Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Ֆրանկոֆոնիան ու Հայաստանը

Հոկտեմբերի 7-ը շատերիդ համար թերևս սովորական, ոչինչ չասող ամսաթիվ է, մի հերթական կիրակի, որին ուշադրություն էլ չէիք դարձնի, եթե հանկարծ ճանապարհին չընկնեիք խցանման մեջ ու չհասկանայիք, որ պատճառը քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի կամ մի քանիսի փակ լինելն է: Իսկ դրանք երբեմն-երբեմն փակ են, որովհետև ամսի 7-ից քաղաքը սկսել է ապրել նոր, անսովոր ու մի քիչ խենթ ռիթմով. Հայաստանը մեկ շաբաթով ֆրանկոֆոնիայի սիրտն է, կամ գուցե, հակառակը, Ֆրանկոֆոնիան է մեկ շաբաթով Հայաստանի սրտում՝ Երևանում: Ֆրանկոֆոնիան Հայաստանի սրտում է, որովհետև Երևանի փողոցները չափչփող կապույտ վերնաշապիկով երիտասարդները տարիներ ի վեր սովորում են ֆրանսերեն ու պիտի այն իրենց հայրենիքում օգտագործելու հնարավորություն ունենային, որովհետև օտարերկրյա դիվանագետները, քաղաքական գործիչները, լրագրողներն ու թեկուզ հասարակ քաղաքացիներն ի վերջո պիտի տեսնեին Հայաստանը ներսից՝ իր ողջ գեղեցկությամբ ու հմայքով, իր արևոտ փողոցներով ու ջերմ մարդկանցով, որովհետև Ազնավուրը պիտի լիներ ու պիտի երգեր Հանրապետության հրապարակում՝ ոտքերի տակ զգալով իր արմատների հողը, իսկ օդում՝ ողջ աշխարհի սերն իր արվեստի նկատմամբ: Ազնավուրը հիմա էլ կա ու հիմա էլ է երգում՝ սկսած երևանյան ամենափոքր կրպակից, հրապարակի երգող շատրվաններից մինչև Ազատության հրապարակ, որտեղ արդեն երեկվանից Ֆրանկոֆոնիայի ավանն է գործում: Ազնավուրը երգում է, իսկ մարդիկ գալիս են ու շրջում տաղավարներով՝ Ռուանդայից մինչև Քվեբեկ, Լեհաստանից մինչև Արաբական Միացյալ Էմիրություններ ու Երևան, մինչև անգամ մեր համալսարան, որի շողքը, թվում է, ինձ ամենուր է ուղեկցում, նույնիսկ եթե համալսարանական դասերն այս շաբաթ հանվել են, ու համալսարանը մեզ «նվիրել է» Ֆրանկոֆոնիային՝ ճիշտ է, դժվարությամբ ու, համոզված եմ, մեր ձմեռային արձակուրդը կրճատելու գնով, բայց սիրով ու «բաց ձեռքերով»: Դե՜, մենք էլ մեր հերթին նվիրվել ենք Ֆրանկոֆոնիային ու փորձում ենք գլուխ հանել ազգային, կրոնական, արժեհամակարգային ու մարդկային այս բազմազանության մեջ, որին միավորել է երկու բան՝ Ֆրանկոֆոնիան ու Հայաստանը: