Ֆրանսիացին Հայաստանում

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Էմիլյեն Գոմին աշխատում է ուսուցման, նորարարությունների և արվեստի ոլորտում։ Զբաղվել է ինֆորմացիոն ուսումնասիրություններով, այնուհետև անցել է մշակութային, երաժշտական միջոցառումների կազմակերպմանը։ Այժմ երաժշտական գործիքներ է ստեղծում կամ էլեկտրական մասեր, որոնք ներառվում են գործիքների մեջ։ Նաև աշխատում է մանկավարժական նորարարությունների հետ, փորձում է գտնել ուսուցանելու նոր միջոցներ և մեթոդներ։

-Մի կոլումբիացի ընկերուհի ունեմ, որն այստեղ էր՝ Երևանում։ Գայետանին (արմատներով հայ ընկերս է, որի հետ հիմա Հայաստանում եմ) ասացի, որ ցանկանում եմ իրեն այցելել, նա էլ ասաց, որ պատրաստվում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին գալ Երևան։

Սկզբում գալիս էի Հայաստան հանգստանալու, Գայետանին տեսնելու և ուղեկցելու համար։ Արդեն տասը տարի է, ինչ գիտենք իրար։ Ծանոթացել ենք համալսարանում մագիստրատուրայի ժամանակ։ Ավարտելուց հետո երկու տարի միասին բնակարան ենք վարձել և հետո էլ պահել ենք կապը, քանի որ մոտ ենք ճաշակներով։

Ինչպես ասացի, սկզբում նպատակս ուղղակի տուրիզմն էր։ Ընդհանրապես չէի պատրաստվել այս ճանապարհորդությանը․ անձնագրիս ժամկետն անցել էր, այստեղ գալուց հինգ օր առաջ միայն ստացա նորը։ Երբ եկա, ոչ մի բան չգիտեի․ ոչ փոխարժեքը, ոչ ինչ-որ մեկի, ոչինչ։ Բայց հետո ես շատ բան իմացա տեղացիների մասին, իսկապես շատ հաճելի մարդիկ են։

Մեր լավ ընկերոջը՝ Ալբերտին (ասում ենք ընկեր, բայց փոքրիկ պապիկ էր), հանդիպեցինք մսամթերքի խանութի մոտ։ Նա մոտեցավ, խոսեց մեզ հետ և ձեռքով տարօրինակ շարժում արեց՝ հասկացնելով, որ կանչում է խմելու։ Սկզբում չէինք հասկացել՝ կեսօրին ու խմելո՞ւ։ Որոշեցինք փոխարենը գնալ հաց ուտելու։ Շատ լավ ժամանակ անցկացրինք, հաճելի և զվարճալի անձնավորություն էր։ Ամբողջ ընթացքում քայլեց մեզ հետ, որ ուտելու տեղ գտնենք, և ամեն անգամ, երբ ինչ-որ բան էր առաջարկում, մեզ դա շա՜տ էր թվում․ դե, Իջևանը մսի մայրաքաղաքն է։ Այնտեղ միայն միս կար։

Ծանոթացա նաև նորարարական կողմի հետ։ Ֆեյսբուքում տեսա թվային արվեստի և ինձ հետաքրքրող այլ թեմաների շուրջ միջոցառումներ, որոշեցի կապվել կազմակերպիչների հետ։ Երևանում ծանոթացա Arloopa-ի հիմնադիրների հետ, որոնք ասացին, որ ցանկանում են Փարիզում մասնաճյուղ բացել, և միգուցե կկարողանանք միասին աշխատել։ Հետաքրքիր էր տեսնել, թե այդ ամենն ինչպես է աշխատում, և ինչու ոչ, տեսնել մի բան, ինչը Փարիզում չկա։ Սկզբում ներկայացրին իրենց ապրանքը, բայց ես ասացի, որ գնելու նպատակով չեմ եկել, եկել եմ տեսնելու, թե ինչ են անում։ Մեկուկես ժամ անց մենք արդեն խոսում էինք փիլիսոփայությունից, հոգեբանությունից, հասարակությունից։ Իրենք տնտեսապես զարգացող կազմակերպություն են, աշխատում են միջազգային շուկայի համար՝ ԱՄՆ, Ռուսաստան, և երկու ժամ ծախսեցին ուղղակի զրուցելով անծանոթի հետ։ Փարիզում այսպիսի բան չէիք տեսնի, երբե՛ք։ Շատ տարբերություններ և նմանություններ կան այս երկու երկրների միջև։ Օրինակ՝ Իջևանում, մարդիկ միասին գնումներ են անում, միասին ճաշում են, միասին զբոսնում։ Մսի խանութի դիմաց 5-6 հոգի կանգնած զրուցում էին, ինչը Ֆրանսիային բնորոշ չէ։

Փարիզում մի վայր կա՝ hackerspace, որտեղ մարդիկ տեխնոլոգիական ոլորտին են ծանոթացնում մեկը մյուսին, նոր բաներ սովորում և սովորեցնում՝ չվճարելով որևէ գումար։ Այստեղ գտա նմանատիպ մի վայր և մի քանի օր Երևանում ու Իջևանում զբոսնելուց հետո՝ օրական մոտ չորս անգամ հանդիպում էի տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ վիրտուալ իրականությամբ զբաղվողների, Թումոյից եկածների, էքսպերիմենտալ երաժիշտների։ Մարդկանց հետ շփվելու ընթացքում որոշեցինք նաև համագործակցել, միգուցե փառատոններ կազմակերպել, օրինակ՝ Բյուրականում։

Հարցազրույցը վարեցին Անետա Բաղդասարյանը և Անուշ Դավթյանը