seda mkhitaryan

A կետից B կետ՝ երթուղայինով

Կանգառ։

Նայում եմ օդում սավառնող պոլիէթիլենային տոպրակին։ Վախենում եմ, որ հիմա կընկնի գլխիս։ Իր գույնից ու նախնական տեսքից վաղուց զրկված տոպրակ է` քամու ճիրաններում։ Մտքումս քամին պոկում է մազերս, տանում խառնում տոպրակին, ու հիմա նրանք միասին են թռչում։ Մեզնից ամեն մեկը մի տոպրակ է, որը թռչում է կյանքի քամիներում։ Քանի՞ անգամ եք վախեցել, որ տոպրակը կընկնի ձեր գլխին։ Տոպրակի ու մազերիս ճախրանքը դադարում է։

Երթուղայինը գալիս է։ Կանգնում է ուղիղ իմ դիմաց։ Մտնում եմ ներս։ Նստելու տեղ չկա։ Ես իմ ներկայությամբ լցվում եմ առանց այդ էլ լիքը մեքենայի մեջ։ Ինձ թարս են նայում։ Դե, ես զբաղեցրի դեռևս ազատ մեկ քառակուսի սանտիմետր տարածք։ Դե, ավելացավ ևս մեկ թթվածին սպառող։ Այն կինը, որի վրա ես հանգամանքների բերումով կռացած եմ, ձեռքով դեմքից այն կողմ է տանում մազերը։ Սպասեք, դրանք իմ մազերն են, փաստորեն քամին դրանք չի պոկել։ Կողքիս աղջկա մազերը երկար չեն ու չեն խանգարում մյուսներին։ Սկսում եմ ատել երկար մազերս։ Հետևի շարքում նստած մի երեխա ինձ հիշեցնում է մեկ այլ երեխայի։ Այդ երեխայի միայն կապույտ գլխարկն ու դրա տակից երևացող շեկ մազերն եմ տեսնում։

Կանգառ։ Իջնում են մի քանի ուղևոր։ Ժպիտը դեմքիս՝ նստում եմ արդեն ազատ նստարանին։ Իսկ ժպիտը իջնում է դեմքիցս։ Սպիտակ մազերով տատիկ։ Նորից կանգնած եմ։

Կանգառ։ Սա արդեն իմ կանգառն է։ Իջնում եմ։ Մի խումբ ուսանողներ նույնպես իջնում են։ Ամբոխի միջով քայլում եմ։ Ամբոխ, որտեղ միայն աղջիկներ են։ Բոլորը նման են իրար։ Կտկտոցներ եմ լսում` առանց իմ համաձայնության։ Հպարտ քայլում եմ, որովհետև իմ քայլերը չեն աղմկում ու ոչ մեկին չեն խանգարում։ Հենց այդ պահին հիշում եմ մազերս։ Երանի քամին դրանք պոկած լիներ։ Արդեն ինձ են խանգարում։

Կատվի մլավոցը խլացնում է կտկտոցը։ Անկյունում նստած է, հոնքերն էլ կիտած են։

Էլի թռչող տոպրակ։

Կանգնած փողոցի մի կողմում սպասում եմ։ Մյուսներն անցնում են։

Կանաչ լույս` դիմացի լուսակիրին։ Ես ու կողքիս կանգնած պապիկը անցնում ենք։

B կետ։