eva harutyunyan

6/8-ի տակ ռաբիսվելու զարմանահրաշ արվեստը կամ աստիճանական հրաժարում մեր ինքնությունից

«Ռաբիզ- ռաբիզ երգում եմ,

Եվրոպական հագնվում,

Ողջ աշխարհը ման եմ գալի,

Հայերիս ուրախացնում»։

«Անուշս, քո ցավը տանեմ»։

«Հավանել է քեզ իմ սիրտը ու պոկվել տեղից»։

«Քեզ հետ ասել-խոսելը

Եվ ցավ է, և մուրազ է»։

«Առաջին սերը ձնծաղիկի պես

Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց»։

Այս և այլ փառահեղ արտահայտություններ կարող ենք ամեն վայրկյան լսել, որովհետև 6/8-ը դարձել է մեր երգարվեստի արքան։ Այս արքայի ամենամտերիմ ու անբաժան բարեկամներից մեկն էլ մուղամն է՝ համեմված լացակումած դուդուկով ու աղավաղված կլարնետով։ Այնքան շատ ենք կլարնենտն այս ոլորտում տեսնում, որ դասական համերգներին այն նկատելիս էլեկտրաշոկի ենք ենթարկվում, մտածելով՝ մի՞թե կարելի է արժեզրկել այդ գործիքը՝ դասական երաժշտության մեջ օգտագործելով։

Հիշում եմ, թե փոքր տարիքում ինչպես էի ամեն օր անհամբերությամբ սպասում, որ ռադիոյով երգեր լսեմ։ Այն ժամանակ մի տեսակ ջերմություն ու բարություն կար երգերում, իմաստ կար բառերի մեջ, իսկ երաժշտության մեջ՝ մեղեդի, հոգի։ Չեմ ասում, թե այսօրվա երգերն անիմաստ են, ոչ։ Փառք Աստծո, կան որոշ երգիչ-երգչուհիներ, խմբեր, որ բարձրորակ երաժշտություն են մատուցում, բայց ցավոք այդ երաժշտությունը շոուբիզնեսի երևի թե 20 տոկոսն է կազմում, եթե ոչ ավելի քիչ։ Դե, որովհետև շոուբիզնեսից վաղուց միայն բիզնես արմատն է մնացել, իսկ շոուին փոխարինելու են եկել գռեհիկ ու վուլգար հագուկապը, անհասկանալի ազատ ու անճաշակ բեմական կեցվածքը։ Այսօր ագռավից մի փոքր մեղմ կռկռացողը կարող է երգիչ հայտարարել իրեն, որովհետև երաժշտական ստուդիաներում կարելի է անհավանական հրաշքներ գործել, դե իսկ բեմում անկենդան երգելը նրանց ամենացանկալի զբաղմուքն է։ Այսօր ամեն երկրորդն իրեն կարող է պոետ հռչակել, որովհետև երգեր լսելիս երբեմն ապշում ես, թե ընդամենը մի քանի հանգեր համաձայնեցնելով, ինչպիսի գլուխգործոցներ կարելի է ստեղծել։ Տասն անգամ կարդալուց հետո էլ զգում ես, որ ոչ մի իմաստ չես գտնում բառերում, բայց ախր, ո՞վ է հարցնում քո կարծիքը, չէ՞ որ այդ խոսքերի հեղինակը քեզնից տասնյակ անգամ ավելի իմաստուն է ու փորձառու։ Էլ չեմ ասում, որ եթե մի քիչ էլ գումար ունենաս, ապա մի քանի օրում աննկարագրելի ճանաչում ձեռք կբերես։ Այսօրվա վեցության երգերի մեծ մասը կորած սիրո, գտնված սիրո, գտնվելիք սիրո, թաքնված սիրո, մոռացված սիրո, կարճ ասած՝ սիրո հազարավոր դրսևորումների մասին են։ Ամա՜ն, իսկ եթե այս երգերը չլինեին, ինչպե՞ս էինք իմանալու, որ սերը կարող է կորչել, թաքնվել, ծնվել ու մեռնել․․․ Վերջապես սիրուն հասնելուց հետո թեման միանգամից անցնում է մեկ այլ մակարդակի՝ գալիք հարսանիքին։ Զարմանալի է, որ կոնկրետ նշանդրեքի մասին շատ երգեր չունենք, բայց պետք չէ անհանգստանալ, հաստատ դա էլ կունենանք։ Հարսանիքի ժամանակ չենք մոռանում գովերգել զույգ ծաղիկներին, քավոր-քավորկնոջը, ծնողներին, ընկերներին, հարսի շորը․․․ Շուտով կսկսենք փառավորել հարսի կոշիկի համարը, զգեստի երկարությունը, փեսայի կոստյումի գինը, հարսի շրթներկի համարը, փեսայի փողկապի գնման օրը, մեղրամսի ինքնաթիռի տոմսի գինը և այլ կարևոր ու իմաստալից հարցեր։ Չմոռանանք, թե ինչպիսի ողբերգական վիճակ է լինում, եթե հանկարծ նորապսակները բաժանվում են։ Դե, ինչպես գիտենք ցավ զգալիս ավելի զգացմունքային ու խորը երգեր են գրվում։ Չգիտեմ՝ արդյոք դա այս դեպքում էլ է գործում իր ուղիղ իմաստով, թե ոչ, բայց այն, որ ցավոտ երգերի յութուբյան հոլովակները ընդամենը մի քանի օրում կես միլիոնից ավելի դիտումներ են հավաքում․․․ Բոլորս տառապում ենք այդ զույգի հետ միասին և երբ վերջապես կարողանում ենք հաշտեցնել, արդեն անցնում ենք երեխաների թեմային։ Ու այսպես մինչև խորը ծերություն։

Նախկինում, երբ այս 20 տոկոսը 6/8-ը կամ մի փոքր ռաբիսն էր, երբեմն գուցե հաճելի էր դա լսելը, իսկ այսօր․․․ Այո, հարսանիքների բոլորս ենք մասնակցում։ Բոլորս էլ հավաքույթներին պարում ենք դրա ներքո։ Երբ ընկերներով հավաքվում ենք, երեկոյի մեկ պատվավոր համարը շախով-շուխով երգին ենք նվիրում, մանավանդ՝ գինովցած ժամանակ, բայց խոսքն այն մասին է, որ դա կարող է ուղղակի ամենօրյա կյանքի անբաժանելի մասը դառնալ։ Վատն այն է, որ այդ աղբը երբեմն հեռուստատեսությամբ է ցուցադրվում։ Ի՞նչ պետք է սովորեն դա նայող երեխաները։ Ի՞նչ արժեքային համակարգ, մտածելակերպ պետք է ունենան։ Դե, տղաները հավանաբար իրենց ապագա յարի համար բազմաթիվ գեղեցիկ արտահայտություններ կսովորեն, աղջիկներն էլ փոքր տարիքից հարսանիքի պատրաստություն կտեսնեն կամ էլ կսովորեն հագուստը տանը մոռանալ ու այդ տեսքով դուրս գալ տնից։ Այսօր կան դեռահասներ, որոնք հպարտանում են իրենց հնչեցրած կլկլոցների քանակով ու, երևի թե, ծաղրում են իրենց դասարանում ջութակ նվագող երեխաներին։ Ախր ,այդ պաշտելի վեցության ռաբիս երաժշտությամբ դաստիարակվողի բնավորությունը, պահվածքը, աշխարհայացքն էլ այդպիսին լինելու։ Այդ երգերի տեսահոլովակները դիտելով պահելաձև, վարվելակերպ է սովորելու։ Ցավոք, նրանք չեն իմանա Էլվինա Մակարյանի, Տաթևիկ Հովհաննիսյանի, Զառա Տոնիկյանի մասին, դե իսկ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի մասին հիշատակելն ավելորդ է։ Հույս ունեմ, որ գոնե մեր այսօրվա որակյալ երաժշտություն մատուցողներից մի քանիսին կիմանան, որ մեր ժողովրդական երգերը չեն մոռացվի, հակառակ դեպքում մենք քայլ առ քայլ գիտակցված անմտությամբ կհրաժարվենք մեր արմատներից, մեր մշակույթից, մեր հարստությունից՝ վերջնականապես տեղը զիջելով արաբաթուրքական ելևէջներին։ Լավ է, որ դեռ ունենք մի քանիսին․ մութ թունելի վերջում դեռ մի փոքր լույս է երևում։ Հուսամ, որ այդ լույսը մի օր այնքան պայծառ կշողա, որ կկուրացնի վեցության իրականությունը ու ուշքի կբերի, կվերածնի մեր երգարվեստը։

Վերջում ուղղակի կասեմ, որ անշուշտ, ճաշակին ընկեր չկա։ Իմ նախընտրած երաժշտությունն էլ մեկ ուրիշի համար կարող է անորակ լինել։ Համենայնդեպս, ես մանկուց չեմ նախապատրաստվել հարսանիքիս ու հինգ բառով տասը երգ չեմ փորձել գրել։