Անգելինա Կարապետյանի բոլոր հրապարակումները

Angelina Karapetyan

Ինչ-որ բանի պակաս կա

7:50: Զարթուցիչը զնգաց: Մի կերպ անջատում եմ և՛ հեռախոսիս, և՛ զարթուցիչի ձայնը, գրկում արջուկիս ու քնում, բայց հինգ րոպե հետո ինչ-որ բան հուշում է, որ ուշանալու եմ (այդպես էլ չիմացա, թե ով կամ էլ ինչ է դա): Արագ-արագ արթնանում եմ, կամաց-կամաց գնում լվացվելու ու մի կերպ գալիս եմ հագնվելու: Տաք-Տաք հագնվում եմ ու դուրս գալիս տանից: Փողոցը չոր է՝ ծածկված բաց դարչնագույն հողով, ծառերն ազատվել են իրենց հագուստից, մի՞թե չեն մրսում: Ծառերը, մարդիկ և կլիման հակասում են միմյանց: Երբ շոգ է, ծառերը ծածկված են սաղարթով, իսկ մարդիկ պայքարում են տապի դեմ, և հակառակն է լինում ձմռանը: Ինչևէ:

Ինչ-որ բանի պակաս կա իմ բնակավայրում, իմ մարզում: Սպիտակի պակաս կա, նրբության պակաս կա:

3:05: Վերջացան դասերը: Վերադառնում եմ դպրոցից: Դուրս եմ գալիս փողոց թե չէ՝ տեսնում եմ ձմեռվան պատրաստվող շատ մարդկանց: Ամեն մեկն իր գործին է: Վաչիկ «ձաձան» իր գառանն էր մորթում, մյուսները փայտն էին շարում՝ ցուրտ ձմռանը դիմակայելու համար, կանայք ծառերից ընկած վերջին տերևներն էին մաքրում գետնից: Չէ՞ որ ձմեռ է: Արարատի մարզում ձմռանը բնորոշ է միայն այն, որ առավոտյան խոսելիս գոլորշի է դուրս գալիս բերանից:

Արդեն երեկո է: Ականջի ծայրով լսում եմ «Լրաբերը»: Բոլոր մարզերում արդեն կա ձմռան շունչը, սպիտակը, սպիտակ հեքիաթը: Թարմություն, հանդարտություն ու մաքրություն բերողը:

Քննարկում էինք դասը, երբ ուսուցիչը հարցրեց.

-Ի՞նչ է հարկավոր ձեզ երջանիկ լինելու համար:

-Ձյուն,- պատասխանեցի ես:

Երազանք է դարձել ինձ համար ձյունը: Քայլում եմ փողոցով ու երազում, որ երկնքից սպիտակ մի փաթիլ ընկնի վերարկուիս վրա: Ի՞նչ է հարկավոր երազանքների իրականացման համար:

Հ.Գ. Կարծես թե քիչ-քիչ երազանքս իրականանում է:

Angelina Karapetyan

Նոր առարկան ու առավելությունները

Մեկ տարի մեծացածի, որոշ չափով լուրջ ու մի քիչ էլ խենթ քայլեր ձեռնարկողի կարգավիճակում դասամիջոցն էինք վայելում, երբ ուսուցչուհիներից մեկը մտավ դասարան.

-Երեխե՛ք, լավ լուր ունեմ:

-Այսօր շո՞ւտ ենք տուն գնալու,- պատասխանին սպասելով՝ հարցրեց դասընկերներիցս մեկը:

-Նոր առարկա ենք անցնելու:

-Ա՜, իբր մեր անցածները քիչ էր, հիմա էլ նոր առարկա, տնայիններ, թեմատիկներ, ռեֆերատներ:

Թերևս միայն առաջին վայրկյաններն էին լեցուն աշակերտին բնորոշ բողոքներով, կարծիքն ու վերաբերմունքն առարկայի նկատմամբ լիովին փոխվեց, երբ անցավ առաջին դասը: Բոլորն ուշադրությամբ լսում էին, բանավիճում ու հետաքրքվում առարկայով:

-Ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ է ուսումնասիրում տնտեսագիտությունը:

-Դե, թե ոնց պետք ա տնտեսես գումարը:

-Տնտեսագիտությունը հասարակական գիտություն է, որն ուսումնասիրում է սակավ պաշարներից առավելագույնը ստանալը:

Հենց այս նախադասությամբ էլ սկսվեց սերը գիտության և առարկայի նկատմամբ: Նոր հասկացություններ, նոր տերմիններ, որոնք չես էլ պատկերացրել, որ կլինեն շուկայի բաղկացուցիչ մասը: Իսկ երբ ուսուցչուհիս ասաց, որ հնարավորության դեպքում կկազմակերպվեն ճամբարներ, դա ավելի ոգևորեց երեխաներին:

Այսուհետ, երբ ասեն, որ նոր առարկա ենք անցնելու, չեմ դժգոհի ու հաճույքով կսպասեմ իմ առաջընթացին:

Angelina Karapetyan

Վազք

Առավոտյան նախավարժանքը՝ առողջության երաշխիք

4:30 զարթուցիչը զնգաց: Արագ վերցնում եմ հեռախոսս ու զանգում.

-Շող, արթնացի՛ր:

-Ես էլ ուզում էի քեզ զանգել: Լավ, սպասի՝ զանգեմ մյուս երեխեքին արթնացնեմ:

Նույն կերպ արթնացնում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր վաղ առավոտյան՝ դեռ մութ, գալիս են վազելու, մարզվելու և կոփվելու:

5:30. նստած եմ իմ մշտական քարին, որը դարձել է իմ սպասելու վայրը: Սպասում եմ, մինչև երեխաները գան, որ գնանք: Սովորության համաձայն՝ նրանք միշտ կարծում են, թե ես այդ քարի վրա քնել եմ, և դեռ հեռվից բղավում են.

-Անգե՜լ, արթնացիր, Անգե՜լ:

Ճանապարհի կեսը քայլելով, կեսը՝ վազելով հասնում ենք մարզադաշտ՝ ավելի առույգ մարզվելու համար: Ողջ ընթացքում հումորն ու ծիծաղը չի լքում մեզ, դե, երևի պատճառն այն է, որ մենք իրար հետ մեզ լավ ենք զգում: Եվ ինչպես Շողերն է ասում.

-Հա՛մ մարզվում ենք, հա՛մ մեր կյանքն ենք երկարացնում:

Իսկապես, եթե ուզում ես առողջ, կոփված լինել, մի ափսոսիր առավոտյան քունդ և գնա վազելու կամ պարզապես քայլելու (երկուսն էլ նույնչափ օգտակար են, բայց քայլելն՝ ավելի): Հատկապես այս անտանելի շոգ օրերին առավոտյան մաքուր օդն ամեն ինչ արժե:

Հ.Գ. Ընկերուհիս վազքի միջոցով նիհարել է յոթ կիլոգրամ:

Angelina Karapetyan

Ապացույց՝ շներն ամենահավատարիմ կենդանիներն են

Ծանոթներիցս մեկը «հասկի» ցեղատեսակի շուն էր նվեր ստացել: Երևի թե չկա այնպիսի շներին սիրող մարդ, որը գոնե մեկ անգամ երազած չլինի այդ շան մասին, կամ էլ պատկերացրած չլինի վաղ առավոտյան իր և շան զբոսանքը: Այդ մարդկանց շարքին եմ պատկանում նաև ես, ամեն օր ծնողներիս համոզում եմ, որ ինձ շուն նվիրեն:

Դեռ մեկ շաբաթ էլ չէր անցնել այն օրվանից, ինչ շունն ապրում էր այդ տանը, երբ տունը հրդեհվեց: Ասում են՝ պատճառը արևի ճառագայթներն են եղել: Ամբողջ ընտանիքը, բարեբախտաբար, տանը չի եղել, միայն տղան, որին էլ հենց շուն էին նվիրել և շունը: Տղան քնած էր իր ննջարանում, բայց, զանգ ստանալով, Աստծո կամքով տեղափոխվում է և քունը շարունակում է հյուրասենյակում: Առաջինն այրվել է տղայի ննջասենյակը: Փոքրիկ շան ձագը, հասկանալով իրավիճակը, փորձել է արթնացնել նրան, սակայն տղան չի արթնացել: Շունը, տեսնելով, որ չի կարողանում արթնացնել տիրոջը, կծել է նրա ձեռքը և արթնացրել: Հրշեջ ծառայությունը կարողացել է դադարեցնել կրակը, փրկել տղային: Իսկ երբ փրկարարները հարցնում են տղայի մայրիկին, թե արդյոք տանն ինչ-որ մեկը կա, նա պատասխանում է.

-Երեխաս տանն է:

Երեխա ասելով՝ նա նկատի ուներ շանը, որի հետ հասցրել էր կապվել: Շունը նույնպես փրկվեց:

Angelina Karapetyan

Ցածրահասակ մարդկանց առավելությունները

Սովորական արևոտ օր էր: Ինչպես միշտ՝ շտապում էի պարապմունքի և ճանապարհին հանդիպեցի հարևանուհուս.

-Բարև ձեզ:

-Վա՜յ, Անի ջան (սովորաբար նա ինձ այդպես է դիմում), բարև:

Սկսեցինք քայլել միասին: Իմ քայլերը, բնականաբար, ավելի արագ էին, քան նրանը: Հանկարծ լսվեց ինձ համար սովորական դարձած, բայց տհաճ հարցը:

-Անի ջան, ինչի՞ ես սենց կոլոտ մնացել:

Ճիշտ է, արհամարհանքի նշան է, բայց նրա հարցը անպատասխան մնաց: Ոչ այն պատճառով, որ չէի ցանկանում պատասխանել, այլ այն, որ պարզապես պատասխանը չունեի: Բայց չէ՞ որ ցածրահասակ մարդիկ նույնպես ունեն առավելություններ.

1. Նկարներում դուք միշտ առաջին շարքում եք կանգնում:

2. Ձեզ չեն ուղարկում բերելու այնպիսի առարկաներ, որոնք դրված են բարձր տեղերում:

3. Դուք կարող եք հեշտորեն տեղավորվել փոքր տարածքում:

4. Բարձրահասակ մարդկանց մեծ մասն ունի խնդիրներ ողնաշարի հետ, իսկ ցածրահասակների մոտ այդ խնդիրը շատ քիչ է նկատվում այն պատճառով, որ օրինակ՝ երթուղայինում կարիք չի լինում կռանալու:

5. Ցածրահասակները կարող են գումար խնայել՝ օգտվելով երեխաների համար նախատեսված խանութներից:

6. Ցածրահասակ մարդիկ մեքենայի մեջ վատ իրավիճակում չեն հայտնվում ի տարբերություն բարձրահասակների, որոնց ոտքերը խանգարում են դիմացի նստողին, կամ էլ դիմացի նստարանն է ցավեցնում նրանց ոտքերը:

7. Ճոճանակներից և մանկական կարուսելներից բարձրահասակները միշտ չէ, որ կարող են օգվել՝ տարածքի փոքրության պատճառով, իսկ ցածրահասակներն անկախ տարիքից վայելում են մանկությունը:

8. Փոքրերի շրջապատում ցածրահասակները չեն տարբերվում և կարիք չունեն վատ զգալու:

Ցածրահասակ կամ բարձրահասակ լինելը մեր ցանկությունը չէ. մենք չենք ընտրում, թե ինչպիսին պետք է լինենք: Հակառակ դեպքում աշխարհում միանմանություն կտիրեր:

Angelina Karapetyan

Ե՞ս եմ պարինը, թե՞ պարն է իմը

-Կանգնե՛ք պարային գիծ: Մեջքը՝ ուղիղ, ուսերը՝ հետ, ոտքերը՝ ձիգ, ծնկներն՝ առանց ծալելու, անում ենք նախավարժանք:

Պարը դարձել է իմ նիստուկացը, իմ ոճը, իմ շարժուձևը և, վերջապես, ապրելու իմաստներից մեկը: Դժվար է պատկերացնել կյանքս առանց պարի: Ամեն ինչ կանեի շաբաթվա բոլոր օրերին էլ պարի հաճախելու համար: Այն օրերին, երբ պարի պարապմունք չունեմ, պարի խումբն է տեղափոխվում իմ սենյակ, սակայն ես եմ իմ և՛ ուսուցչուհին, և՛ աշակերտը:

Ես ունեմ պարելու անսպառ եռանդ, էներգիա: Մայրս միշտ ասում է.

-Անգել, տեսենես կգա՞ մի օր, որ ուժասպառ լինես, եռանդդ ու էներգիադ սպառվեն, որ անգամ խոսել չկարողանաս:

-Իհարկե, ոչ:

Մայրս միշտ տալիս է այդ հարցը և գրեթե ամեն անգամ էլ ստանում նույն պատասխանը, քանի որ անգամ հաց ուտելիս եմ պարում:

Չեմ կարողանում հասկանալ՝ ես եմ պարինը, թե պարը` իմը: Բայց, ըստ իս, մեր սերը փոխադարձ է:

Angelina Karapetyan

17.am-ն իմ կյանքում

-Մա՜մ, ա՛յ մամ, կօգնե՞ս շարադրություն գրեմ:

-Օֆ, Անգե՛լ, տեսնես կգա՞ մի օր, որ ինքնուրույն անես:

Այս երկխոսությունը բազմիցս կլսեիր իմ ու մայրիկիս միջև մեկ տարի առաջ: Իսկ հիմա.

-Ա՛ն, կօգնե՞ս քույրիկը շարադրություն գրի:

Փոփոխությունն ակնհայտ է 17-ի շնորհիվ: Մեր կայքում, երբ մի թեմայի շուրջ շատ ես գրում, այդ թեման համարվում է ծեծված, սակայն գոյություն ունի մի նյութ, որը երբեք չի հնանում, և քո կյանքի ամեն մի օրում կարող ես խոսել քո մեջ եղած փոփոխություններից: Դե, իհարկե հասկացաք՝ որ թեմայի մասին է խոսքը. «17.am-ն իմ կյանքում»:

Շուտով կլրանա մեկ տարին, որ թղթակցում եմ 17-ին: Ամեն ինչ սկսվեց նրանից… Դե, բոլորի մոտ էլ ամեն ինչ սկսվեց սեմինարներից, ապա՝ գործնական դասընթացներից, որոնք ապահովեցին մեզ գիտելիքով մեդիա ոլորտից:

Սկզբում չէի գրում իրական պատմություններ, հենվում էի երևակայականի վրա ու ամեն օր այդպիսի նյութեր ուղարկում, որոնցից ոչ բոլորն էին, որ տպագրվում էին: Սակայն ամեն ինչ փոխվեց:

Տեղի ունեցան հինգ մեդիա ճամբարները՝ Բյուրականում, Ծաղկաձորում, Աղվերանում, Դիլիջանում և աշնանայինը՝ Սևանում: Հաջողության հասա և մասնակցեցի աշնանային մեդիա ճամբարին: Սկզբում շատ էի վախենում, քանի որ բնույթով փակ մարդ էի, չշփվող, սակայն լրագրողը պետք է լինի շփվող, ազատ, որպեսզի կարողանա որսալ իրեն անհրաժեշտ տեղեկությունը: 17-ն արթնացրեց այդ ամենն իմ մեջ:

Ճամբարում հիանալի երեխաներ էին, հիանալի թիմ՝ «Մանանայի» մի փոքրիկ մասը կազմող անձնակազմ: Ճամբարի ընթացքում գիտելիքը կրկնապատկվեց: Սովորեցինք կինո նկարել, մոնտաժ անել, հավես կադրեր գտնել ու լավ դիրքերից նկարել, ճիշտ արտահայտել մտքերը, աշխատել իրական պատմությունների վրա: Չմոռանամ լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի, լրագրող Կարինե Գևորգյանի և ռեժիսոր-օպերատոր Սարգիս Խարազյանի վարպետության դասերը:

17-ի շնորհիվ դարձա ավելի ուշադիր, հետաքրքրված շրջապատի մարդկանցով, խորաթափանց, սովորեցի համակարգչով արագ հայերեն գրել, էլ ո՞ր մեկն ասեմ: Կայացած մարդ լինելու համար անհրաժեշտ է ունենալ մասնագիտություն, ինչը ձեռք բերեցինք 17.am-ին թղթակցելով:

Angelina Karapetyan

Նիկտոֆոբիա՝ վախ մթությունից

Գիշերը ժամանակահատված է, երբ սիրելի լույսին հաջորդում է շատերի համար ատելի մթությունը: Նույնիսկ ամենակարճ գիշերն էլ կթվա երկար, եթե ունեք մտածմունք, տանջող հարց կամ էլ պարզապես վախ գիշերից: Մինչ գիշերը մենք շրջապատված ենք հարազատ մարդկանցով, ընկերներով, որոնք իրենց դրական լիցքերով, մեծ էներգիայի պաշարով լցնում են մեր օրը, որոնց հետ ամենաանիմաստ արտահայտության վրա էլ կարող ես լիաթոք ծիծաղել:

Իսկ գիշերը… Այդ ժամանակ մենք անկախ ենք բոլորից, ազատ ենք մեր, մեր մտքերի, մեր սխալների, մեզ տանջող հարցերի հետ: Բայց… Ես վախենում եմ անգամ մտածել ինձ հանգիստ չտվող հարցերի մասին: Այնպիսի հարցեր, որոնց պատասխանն անգամ գիտահետազոտական փորձերը չեն կարող տալ, այնպիսիները, որոնք մարդկային ուղեղն ու միտքը ունակ չէ ընդունելու, որոնք բնության առեղծվածային, չբացահայտված երևույթներն են: Ու հանկարծ խորանում ես, խորանում ու զգում, որ արդեն խճճվել ես, խճճվել ու մտածում ես՝ ավելի լավ էր չմտածեի, որ չունենայի տանջող հարցեր: Այստեղից էլ գալիս է վախը գիշերից և մենակությունից: Տիրում է լռություն քո հոգում, որի բառերն ավելի խոսուն են, արտահայտիչ ու իմաստալից, քան խոսքերը, որոնք ավելի լավ էր՝ չասվեին: Ալբերտ Այնշթայնն ասել է. «Մթություն գոյություն չունի, այն պարզապես լույսի բացակայությունն է»:

Մարդու համար ամենակարևորը հոգում, սրտում ու մտքում լույսի առկայությունն է:

Angelina Karapetyan

Փաստորեն, արդարություն գոյություն ունի

Սկսվեց 2017 թվականը, որի հետ մեկտեղ նաև իմ օլիմպիադաների շրջանը: Որոշներին պետք է մասնակցեի ստիպողաբար, մյուսներին՝ մեծ հաճույքով ու սպասումներով:

Մինչ հունվար պատրաստվում էինք ասմունքի մրցույթի դպրոցական փուլին, որտեղ մեր դպրոցից հաջող ներկայացանք ես և Սամվելը, մենք անցանք տարածաշրջանային փուլ: Իսկ հաջորդ՝  մարզային փուլ անցավ միայն Սամվելը, որը նույնպես շատ լավ է ասմունքում: Ուսուցչուհիս ևս մեկ անգամ համոզվեց, որ արդարություն լիովին գոյություն չունի:

Տեղի ունեցավ նաև հայոց լեզվի և գրականության օլիմպիադա, որին մասնակցեցի շատ մեծ հաճույքով, սակայն անհույս, որ կանցնեմ հաջորդ փուլ: Եթե անկեղծ լինեմ, դպրոցական փուլում դպրոցի անձնակազմը հիմնվում է ոչ միայն գրած գրավորի, այլև գիտելիքի չափաբաժնի վրա, որին ծանոթ է:

Բախտը կրկին ժպտաց ինձ, նաև Մարիամին, որը մեկ տարով մեծ է ինձնից: Տնօրենը կանչեց մեզ իր մոտ: Ասեմ, որ սկզբից չէի էլ կարող գուշակել նրա կանչելու պատճառը, բայց երբ ասաց, շատ ուրախացա, և ինձ լիարժեք զգացի: Տնօրենի խոսքերը մեզ ավելի ոգևորեցին և ուժ տվեցին, ինչին էլ գումարվեց սիրելի ուսուցչուհուս՝ Հասմիկ Խաչատրյանի անկեղծ ժպիտը: Այն ջանքն ու եռանդը, որ նա ներդնում է մեզ գիտելիք տալու համար, ոչ մի ուսուցիչ չէր անի՝ մտածելով իր առողջության մասին: Իսկ նա ավելացրեց.

-Փաստորեն, արդարություն գոյություն ունի:

Շնորհակալ եմ նաև «Մանանա» թիմին, որը ինձ դարձրեց ավելի պատասխանատու, արթնացրեց իմ մեջ խորը մտածելու ունակությունը, և եթե չլիներ նյութ գրելը, չէր զարգանա խոսքս, և ես նման արդյունքի չէի հասնի:

Angelina Karapetyan

Մայրենի լեզվի միջազգային օր

Գիրք նվիրելու, Բարության տոներին հաջորդում է Մայրենի լեզվի միջազգային օրը: Նկատեցի՞ք, որ այդ երեք տոների միջև կապ կա: Քանի որ փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է, ցանկանում եմ հայոց գրերը ստեղծելու մասին գիտելիքներս հանձնել ձեզ:

Լեզուն մեր կյանքի, ինքնահաստատման առաջնային պայմանն է։ Մարդն օգտագործում է մայրենի լեզուն իր իսկ ծծնդյան առաջին ճիչի վայրկյաններից: Դեռևս վաղ ժամանակներում ստեղծվել է հայոց լեզուն, որը պատկանում էր ինքնուրույն լեզուների շարքին: Սակայն հայերեն կայուն գիր չունենալը վնաս էր հասցնում եկեղեցուն, նրա դիրքի ամրապնդման և ինքնուրույնության պահպանման համար պահանջվում էր, որ եկեղեցին հոգևոր արարողություններն իրականացնի ազգային լեզվով:

Մինչ Մաշտոցյան գրի ստեղծումը գոյություն ունեին նախամաշտոցյան` դանիելյան գրերը, որոնք գտնվում էին անմշակ վիճակում: Ըստ Մովսես Խորենացու` Վռամշապուհ արքան տեղյակ էր դանիելյան գրերի գոյության մասին: Այդ լուրը նա հայտնում է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին։ Նրանց ուրախությունը անսահման է լինում։ Փորձում են մշակել և դարձնել ազգային գիր: Սակայն դանիելյան այբուբենի տառերն ունակ չէին վանկ առ վանկ արտահայտելու հայերեն բառերի հնչյունները, այդ իսկ պատճառով երկու ուսուցիչները համախմբվեցին և նպատակ դրեցին ստեղծել նորը:

Մաշտոցը տառերը ստեղծում է Եդեսիայում: Ըստ իր աշակերտ Կորյունի` Մաշտոցին «Աստծուց շնորհվեց գրեր ստեղծելու բախտը և նա իր սուրբ աջով ծնունդ տվեց հայոց տառերին», որոնք 405 թվականին են ստեղծվել: Մաշտոցը հայոց տառերը տեսնում է հոգու աչքերով, տեսիլքի մեջ․․․

Մեծ ջանքերով մեր առաջին ուսուցիչները ստեղծեցին հայոց պետականությունը, մշակույթը, եկեղեցին և հայոց ազգը պահպանող մի հարստություն`գիրը, որից սերմանվեց նաև գրականությունը: Հայերենը համարվում է ամենագեղեցիկ, բարդ և իր մեջ բազում նրբություններ պարունակող լեզու:

Մեծագույն ցանկությունս է, որ մեր լեզուն մնա հայոց ազգին պահպանող շարժիչ ուժը: Կցանկանայի նաև, որ օտարերկրյա դպրոցներում նույնպես դասավանդեին հայոց լեզուն, որ մեր լեզուն էլ դառնար միջազգային։ Մեծ ակնկալիքներ ունեմ այս հարցի շուրջ: