ella mnacakanyan yerevan

Ֆրանկոֆոնիան ու Հայաստանը. լիքը չգրված բաներ

Մինչ մյուս 17-ցիներն իրենց նյութերում ակտիվորեն պատմում էին իրենց կամավորական հետաքրքիր կամ մի քիչ ձանձրալի փորձի մասին գագաթնաժողովի օրերին, ես դրանց հասցնում էի հետևել աչքի պոչով ու թաքուն նախանձով միայն, որովհետև իրենք՝ հյուրանոցների, օդանավակայանի, Համալիրի, Ծիծեռնակաբերդի կամ Ֆրանկոֆոնիայի ավանի կամավորները, որքան էլ ստիպված լինեին ամեն օր կրել այդ կամավորական կապույտ շապիկները կամ ժամերով կանգնել բաց երկնքի տակ՝ չնայած ցուրտ եղանակին, բայց գոնե կարող էին իրենց թույլ տալ այնպիսի ճոխություն, ինչպիսին իրենց տպավորություններով կիսվելն է 17-ում, որովհետև իրենց աշխատանքը, գուցե և ֆիզիկապես ծանր էր, բայց սկսում ու ավարտվում էր հստակ ժամի՝ երեկոյան 8-ին: Ու հա, ընդհանուր կամավորությունն էլ հստակ ավարտ ուներ՝ հոկտեմբերի 12, ժամը 20:00: Եվ չնայած՝ էնպես ստացվեց, որ այդ օրը ես էլ իրենց հետ մասնակցեցի իրենց կամավորական «after-party-ին Ֆրանկոֆոնիայի ավանում (ու, ի դեպ, էնտեղ էլ ինձ գործի դրեցին՝ բեմից մի քանի ֆրազ ֆրանսերեն թարգմանել տալով (Մարիա՜մ, դու մենակ չես, էլի մեկը կա քո օրին), բայց իմ կամավորական աշխատանքը, որը կարող էր սկսվել, ասենք, առավոտյան 7-ին ու ավարտվել արդեն հաջորդ օրը՝ գիշերվա 1-ին, իսկապես ավարտվեց միայն այսօր՝ գագաթնաժողովի ավարտից 2 օր անց, երբ իմ ուղեկցությանը վստահված պատվիրակությանը վերջապես ճանապարհեցի օդանավակայան, ֆրանսիացիներին բնորոշ լայն ժպիտով ու շատ «կարոտալից» տոնով ասացի. «Մինչ շուտափույթ հանդիպում Հայաստանում», հանեցի կամավորական բեյջս, որ երևի ինձնից էլ շատ էր տանջվել այս մեկ շաբաթվա ընթացքում, ու հասկացա, որ վաղն առավոտ շուտ դասի եմ: Էլի: Աշխարհի ծայրում: Դեռ ավելին՝ վեցօրյա գրաֆիկով, որովհետև պիտի լրացնենք այս մեկշաբաթյա տանջանքների օրերը ևս: Այդ է պատճառը, որ գրում եմ միայն հիմա, երբ մյուսներն արդեն վաղուց ամփոփել են ֆրանկոֆոնիան, ծալել ու խնամքով մի կողմ են դրել կամ միգուցե այրել են իրենց բեյջերը, շապիկներն ու հիշողությունները: Դե՜, իսկ ես դեռ նոր եմ փորձում որոշել դրանց ճակատագրերը: Բեյջի ճակատագիրն արդեն պատմեցի, իսկ այ, շապիկի հարցում բախտս, կարելի է ասել, բերել էր: Մեզ՝ պատվիրակությունների ուղեկցորդներիս, ոչ միայն չէին պարտադրել դրանք կրել, այլև առհասարակ չէին էլ բաժանել: Փոխարենը սահմանել էին դասական dress code ու հորդորել հնարավորինս խուսափել որպես կամավոր ներկայանալուց, որովհետև մեր փոխարեն իրականում պիտի պետական արարողակարգի աշխատակիցներ լինեին, բայց…

Ինչ վերաբերում է հիշողություններին, ապա դրանց ճակատագիրը հստակ է. նրանք մնալու են ինձ հետ թերևս ողջ կյանքիս ընթացքում ու նրանցով դեռ շարունակելու եմ կիսվել ձեզ հետ (թեկուզ մի քիչ ուշացումով), որովհետև այս մեկ շաբաթը, ինչքան էլ անվերջ ու տանջալից թվար, ամենաանհավանական փորձն էր, որ կարելի էր ունենալ այս տարիքում, այն էլ սեփական հայրենիքում և այն էլ իրադարձություններին այսքան մոտ: