anahit baghshetsyan

133-ի ալիքներում խեղդվելիս

Ու մեր տանը կրկին ժամը 3:15-ին լսվում է իմ սենյակի դռան շրխկոցը։ Չնայած՝ ոչ մեկն էլ չի լսում, որովհետև տանը մենակ եմ։ Պայուսակս դնում եմ սենյակում ու սիրով ընկնում մահճակալիս վրա։ Ու ամեն անգամ գործողությունների այս շարանը կրկնելիս հասկանում եմ, որ առավոտը անկողնուց վեր չկենալն ու մի երեք ժամ ավել քնելն ավելի ճիշտ կլիներ։ Դպրոցում ոչ մի նորմալ բան չսովորեցինք։ Մոտ մեկ ժամ տառապում եմ այս ճակատագրական հարցի շուրջը մտորելով։ Հետո հեռախոսս զանգում է։

-Հա՛, մա՛մ։

-Ա՛ն, տանն ես, չէ՞։

-Հա՛ մամ, քեզ գրել եմ, որ տանն եմ։

-Լա՛վ, դասերդ արա։ Մի քիչ հետո կգամ, միասին կճաշենք։

Զանգը հուշում էր, որ պիտի շարժվեմ դասագրքաշատ գրասեղանիս ուղղությամբ, իսկ մտքերս թողնեմ մահճակալիս կողքին։

133: Դու միգուցե մտածեցիր, որ եթե հայտնվես Չիլիում ու քեզ վրա հարձակվեն, 911-ի փոխարեն կզանգես 133։ Ճիշտ մտածեցիր։ Բայց իմ գրասեղանը Չիլին չէ։ Ուղղակի գրասեղանիս վրա ինձ սպասում է Ֆիզիկայի դասագիրքը, որն ունի 133 պարագրաֆ։ 133 նոր պատճառ ֆիզիկան չսիրելու համար։ Սիրեմ, թե չսիրեմ, պիտի սովորեմ։ Ինչի՞ համար, կհարցնես։ Ես էլ չգիտեմ, ինքս ինձ որոշել եմ։ Թող մնա, մնացածը կանեմ, վերջում էլ դասն անգիր կանեմ։

Հայացքս թեքում եմ մյուս կողմ։ Անգլերենի դասագիրք, վրան հայերեն տառերով գրված «Անգլերեն»։ Ախր, ո՞ր մի իրեն հարգող օտար լեզվի դասագրքի կազմի վրա հայերեն տառեր կտեսնեք։ Եթե հետաքրքրում է, կարող եմ ասել, որ ներսում չկա ոչ մի բան, որ կօգնի ձեզ բարելավելու ձեր գիտելիքները։ Էս անցանք։

Վերցնում եմ հանրահաշվի դասագիրքը։ Դասագրքերի թոփ տասնյակում առաջատարը։ Ցավոք սրտի իմ թոփ տասնյակում ընդամենը երկու հորիզոնական կա՝ առաջին՝ հանրահաշիվ և երկրորդ՝ երկրաչափություն։ Սկսում եմ լուծել պարզագույն լոգարիթմական անհավասարումներ։ Քսան հատ։ Վատ չի։ Բայց քսանն էլ նույն կերպ են լուծվում։ Ոչ մի հետաքրքիր կամ գրավիչ բան։ Լավ, սպասիր վերջին վարժություններից սկսեմ։ 162-ը ստացվեց։ 161-ն ու 160-ը լրիվ նույնն են։ Մնացածն էլ արել եմ։ Ոչ մի հետաքրքիր բան։ Հիասթափությամբ փակում եմ եզակի հաջողված դասագիրքը։ Հանրից էլ պրծա։

Պատմության դասագրքի կողմ նույնիսկ չեմ նայում։ Թվանշաններն ու իրադարձությունները չափից դուրս շատ են, չափից դուրս ուռճացրած ու ոչ ստույգ։ Բացի այդ, նույն դասը 8-րդ դասարանում էլ եմ սովորել, պատմել եմ ու 10 եմ ստացել։

Հասարակագիտության դասագրքի վրա լուրջ ներդրում է կատարված։ Պարզ երևում է։ Ամեն բան արել են, որ նախադասությունը կարդալիս երեք բառից ավել ոչ մի բան չհասկանաս։ Վաղը հասարակ չունենք, ուրեմն էսօր վերծանելու կարիք չկա։

Դասագրքերն ավարտվեցին։ Այսինքն՝ դասերս էլ արեցի։ Վա՜յ, ոնց էի մոռացել։ Ֆիզիկան մնաց։ 15 հատ էլ խնդիր հանձնարարեց։ Դժկամությամբ բացում եմ դասագիրքը ու սկսում դասը կարդալու տքնաջան պրոցեսը։ «Ինչպես հասկացանք նախորդ՝ 26-րդ պարագրաֆից․․․»։ Ոնց չեմ սիրում էս նախորդ պարագրաֆը։ Լավ, շարունակում եմ կարդալը։ Որ էս դասն էլ կարդամ, կմնա ընդամենը 106 պարագրաֆ։ Հեռախոսս զանգում է․

-Հա, մամ։

-Ան, ես հասնում եմ։ Դասերդ սկսե՞լ ես։

-Հա, մամ, մնաց ֆիզիկան։ Մնաց 106 պարագրաֆ․․․