Anush margaryan

Հեքիաթ մոլորակի ամենապայծառ լույսի մասին

Երկրագնդում կան այնպիսի մարդիկ, առանց որոնց աշխարհը կզրկվեր բոլոր գույներից, արևն էլ չէր լինի այնպես պայծառ, ինչպես այժմ է… Առանց որոնց, թռչունները տխրությունից այլևս չէին երգի…

Եթե 100 տարեկանում մտածելիս լինեմ իմ կյանքի ամենակարևոր իրադարձության մասին, ապա այն առանց մեկ գրամ կասկածի, կլինի Կենսաբանության օլիմպիադիան… Ըը՜, ինչ վերաբերում է 100 տարի ապրելուն՝ գիտեմ, ախորժակս շատ մեծ է:

Չէ, չեմ պատրաստվում պատմել օլիմպիադայի մասին, որովհետև ինձ համար նա մի հեքիաթային մոլորակ է՝ սրտիս ձախ փորոքում գտնվող, որի մասին խոսելիս թվում է, թե շատ քիչ բառեր գիտեմ, և դրանք բավական չեն պատմելու համար այն ամենը, ինչը կա ու կատարվում է այդ մոլորակում… Գիտե՞ս, այնքան բարի ու հոգատար բնակիչներ են այնտեղ ապրում, որ կարելի է նրանցից յուրաքանչյուրի մասին անչափ բարի հեքիաթներ հորինել…Հը՜մ, բայց ես կպատմեմ բնակիչներից մեկի՝ Տաթևի մասին, ում տեսնելիս այդ մոլորակի արևն ավելի է պայծառանում…

Տաթևին երկու տարի է, որ ճանաչում եմ, բայց երկու տարին կարծես երկու հազար տարի լինի… Երկու տարի առաջ՝ օլիմպիադայի հանրապետական փուլին, երբ իմ սովորության համաձայն, հերթով զննում էի բոլորին ու փորձում ստանձնել Շերլոկ Հոլմսի դերը, նկատեցի մի աղջկա, ում մասին առաջին հայացքից մտածեցի. «Հը՜մ, այս աղջիկը, երևի, ողջ օրը միայն լուռ նստում է, ինչպե՜ս կարելի է այսքան տխուր դեմք ունենալ, ոչ երանի նրա ընկերներին»… Տա՛թ, գիտեմ, որ հիմա կկարդաս ու կծիծաղես…

Անկեղծ ասած, իմ կյանքում հանդիպած ամենալավ մարդկանց մասին առաջին անգամ հենց այդպես եմ մտածել ու հիմա, երբ ինչ-որ մեկին նայելիս այդ միտքն է գալիս, վստահ եմ, որ երկրագնդի ամենաբարի մարդկանցից է նա:

Օլիմպիադայից հետո ես ու Տաթևը միասին գնում էինք միջազգային օլիմպիադայի պարապմունքներին… Հայկական, ավանդական երգերից մեկի խոսքերը եկան մտքիս. «Պատահական չի լինում ոչ մի բան, մենք պիտի հանդիպեինք իրար»… Չէ, այնպես չէ, որ ողջ օրը դա եմ լսում, ուղղակի կան տողեր, որ պարտադիր պետք է անգիր իմանալ, չգիտեմ էլ, թե որտեղից:

Հենց առաջին օրը, երբ չէի կարողանում միացնել համակարգիչս, Տաթևն առաջարկեց օգնել ինձ ու առանց պատասխանի սպասելու միացրեց այն, ժպտաց, ու մենք ծանոթացանք: Հենց այդ օրը հասկացա, որ Շերլոկ Երկրորդը էլի սխալվել է, ու թե որքան լավն է Տաթևը: Այդ մի քանի օրերի ընթացքում մենք միշտ նույն ավտոբուսով էինք գնում, ողջ ճանապարհին շատախոսում, մյուս մասնակիցների դեմ «հատուկ գործողությունների պլաններ» մշակում (շտապեմ տեղեկացնել, որ դրանք այդպես էլ չարեցինք, հանգիստ եղեք), ու պատկերացնում մեր երազանքի իրագործումը: Ճիշտ է, երկուսիս հատուկ պլանը չիրականացավ, բայց կարևորն այն էր, որ ես գտա Տաթևին:

Տաթևը նման է ճերմակ ու ժպտերես ամպիկի, նրա խաղաղ դեմքին նայելիս այնքան է հոգիդ թեթևանում, կամ էլ Խիկար իմաստունին (երրորդ դասարանում, երբ անցնում էինք այդ դասը, որքա՜ն էի նրան սիրում): Նա գիտի ամեն բան, տալիս է խորհուրդներ: Տաթևը ոգեշնչման աղբյուր է, պատրաստ է քեզ հետ կիսել քո տխրությունը և ուրախությունը, հավատալ քո ուժերին անգամ այն դեպքում, երբ ոչ ոք չի հավատում, նա բոլորի մեջ տեսնում է գեղեցիկը, սիրում ու գնահատում այն: Նրա հետ կարող ես երազել, հավատալ հրաշքներին ու լցվել լավատեսությամբ: Տաթևը պատրաստ է հասկանալ նույնիսկ ամենաանհասկանալի մարդուն, հասկանալ քեզ, երբ նույնիսկ ինքդ քեզ չես հասկանում: Ինձ թվում է, երբ նա քայլում է փողոցում, բոլոր միմյանց հետ վիճող ծաղիկները սկսում են ժպտալ և մոռանալ վեճը, երբ երկինքը զայրանում է՝ տեսնելով Տաթևի բարի աչքերը, միանգամից խաղաղվում է:

Հա՜, գիտեմ, թե ինչ ես մտածում՝ երանի ինձ, որ Տաթևի նման ընկեր ունեմ: