sona zakaryan

11 ամիս և մի ամբողջ կյանք

Ինչպես գիտեք՝ արդեն 11 ամիս է, ինչ գտնվում էի ԱՄՆ-ում, վերջերս վերադարձա Հայաստան։ Գիտե՞ք՝ զգացողություններս փոքր-ինչ դժվար է նկարագրել։ Ընդհանրապես, փոխանակման ծրագրի աշակերտ լինելը դժվար է, քանի որ պետք է հզոր կամքի ուժ ունենաս շատ բաներ հաղթահարելու համար։ Մի քիչ պատմեմ այդ շատ բաների մասին։

Երբ պատրաստվում էի մեկնելու, ունեի տարբեր պատկերացումներ ու ակնկալիքներ։ Աշխատում էի շատ չակնկալել, քանի որ ակնկալիքներ ունենալով՝ ամեն ինչ ավելի է բարդանում, չէ՞ որ ակնկալիքները հիմնականում իրականությանը չեն համապատասխանում։ Շատերը, այդ թվում և ես, փոխանակման ծրագրի աշակերտ ընտրվելով՝ ունենում են իրենց ակնկալիքները ու պատկերացումները։ Օրինակ՝ շատերը ԱՄՆ ասելիս ակամա պատկերացնում են Նյու Յորքը, Լոս Անջելեսը և մի շարք այլ մեծ ու շքեղ քաղաքներ։ Շատերիս պատկերացումներն ու ակնկալիքները, այդ թվում նաև իմը, երևի հենց այդպիսին են եղել մինչև ԱՄՆ գնալը։ Միշտ ԱՄՆ-ը պատկերացրել ենք շքեղությամբ, բրենդային խանութներով, երկնաքերերով։

Բայց հետաքրքիրը այն է, որ ամենևին էլ այդպես չէ։ Երբ արդեն ընտրվել էի որպես Ֆլեքս ծրագրի հաղթող, անհամբեր սպասում էի, թե երբ կուղարկեն հյուրընկալ ընտանիքիս վերաբերող ինֆորմացիան։ Երբ բացեցի այն ու կարդացի, թե որ նահանգում ու այսպես ասած՝ քաղաքում եմ լինելու, ընդհանրապես պատկերացում չունեի դրանց մասին։ Սկսեցի փորփրել, որպեսզի ինչքան հնարավոր է շատ ինֆորմացիա գտնեմ, և պարզվեց, որ ապրելու եմ մի շատ փոքրիկ քաղաքում, որն ընդամենը 2000 բնակիչ ունի։ Շոկի մեջ չէի, ուղղակի ուրիշ պատկերացումներ ունեի։ Ու դրանից հետո էլ, քաղաքիս մասին, մարդկանց մասին տարբեր պատկերացումներ ունեի։

Երբ ասում են՝ մինչև չգնաս և չապրես, չես հասկանա, շատ ճիշտ են ասում։ Ապրելով այդ փոքրիկ քաղաքում, շփվելով տարբեր մարդկանց հետ, ունենալով ամերիկյան դեռահասի առօրյա՝ հասկացա, որ ԱՄՆ-ը ամենևին այն չէ, ինչը շատերս պատկերացնում ենք։ ԱՄՆ-ը ոչ մեծ քաղաքներն են, ոչ շքեղությունները, ոչ հայտնի ու տեսարժան վայրերը ու ոչ էլ Թրամփը կամ կառավարության մեկ այլ դեմք։ ԱՄՆ-ը մարդիկ են՝ իրենց տարբերություններով, բայց մեծ հանդուրժողականությամբ, բարությամբ, ժպիտներով ու ջերմությամբ։ ԱՄՆ-ը գնալով այնքան չես կապվում նյութականին, որքան հոգևորին։

Իհարկե, բոլորիս համար շատ դժվարություններ կային, որոնք մենք պատվով հաղթահարեցինք ու ձևավորեցինք մեր մարդ տեսակը, որը մեր կյանքի ու կայացրած որոշումների վրա մեծ ազդեցություն է ունենալու։ Իսկ բաժանումը իրոք ծանր էր, որովհետև գտել էի իմ երկրորդ ընտանիքը ու երկրորդ տունը՝ օվկիանոսից այն կողմ։ Յուրաքանչյուր մարդ, ում հանդիպել եմ ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն են ունեցել իմ կյանքում և դարձրել են ինձ ավելի ուժեղ, պայքարող ու համառ։

Շատ ուրախ էի, որ հետ եմ գալիս Հայաստան, բայց նաև տխուր, որ թողնում եմ իմ մեկ տարվա ստեղծած կյանքն ու բոլոր այն մարդկանց, ովքեր հարազատ էին ինձ դարձել։

Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Հայաստանում, աննկարագրելի զգացողություն ունեի ու կարծում եմ՝ ամեն դրսից եկող հայի մոտ էլ կա այդ զգացողությունը, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում։

Մոտ մեկ շաբաթ է, ինչ վերադարձել եմ և փորձում եմ հարմարվել Հայաստանին։ Այո՛, ճիշտ հասկացաք՝ հարմարվել, որովհետև ԱՄՆ-ում այդքան ժամանակ մնալուց հետո Հայաստանում մի տեսակ տարօրինակ է։ Բայց վստահ եմ՝ շուտով ամբողջովին կհարմարվեմ։

Կարոտում եմ ԱՄՆ-ը, կարոտում եմ բոլորին, բայց Հայաստանը իմ հայրենիքն է, և ես շատ եմ սիրում այն։ Վստահ եմ՝ շատ դրական փոփոխություններ են լինելու, իսկ մենք էլ մեր մասնագիտական ուժը ներդնելու ենք մեր հայրենիքը ավելի լավը դարձնելու համար։