anna vardanyan

17 տարվա հեռվից

Մայրս շատ էր պատմում իր դասղեկական դասարանի մասին, որ ավարտել էր 17 տարի առաջ։ Ասում էր՝ շատ լավ դասարան էր, 17 տարի է՝ ավարտել են, բայց հիշում եմ ու կարոտել եմ շատ։

Օրեր առաջ մայրիկիս հեռախոսին հաղորդագրություն եկավ․

-Ընկեր Հարությունյան, 17 տարի անց հավաքույթ ենք կազմակերպել, սպասելու ենք…

Չնայած նրան, որ հավաքույթի հաջորդ օրը քրոջս նշանադրությունն էր, մայրս մեծ ոգևորությամբ գնաց։

Մայրս, ինչպես ոգևորված գնաց, ավելի ուրախ վերադարձավ։

-Աշակերտներս մեծացել էին, բայց նույն երեխեքն էին մնացել, ուրախ եմ իրենց համար, նույնիսկ՝ հպարտ, որ ունեցել եմ նրանց պես աշակերտներ։ Շատ լավ անցավ հավաքույթը, երեխեքս հատուկ հավաքույթի համար թողել էին իրենց գործերը ու տարբեր տեղերից եկել։

-Երկրից դուրս եկած աշակերտներն է՞լ էին եկել։

-Հա, Արթուրը Ֆրանսիայից էր եկել, Արկադին՝ Մոսկվայից, Էդգարը՝ Նիժնի Նովգորոդից…

-Ինչ կապված են իրար հետ։

17 տարի անց հավաքվել էին միմյանց տեսնելու համար, ուրախ եմ, որ լսել եմ նրանց պես հարգանքով մարդկանց մասին, օրինակելի ու սիրված մարդկանց, ովքեր հիշում են իրենց դպրոցն ու ուսուցիչներին մինչև հիմա։

Հպարտ եմ, որ սովորում եմ այնպիսի դպրոցում, որտեղ կրթվել ու սովորել են լավ մարդիկ։

Մտածում եմ՝ տեսնես 17 տարի անց կհիշե՞մ դասընկերներիս, կկարոտե՞մ, արդյոք ցանկություն կունենա՞մ տեսնելու դասընկերներիս։ Կլինի՞ ինչ-որ մեկը, որ կկազմակերպի նման հավաքույթ։

-Մամ, մյուս անգամ որ հավաքվեք, կարա՞մ ես էլ գամ, էնքան հետաքրքիր ա, որ 17 տարի ա անցել, բայց կապը կա իրար հետ, մարդիկ կան, որ նույնիսկ չեն հիշում կամ չեն ուզում հիշել իրենց դպրոցը, ընկերներին…

Հաճելի է կողքից լսելը ու տեսնելը այնպիսիներին, որոնց չի փոխել կյանքը, ինչպես մայրս է ասում՝ նույն աշակերտներն էին մնացել։