Ֆրանկոֆոնիայի կամավորները

Ֆրանսերեն, ֆրանսիական երաժշտություն, մշակույթ ու խոհանոց. այստեղ` Ֆրանկոֆոնիայի ավանում ցանկացած բառ սկսվում է Ֆրանս-ով, ավարտվում ֆրանսերենին հատուկ հնչողությամբ։  Իսկ Մարիամին նման հնարավորություն էր պետք սիրելի լեզվի բոլոր նրբությունները բացահայտելու համար։

Մարիամը Հայաստանի Ֆրանսիական համալսարանի երրորդ կուրսի ուսանող է և կամավոր Ֆրանկոֆոնիայի միջոցառումներում. «Դիմել եմ դեռ 2017 թվականի ամռանը։ Մեզ մոտ` Ֆրանսիական համալսարանում, հայտարարություն տարածվեց, որ կարող ենք որպես կամավոր մասնակցել ֆրանկոֆոնիայի միջոցառումներին: Այն ժամանակ մենք` առաջին-երկրորդ կուրսերի ուսանողներս, վստահ էինք, որ ֆրանսերեն խոսելու ցանկացած շանս պետք է օգտագործել, ու զարգացնել մեր  հաղորդակցման հմտությունները»։

Ֆրանսիական համալսարանի ուսանողների մեծամասնությունը կամավոր է Ֆրանկոֆոնիայի միջոցառումներում։ Համալսարանի երրորդ և  չորրորդ կուրսերում դասերը դադարեցվել են, չնայած, հաշվի առնելով սա, համալսարանում դասերը սկսվել էին սեպտեմբերի մեկից մեկ շաբաթ շուտ:

Գրանցվելուց հետո կամավորները մասնակցել են մի շարք հավաքների, ծանոթացել, իմացել` ինչ է իրենից ներկայացնում Ֆրանկոֆոնիան, ինչ պարտականություններ ունեն կամավորները:

«Մինչ ծրագրի մեկնարկը Ֆրանկոֆոնիայի մասին գիտեի, որ շատ մեծ միջոցառում է լինելու, ու Հայաստանում հավաքվելու են լիքը ֆրանսերեն խոսող մարդիկ, ու ես պետք է թարգմանեմ նրանց, բայց գիտեի նաև, որ դեռ չունեմ համապատասխան գիտելիքներ` ֆրանսերենից հայերեն և հայերենից ֆրանսերեն թարգմանություններ անելու համար: Բայց մոտ մեկ տարի ունեի Ֆրանսիական համալսարանում, ունեի բարդ բանավոր քննություն ու վստահ էի, որ կհասցնեմ լավացնել ունակություններս»,- պատմում է Մարիամը:

Կամավորներին բաժանել են ըստ ֆրանսերենի իմացության: Օրինակ, Ֆրանսիական համալսարանի չորրորդ կուրսի ուսանողները հիմնականում պատվիրակությունների ուղեկցորդներ են: Մյուս կամավորները օդանավակայանում են, հյուրանոցներում, Մարզահամերգային համալիրում  ու Ֆրանկոֆոնիայի ավանում: Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին մասնակցում և կազմակերպչական աշխատանքներ են իրականացնում շուրջ 1300 հայ կամավորներ: Նրանց համակարգման աշխատանքները իրականացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված Կամավորների շտաբը:

Ըստ Մարիամի՝ կամավորները հաղորդակցության օղակ են հայերի ու պատվիրակների միջև: Նա նշում է, որ ավանում, որտեղ ինքն է ՝ հատկապես ֆրանսախոս կամավորները մեծ պահանջարկ ունեն, որովհետև կան տաղավարներ, որոնց ներկայացուցիչները անգլերեն չեն խոսում կամ հրաժարվում են խոսել, ուստի ֆրանսախոս կամավորներին ուղարկում են այդ տաղավարներ:

Իսկ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Գայանեն  կամավոր է անգլախոս տաղավարներում: Ասում է՝ կամավորությունը մեծ նշանակություն ունի իր համար, այն շատ լավ հնարավորություն է ինքնաբացահայտման, ինքնաճանաչման ու իհարկե գիտելիքների հարստացման համար: «Որոշեցի կամավոր լինել ֆրանկոֆոնիայի միջոցառումներում առաջին հերթին իմ գիտելիքները ավելացնելու համար: Մինչև կամավորությունը սկսելը գիտեի, որ Ֆրանկոֆոնիայի շուրջ հավաքվում են այն երկրները, որոնք ինչ-որ չափով կապ ունեն ֆրանսիական մշակույթի հետ»:

Ասում է, որ սկզբում, երբ դիմում էր ծրագրին, չէր պատկերացնում, որ Ֆրանկոֆոնիայի տաղավարներում այսպիսի միջավայր կլինի, որ միմյանցից այսքան տարբեր երկրներն ու ազգությունները այսքան նման կարող են լինել:

Իսկ Գայանեին հանդիպած օտարերկրացիներն էլ ասում են, որ Ֆրանկոֆոնիայի միջոցով բացահայտել են Հայաստանն ու շատ հավանել: