Էլեն Գևորգյանի բոլոր հրապարակումները

elen gevorgyan

Փախուստ դպրոցից

Հինգշաբթի էր, դասարանի բոլոր երեխաներով որոշել էինք դասարանը զարդարել, ձյունն էլ եկել էր, և մեզ ավելի ոգևորել: Տոնական տրամադրություն կար առաջին իսկ ժամից: Այդ ժամը մեզ մոտ ֆիզկուլտուրայի դասն էր, իսկ մեր տրամադրությունն այնքան բարձր էր, որ թույլտվություն խնդրեցինք մեր ուսուցչից, որպեսզի զարդարենք մեր դասարանը: Սկսեցինք, և ամեն բան շատ լավ էր ստացվում, ամեն մեկս մեր գործը գիտեինք և, երգելով, ծիծաղելով զարդարեցինք, արագ վերջացրեցինք: Շատ գեղեցիկ էր ստացվել:

Արդեն երկրորդ դասաժամն էր, բոլոր ուսուցիչները ասում էին, որ շատ գեղեցիկ է ստացվել, և մեր ուրախությունը կրկնապատկվում էր: Դասամիջոցին բոլորս հավաքվել էինք պատուհանի մոտ և որոշեցինք դուրս գալ բակ, մի փոքր խաղալ, բայց արգելեցին:

Անցավ ևս երեք ժամ, բայց մենք անհամբեր սպասում էինք դասերի վերջանալուն: Ուզում էինք խաղալ, հինգերորդ ժամին որոշեցինք անպայման դուրս գալ և խաղալ: Երբ զանգը հնչեց, բոլորս ներքև վազեցինք: Բախտներս բերեց, որ պահակը մի կողմ էր կանգնել: Արագ վազեցինք դուրս` ազատություն: Գնացել էինք դպրոցի ետևամաս և խաղում էինք, այնքան էինք տարվել խաղով, որ ժամանակի մասին մոռացել էինք: Զանգը հնչել էր, իսկ մենք դեռ խաղում էինք: Երբ վերադարձանք դասարան, իմացանք, որ մեր դասից ուշանալը համարել էին «փախուստ դասից» և զանգահարել մեր ծնողներն, որպեսզի մեզ գտնեն: Մենք շատ արագ զանգեցինք մեր ծնողներին, որ ասենք՝ դպրոցում ենք:

Խառնաշփոթ էր տիրում մեր դասարանում: Ախր, մենք դուրս էինք եկել՝ խաղալու, իսկ մեր խաղը կոչվեց՝ «փախուստ դասից»:

Հիանալի օր էր: Չնայած նրան, որ մի փոքր բարկացան, բայց մեզ համար այդ օրը տարվա ամենաուրախ օրերից մեկն էր:

elen gevorgyan

Հոգսաշատ տարի

Արդեն երեք  շաբաթից ավել է, ինչ սկսվել են մեր դասերը: Արդեն 11-երորդ դասարանցի  ենք  և այս տարի մեզ վրա ավելի մեծ պատասխանատվություն կա, քանի որ բոլորս ընտրել ենք այն մասնագիտությունները, որոնցով պիտի շարունակենք մեր ուսումը:

Արդեն զգում ենք ավարտական շունչը: Չգիտեմ` ուրիշ դասարաններում ինչպես է, բայց մեր կենսուրախ  դասարանում իրար հրաժեշտ չենք ցանկանում տալ: Ամբողջ  օրն վիճում ենք միմյանց հետ, կատակում, բանավիճում տարբեր հարցերի շուրջ,  բայց միշտ գալիս ենք համաձայնության, դրա համար էլ իրար շատ ենք սիրում և միշտ համախմբված ենք:

Սիրում եմ իմ դասարանի բոլոր աշակերտների բնավորության այն գիծը, որը կա բոլորիս մեջ. միմյանց  օգնել ցանկացած հարցում: Երևի դա է պատճառը, որ բոլորս լավ ենք սովորում:

Հա, մոռացա ասել. 17.am, ինձանից չնեղանաս, որ ուշ- ուշ եմ նյութեր գրում: Դասերս և պարապմունքներս ինձ չեն թողնում: Բայց հենց ազատ ժամանակ եմ ունենում, առաջին բանը, որ անում եմ, ձեզ գրելն է:

elen gevorgyan

Գնացինք հրաշքի հետևից

Դեռ մեկ տարին չի բոլորել այն օրից, երբ գնացինք  Բյուրականի աստղադիտարան, բայց հիշողություններն իմ մեջ վառ են այնպես, ինչպես այդ օրն էր:

Ստույգ չեմ հիշում օրը, բայց սեպտեմբեր ամիսն էր: Դպրոցում ասացին, որ պիտի գնանք Բյուրականի աստղադիտարան, և ցանկացողները կարող են  դիմել դպրոցի փոխտնօրենին: Դե, մեր դասարանում բոլորս ենք հետաքրքրասեր և  բոլորս միաբերան ասացինք, որ ցանկանում ենք մասնակցել:

Պատկերացնո՞ւմ եք իմ ուրախությունը` մի աղջկա, ով աստղերին դիտելիս մոռանում է ամեն ինչ…Ու հանկարծ, հնարավորություն է ընձեռվում գնալ և ավելի մոտիկից տեսնել բնության այդ հրաշալի պարգևը:

Եկավ բոլորիս կողմից  սպասված երազանքի` աստղերը մոտիկից դիտելու, նրանց հիասքանչ փայլն ու գեղեցկությունը տեսնելու օրը: Շուտ ավարտեցինք դասերը, և պատրաստվեցինք ճանապարհորդելու: Դպրոցի  բակում կանգնած էին  երկու մեծ ավտոբուսներ: Հանկարծ լսվեց.

-Երեխե՛ք, դե արագ բարձրացեք մեքենաները:

Մինչև  Բյուրական հասնելը, նախ պիտի այցելեինք  «Բրաբիոն» ծաղկի սրահ` դիտելու այնտեղի զարմանալի բույսերն ու հրաշալի ծաղիկները: Անծանոթ ու զարմանալի բույսեր տեսնելուց և նրանց մասին տեղեկություններ ստանալուց հետո, շարժվեցինք դեպի Բյուրական:

Ժամը հինգի մոտերքն էր, երբ հասանք աստղադիտարան` մի հրաշալի վայր:  Մինչև մութն  ընկնելը, երբ կկարողանայինք դիտել աստղերը, ժամանակ կար: Գնացինք  Վիկտոր Համբարձումյանի  արձանի մոտ, ցանկացանք մտնել թանգարան, բայց, ցավոք, ուշացել էինք` դռները փակ էին:

Ծանոթացանք տեղանքին, իմացանք շատ և շատ տեղեկություններ, գնացինք ամենամեծ աստղադիտակի մոտ, բարձրացանք  և տեսանք այն դիտակը, որով կատարվել են փորձեր, և որով դիտել է անձամբ ինքը` Վիկտոր Համբարձումյանը:

Երբ մթնեց, մեր ուրախությունն ավելի ու ավելի  կրկնապատկվեց: Դուրս էր եկել նաև լուսինն, ու մենք ոգևորված բացականչում էինք.

-Վա~յ, երեխե~ք, ինչ լավ ա, լուսինն էլ կտեսնենք:

-Շա~տ լավ ա, մեր բախտից էր, հաստա՛տ, երեխեք:

Հետո չհասկացանք` ինչ կատարվեց: Մի քանի րոպեում դուրս եկան գորշ ամպերը, պատեցին ամբողջ աստղազարդ երկինքն ու լուսինը: Բոլորիս տրամադրությունն ընկավ, ու սկսեցինք  դժգոհել:  Այնքան ոգևորված էինք սպասել այդ օրվան:

Հասնել աստղադիտարան և չդիտել աստղերը, անհավատալի էր, ոչ-ոք չէր ցանկանում համակերպվել այդ մտքի հետ: Վերադարձանք դեպի ավտոբուսները, տխուր և անտրամադիր, բայց եկավ մեր տնօրենն ու ասաց.

-Երեխաներ, շատ եք տխրել, չէ՞, հիմա մի բան կասեմ կուրախանաք: Այստեղ մեզ ասացին, որ շուտով ամպերը կցրվեն: Ուղղակի պետք է կես ժամ սպասենք:

Ի~նչ ուրախություն: Կես ժամն այնքան արագ անցավ: Մենք երգում էինք, կատակում, մինչև կանցնեին րոպեները:

Ահա արդեն պատրաստվում էինք դիտելու աստղերը: Քանի որ շատ էինք, բաժանվել էինք երկու խմբի և ներս մտանք խումբ-խումբ: Այնքան հաճելի էր դիտել մի փայլող երկնային մարմնի, որը քեզ հանգստացնում է, և ինչպես բոլորն էին ասում, դիտել մի մեծ «պանրի»`լուսնին: Դիտելու ընթացքում մոռացել էինք  ամեն ինչ:

Շատ լավ օր էր: Երբ վերադարձանք տուն, ամբողջ գիշեր, աչքիս առաջ, միայն այդ երկու հիասքանչ տեսարանն էր:

elen gevorgyan

Ա՜յ քեզ լուսին

Մթնշաղ էր, երբ ես ու տատիկս տուն էինք  վերադառնում: Լուսինն  արդեն երևում էր, ու ասես երեքով էինք քայլում փողոցում`ես, տատիկս ու լուսինը:

Մենք զրույցի էինք բռնվել. խոսում էինք այս ու այն կողմից: Ես  պատմում էի «Մանանայից»:

-Տա՛տ, նորից եմ ուզում գնալ, հանդիպել իմ հին ու լավ ընկերներին, ուսուցիչներիս: Է՜հ, տա՛տ, ի՜նչ լավ օրեր էին:

-Հա, բալե՛ս, մի՛ մտածիր, հնարավոր է` նորից հանդիպեք: Լսի՛ր, Էլե՛ն, որքա՞ն ժամանակով գնացիր, չեմ  հիշում…

Ու մինչ տատս փորձում էր ինչ-որ բան հիշել, ես լուռ ու  կլանված նայում էի լուսնին ու խոսում նրա հետ: Մտածում եք գժվե՞լ եմ, բայց դա այդպես չէ. դուք միայն պետք է նայեիք լուսնին ուշադիր ու կհասկանայիք ասածիս իմաստը: Լուսինը կարծես լսեր, թե տատիկիս ինչ եմ պատմում, ու կարծես նա էլ էր ինձ ասում, որ մի օր անպայման կհանդիպեմ ընկերներիս:

-Է՞լեն…

-Հա, տա՛տ:

-Քեզ ի՞նչ եղավ, աղջի՛կ ջան, ի՞նչի չես խոսում:

-Տա՛տ ջան, սպասիր… Լուսնի հետ եմ խոսում:

-Ի՞նչ, բալա՛ ջան, հո չե՞ս գժվել:

-Չէ՛, տա՛տ ջան, հլը լուսնին նայի… Ինչ սիրու՜ն ա, նայի, տա՛տ, լուսինը խոսում ա:

-Այ, քեզ լուսին, բան չեմ հասկանում էս էրեխուց:

Դե, պատկերացրեք՝ ինչ հրաշալի զրուցակիցներ ունեի` լուսինը և տատիկս: Իհարկե, սկզբում տատս կարծում էր, թե գժվել եմ, բայց ես նրան էլ ապացուցեցի, որ լուսինը խոսել գիտի:

Հ.Գ. Երբ դուրս եք գալիս տնից, նայե՛ք ձեր շուրջը: Բնությունն այնքան գեղեցիկ է, ու նրա ամեն մի հրաշք ուշադրության է արժանի: Նայեք ու կհասկանաք, որ կարող եք խոսել լուսնի հետ այնպես, ինչպես ես էի խոսում:

Սիրիայից արտագաղթածները

Հարցազրույց հարևանուհուս` Աննա Միրզոյանի հետ, որը Սիրիայից արտագաղթելով Հայաստան, բավարար պայմաններ ձեռք չբերելու պատճառով դիմել է Շվեդիայի դեսպանատանը՝ Շվեդիա մեկնելու ցանկությամբ:

Լուսանկարը` Էլեն Գևորգյանի

Լուսանկարը` Էլեն Գևորգյանի

-Ինչպե՞ս մեկնեցիք Սիրիա:

-Ես գնացել էի մորաքրոջս տուն, որտեղ հանդիպեցի մի տղայի, ով հետագայում դարձավ իմ ամուսինը: Նա եկել էր Հայաստան որպես զբոսաշրջիկ: Իրար հետ ծանոթացանք, սիրեցինք իրար և ամուսնանալով՝ մեկնեցինք Սիրիա:

-Մեկնելով Սիրիա հե՞շտ հարմարվեցիք, լեզուն հե՞շտ էր արդյոք:

-Շուրջ երեք տարի չէի կարողանում հարմարվել, ամեն ինչ շատ օտար էր, մարդիկ իրենց լեզվով, ապրելաոճով, հագուստով տարբերվում էին: Լեզուն բարդ էր. երեք տարում կարողացա սովորել:

-Իսկ կայի՞ն այնպիսի տոներ, որոնք Հայաստանում չկան:

-Այո, այդպիսի տոներ հիշում եմ, դրանք իմ մեջ տպավորվել են, քանի որ շատ հետաքրքիր տոներ էին և նշվում էին հետաքրքիր ձևով: Տոներից մեկը, որը ես սիրեցի առաջին իսկ օրվանից, «Խաչի» տոնն է: Այն նշվում է հետևյալ կերպով. մարդիկ վերցնում են մի մեծ խաչ, որը զարդարում են, և շրջում տարբեր փողոցներով: Նշվում է սեպտեմբերի 14-ին: ( Սուրբ Խաչի տոնն է, որը Հայաստանում ավելի շատ գիտեն «Սրբխեչ» անունով): Կար ևս մի տոն, որը կոչվում է Մարիամ Աստվածածնի տոն, որի ժամանակ Տիրամոր նկարը եկեղեցում զարդարում էին ծաղիկներով և դուրս գալիս փողոց` ծաղիկներ բաժանելով մարդկանց:

Այնտեղ ամսվա մեջ մեկ կամ երկու անգամ մարդիկ հավաքվում էին, հագնում տարբեր տոնական հագուստ և պարելով ու երգելով՝ շրջում էին փողոցներով:

-Իսկ դուք ինչքա՞ն բնակվեցիք Սիրիայում:

-Մենք Սիրիայում բնակվեցինք շուրջ յոթ տարի: Այդ յոթ տարվա մեջ ես սիրեցի այդ երկիրը, այնտեղի ապրելակերպը, տոները, և շատ ու շատ այլ բաներ:

Լուսանկարը` Էլեն Գևորգյանի

Լուսանկարը` Էլեն Գևորգյանի

-Հայաստան մեկնելով ի՞նչը փոխվեց Ձեր մեջ:

-Հայաստան մեկնելիս շատ բան էր փոխվել, քանի որ հարմարվել էի լավ ապրելակերպին, այնտեղ ամեն ինչ կազմակերպված էր, և կյանքը` հեշտ:

-Պատերազմական իրավիճակներից ելնելով, ե՞րբ վերադարձաք Հայաստան, ինչո՞ւ չեք ցանկանում մնալ այստեղ, այլ ուզում եք իբրև փախստական այլ երկիր տեղափոխվել:

-Երբ սկսվեց պատերազմը, մենք դուրս եկանք երկրից և եկանք Հայաստան: Դիմեցինք տարբեր կազմակերպությունների, որտեղ օգնում էին սիրիահայությանը, բայց նրանք մեզ մերժեցին, ասելով, որ պատերազմը սկսվելուն պես մենք դուրս ենք եկել երկրից, և չօգնեցին: Հայաստանում չունենալով տուն, բավարար պայմաններ՝ դիմեցի Շվեդիայի դեսպանատանը, քանի որ ապրում եմ հայրական ընտանիքիս հետ, ու երեխաներս արդեն մեծանում են: Այստեղ երկար ապրել չեմ կարող, քանի որ ամուսինս էլ հիմա գտնվում է Շվեդիայում:

Լուսանկարը` Էլեն Գևորգյանի

Լուսանկարը` Էլեն Գևորգյանի

-Ձեր երեխաները ցանկանո՞ւմ են մեկնել Հայաստանից:

-Ոչ, չեն ցանկանում, քանի որ դպրոց հաճախել են Հայաստանում, սովորել են այստեղ և սիրում են իրենց դպրոցը: Ունեն բազում ընկերներ Հայաստանում: Երկուսն էլ`աղջիկս և տղաս, սովորել են հայերեն տառերը, գրելաձևը, կարդալը: Աղջիկս երկրորդ դասարանում է սովորում, իսկ տղաս՝ երրորդ, և նրանք երկուսն էլ չեն ցանկանում լքել իրենց դպրոցը:

-Երբ մեկնեք Շվեդիա, արդեն մտածե՞լ եք, թե ինչով եք զբաղվելու այնտեղ:

-Դեռ ոչ, բայց երբ մեկնեմ, հարմարվելով երկրին, կզբաղվեմ ինչ-որ մի գործով, որը ես կսիրեմ և կկարողանամ լավ կատարել:

-Կցանկանայի՞ք նորից մեկնել Սիրիա, այլ ոչ Շվեդիա:

-Այո, քանի որ Սիրիայում ունեմ տուն, սովորել էի այնտեղի կյանքին և ամեն ինչ լավ էր:

-Կցանկանայի՞ք ինչ-որ բան ավելացնել:

-Կցանկանայի հայ ազգին կոչ անել լինել բարեհամբույր թե՛ սփյուռքահայերի, և թե՛ այլ ազգերի նկատմամբ, քանի որ մի օր էլ նրանք կարող են գտնվել այլ երկրում:

elen gevorgyan

Արի, արի, քո փոքր տեսակն է հայտնվել

Այսօր սովորականի նման տուն էի վերադառնում պարապմունքից, տեսա մայրիկիս մեր հարևանուհու հետ նստած: Երբ մտա ներս, մայրիկս միանգամից ասաց.

-Արի, արի, քո փոքր տեսակն է հայտվել,- ի՞նչ էր խոսում մայրս, ես չհասկացա: Մոտեցա նրանց, և տեսեք, թե ինչ իմացա:

Օրեր առաջ ես ձեզ հետ կիսվել էի մի նյութով, որի վերնագիրն էր «Մեր սերունդը»: Ես պատմել էի մի փոքրիկ աղջնակի մասին, ով բակի ամենաչարաճճի աղջնակն էր` ութամյա Վարդուհին, ում Վարդուկ ենք ասում:

Հարևանուհին, ում հետ մայրս էր նստած, Վարդուկի մայրն էր, նա ինձ մի շատ հետաքրքիր և անսպասելի բան ասաց.

-Գիտե՞ս, Էլեն, դարձել ես հայտնի:

-Ո՞վ, ե՞ս:

-Հա, հա, հենց դու: Հիշո՞ւմ ես, որ երեխաներից հարցազրույց էիր վերցնում:

-Այո, այդ նյութս էլ տեղ է գտել 17.am-ում:

-Դե լսիր: Ուրեմն երբ Վարդուկից հարցազրույց ես վերցրել ու գնացել, Վարդուկը եկել է տուն, վերցրել է հեռախոսս ու բարձրացել իր սենյակ: Հեռախոսը դրել է մի տեղ, միացրել է վիդեոն ու սկսել է քո դերը տանել, քո նման խոսել. «Բարև ձեզ, ես Էլենն եմ, ուզում եմ ձեզ մի քանի հարցել տալ…», իսկ հետո ձայնը փոխելով սկսել է խոսել իբրև Վարդուկ:

Պատկերացնո՞ւմ եք, այնքան ուրախ էի ու շնորհակալ Մանանա կենտրոնին, որ հնարավորություն ընձեռեց ինձ կատարել լրագրողական փորձեր, և ինչու չէ, նաև այնպիսի տպավորություն թողնել մի աղջնակի մոտ, որ ցանկացել է նմանակել ինձ:

elen gevorgyan

Յոթ տարին մնաց հետևում

2016թ-ի հունիսի  29-ն էր,  օրը` չորեքշաբթի: Այդ օրը իմ դասընկերուհին մեզ բոլորիս հրավիրել էր մեր գյուղի մշակույթի տուն, որտեղ պետք է տեղի ունենար Աննայի` դասընկերուհուս, դաշնամուրի համերգը: Հաջորդ օրը դասարանի աշակերտներով պիտի գնայինք էքսկուրսիայի, ուստի դասարանի մի քանի աշակերտներ գնացել էին գնումներ անելու: Աննային զանգեցինք  և ասացինք, որ համերգին գնալու ենք չորս ընկերուհիներով: Աննան տխրեց: Արդեն հասել էինք մշակույթի տուն,  որտեղ մեզ դիմավորեց մեր դաշնակահարուհին: Իր ուղեկցությամբ  գնացինք դահլիճ, քիչ անց եկան մյուս դասընկերուհիներս: Մենք անակնկալ էինք պատրաստել Աննային. ասել էինք, որ մյուսները չեն  գալու, բայց անակնկալը պատրաստ էր: Փուչիկներով և ծաղկեփնջերով դասարանցիներս մտան դահլիճ: Աննան կուլիսների հետևում էր: Սկսվեց համերգը: Բոլոր մասնակիցները  դուրս եկան բեմահարթակ,   սկսեցին երգել: Աննան մի պահ հայացք  գցեց մեր կողմ և տեսնելով բոլոր դասընկերուհիներին, դեմքին մի հիանալի ժպիտ առաջացավ: Երգն ավարտելուն պես բոլորը լքեցին բեմը: Հետո հերթականությամբ բեմ էին  դուրս գալիս մասնակիցները, կատարում իրենց ստեղծագործությունը: Մենք հուզված սպասում էինք: Հանկարծ լսվեց  «Աննա Հակոբյան», և մենք  բարձր  ծափողջույններով դիմավորեցինք նրան:  

Աննան փայլում էր: Նա մոտեցավ կախարդական գործիքին` դաշնամուրին, նստեց դաշնամուրի դիմաց շատ լարված, քիչ անց կախարդական հնչյունները ողողեցին մեզ: Աննան ասես մոռացել էր ամեն ինչ, իսկ մենք կլանված լսում էինք: Երբ համերգն ավարտվեց, մասնակիցները նորից բեմ դուրս եկան: Բեմում էր նաև Աննայի ուսուցիչը,  որին աշակերտները շնորհակալություն հայտնեցին:
Դաշնամուր նվագել սովորելու համար անհրաժեշտ է յոթ տարի, իսկ Աննան ավարտում էր երաժշտական դպրոցը: Ուսուցչուհին Աննային հանձնեց իր յոթ տարիների սպասված նվերը` դիպլոմը: Աննան ուրախությունից փայլում  էր: Հնչեցին բազում շնորհավորանքներ:

Մենք հպարտ և ուրախ էինք Աննայի համար: Չէ որ այս բոլոր տարիներին Աննան, մինչ ուրշները խաղով էին տարվում, ամեն բան թողած պարապում էր:

elen gevorgyan

Մեր սերունդը

Այսօր սովորականի նման դուրս եկա բակ` արևոտ, պայծառ եղանակ, բակում ինչպես միշտ, շատ էին երեխաները: Մի պահ կանգ առա,  մտովի գնացի անցյալ ու հիշեցի ինձ, իմ հրաշալի մանկությունը: Մանկություն, որտեղ ամենը թվում էր հեքիաթ, բակի խաղեր, որոնք խաղալիս մոռանում էինք ժամանակի, տան, դասերի մասին: Խենթ ու չարաճճի երեխաներ: Այսօրվա նման հիշում եմ, երբ մեր մայրիկները մեզ  բակից տուն էին կանչում,  բոլորս միասին ասում էինք. «Մամ, մի քիչ էլ խաղամ ու գամ, հա՞», և այդպես մի քանի անգամ, մինչև մայրիկները կգային ու մեզ տուն կտանեին:

Այնքան լավ և դրական հուշեր արթնացան մեջս, հիշում եմ, երբ փոքր էի, միշտ մայրիկիս ասում էի, որ չեմ ցանկանում շուտ մեծանալ, քանի որ մտածում էի, որ մեծանամ, կոնֆետ հնարավոր է շատ չսիրեմ, և մայրիկս բակ չի թողնի էլ ինձ:

Մտածեցի` մոտենալ մի քանի երեխաների և հարցնել, արդյո՞ք նրանք ցանկանում են շուտ մեծանալ, թե ոչ: Քայլերս ինձ տարան բակի ամենաչարաճճի աղջնակի` ութամյա Վարդուհու մոտ, որին մենք Վարդուկ ենք ասում: Հարցրեցի նրան` ցանկանո՞ւմ է մեծանալ, և նա ասաց` ոչ,  քանի որ ցանկանում է գնալ միշտ դպրոց, խաղալ ընկերների հետ: Մոտեցա նրա եղբորը`  իննամյա Գրիգորին, ով հարցս լսելով միանգամից և հստակ պատասխանեց.

-Այո, ուզում  եմ, պիտի դառնամ զինվոր, հայրենիքս պաշտպանեմ:

Գնացի տասնամյա Անահիտի և ութնամյա Դավիթի մոտ: Անահիտը տվեց սպառիչ և անսպասելի մի պատասխան.

-Ինչի՞ ժամանակից շուտ մեծանամ: Չէ որ մանկությունս էլ հետ չեմ բերի:

Իսկ Դավիթը խրոխտ ձայնով ասաց.

-Ես պիտի շուտ մեծանամ, գնամ բանակ, ընտանիքիս ու հարազատներիս պաշտպանեմ:

Բոլորի պատասխանն էլ ապշեցնող էր, ու ես հասկացա, որ մեր երեխաները դեռ այնքան շատ տարված չեն համակարգչային խաղերով, հեռախոսային խաղերով և դեռ ապրում են իրենց մանկական խաղերով:

elen gevorgyan

«Ինչ մենք ենք տեսել, թող չտեսնի և ոչ մի սերունդ»

Հարցազրույց հայրիկիս` Ռաֆիկ Գևորգյանի հետ: Հայրս 1988թ-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տեղափոխվել է Արմավիրի մարզ, գյուղ Ակնալիճ:

-Պապ, որտեղի՞ց ես արմատներով:

-Աղջիկս, արմատներով մշեցի եմ, սակայն պապերս գաղթել են Սպիտակ, և ես ծնունդով Սպիատկից եմ: Հին ժամանակներում Սպիտակը` իմ ծննդավայրը, անվանել են «յայլա»: Մարդիկ այնտեղ գնացել են ամառանոց, բայց կամաց-կամաց մարդիկ մշտական են բնակվել այդտեղ, և ժամականակի հետ ավելացել են շատ ընտանիքներ: Հետագայում տեղանքն անվանել են Սպիտակ, իսկ իմ գյուղը, որտեղ ծնվել և մեծացել եմ, եղել է Կաթնաջուրը:

-Ինչպե՞ս է անցել մանկությունդ այնտեղ:

-Մանկությունս անցել է շատ լավ, ինչպես բոլորի, այնպես էլ ինձ համար, իմ ծննդավայրը ամենից լավն է: Եվ իմ մանկության տարիների հիշողությունները կապված են այնտեղի հետ: Ես դպրոց հաճախել եմ Կաթնաջրում, այնուհետև հաճախել եմ Սպիտակում գտնվող ուսումնարանը, այնտեղ սովորել եմ վարորդի մասնագիտությունը: Ուսումնարանս արդեն ավարտել էի, և ինձ 1988թ-ի դեկտեմբերի 8-ին պետք է տանեին բանակ, բայց դրանից մեկ օր առաջ տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժը:

-Կպատմե՞ս այդ օրվա մասին:

-Նախ ասեմ, որ Ղարաբաղյան շարժման տարիներն էին: Դեկտեմբերի 6-ն էր, ժամը 5-ի մոտերքը: Ես ընկերներիս հետ գտնվում էի կողքի գյուղում, հանկարծ ինչ-որ բան ասես ցնցվեց մեր ոտքերի տակ: Մեզ թվաց, թե ինչ-որ բան պայթեցրեցին, բայց այնտեղ գտնվող մեծերը ասացին , որ երկրաշարժ է: Մոտ 4-5 բալ կլիներ, բայց մեծ վնասներ չկային: Հաջորդ օրը առավոտյան ժամը 11-ին մի քանի րոպե պակաս տեղի ունեցավ սարսափելին, երկրաշարժը հողին հավասարեցրեց Հայաստանի հյուսիսային շրջանները:

-Առաջին քայլը քո կողմից ո՞րը եղավ:

-Ես ընկերներիս հետ գյուղում էի, առաջին հերթին վազեցի տուն, որտեղ տատս էր: Նա հազիվ էր կարողացել դուրս գալ տանից: Տատիկիս տարա մի ապահով տեղ, վազելով գնացի դպրոց` փոքր քրոջս հետևից: Նա ողջ և առողջ էր, սակայն շատերը մնացել էին փլատակների տակ: Քրոջս տարա տատիկիս մոտ: Մայրս և մյուս քույրս գտնվում էին Կիրովական քաղաքում` գնացել էին ինձ համար բանակի պարագաներ գնելու, երբ նրանց էլ տեսա, հանգիստ էի արդեն:

-Ի՞նչ դեպքերի ես ականատես եղել:

-Աղջիկս, ավելի լավ է այդ հարցիդ չպատասխանեմ: Քանի որ այդ օրերին այնքան բան եմ տեսել, որ ասեմ, վստահ եմ, որ կվախենաս: Միայն կասեմ այն, որ չորս բոլորս քանդված շենքեր էին, մարդիկ այս ու այն կողմ էին վազում` փնտրելով հարազատներին: Ամենուրեք լսվում էր լացի ձայներ, աղմուկ-աղաղակ: Շատերը գտել և շատերը կորցրել էին ընտանիքներին, և այդ հուզված ձայները, մարդկանց անկառավարելի քայլերը… Ուղղակի անբացատրելի էր: Ես մինչև օրս հիշում եմ այդ ամենը, և մոռանալ հնարավոր չէ:

-Ի՞նչ էիր զգում հարազատներիդ գտնելով:

-Ամեն հարազատիս գտնելով` ասես նորից ծնվում էի, հասկանում, որ ես ապրում եմ, որ կյանքը դեռ շարունակվում է : Ամենքին գրկում էի ու Աստծուց շնորհակալ լինում, որ նրանք կան, որ ես կամ:

-Լքեցի՞ք գյուղը նույն օրը:

-Ոչ: Այդ օրը երեկոյան հորեղբորս տղաները, իմանալով դեպքի մասին, եկել էին: Խոտերից պատրաստել էինք մի փոքրիկ հոլիկ, որտեղ ամբողջ գիշեր վախենալով նստել էինք: Ցուրտ էր, հազիվ կարողացել էինք ծածկոցներ գտնել: Հաջորդ օրը տատիկիս և քույրերիս տարան Աշտարակ` հորեղբորս տուն, իսկ ես և մայրս մնացինք գյուղում: Մոտ մեկ շաբաթից եկան իմ և մորս հետևից: Մորս ճանապարհելով` մնացի գյուղում, քանի որ լքել գյուղս չէի պատրաստվում:

-Ինչո՞ւ չէիր ցանկանում լքել գյուղը:

-Լքել, ինչպե՞ս, ի՞նչ սրտով: Այդ օրերին ցանկանում էի գյուղացիներիս կողքին լինել: Մեկս մյուսիս պետք է օգնեինք: Իմ գյուղից գնալը կնշանակեր, որ ես փախչում եմ և մտածում միայն իմ մասին: Իսկ հետո բոլորի նման ես նույնպես գնացի գյուղից ընտանիքիս մոտ` Աշտարակ:

-Ինչպե՞ս գտաք տուն Ակնալճում:

-Գալով Աշտարակ, ծանոթների միջոցով իմացանք, որ Ակնալճում կան պետական տներ, որոնք բնակեցված չեն: Եկանք Ակնալիճ և մնացինք այստեղ:

-Ինչպե՞ս ամեն ինչ սկզբից սկսեցիք:

-Սկզբում` ոչինչ չէինք ցանկանում անել: Վախը սրտներումս ապրում էինք, բայց ժամանակի հետ մեկտեղ հասկացանք, որ ամեն ինչ շարունակվում է, կյանքը դեռ առջևում է: Ամեն ինչ շատ դժվար էր, բայց մեծ ջանքերի շնորհիվ հասանք լավ արդյունքի:

-Պապ, դու ասում էիր, որ այդ օրերին բանակ պիտի գնայիր: Գնացի՞ր:

-Աղջիկս, բանակս հետաձգվել էր: Ես արդեն 26 տարեկան էի, այդ ժամանակ մայրդ արդեն մեր տանն էր, բայց գնացի ծառաության անցա որպես տանկիստ:

-Դժվար չէ՞ր այդ տարիքում ծառայության անցնելը:

-Էհ, բալես, ծառայելու համար տարիքը կապ չունի, բոլորի համար էլ սկզբում դժվար է, բայց սովորում են, ես նույնպես սովորեցի: Մայրդ տանը ինձ էր սպասում, և ես իմ պարտքը տալով եկա և հասա ընտանիքիս:

-Կցանակնա՞ս ինչ-որ բան ավելացնել:

-Միայն մի բան եմ ցանկանում ասել, աղջիկս , որ այն, ինչ ես եմ տեսել, չտեսնի և ոչ մի սերունդ: