Ani avetisyan

Ֆուտբոլ էր

-Դու փոքր ես, դարպասի մոտ կանգնիր:

-Դե լավ էլի, բոլորիցդ էլ լավ եմ խաղում,-նեղանում էի ու կանգնում դարպասի մոտ: Չնայած, ի՞նչ դարպաս, երկու քարեր էին՝ իրարից երկու-երեք մետր հեռավորության վրա, այն էլ մեր՝ մատնաչափիկի ոտքերով չափված: Իսկ «թշնամի» թիմի դարպասին էլ իմ հասակակից մի աղջիկ էր կանգնում: Դե, սա ուղղակի, էն անհանդուրժողականության վերաբերյալ:

Բայց, մեր՝ փոքրիկ կասիլյասիկների ու մեսսիիկների մասնակցությամբ  ամենակարևոր հանդիպումներից  առաջ ծնվում էր բակային ֆուտբոլի ոսկե կանոնը.

-Դարպասապահը (մեր խոսքով ասած՝ вратарь-ը) խաղում է:

Հա, համաձայնվեք, որ մեղմ ասած, հեշտ չի և՛ խաղալ, և՛ դարպասը անառիկ պահել (ինչպես ասում են ֆուտբոլային մեկնաբանները):

Ի՞նչ էի ասում: Մեզ համար դա այնքան էլ մեծ խնդիր չէր: Իսկ ուրիշ կերպ չէինք էլ կարող:Թե չէ՝ ավագներից մեկը մեզ կդատապարտեր մինչև խաղի վերջը հանդիսատես լինելու:

Ախր,  այդ երկու՝ անհարթ ու ձևից զուրկ քարերից բաղկացած դարպասը ռազմական սրբություն էր, դե, զորամասի դրոշի նման, էլի, իսկ նրա մոտ թշնամու խաղացող կամ, առավել ևս, թշնամու կողմից ուղարկված գնդակ թողնելը դավաճանություն էր, ինչն էլ պատժվում էր որակազրկումով:

Այս ամենն այն ժամանակ էր, երբ ֆուտբոլը մեր՝ երեխաներիս համար դեռ 22 հոգի ու մեկ գնդակ չէր, այլ ընդամենը 6-7 հոգանոց մի խումբ ու ինչ-որ գնդաձև բան, որ  մեր ձեռքում վաղուց դադարել էր գնդակ լինել: Հա, կար ժամանակ, երբ ինձ, ու գիտեմ, էլի շատ աղջիկների համար, բարբի տիկնիկներից ավելի կարևոր ու սիրելի բան կար: Հետո ի՞նչ, որ «թիթիզ» հասակակից  հարևանուհիները  զարմացած աչքերով պիտի նայեին: Օրվա մեջ մի քանի ժամ մենք գնդակից  բացի ոչնչի չէին նայում:

Մեր ֆուտբոլի դաշտը տան դարպասներից այն կողմ էր՝ փողոցի վրա ու դրան կից մի քանի  քառակուսի մետր  տարածք կազմող փոշոտ վայրում: Բայց իրականում այդ վայրը դրախտի էր նման, մանավանդ, երբ հարևաններն էլ տանը չէին:

Բայց մենք խնդիրներ էլ ունեինք: Իսկ եթե մի օր էլ հարևանները թույլ չտայի՞ն իրենց բակում ֆուտբոլ խաղալ, մոտակայքում ավելի հարմար տարածք չկա, ախր: Էհ, ի՞նչ արած, պիտի համակերպվեինք: Բայց դրանից մեր խաղերը չէին վնասվում, ամենամեծ հարվածը մեր ֆուտբոլի դաշտում կառուցվող շինությունն  ու անցնող տարիներն էին: Հետո մեր եռանդուն թիմը ցրվեց: Մեծացանք, ասում են: Սկսեցինք ֆուտբոլ միայն հեռուստացույցով նայել: Իսկ մեզ փոխարինող սերունդն էլ  դեռ չի  եկել:

Կգա՞…

Հ.Գ Նյութն էլ հենց այնպես, Ռեալ Մադրիդ-Մանչեսթր Յունայթեդ խաղն էի դիտում: