անի հարությունյան /մայիսյան/

17.am-ն իմ կյանքում

Սովորական դպրոցական օր էր: Երրորդ ժամն էր, երբ ընկերուհիս ասաց.

-Ա՛ն, էս ժամից հետո՝ երկար դասամիջոցին, կիջնես «Առողջ ապրելակերպի» կաբինետ:

-Ի՞նչ կա որ:

-Չգիտեմ: Երեկ մարդիկ էին եկել դպրոց, իրանց ամսագիրն էին բերել, ինչ-որ խմբակ ա լինելու:

«Տեսնես հիմա՞ ինչ կա: Էլի չեն թողնելու հանգիստ մի բան ուտեմ»,- մտածեցի ես: Զանգը տվեց: Դժգոհ-դժգոհ իջա «առողջ»: Եկան պարոն Արան, տիկին Ռուզանն ու Սիսակը: Անկեղծ ասած` հենց առաջին հայացքից գրավեցին ինձ, ու տրամադրությունս բարձրացավ:

Երբ սկսեցին ներկայացնել «Մանանա» կենտրոնը, 17.am կայքն ու դասընթացների բովանդակությունը, ոգևորությանս չափ ու սահման չկար: Չէի համբերում` երբ եմ գնալու տուն, որ մասնակցության հայտ ուղարկեմ: Շատ ուրախացա, որ աչքի ընկա. պարոն Արան ցույց տվեց կարճամետրաժ ֆիլմ, որի իմաստը պետք է հասկանայինք: Առաջին մրցանակը ես շահեցի: Բոլորին պատմում էի:

Վերջապես հասա տուն և ուղարկեցի հայտը: Պատասխանը չուշացավ: Երկու հոդված պետք է գրեինք` «Ով եմ ես» ու «Ինչն է ինձ հուզում»: Գրեցի, ուղարկեցի: Ամբողջ օրն անհամբեր սպասում էի պատասխանին: Հաջորդ օրը պատասխանը եկավ… Թարսի նման տանը չէինք, երբ զանգեցին «Մանանայից» ու ասացին, որ ընտրվել եմ մասնակցելու դասընթացին: Չգիտեի` ինչպես արտահայտեի ուրախությունս: Ուզում էի գոռալ, թռչել, պարել, բայց ամաչում էի. շուրջս մարդիկ կային: Շփոթմունքից ու հուզմունքից անընդհատ շնորհակալական խոսքեր էի ասում:

Տանջալից սպասումով լի մեկ շաբաթ… Էլ չէի դիմանում, թե ե՛րբ են հստակ ասելու դասընթացի օրը, ժամը, ե՛րբ ենք սկսելու:

Շաբաթ օր էր: Առաջին դասընթացին էինք գնում: Ամեն ինչ անցավ իմ պատկերացրածից էլ լավ: Նոր ծանոթություններ ու ընկերներ, նոր ու շատ կարևոր գիտելիքներ, տպավորություններ, փորձառու և պարզապես հաճելի ու անմիջական մարդկանց հետ հաղորդակցվելու հնարավորություն:

Կարծում եմ` կյանքում ոչինչ պատահական չի լինում: Նրանց հետ հանդիպումն էլ ինձ համար վճռական դարձավ. եթե նախկինում երբեմն կասկածում էի, հիմա հաստատ որոշել եմ դառնալ լրագրող:

Շատ եմ կարոտել մեր միասին անցկացրած օրերը: Վստահ եմ` դեռ էլի ենք հանդիպելու: