Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

1 տարի, 9 ամիս, 15 օր, 22 ժամ, 46 րոպե, 32 վայրկյան

Ուղիղ 1 տարի, 9 ամիս, 15 օր, 22 ժամ, 46 րոպե, 32 վայրկյան ես «Մանանա» կոչվող մեծ ընտանիքի անդամ եմ: Այս երկար, բայց կարճ ժամանակահատվածում հասցրել եմ խոսել գրեթե բոլոր թեմաներից, սակայն կա մի բան, որին դեռ չեմ անդրադարձել։

Ոտք դնելով այստեղ՝ ես սկսեցի աստիճանաբար փոխվել, այլ կերպ նայել շուրջս կատարվող իրադարձություններին, դեպքերին, դեմքերին, ծառին, քարին, շենքերին, մարդկանց։ Աշխարհը սկսեց այլ կերպ երևալ իմ «մանանայոտ» աչքերին։ Հիմա մտածում եք. «Հա ի՞նչ, բոլորիս հետ էլ տենց բան եղել ա», բայց պետք է ասեմ, որ իմ մոտ հեղաշրջումը մի քիչ մեծամասշտաբ ստացվեց։

Մի բան եմ ուզում խոստովանել քեզ, սիրելի՛ ընթերցող։ Հուսամ ինձ ճիշտ կհասկանաս։ «Մանանայի» հետ իմ ունեցած հանդիպումից երեք ամիս անց հնարավորություն ստացա մասնակցելու Ծաղկաձորում կազմակերպվելիք մեդիա ճամբարին։ Պարզվեց, որ ճամբարին պետք է մասնակցեր նաև իմ շատ լավ ընկեր Նինան (հիշեցնեմ, որ մենք Ստեփանավանից ենք)։ Այնքան ուրախ էի, որ երկուսով էինք լինելու։ Մտածում էի՝ ի՜նչ լավ ա, երկուսով կգնանք, մենակ չեմ մնա։ Ճամբարից առաջ այն մտքին էի, որ առանց ինձ հարազատ մարդու՝ ես մենակ կմնամ և ոչ ոք չի գտնվի, ում հետ կկարողանամ անցկացնել այդ մի քանի օրը։ Դա ողբերգական էր։

Եվ ինչպիսի՜ դժբախտություն, Նինան չէր կարող գալ, դասերից չէր կարող բացակայել։ Ի՞նչ արած, շատ կուզենայի, որ նա էլ մասնակից լիներ, բայց պետք է մենակ գնայի։

Ճամբարի յոթ օրերը հրաշալի անցան։ Հնարավորություն ունեցա հաղթահարելու իմ մեջ գոյացած վախը՝ նոր մարդկանց հետ շփվելու և մտերմանալու։ Ինձ սխալ չհասկանաս, իհարկե, ես շատ կուզեի, որ իմ սիրելի անձնավորությունը նույնպես վայելեր այն վայրկյաները, որ ես վայելեցի ճամբարում, բայց մենակ մնալն ինձ համար մի բանալի էր, որ թույլ տվեց բանալ մարդկանց հետ ազատորեն շփվելու գաղտնիքները և խեղդել նոր ծանոթություններից խուսափելու իմ սովորությունը։

Գուցե դուք ինձ չհասկանաք, կամ էլ կհասկանաք՝ չգիտեմ։ Գուցե դու էլ, հարգելի՛ ընթերցող, ինձ նման այն պատանիներից ես, ում «Մանանա»-ն տվել է ոչ միայն լոկ լրագրողական կամ լուսանկարչական հմտություններ, այլև հնարավորություն՝ բացահայտելու ինքդ քեզ, քո մեջ թաքնված տաղանդը, շփվել առանց բարդույթների, ձեռք բերել շատուշատ ընկերներ, և վերջապես՝ ազատ արտահայտել քո մեջ կուտակված մտքերն ու ապրումները, ինչը ես հիմա անում եմ։

Այս պահին, երբ նյութս եմ գրում, մտածում եմ, թե արդյոք ի՞նչ կլիներ, եթե ես երբևէ ոչ տեսնեի, ոչ էլ լսեի «Մանանայի» մասին։ Հը՜մ։ Գիտես՝ ի՞նչ, երևի դադարեմ մտածել այդ մասին, քանի որ նախ՝ ծանոթությունն արդեն եղել է, և երկրորդ՝ տխուր է այդ մասին մտածելը։

Եկեք ավելի ուրախ բաների մասին խոսենք։ Օրինակ՝ այն մասին, որ «Մանանան» իր գործունեությունը ծավալում է Հայաստանի բոլոր մարզերում։ Կամ, որ ամենա-ամենաշատն է ինձ ուրախացնում՝ իմ նմանների թիվը գնալով ավելանում է, դե, ի նկատի ունեմ՝ թղթակիցների, էլի։

Վերջաբանի փոխարեն ընդամենը մի բառ՝ շնորհակալություն։