Էլեն Սմբատյանի բոլոր հրապարակումները

Զինվոր եղբայրներս

Միշտ հպարտացել եմ, որ հայ եմ։ Հպարտացել եմ, որ ազգս ունի հազարամյակների պատմություն։ Հպարտացել եմ, որ թշնամիների հյուսած դավերը կարողացել ենք հաղթահարել, ժամանակ առ ժամանակ՝ շրջանցել։

Հայաստանն իր պատմության մեջ գրեթե չի ունեցել որևէ ժամանակաշրջան, երբ լինեին խաղաղ սահմաններ, չունենար կորստի վախ։ Հիմա ևս ապրում ենք ալեկոծված պետությունում, վախի մեջ։ Վախենում ենք ինքներս մեզ և յուրաքանչյուր հայի համար, վախենում ենք, որ մի օր այն հողի վրա, որը համարում ենք մերը, մեր պապականը և, որի վրա ամուր կանգնած ենք, կկանգնի թշնամին և իր ցնծությամբ կպղծի մեր հայրենին։ Վախենում ենք մեր զինվորների համար։ Եվ կապ չունի, որ նրանց 90 տոկոսից ավելիին անգամ չենք էլ ճանաչում։ Ամեն զինվորի կյանքի հետ մեզնից մի կտոր ճանապարհում ենք, ամեն զինվորի հեռանալով մեզնից մի մասնիկ ուղարկում ենք երկինք։ Ամեն զինվորի զոհվելուն պես ավելի ու ավելի ենք հասկանում մեր կյանքի գինն ու մեր պարտավորությունները։ Մեր զինվորների ուժն ու կամքը աշխարհում երևի էլ ոչ ոք չունի և չի էլ ունենա։

Պատերազմ է…

Դրսում, ներսում, մտքում, ամենուր պատերազմ է ու կռիվ։ Իսկ մեր հոգում դուք եք, տղե՛րք։ Մեր հույսն ու վստահությունը դուք եք, տղե՛րք։

Հիմա, առավել քան երբևէ, հպարտանում եմ իմ եղբայրներով, իմ զինվոր եղբայրներով, ովքեր իրենց մի խոսքով անգամ հավատ են ներշնչում։

Ուզում եմ երբեք չկորցնել հպարտությունս և շարունակել ապրել գլուխս բարձր այն պատճառով, որ հայի ոգի և հզոր ազգ ունեմ։

Մի օր կհանդիպենք

2020-ը մի քանի օրից կավարտվի։ Ես անհամբեր սպասում եմ 2020-ի ավարտվելուն, որովհետև շատ բան խլեց մեզնից, անջնջելի հետք թողեց բոլորիս սրտերում։ Ես երկու ընկեր կորցրեցի վերջին մի քանի ամսվա ընթացքում։

Լևոնը` մեր արցախցի Լյովը։ Ասում են, չէ՞, որ մարդուն ճանաչելու համար պետք է նրա հետ ճանապարհ գնալ։ Հիշում եմ։ 2019 թվականի ապրիլի 6-ն էր։ Դպրոցի մի քանի աշակերտներով Աքորի էինք գնում։ Ճանապարհը երկար էր, որպեսզի ժամանակը հետաքրքիր անցկացնեինք, «Փոխանցիր նրան» էինք խաղում։ Հերթը Լյովինն էր։ Ասացին.

- Փոխանցիր ներկաներից նրան, ով կցանկանայիր հարազատ քույրդ լիներ։

Շրջվեց և ձեռքի պատյանն ինձ տվեց, ասելով.

-Վերջ, սրանից հետո դու իմ քույրիկն ես։

Լյովը իսկական ընկեր էր։ Երբ տեսներ, որ օգնության կարիք կա, երբեք անտարբեր չէր անցնի, մինչև ինչ որ բանով չօգներ` չէր հանգստանա։

Շատ հիշողություններ ունենք կապված Լյովի հետ։ Մինչև երեկ հույսներս չէինք կորցնում, որ կգտնվի, բայց եղավ ամենասարսափելին։ Լյովը գտնվեց, բայց քնած էր… Մինչև հիմա քնած է, քնած է լինելու և վաղը։

Լյովի անունը միշտ վառ կմնա մեր սրտերում։

Հանգչիր խաղաղությամբ մեր համեստ ու ՀԵՐՈՍ ընկեր։ Վաղ թե ուշ, կրկին կհանդիպենք:

Կիսատ կյանք

Ասում են` ապրում ենք ձեր կյանքի գնով։ Ապրում ենք ձեր չապրած կյանքը։ Բայց ապրու՞մ ենք արդյոք։ Այդ ինչպե՞ս ենք ապրում։ Կասե՞ք։ Մենք չենք ապրում։ Մենք օրեր ենք մթնեցնում ու լուսացնում, բայց չենք ապրում։ Արթնանում ենք, զբաղվում առօրյա գործերով, բայց չենք ապրում։ Ուղղակի չենք կարող ապրել։

Ամեն օր, լսելով հեռուստացույցի ձայնը, անմիջապես ամուր փակում եմ ականջներս կրկին նոր զոհված հերոսի անուն չլսելու համար, նորից մարած ճրագի մասին չիմանալու համար։ Ամեն գիշեր սեղմում եմ աչքերս և խնդրում, որ առավոտյան լավ լուր ստանանք՝ «Պատերազմն ավարտվեց։ Արցախն անկախացավ»։ Մի պահ մտածեք քանի մարդ կա աշխարհում, ովքեր ապրում են այս բառերը լսելու անհագ ցանկությամբ։

Ամեն վայրկյան հեռախոսը ձեռքումս, զանգի եմ սպասում։ Սպասում եմ, որ հեռախոսի այն կողմից միայն մեկ բառ լսեմ` լավ ենք։ Որքան մարդիկ կան, չէ՞, այս բառին սպասող։

Ամեն վայրկյան վախը սրտումս լուրի եմ սպասում և հույս ունենում, որ լուրը բարի կլինի։

Հիմա խնդրում եմ պատասխանեք.

Ինչպե՞ս ենք ապրում։ Կամ ապրո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Ախր, այսքան չապրած, վաղ ավարտված, այսքան կիսատ նպատակներով կյանքերի արանքում չենք կարող ապրել։ Պատճառն ակնհայտ է։ Մարդն իր էությամբ այնպիսին է, որ չի կարող իդեալական ճիշտ ապրել։ Իսկ եթե ասում ենք, որ պետք է ապրենք կիսատ կյանքերի փոխարեն, պետք է նաև գիտակցենք, որ անսխալական ենք ապրելու, հերոսներին արժանի ենք ապրելու։ Այդ դեպքում միայն կապրենք մեր լույս ՀԵՐՈՍՆԵՐԻ կիսատ մնացած կյանքը։

Վերջում մի փոքր խոսք էլ ուղղեմ մեր սահմանին կանգնած քաջ ու անվախ հերոսներին։ Մի պակասեք, տղերք, տանը սպասող ունեք։ Վերադարձեք, տղերք, անպայման վերադարձեք։ Մեզ անմահացած հերոսներ պետք չեն, տղերք, մեզ դուք եք պետք, ձեր կյանքն է պետք, ձեզ ողջ ու առողջ տեսնել է պետք։ Մի պակասեք, տղերք, մի հեռացեք։ Ախր, շատ գործեր ունեք դեռ անելու։ Ինչպե՞ս ենք ապրելու ձեր կյանքի գնով։ Ինչպե՞ս ենք քնելու, երբ գիտենք, որ մեր հանգիստ քնի համար դուք հավերժ քնած եք մնալու։ Մի պակասեք, տղերք, մի պակասեք։ Ես հավատում եմ, որ հետ եք գալու հաղթանակած։ Միասին մեր պապական հողի վրա քոչարի պիտի պարենք։ Ես սպասում եմ ձեզ։

ՄԵՆՔ սպասում ենք ձեզ տղերք։

#հաղթելու_ենք