շատ մարդամոտ ու բացսիրտ են: