lida armenakyan

365 սև ու սպիտակ օրեր (Մաս 1)

Հունվարի 1. Բարև, հարգելի «ընկերս»: Շնորհավորում եմ Ամանորդ: Հուսով եմ` ինձ չես մոռացել…

Հունվարի 2. Բարև: Քեզ գրում եմ հեռու հեռուներից, ուր կիլոմետրերի օվկիանոս է տիրում: Չգիտեմ նամակս ստացել ես, թե չէ: Պատասխան նամակ չստացա. Կարծում եմ, տեղ չի հասել: Դե, փոստատարս հիվանդ էր: Ինչևէ: Նոր Տարիդ էի շնորհավորում:

Հունվարի 3. Բարև: Փոստատարս երևի շատ ծանր է տանում հիվանդությունը: Վաղը այցի կգնամ: Կգնամ կարկանդակներով, որ շուտ կազդուրվի ու նամակներս քեզ հասցնի: Որ ես էլ քեզնից նամակներ ստանամ ու ինձ պետքական զգամ:

Հունվարի 4. Բարև: Փոստատարիս տանից եմ գալիս: Ինչպես խոստացել էի, այցի էի գնացել: Հինգ օրից կանցնի գործի, մինչ այդ նամակները տաք-տաք կպահեմ իմ տանը, իմ գրկում, իմ մտքում կամ ուր սիրտս կամենա:

Հունվարի 5. Քանի փոստատարս հիվանդ է, նամակներն ինքս պիտի փոստ հասցնեմ: Ինքդ էլ գիտես` մեր տնից ինչ հեռուէ: Ազատ ժամանակ էլ չունեմ, որ այդքան գնամ, բայց քանի որ նամակներս քոնն են ու քեզ են հասցեագրված, չունեցածս ազատ ժամանակն էլ կգտնեմ, չգտնեմ էլ` կստեղծեմ: Հաստատ:

Հունվարի 6. Բարև: Ամեն օր գրում եմ հասցես, հետո հասցեդ, որ գուցե պիտի իմ հասցեն էլ դառնար, լիներ, բայց վաղուց երևի ուրիշինն է դարձել: Ու ցավով եմ նշում, թե ուրիշինն է: Բայց համակերպվում եմ, ինձ համոզում եմ, որ էլ քեզ չեմ… Դե լավ, մոռացիր: Չնայած դու արդեն մոռացել ես, մնում է՝ ես մոռանամ: Կմոռանամ, եթե թույլ տաս: Թույլ չես տալիս ու ոչ էլ հանգիստ ես թողնում մտքերս, ինձ…


 Հունվարի 7. Բարև: Արդեն 7-րդ օրն է նույն «բարև»-ով եմ սկսում: Նույն անպատասխան բարևով, բայց նույն ջերմությամբ: Զարմանալի է, որ քաղաքիս սառնությունը իմ մեջ եղած ջերմությունը չի տարել, իրենով չի արել: Թողել է ինձ, թողել է քեզ: Կամ միայն ինձ…

Հունվարի 8. Բարև: Ցուրտ է: Մրսում եմ: Վառարանն ու տաք ծածկոցներն էլ չեն օգնում: Ոչ էլ տաք թեյը: Պատկերացնու՞մ ես: Իմ սիրած տաք թեյն անգամ չի օգնում: Ասում եմ՝ ցուրտ է: Լսու՞մ ես: Առաջ, երբ ասում էի՝ ցուրտ է, երբ մի թեթև քամի էր լինում, անմիջապես գրկում էիր, ձեռքս բռնում, վերարկուդ կամ իմ սիրած վանդակավոր վերնաշապիկդ առաջարկում: Հիմա ուրախ կլինեի, որ այս ամենից գոնե միայն այն վանդակավոր վերնաշապիկդ առաջարկեիր: Այն, որ լցված էր կյանքի գույներով, դե այն, որ քեզ շատ էր սազում: Հենց այն, որի մի անկյունում ասեղնագործած մի փոքրիկ հատված կար, որտեղ անվանս առաջին տառն էր գրված. արդեն չեմ հիշում՝ իմ, թե հենց քո թեթև ձեռքով….

Հունվարի 9. Բարև: Գիտե՞ս, վերջապես կատու եմ պահում: Իմ մենակության ընկերն է ու քո բացակայության արդյունքը: Երբ ինչ-որ տեղս ցավում է, արագ գալիս ու տեղավորվում է ինձ մոտ, հետո տաքացնում, մլավում, շոյում: Մի ժամանակ կար, երբ ցավող տեղս դու էիր բուժում: Հիմա սիրտս է ցավում, ու կատուն ինչքան էլ տաքացնի ու ինչքան էլ փորձի, ցավը չի անցնի: Հիմա սիրտս է ցավում: Ափսոս, շատ հեռու ենք: Հեռու ենք: Ափսոս:

Հունվարի 10. Բարև: Քեզնից հետո միակ բանը, որ չփոխվեց իմ կյանքում,երաժիշտ մնալս է: Երգեր եմ գրում, կատարում, գործիքավորում: Թե մի ժամանակ հանդիսատեսս միայն դու էիր ու մեր գունավոր տան ջերմ պատերը, հիմա մեծ բեմերն ու դահլիճներն են, բայց մութ ու մռայլ, տխուր ու ամպամած: Տխուր է: Ես մեր գունավոր տան ջերմ պատերն եմ ուզում ու մի լուսաշող գրկախառնություն, որպես պարգևատրում:

Հունվարի 11. Բարև: Այսօր շատ բան չեմ գրում: Միայն տեղեկացնեմ, որ համերգ ունեմ, որտեղ մեր գրած երգով պիտի ներկայանայի, բայց վերջին պահին որոշումս փոխվեց, որովհետև պատրաստ չէի ներսիս կատարվածը դահլիճի գորշ պատերի ու անտարբեր մարդկանց հետ կիսել: Բայց չէ, չմտածես` դժգոհում եմ, չեմ դժգոհում, հանդիսատեսս շատ լավն է, պարզապես այդ հարյուրների մեջ այն մեկի պակասը զգացվում է: Ես զգում եմ:

Հունվարի 12. Բարև: Համերգը հիանալի անցավ: Դահլիճը ցնծությամբ ընդունեց: Գիտե՞ս, այնտեղ էր նաև այն արևաշող, արևադեմ աղջիկը`Արփին: Համերգիս ծաղիկներով էր եկել` իմ սիրած երիցուկներով, շոկոլադով ու մի ջերմ ժպիտով: Ամուր գրկեց, ու միասին գնացինք սրճելու, թեև սովորությանս համաձայն թեյ խմեցի: Կարոտել էի: Քեզ էլ վաղուց չեմ տեսել: Կարոտել եմ: Կարոտել ենք… Չէ, չէ, կարոտել եմ:

Հունվարի 13. Բարև: Այսօր աշխատանքից կրկին ուշացել էի: Երևի հիշում ես, որ ուշանալը թուլությունս է: Ուշանում էի դասերից, պարապմունքներից, կինոյից, թատրոնից, ամեն ինչից: Հա: Անգամ մեր հանդիպումներից էի ուշանում, որ ամենասպասվածն ու ամենակարևորն էին ինձ համար: Առաջներում ուշանում էի չգնահատելով ժամանակը: Հիմա նոր եմ գիտակցում կորցրածս րոպեների արժեքը: Ախ, թե հիմա էլ առաջվա պես լիներ, միայն թե չուշանայի ու քեզ հետ ավելի երկար մնայի: Լավ: Հիմա արդեն ուշ է ու պիտի գնամ: Առայժմ միայն էստեղից եմ գնում:

Հունվարի 14. Բարև: Այսօր չգիտեմ` ինչու, հանկարծ հիշել էի, թե ոնց չպայքարեցիր ինձ համար ու գնացիր: Ոչ մի քայլ չձեռնարկեցիր կողքիս մնալու համար: Մինչև հիմա չեմ ընկալում, թե ոնց կարողացա ամեն դեպքում քեզ հասկանալ: Չնայած ինչի եմ զարմանում. ես միշտ հասկացել եմ քեզ:

Հունվարի 15. Բարև: Երկու շաբաթ է՝ գրում եմ: Իմ կյանքից եմ պատմում: Չգիտեմ էլ՝ հետաքրքիր է, թե չէ: Արդեն չգիտեմ էլ՝ կարդում ես, թե չէ: Կարևոր էլ չէ (երևի): Կարևորը գիտեմ, որ երկրի մի անկյունում մեկը կա, ում կարող եմ օրվա կատարվածը պատմել: Ոչ մի անգամ չես պատասխանում: Համակերպվել եմ: Ինչպես համակերպվեցի այն ժամանակ, երբ գնացիր: Բայց արդյո՞ք համակերպվել եմ: Բայց ամեն անգամ մի նոր պատճառ եմ գտնում, հորինում ինձ համար, որ շատ չտխրեմ:

Հունվարի 16. Բարև: Հուսով եմ չես մոռացել` ինչ օր է: Տարիներ առաջ այս օրը առաջին անգամ ասացիր, որ սիրում ես ինձ, սիրում ես, ու ինչպես իմ սիրելի Փոքրիկ Իշխանն էր ասում` պատասխանատու ես ինձ համար…

Հունվարի 17. Բարև: Ինչպես տեսնում ես, իմ պատասխանատվությունը չի կորել քո հանդեպ: Անընդհատ գրում եմ՝ սպասելով, որ կարող է ինչ-որ մի հրաշքով պատասխանես: Չես պատասխանում: Դե կյանքդ հո կանգ չառա՞վ ինձնով: Բայց այ քեզնով կանգ առավ իմը: Հետո ինչ, որ չնկատեցիր: Գուցե կանցնի ժամանակ, ու ես էլ չեմ նկատի:

Հունվարի 18. Բարև: Ո՞նց ես: Առաջ պատասխանում էիր.
 – Ես քեզ ունեմ, դու կողքիս ես` լավ եմ: 
Իսկ հիմա՞: Հիմա ի՞նչ է փոխվել: Հա: Հիմա ես չկամ, բայց դու էլի հաստատ լավ ես: Շատ լավ ես: Կյանքդ այդ «լոնդոններում» չի կարող վատ լինել: Ի՞նչ: Ո՞վ ասաց, է: Ես չեմ դժգոհում իմ այս հայաստանյան կյանքից: Հիմա շտապում եմ: Պիտի Արփիին տեսնեմ: Ու արդեն հինգ րոպե ուշացել եմ: Սովորական բան է, ու նորություն չէ:

Հունվարի 19. Բարև: Այսօր պիտի ներես ինձ: Շատ գործեր ունեմ ու չեմ հասցնում: Երևի շատ կուրախանաս տեսնելուն պես, որ այս մեկը երկտող է ուղղակի և ոչ ինքնակենսագրական նամակ:

Հունվարի 20. Բարև: Կներես, որ երեկ ոչինչ չասացի: Հիշում եմ, որ առաջներում ասում էիր, թե միայն կարևորներից ենք ներողություն խնդրում, որովհետև թանկ են ու պետք են մեզ: Թե մի թեթև նեղված լինեի ասածներիցդ կամ արարքներիցդ, միանգամից, էն մեր սիրուն այգուց, քո ձեռքով պռճոկած ծաղիկներով գալիս էիր ու.
- Ես` քո ճերմակ ձիով արքայազնս, ներողություն եմ խնդրում դաշտի այս ծաղիկներով, մի ջերմ գրկախառնությամբ ու մի (ինչպես կուզես անվանիր, ու թող տաք բառերն էլ մնան ինձ) համբույրով: 
Այդ ամենից հետո միակ բանը, որ մնում էր անել, քեզ պինդ գրկելն ու բաց չթողնելն էր: 
Բայց թողեցի…

Հունվարի 21. Բարև: Հիմա կասես՝ արդեն քսան օր է, բարևում եմ ու ոչ մի անգամ հաջողություն չեմ մաղթում: Չէ: Որոշել եմ: «Հաջողություն» կասեմ այն ժամանակ, երբ պատրաստ կլինեմ, երբ համակերպված կլինեմ այն վերջին, որ ասես եկել է ու չի ուզում գնալ: Մենակ չի թողնում: Չի լքում ինձ:

Հունվարի 22. Բարև: Մեզ մոտ լավ ցուրտ է, գիտե՞ս: Իսկ քեզ մոտ արև կա: Գոնե մի կտոր արև ծրարիր ու ինձ ուղարկիր, մի քիչ տաքանամ: Մի: Կտոր: Արև:

Հունվարի 23. Բարև: Այս ցուրտ օրով փողոց դուրս եկա, որ տեսնեմ, թե ինչ են անում ճուտիկները դրսում, որովհետև հենց իրենց ձայնից ոգեշնչված էի դուրս եկել: Շոկոլադներ էի տարել: Էլ էն խոզը չեմ, մեկ-մեկ շոկոլադներս կիսում եմ: Առաջ էր, որ.
- Դու ունես 5 կոնֆետ: Որքա՞ն կմնա, եթե ես մեկը խնդրեմ:
- Հինգ: 
Հիմա ուրիշ է ամեն ինչ, ու երևի ուրիշ եմ ես: Ուրիշ ես եմ: Ուրիշ:

Հունվարի 24. Բարև: Երաժշտական ճաշակդ էլ ես փոխե՞լ: Դե, մարդկանց հանդեպ, որ ճաշակդ փոխվել է, պարզ զգացվում է: Անզեն աչքի բան է: Իսկ իմ ճաշակները էդպես էլ չփոխվեցին: Ուղեղումս մեկն ասում է. 
- Cause all of me loves all of you… 
Առաջ էլ էր ասում: Հիմա էլ է ասում: Երևի միշտ է ասելու: Երևի:

Հունվարի 25. Բարև: Այսօր հունվարի 25-ն է: Հուսով եմ չես մոռացել՝ ինչ օր է: Չնայած մոռացած չլինեիր, գուցե զանգ տայիր գիշերվա տասներկուսին, բոլոր այն տարիների նման կամ գոնե գրեիր… Հա, ծնունդս է: Էլի ծնվել եմ…
Ամենավատ ծնունդս է…

Հունվարի 26. Բարև: Տոնածառս այսօր եմ հավաքել, չնայած նրան, որ ամանորյա տրամադրությունս վաղուց էի տեղավորել հին դարակներում: Տոնածառի հետ լիքը ամանորյա հուշեր եմ հավաքել, որ հիշողությունիցս հանել, տեղավորել էի տանս մեջ, բայց ապարդյուն, բայց անիմաստ:

Հունվարի 27. Բարև: Չգիտեմ երբևէ զգացե՞լ ես, թե չէ, բայց էս մենախոսելը մեկ-մեկ էնքան սպանող է: Որ էսպես չխելագարվեմ, լավ է:

Հունվարի 28. Բարև: Շնորհավոր տոնդ ինձնից ու հայրենիքիցդ փախած «զինվոր»: Գիտեմ, որ տողատակերս կհասկանաս: Չէ, չեմ ցավեցնում:

Հունվարի 31. Բարև: Այս ցուրտ հունվարի վերջին օրն է: Վաղվանից պիտի երկրորդ աշխատանք էլ փնտրեմ: Գումարից չեմ դժգոհում, ախր, դե բայց, ու՞մ պետք չէ: Այս աշխարհում շատ բաների համար է գումար պետք: Ասենք, եթե ուզում ես ծաղիկներով տունդ լցնել` գումար է պետք: Եթե ուզում ես շատ ու համեղ շոկոլադներ նվիրել` գումար է պետք: Եթե գրքեր ես ուզում, էլի նույնը: Անգամ եթե սեր ես ուզում, էլի նույնը…