aniharutyunyanarm

4 կամ 5 պատի մեջ

Տանը փակված հասկանում ես, որ խելագարվելը հեշտ է ավելի, քան դրա մասին երկար մտածելը։ Տանեցիների հետ վեճերն ավելի շատ են, քան մարդավարի խոսակցություններն ու առավոտյան բարևը։ Ի՞նչ ես հասկանում էս անտեր 4 կամ 5 պատի մեջ ի վերջո, գլուխ չես հանում։

Թվում է՝ ժամանակ կար մտածելու, ինքդ քեզ հետ մենակ մնալու ու խորհելու, բայց դու մենակ ես մնում ֆիզիկապես միայն, ու հոգիդ էդպես էլ իր մենությունը չի գտնում։ Սովորելու ժամանակդ վատնում ես ֆիլմ փնտրելու ու ոչինչ չնայելու վրա, մինչդեռ շուրջդ բոլորը նոր մասնագիտություն ունեն արդեն։ Յոթ ամիս անց ոչ թե ինքդ քեզ ես գտնում, այլ տարբեր ցուցակներումդ ավելացած ֆիլմեր, սերիալներ ու գրքեր։ Գտնում ես նաև մոռացված ընտանեկան ալբոմները, չգիտեմ՝ ինչ ես փնտրում դրանցում։ Կամ քեզ փոքր ժամանակ, կամ մանկությունդ, կամ ձեր տան խաղաղությունը։ Հասկանում ես հանկարծ, որ մոռացված ընտանեկան ալբոմների փոխարեն պետք է միշտ-միշտ գրել ընտանեկան մոռացված ալբոմներ, որովհետև մոռացված ընտանիքն ավելի սարսափելի է երևի, քան դրա կորած խաղաղությունը։

Յոթ ամիս տանը փակվելուց համոզվում ես, որ ոչ մի մոտիվացնող տեսանյութ քեզ ուշքի չի բերի, ու դու միշտ էդպես էլ կիսատ կթողնես անգլերենն ավելի բարելավելու բոլոր սխեմաները, ծրագրավորման կոդերը, նոր սկսվող հարաբերություններն ու հազար ու մի բան կիսատ կթողնես էդ 4 կամ 5 պատի մեջ։ Չգիտեմ, թե էլ ինչ ես հասկանում տանը մնալով, բայց հիշում ես հաստատ, որ ծանրաբեռնված օրերիդ, երբ ժամանակդ անցնում էր կանգառներում նստելով ու ավտոբուսում կանգնելով, երազում էիր կիսատ գրքերը կարդալու ու գրադարակդ ագահաբար աչքերով կուլ տալու մասին։ Ու գիտակցում ես, որ երազանքներիցդ մեկն ի վերջո կատարվեց ու հիմա, երբ ազատ ժամանակդ տիեզերքի պես անսահման է թվում, ոչ մի կիսատ գիրք էդպես էլ ագահաբար չավարտվեց։

Համոզվում ես, որ խոհարարական ոչ մի հմտություն կամ գոնե ցանկություն չունես ու զգում ես քեզ միակ ապիկարը շրջապատիդ անսահման խոհարարների մեջ։

Տեսնում ես՝ ինչպես են բոլորն ազատ ժամանակներն արդյունավետ օգտագործում, իսկ քո ամեն րոպեն պայքար է դառնում կեսօրին չքնելու ու երեկոյան չարթնանալու դեմ։

Տանը փակված հասկանում ես, որ քեզնից գրող դուրս չի գա, ու մտքերդ թղթին հանձնելու բոլոր փորձերը ձախողվում են, մտքերը հեռանում են, մուսան մնում է էդպես էլ անէ։

4 կամ 5 պատի մեջ, կարծես, շատ բաներ ես հասկանում, բայց զուգահեռ գիտակցում ես, որ հասկացար միայն ու չգտար, հասկացար ու ձեռք չբերեցիր, հասկացար ու միևնույն է, մի քիչ խելագարվեցիր։