Ֆրանսիական օրագիր: Մաս 2: Հայի ստեղծած ֆրանսիական ընտանիքը

Երկրորդ շաբաթն էր, որ մենք Փարիզում էինք։ Կարծես թե հարմարվել էինք․ դե, ոնց ասեմ, դեռ Երևան ենք ուզում։ Արդեն սովորել ենք առավոտյան տրամվայ-մետրո-մետրո-ոտք կոմբինացիային, էլ չենք նայում հեռախոսին կամ էլ ցուցանակներին, անգիր գիտենք՝ որտեղ թեքվել ու որտեղից նստել։ Մեզ լրիվ տեղացի ենք զգում։ Չէ լավ, խաբեցի, երբեք չեմ կարող տեղացի լինել։ Որովհետև փարիզեցիները այդքան էլ տրամաբանական չեն։ Օրինակ՝ երբ դու մի կերպ փորձում ես կենդանացնել սառը քամուց փայտացած մատներդ, այս ժողովուրդը բարակ կոշիկով ու առանց բաճկոն հանգիստ դուրս կգա փողոց, և հավատա, դու հիվանդանալու ավելի մեծ շանսեր կունենաս։ Կամ էլ ամենաանհարմար պահին, տեղում և պայմաններում այս մարդիկ կհանեն իմ բոյի մի գիրք և կսկսեն այն կարդալ կամ էլ ֆիլմ նայել հեռախոսով։ Ախր, մետրոյում հազիվ խցկվելով ու մի մատով մի տեղից բռնվելով շունչս պահած մի կերպ հասնում եմ իմ կայարան, ուր մնաց` կարողանամ դրան զուգահեռ գիրք կարդալ կամ էլ առավել ևս ֆիլմ նայել։ Ո՞նց է ստացվում, չեմ հասկանում։ Հա, մի բան էլ կա․ չեմ կարող անդադար բոլորին բարևել, ներողություն խնդրել դեռ չարած անշնորհքությանս համար, կամ էլ լրիվ անծանոթ մարդու մաղթել լավ երկո։ Այս ամենի չափազանց շատ լինելը ձևական և անիմաստ է թվում, հատկապես, երբ այդ մարդուն տեսնում ես առաջին և վերջին անգամ։ Իհարկե, կան էլի փաստեր, որոնք առաջին իսկ օրվանից զարմացրել են մեզ՝ հացն առանց տոպրակ տուն տանելը, կարմիր լույսի տակ փողոց անցնելը, փնթիությունը և այլն։ Բայց դե պարզ է, որ ոչ բոլորն են այդպիսին։ Ասեմ, որ փարիզեցիների այն փոքր մասը, ում հետ անցկացնում եմ 5 օր շաբաթվա մեջ, հաճելի և հետաքրքիր մարդիկ են։ Խոսքս այն կազմակերպության աշխատակիցների մասին է, որտեղ անցկացնում եմ իմ մասնագիտական պրակտիկան։

Ճիշտն ասած, ամենասկզբում մի քիչ նեղվել էի, որ այդքան հեռու տեղում եմ գնում աշխատանքի։ Սակայն ընդմիջման ժամին քայլելով 17-րդ թաղամասի փողոցներով, հասկացա, որ ոչ միայն կազմակերպության, այլ նաև թաղամասի հարցում է բախտս բերել։ Եվ չնայած այն կենտրոնից բավականին հեռու է, ընդհանրապես չի զիջում իր աննկարագրելի գեղեցիկ շենքերով, դրանց կոկիկ պատշգամբներով և փողոցի ամեն անկյունում գտնվող այգիներով, չէ որ, ինչպես երեկ իմացա, 17-րդը համարվում է Փարիզի ամենագեղեցիկ թաղամասը։ Ու հենց այդտեղ էլ գտնվում է այն համեստ շինությունը, որի երկրորդ հարկում աշխատում է մի մեծ ձեռնարկության անձնակազմ։ Բոլորը ֆրանսիացի են, կազմակերպության սեփականատիրոջից բացի, ով հայ է։ Ինչպես ես էի առաջին օրն ուրախ այդ օտար երկրում հայրենակցի հանդիպելուն, այդքան էլ նա էր ոգևորված մի հայ ուսանողի հյուրընկալելու իր հոր ստեղծած կազմակերպությունում։ Մանկական ուրախություն կար այդ մարդու աչքերում և աննկարագրելի ջերմություն, երբ ներս մտա և հարցրեցի, որ փնտրում եմ պարոն Զելվեյանին։ Հենց առաջին վայրկյանից խոստովանեց, որ շատ վատ է հայերեն խոսում, ուստի իր հետ նույնպես շփվում եմ բացառապես ֆրանսերենով։ Եվ ամեն անգամ մեծ հպարտությամբ եմ մտնում այդ շենք՝ իմանալով, որ տեսքից համեստ, բայց նշանակությամբ կարևոր այդ կազմակերպության հինադիրն իմ հայրենակիցն է։ Ու երբ հարցնում են, թե ինչով է զբաղվում կազմակերպությունը, «իրենք»-ի փոխարեն ակամա ասում եմ «մենք», քանի որ արդեն առաջին օրվանից այդ մարդիկ ամեն ինչ արել են, որ ես ինձ իրենց ընտանիքի մի մասը զգամ։ Ձեզ էլ ասեմ՝ մենք արտադրում ենք մետաղյա, կերամիկայից, պլաստիկից և այլ նյութերից գնդիկներ և գլաններ՝ տարբեր տրամաչափերի, որոնք հետագայում օգտագործվում են մեքենաշինության, սարքավորումների պատրաստման, բժշկության և նույնիսկ օծանելիքի պատրաստման մեջ։ Եվ չնայած նրան, որ ամեն առավոտ մոտ մեկ ժամ եմ ծախսում այնտեղ հասնելու համար, երբեք չեմ զղջում, որ ընտրությունս ընկել է հենց այս կազմակերպության վրա։

Աշխատանքային ամեն շաբաթվա ավարտին հաջորդում են երկու մշակութային օր, որոնց ընթացքում փորձում ենք այցելել որքան հնարավոր է, շատ թանգարան կամ ցուցադրություն։ Ու հավատացեք, երկու օրը շատ քիչ է այդ ամենի համար։ Մեկ օրում չհասցրինք տեսնել այստեղի ամենահայտնի Օրսե թանգարանի բոլոր կտավներն ու քանդակները։ Այդ ահռելի շինությունը նախկինում եղել է կայարան, որը հետագայում դարձրել են Վինսենթ վան Գոգի, Կլոդ Մոնեի, Էդուարդ Մանեի, Օգյուստ Ռենուարի և մի շարք այլ նկարիչների գործերի ցուցադրության վայր։ Իսկ թանգարանի դիմաց՝ Սենայի մյուս ափին, գտնվում էր մեկ այլ պատկերասրահ Օրանժերի անունով, որտեղ տեսանք Կլոդ Մոնեյի «Ջրաշուշաններ» նկարաշարը։ Աննկարագրելի զգացողություն է կանգնել կտավի դիմաց ու հասկանալ, որ հենց այս պահին տեսնում ես այդ գլուխգործոցը։ Ու ամեն անգամ վախենում ես, որ կմոռանաս այն, չես հիշի ամենակարևորը։ Այցելեցինք նաև «Հայտնագործությունների պալատ», որտեղ շրջեցինք մի շարք սրահներում, իմացանք ամեն ինչ լույսի, մագնիսական դաշտի, ձայնի, կենսաբանության և քիմիայի մի շարք երևույթների մասին, տեսանք պլանետարիումի ցուցադրությունը։ Այս երկու օրն անցնում են շատ արագ ու տպավորություններով լի։

Ու չնայած ամեն օրվա երեկոն անցկացնում եմ ընկերներիս հետ, միևնույնն է, վաղը երեկոյան, երբ գործից հետո նստեմ հետդարձի մետրոն, էլի կսկսեմ փնտրել մի ծանոթ հայացք, աչքեր, խոսք, ինչու ոչ, քիթ։ Մի նշան, որն ինձ կհուշի, որ դիմացինս հայ է։ Երբեք չէի մտածի, որ կարոտը կարող է այսպես դրսևորվել։ Ամեն անգամ փորձում եմ ճանապարհս այնպես գծել, որ անպայման անցնեմ հայ ուսանողների հանրակացարանի մոտով, որ կարդամ հայերենով գրված «Հայ ուսանողների տուն» գրվածքն ու ինձ էլի մի քիչ մոտ զգամ հայրենիքիս։ Դժվար է տնից հեռու ապրելը։ Համենայնդեպս, ես շատ եմ կարոտում։

Ըհը, այս շաբաթն էլ վերջացավ։ Մնաց հինգը։