Վահե Ստեփանյանի բոլոր հրապարակումները

vahe stepanyan

Ամեն օր 40 րոպե

Դու կարծում ես զբաղվա՞ծ մարդ ես: Դու չունե՞ս ժամանակ ոչնչի համար: Հըմ… Կարող ա: Բայց չէ: Դու ամեն օր ծախսում ես շատ ժամանակ՝ չանելով ոչինչ: Կուզե՞ք՝ ապացուցեմ:

Դու երևի նստած ես ձեր հյուրասենյակում, կամ էլ քո սենյակում: Կարող ա ձեր բակում ես, կամ էլ ընկերոջդ տանը: Միգուցե տրանսպորտի մեջ ես անհարմար նստած: Բայց դա այդքան էլ էական չի: Կարևորը, որ քո մոտ վայրկյանի սլաքով ժամ լինի: Կախված ձեր տան պատից, դասասենյակում, լսարանում կամ ձեր աշխատանքի վայրում, կամ էլ ձեր թևին կապված: Լավ, մի րոպե. մի քիչ շտապել եմ: Գանք արմատներին:
Մարդու ուղեղը շատ յուրահատուկ երևույթ է: Կամ տասնյակ ձևեր դա ապացուցելու: Այ, օրինակ, նայեք ձեր դիմացի պատին: Հետո հայացքը փոխեք դեպի էկրանը ու նորից նայեք պատին: Թվում է, թե ոչ մի հետաքրքիր բան: Դե, ճիշտն ասած, այստեղ հետաքրքիր բան էլ չկա: Բայց… Այստեղ մի բայց կա: Երբ դու էկրանից հայացքդ փոխում ես պատին, դու չես կարող միանգամից պարզ տեսնել պատը: Հիմա բացատրեմ: Չնայած մարդու տեսողական ապարատը շատ լավն է, միևնույն է. էկրանից պատին հայացք փոխելիս, դու միշտ այդ ճանապարհին մի քանի կադր «լղոզված» պատկեր ես տեսնելու: Հիմա կասեք, թե չի կարող պատահել. ես չեմ տեսել: Այ, հիմա անցանք ուղեղին: Որպեսզի ամեն անգամ հայացքդ փոխելիս այդ ավելորդ անորոշ կադրերը չտեսնես, ուղեղդ դրանք բոլորը անմիջապես կջնջի: Բայց հո դատարկ չի՞ թողնի: Դու միանգամից կթողնես պատը: Մի քանի կադր ավել: Այ, տես, հիմա ես իմ գրածն էլ չեմ հասկանում: Դրա համար էլ ժամերը հիշեցի: Մի հատ դուք էլ հիշեք: Ըհը: Հիմա էն նույն գործողությունն արեք էկրանի ու ժամի հետ: Նայեք էկրանին, հետո՝ ժամին: Կարող եք կրկնել նույնը միլիոն անգամ, բայց ձեզ միևնույն է, թվալու է, որ երբ դուք նայեցիք ժամի վրայի վայրկյանի սլաքին, առաջին վայրկյանը միշտ ավելի երկար է թվում: Հլը փորձեք: Ըհը: Ի՞նչ եք կարծում: Ժամանակը դանդաղո՞ւմ է այդ առաջին վայրկյանին: Չէ: Ուղղակի լզողված կադրերի փոխարեն էդ առաջին վայրկյանն ես տեսնում: Ու գիտեք՝ ինչքան կադրերը շատ են, այնքան տեսարանը մեզ դանդաղ կթվա:
Հիմա կարող եք մի քիչ հետ գնալ ու կարդալ մարդու ուղեղի յուրահատկության մասին:
-Հա, ու ի՞նչ:
Էսպես կասեն մարդիկ, ում այդպիսի բաները չեն հետաքրքրում: Բանն այն է, որ մարդը իր աչքերը օրվա մեջ այնքան շատ է շարժում, որ եթե այդ «լողոզված» պատկերների միլիվայրկյանների տևողությունը իրար գումարենք, կստացվի մոտ 40 րոպե: Դուք օրվա մեջ 40 րոպե գտնվում եք ձեր հասկացողությունից դուրս իրականության մեջ: 40 րոպե ոչինչ չեք անում: Օրեկան այդ 40 րոպեն դառնում է տարեկան 10 օր: Ինչի՞ համար: Ոչնչի: Կան մարդիկ, ովքեր 365 օր, օր ու գիշեր աշխատում են առանց քնելու, բայց միևնույն է, 10 օր ոչինչ չեն անում: Ու դու ոչինչ չես կարող անել: Իհարկե, կարող ես հայացքդ միշտ առաջ պահել ու մարմինդ շարժելիս գլուխդ ընդհանրապես չշարժել, որպեսզի այդպիսի կադրեր չստանաս: Բայց եթե լուրջ՝ չես կարող: Էդպես հավերն են անում: Ու էլի լիքը թռչուններ: Իսկ դու ուզած-չուզած կծախսես այդ 40 րոպեն: Ու ինձ երբեք չես ասի.
-Ես ավելորդ ժամանակ չունեմ քո վրա ծախսելու…

vahe stepanyan

Երազից ներքև

Ապրել կյանք առանց փորձելու հասկանալ նրա իմաստը, նույնն է, թե քայլել հսկայական գրադարանում ու ձեռք չտալ ոչ մի գրքի:

Ճիշտն ասած, ես չեմ հիշում, թե որ գրքում եմ կարդացել այս տողերը: Սիմվոլիկայի մասին ինչ-որ հետաքրքիր գիրք էր: Հեղինակին էլ չեմ հիշում: Միայն այս տողերն եմ հիշում: Ես դրանք էլ էի մոռացել: Հիշեցի մի երկու շաբաթ առաջ երևի…
Հարմար տեղավորված բազկաթոռի մեջ, ինչ-որ ֆիլմ էի դիտում աուտիզմով հիվանդ մարդկանց մասին: Չզգացի էլ, թե ինչպես կոպերս ծանրացան ու քնեցի: Մի երազ տեսա: Ստորև կպատմեմ այն: Ու քանի որ ես այդպես էլ չտեսա երազի շարունակությունը, կշարունակեմ: Խոստանում եմ չփչացնել այն:

…Հեռավոր մի երկրում, բարձր լեռների լանջերից մեկի վրա մի տղա էր ապրում: Տղան ապրում էր մենակ: Քնում էր՝ որտեղ ուզում էր: Դա էական չէր: Չէ որ այդ երկրում միշտ գարուն էր: Ուտում էր ամենը, ինչի համը իրեն դուր էր գալիս:
Նա մենակ էր նույն լանջին ինչքան իրեն հիշում էր: Նա չգիտեր խոսել: Կամ միգուցե մոռացել էր:
Նա նույնիսկ չգիտեր, որ միայնակ ժայռի տակից բխող հեղուկը ջուր է կոչվում: Չգիտեր որ այն միայնակ ծառի պտուղները խնձոր են կոչվում: Նա ուղղակի կար: Արթնանում էր, երբ արևը խուտուտ էր տալիս դեմքը և քնում, երբ հոգնում էր նայել աստղազարդ երկնքին: Կանգնում էր խնձորենու տակ, երբ անձրև էր գալիս և անձրևից հետո չորանում սև ժայռին պառկած:
Տղայի առաջին հիշողությունը նույն լանջի հետ էր կապված: Նա ուղղակի բացեց աչքերը կանաչ խոտին պառկած: Նա մինչև հիմա նույն երկնագույն բլուզով էր, նույն սև ջինսերով, որոնք արդեն կարճացել էին ու ճաներին հազիվ էին հասնում: Իսկ իր սպիտակ կոշիկները առաջին օրվանից հանել էր, կապել քուղերը ու կախել ծառի ճյուղից: Ինչին են պետք կոշիկները:
Այդ օրվանից հետո արևը մոտ հազար անգամ բարձրացել էր երկնակամար ու մայր մտել:
Ամեն ինչ նույնն էր: Կարելի է ասել, տղան երջանիկ էր: Նա չուներ ոչ մի հոգս: Չուներ ոչնչի ու ոչ ոքի կարիքը:
Տղան խելացի էր: Ու գիտեր, որ այդպես չի լինում: Նա օտար էր լանջին: Ու որոշեց իջնել: Հագավ կոշիկները: Նայեց խնձորենուն: Խմեց ժայռի տակից բխող առվակից: Ու քայլեց:
Մի անգամ էլ կանգնեց ու նայեց հետ: Նույն միայնակ խնձորենին, սև ժայռի կտորը ու անծայրածիր ձգվող արտը: Հետո նայեց առաջ: Ներքևում ամպերն էին: Հա, չզարմանաք: Նա ամպերի մեջ էր ապրում: Մեկ-մեկ ամպերը խնձորենու մոտ էին հավաքվում նույնիսկ: Ամբողջ հորիզոնում ամպերն էին: Նա լքեց այն ամենն, ինչ ուներ. իր խնձորենին… իր ժայռը… ու քայլեց առաջ: Իսկ սարի լանջին տղայից շա՜տ ներքև ամպերը խտանում էին…

Տղան երկար քայլեց: Կանաչ խոտերը շարունակ փչող սառը քամուց պառկել էին գետնին: Նա քայլում էր առանց կանգ առնելու, գուցե և առանց նպատակի: Իսկ շուրջը ոչինչ չէր փոխվում: Նույն կանաչ խոտի անծայրածիր արտերը: Ու երբ արևը մոտենում էր հորիզոնին, նա կանգ առավ: Պառկեց խոտերի մեջ, աչքերով ուղեկցեց արևին, մինչև վերջին շողերը անհետացան, ու դեղնավուն երկինքը դարձավ մուգ կապույտ: Հետո դիմավորեց լուսնին ու հայացքով ուղեկցեց նրան մինչև այն տեղը, որտեղից սկսել էր ճանապարհել արևին: Ու քնեց: Արթնացավ, երբ երկինքը արդեն շառագունում էր: Կերավ գրպանում պահած երեք խնձորներից մեկը ու շարունակեց իջնել: Հաջորդ օրը անցավ ճիշտ նույն կերպ: Միայն թե արթնանալով նա չդիմացավ ու իր մոտ մնացած երկու խնձորն էլ կերավ: Իսկ ծարավը արդեն անտանելի էր դառնում: Նա մի պահ մտածեց հետ վերադառնալ ու կուշտ խմել իր ժայռի ջրից: Բայց չէր կարող: Ֆիզիկապես: Նրա միակ ճամփան այլևս միայն իջնելն էր: Ու հասկանալով, որ եթե այսօր էլ ջուր չխմի, կդառնա այս կանաչ արտերի տեսարանը փչացնող ոսկորների կույտ, որոշեց գիշերն էլ քայլել: Նայեց գետին: Հետո հետ նայեց: Ու առանց ափսոսանքի մի նշույլ ցույց տալու վեր կացավ ու շարունակեց իջնել: Չնայած որ գիշեր էր, աստղերն ու ամպի մի պատառիկի տակից անընդհատ դուրս պրծնող լուսինը նրան բավական լույս էին տալիս ճանապարհը շարունակելու համար:
Բայց նա չտեսավ… Ու խուլ թմփոցով ընկավ գետնին: Ու եթե չլսեր նրա ձայնը, կկարծեր, որ ոտքն ուղղակի քարի է դիպել: Իսկ քարերը սարի վրա շատ քիչ էին: Տղան գիտեր իր սև ժայռը, խնձորենու հովի տակի մեծ տափակ քարը ու արդեն պատրաստվում էր ավելացնել ևս մեկը:
Բայց:
- Հեյ, ոտքերիդ տակ նայիր:
Տղան դեռ նստած էր խոտերի մեջ: Նա չփորձեց կանգնել: Ուղղակի պտտվեց ու արմունկները հենելով գետնին, նայեց նրան: Ու քանի որ հենց այդ պահին լուսինը դուրս պրծավ ամպի կտորի տակից ու լուսավորեց փոքրիկ սարահարթը, նա էլ տղային տեսավ:
Նա: Նա-ն տարօրինակ էակ էր: Ուներ սև աչքեր, որոնք նույնիսկ լուսնի լույսի տակ փայլում էին երկու ածխի կտորի պես: Նրա մազերը ավելի սև էին, քան տղայի ջինսերը, երբ առաջին անգամ բացեց աչքերը խնձորենու տակ պառկած: Մազերը ընկել էին աղջկա ուսերին ու հազիվ մի 10 սմ-ով էին երկար տղայի արդեն քանի տարի չկտրած մազերից: Հագին մի սպիտակ բլուզ կար, որին տղայի տեսած ամենամոտիկ սպիտակը իր տարիներով ծառից կախած կոշիկների սպիտակն էր: Տղան բնազդաբար նայեց ոտքերին՝ համեմատելու համար: Կոշիկների կողքերն ու քուղերը արդեն դարչնագույն էին դարձել կանաչ խոտերի ու խոնավ հողի վրա քայլելու պատճառով: Շալվարի գույնը չտարբերեց մթության պատճառով: Այն կամ մուգ կանաչ էր կամ դարչնագույն: Իսկ ոտքերին ճիշտ և ճիշտ իր կոշիկներից էր: Միայն թե հին ու մաշված: Նրա շուրթերը բարակ էին, քիթը փոքր: Ու արհեստականորեն դեմքին տված բարկության արտահայտությունն ավելի շուտ ծիծաղելի էր, քան սաստող: Ու տղան մտածելով այս ամենը, ժպտաց:
-Հը՞: Ո՞վ ես դու:
Տղայի ուղեղում մի բան առկայծեց: Վաղուց մոռացված: Ու թեև նա չհասկացավ բառերն առանձին-առանձին, բայց հասկացավ, թե ինչ էր ասում նա: Տղայի ժպիտն ավելի լայն ձգվեց, ու նա շարունավելով նայել ուղիղ նրա աչքերի մեջ, ուսերը վեր գցեց:
-Հերիք հիմարի հայացքով նայես: Ո՞վ ես դու ու ի՞նչ ես անում այստեղ, գրողը քեզ տանի:
Տղան չդիմացավ ու այս անգամ ժպտաց՝ ցույց տալով իր սպիտակ ատամները:
Հետո տեսավ նրա ոտքերի մոտ ընկած ջրի շիշը: Նայեց շշին: Հետո նրան: Հետո էլի շշին: Աղջիկը հետևեց նրա հայացքին, կռացավ, վերցրեց շիշը ու նետեց տղային: Տղան բռնեց շիշը, ուզեց խմել: Չստացվեց: Խցանը չէր հանել: Ճիշտն ասած, ձևն էլ չգիտեր: Քաշքշեց խցանից: Ոչինչ չստացվեց: Նա տեսավ, խլեց շիշը տղայի ձեռքից, բացեց ու մեկնեց նրան:
-Դու շիշ բացել էլ չգիտե՞ս, ի՞նչ է:
Տղան վերցրեց շիշը: Ու սկսեց ագահորեն խմել: Հանկարծ կանգ առավ, մեկնեց շիշը նրան:
-Դու խմիր, խմիր:
Տղան ավելի երկարացրեց ձեռքը:
-Հավատա, եթե քո հետևում մի 10 մետրի վրա այդ առվակը չլիներ, ես շիշը երբեք չէի տա քեզ:
Տղան վեր գցեց ուսերը, դատարկեց շիշ մինչև վերջին կաթիլը ու խնդրող հայացքով նայեց նրան:
-Դու վերջին անգամ ե՞րբ ես ջուր խմել: Վեր կաց:
Ասաց ու շրջանցելով տղային, քալեց առվակի կողմը: Տղան մի շարժումով վեր թռավ տեղից ու վազեց նրա հետևից: Աղջիկը հազիվ իր ուսից լիներ:
-Դու գոնե խոսել գիտե՞ս:
Տղան նորից ժպտաց ու նորից ուսերը վեր գցեց:
-Խմի՛ր, միայն թե նայիր՝ չպայթես,- ասաց նա ու մատով ցույց տվեց լուսնի արտացոլանքը՝ երկու կտոր քարից բխող առվակի ավազանի մեջ:
Գիտե՞ք ինչ: Տղան ծարավ էր: Դրա համար հեչ էլ տարօրինակ չի, որ նա վազեց, ծնկաչոք ընկավ առվակի մոտ ու գլուխը մինչև պարանոցը մտցրեց ավազանի մեջ: Ու դուրս եկավ միայն, երբ շունչը կտրվեց: Նա քմծիծաղ տվեց ու ասաց.
-Հը՞: Կշտացա՞ր:
Ի պատասխան տղան նորից խոր շունչ քաշեց ու նորից մինչև պարանոցը ընկղմվեց լուսնի արտացոլանքի մեջ: Հետո դուրս պրծավ, ուժասպառ ընկավ առվակի կողքին ու մնաց նույն դիրքում այնքան, մինչև շնչառությունը վերականգնվեց: Նայեց նրան: Նա էլ՝ տղային: Նա մազերը գցեց ականջի հետևը ու ասաց.
-Դու երբևէ կխոսե՞ս, թե՞ չէ:
Տղան վեր կացավ, նորից նայեց նրա դեմքին:
-Հը՞:
Տղան նորից ուսերը վեր գցեց:
-Ես Էյն եմ: Դու գոնե անուն ունե՞ս:
Տղան նորից լայն ժպտաց:
-Լավ: Առայժմ դու կարող ես լինել Բին: Դեմ չե՞ս:
Տղան հոնքերը բարձրացնելով հասկացրեց, որ դեմ չի Բին լինելուց:
-Բի:
Տղան գլուխը թեթև շարժեց, հասկացնելով, որ Բի անունը իր սրտովն է:
-Դու ինձ գոնե հասկանո՞ւմ ես:
Տղան գլխի դրական շարժում արեց:
-Լավ է:
Էյը պառկեց գետնին՝ խոտերի մեջ: Նայեց երկնքին մի երկու րոպե:
-Ո՞ւմ ես սպասում, պառկիր. ես քեզ մի բան պիտի պատմեմ:
Ու տղան պառկեց նույն տեղը, որտեղ քիչ առաջ շնչակտուր ընկած էր:
-Կարող ես մոտիկ պառկել: Ես քեզ երևի թե չեմ սպանի:
Տղան էլի ժպտաց, ու ջարդելով խոտեր իր ծանրության տակ, մոտեցավ Էյին: Նրանք մի քանի րոպե լուռ նայեցին մուգ կապույտ երկնքին: Իսկ հետո Էյը հանկարծ ասաց.
-Ամեն ինչ սկսվեց, երբ…

…Դուք երևի մոռացել եք՝ ինչի մասին էր իմ պատմությունը, ինչպես ես մոռացել եմ այն մարդու անունը, ում խոսքերի պատճառով այն ծնվեց: Գնացեք ամենասկիզբն ու կարդացեք: Միգուցե այն կապ չունի այս պատմության հետ : Բայց միգուցե և ունի…

vahe stepanyan

Սարսափների արքան

1947 թվականին, երրորդ հանրապետության անկախությունից ուղիղ 44 տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին, ԱՄՆ-ի Մեն նահանգի Պորտլենդ քաղաքում ծնվեց Սթիվեն Քինգը: Սթիվենը դեռ 2 տարեկան էր, երբ 1949-ի խաղաղ երեկոներից մեկին հայրը գնաց ծխախոտի հետևից ու չվերադարձավ: Չէ, չէ. չէր մահացել: Ուղղակի հոգնել էր: Հետագայում այդպես էլ չիմացան. փախել էր Կոնեկտիկո՞ւտ, թե՞ ինչպես Սթիվի մայրն էր Սթիվին ու եղբորը ասել, նրան մարսեցիներն էին առևանգել:

Չնայած ես կարդալ շատ եմ սիրում, բայց ճիշտն ասած, նույնիսկ իմ ամենասիրելի գրողների կենսագրությունից ոչինչ չգիտեմ: Բայց դե Սթիվեն Քինգը բացառություն է: Ես նրա կյանքի մասին կարդացել եմ երևի այնքան, ինչքան իր գրքերից եմ կարդացել: Իսկ ես նրա երկրպագուն լինելով, ամենաքիչը 10 գիրք կարդացած կլինեմ: 12: Հաշվեցի: Իհարկե, բոլորից չեմ կարող խոսել մի նյութի մեջ, բայց խոստանում եմ. եթե դուր գա՝ կգրեմ Սթիվենի գրքերից էլի մեկի մասին:
Իսկ հիմա… 11/22/63: Այո: Այս թվերը բացի ԱՄՆ 35-րդ (և արդարության համար ասեմ, իմ ամենասիրելի) նախագահ Ջոն Ֆ. Քենեդու սպանության օրվանից, Սթիվեն Քինգի ամենաստացված գրքերից մեկի անունն է: Ալտերնատիվ պատմություն ժանրում գրված այս ֆանտաստիկ նովելի հիմնական թեման ժամանակի մեջ ճամփորդությունն է: Գիրքը լույս է տեսել 2011-ին: Բայց այնուամենայնիվ, իր ժանրի մեջ արդեն կարող է համարվել դասական նմուշ: Գրքի գործողությունները 2009-ին են տեղի ունենում: Դա առաջին գլխում: Իսկ հետո Ջեյքը… Ստոպ: Ո՞վ է Ջեյքը: Երևի թե սկզբից սկսեմ:
Ջեյկոբ Էպինգը՝ նույն ինքը՝ Ջեյքը, ապրում է Մեն նահանգի Լիսբոն Ֆոլս քաղաքում: Ջեյքի կյանքը ոչնչով չէր տարբերվում կենտրոնական Մենի բոլոր մնացած անգլերեն լեզվի ու գրականության ուսուչիցների կյանքից: Ջեյքը արդեն 35 տարեկան էր, ու չհաշված ընկերոջ հետ Կանադայում կատարած ավտոստոպով ճանապարհորդությունը, իր կյանքում ուրիշ ոչ մի առանձնահատուկ բան չէր արել: Ջեյքը հասցրել էր ամուսնանալ ու բաժանվել, ու ըստ իր հաշվարկների, լավ էլ երջանիկ մարդ էր: Նա Լիսբոն Ֆոլսի միջին դպրոցում երեխաներին դաս տալուց բացի նաև ուներ դասարան մեծերի համար, որտեղ սովորում էին երիտասարդ ժամանակ տարբեր պատճառներով դպրոցը չավարտած մարդիկ: Դուք երևի մտածում եք, որ սա ոչնչով չգրավող գորշ կյանք է: Համաձայն եմ: Դեռևս համաձայն եմ… Իմիջիայլոց, Ջեյքը շատ զուսպ մարդ էր և կյանքում մի քանի անգամ էր լաց եղել ընդամենը: Վերջին անգամ Ջեյքը լաց էր եղել դպրոցի աշակերտ, ինչպես նաև հավաքարար 50-ն անց Հարրի Դանինգի «Օր, որը փոխեց իմ կյանքը» թեմայով գրված շարադրությունը կարդալիս: Հարրին պատմում էր, թե ինչպես էր 1958 թվականին, Հելոուինի օրը, իր հայրը խմած մտել տուն, մուրճով սպանել մորը, 2 եղբայրներին ու փոքրիկ քրոջը: Իսկ ինքը հրաշքով էր փրկվել ու մնացել հաշմանդամ ամբողջ կյանքում:
Թե ինչի համար ես պատմեցի այս կտորը, դուք կհասկանաք գիրքը կարդալիս: Իսկ հիմա, թերևս, անցնենք առաջ:
Ջեյքը իհարկե ցնցված շարադրությունից, գերազանց է դնում Հարրիի աշխատանքին, և Հարրին վերջապես ստանալով իր դպրոցի ատեստատը, այն դնում է շրջանակի մեջ ու կախում իր սենյակի պատից:
2 տարի անց 2011-ի հուլիսին, երբ Ջեյքը արդեն վերջին աշխատանքներն էր ստուգում դպրոցում արձակուրդ գնալուց առաջ, նա զանգ է ստանում իր բարեկամ Էլ Տեմպլտոնից: Էլը խնդրում է Ջեյքին շտապ գալ իր խորտկարան: Ինչ գլուխ ցավեցնեմ, Ջեյքը գնաց: Ու տեսավ այն, ինչին ոչ մի կերպ չէր սպասում: Դեռ երեկ իրեն սպասարկող չաղլիկ սևահերից բան չէր մնացել: Էլը բացատրեց, որ մեկ օրվա մեջ հասցրել է ծերանալ հինգ տարով ու արդեն մահանում է թոքերի քաղցկեղից: Ջեյքը այնքան էլ չզարմացավ՝ իմանալով, որ Էլը թոքերի քաղցկեղով է հիվանդ, որովհետև գիտեր, որ 60-ն անց այդ տղամարդը արդեն 50 տարի ծխում էր նույն դեղին «Քամելը», որը նրա բերանում էր նույնիսկ հաճախորդներին սպասարկելիս: Բայց ո՞նց կարելի է ծերանալ հինգ տարով մեկ օրում… Էլը բացատրեց, որ ամենի պատճառը իր սրճարանի պահեստում է: Ու Ջեյքը արդեն մահամերձի զառանցանք համարելով Էլի պատմությունը, որ այնտեղ ժամանակի պորտալ կա, համենայն դեպս չմերժեց նրա խնդրանքը ու Էլի ցույց տված տեղով քայլեց դեպի պահեստի պատը: Նա չէր էլ կարող պատկերացնել, որ փակ աչքերով իջնելով ինչ-որ անտեսանելի աստիճաններով, կհայտնվի… ըմմ… Հիմա դուք կհարցնեք, թե ուր: Այս հարցը անտեղի է. տեղը նույնն է՝ Երկիր մոլորակ, Հյուսիսային Ամերիկա, ԱՄՆ, Մեն նահանգ, Լիսբոն Ֆոլս քաղաք: Այստեղ կսազի մեկ այլ հարց: Ջեյքը հայտնվեց… Ե՞րբ: Լավ հարց է: 1958 թ., սեպտեմբերի 9, ցերեկ,11:58: Իսկ այ, ինչեր կլինեն հետո, ես չեմ ասի: Սա ընդամենը 2 գլխի նկարագիր էր 50-ից ավել գլուխ ունեցող գրքի:
Ուղղակի կնշեմ պորտալի օրենքները, որոնք Էլը բացահայտել էր իր պրակտիկայով.
-Պորտալը միշտ տանում է նույն ժամանակը. 1958 թ. սեպտեմբրի 9, 11:58:
- Անկախ այն բանից, թե դու ինչքան ժամանակ ես անցկացնում անցյալում, ներկայում քո ճամփորդությունը կտևի ուղիղ 2 րոպե: Ոչ ավել, ոչ պակաս:
-Անցյալը կարող ես փոխել, բայց ամեն հաջորդ ճամփորդությունը նախորդի բոլոր փոփոխությունները չեղարկում է:
-Անցյալը չի ուզում փոփոխվել, և ինչքան մեծ է փոփոխությունը, անցյալը ավելի ուժեղ է դիմադրում:
Ուղղակի վստահեք ինձ և բացեք գիրքը: Այս ժանրում գրված այսպիսի գրքեր չկան: 11/22/63-ը «Սարսափների արքայի» ամենաստացված գրքերից է, եթե ոչ՝ ամենաստացվածը: Սա ձեզ համար ոչ Կոելյո է, ոչ Կաֆկա, ոչ Ֆրեյդ: Սա Սթիվեն Քինգն է, իր ողջ հմայքով…

vahe stepanyan

Երբ 17 տարեկան ես ու ոչնչի հավես չունես

Երբ 17 տարեկան ես ու ոչնչի հավես չունես, քո կյանքը հավանաբար իմինից ոչնչով չի տարբերվում: Երևի դու էլ ես իմ պես ապրում մի օրվա երազանքով. ուղղակի ավարտել գործերը ու ընկնել մահճակալի վրա: Կուզե՞ք մի քիչ պատմեմ:

Ուղղակի բացում եմ աչքերս: Ոչ ոք չի արթնացնում: Ուղղակի նայում եմ դարակի վրա դրված մանուշակին: Ոչ ոք չի ստիպում: Առանց անհրաժեշտության նստում եմ, հագնվում: Լոգարանում նայում եմ անքնությունից կարմրած աչքերիս: Բացում եմ սառը ջուրը: Մի հինգ րոպե նայում եմ հոսող ջրին՝ պատմելով բաներ, որ երբեք ոչ ոքի չեմ պատմի: Հետո լվացվում եմ այդ սառը ջրով ու գալիս նստում բազմոցին: Նայում եմ դիմացի պատին: Սպասում եմ , որ ուշանամ դասերից: Հետո պայուսակս գցում եմ ուսերս ու մենակ քայլում այն 2 կիլոմետրը, որը 12 տարի շարունակ համարյա ամեն օր քայլել եմ:

Մտնում եմ դպրոց: Էլի դատարկություն: Ցրտից անզգայացած ձեռքերով բռնում եմ ջեռուցման մարտկոցը մինչև մատներս այրվի: Բարձրանում եմ դասարան: Էլի դատարկություն: Չնայած մի 6 հոգի կան դասարանում: Մի 2-3ը ինչ-որ բան են քննարկում դասարանի անկյունում: Մնացածներն էլ ամեն մեկը մի գիրք վերցրած մի անկյունում նստել ու կարդում է: Ես քթիս տակ մի բան եմ ասում, որը ինքս էլ չեմ հասկանում ու նստում տեղս: Հետո համոզվելով, որ նորից իզուր եմ եկել դպրոց, գլուխս դնում եմ սեղանին ու մտածում այն բաների մասին , որոնք արդեն վաղուց էական չեն: Մի քանի ժամ: Հետո դուրս եմ գալիս այնպես, ինչպես մտել էի: Մի քանի րոպե կանգնում եմ կանգառում: Երբ գալիս է ավտոբուսը, սպասում եմ , որ բոլորը նստեն, հետո գնում ու նստում եմ ամենահետևում: Բոլորը այդտեղից երևում են: Նայում եմ մարդկանց ոտքերին: Հետո ձեռքերին: Պատահում է՝ նաև դեմքերին: Դուրս եմ պրծնում ավտոբուսից ու վազում տուն: Մտնում եմ ներս: Չեմ պատասխանում տատիկի հարցին, թե ինչի է շունչս կտրվում: Միացնում եմ հեռուստացույցը , որ մենակ չզգամ ինձ: Մի բան եմ ուտում ու հեռուստացույցի ալիքները փոխելով ընկնում եմ բազմոցին: Նստում եմ մի ժամ: Գուցե և ավել: Հետո էլի ուշացած վազում եմ կանգառ: Հասնում եմ ավտոբուսի հետ միասին: Էլի գնում եմ հետևը, որ ես բոլորին տեսնեմ, բայց ինձ՝ ոչ ոք: Տարօրինակ է: Ավտոբուսն էլ է փոխվում: Մի 7-8 հոգի հազիվ լինեն մեջը: 2-ն էլ հաջորդ կանգառում են նստում:
Իջնում եմ մեր փոքրիկ քաղաքի խաչմերուկներից մեկում, նայում աջ, հետո՝ ձախ ու գնում պարապմունքի: Ոչինչ չեմ լսում: Ոչինչ չեմ հասկանում: Դողում եմ կանգառում 5 րոպե: Նույնիսկ ժամը 6-ին ավտոբուսի մեջ լիքը նստելու տեղ կա: Նորից մեր կանգառը: Ու նորից վազում եմ տուն: Հետո 3 ժամ ինչ-որ անիմաստ բաների վրա եմ ծախսում: Մի ժամ տրամադրվում եմ, որ նստեմ պարապելու: Պարապում եմ: Նկարում: Անջատում լույսերը: Պառկում եմ: Ինչ-որ բան եմ կարդում, մինչև քնեմ հեռախոսը ձեռքիս: Եթե բախտս բերի՝ 4 ժամ: Եթե չէ… Ոչինչ. իմ քունը միևնույն է, չէր տանում:
Ու այսպես ամեն օր: Անցնում է իմ ձմեռը եղանակի պես սառը, մռայլ ու միանման…

vahe stepanyan

Առջևում դեկտեմբերյան քննություններն են

Այսօր կփորձեմ քննությունների թեմայով հարցազրույց վերցնել մեր դպրոցի աշակերտներից մեկից. ավելի կոնկրետ ինձնից: Վահեն լավ տղա է, բայց խոսել չի սիրում, բայց ես ամեն ինչ կանեմ, որ մի երկու բառ քաշեմ: 

-Բարև, Վահե: Ինչպե՞ս ես:

-Բարև, ախպերս: Նորմալ, էլի: Դու ասա:

-Լավ , շնորհակալ եմ: Կարո՞ղ եմ մի երկու հարց տալ դեկտեմբերին դպրոցներում սպասվող քննությունների վերաբերյալ: Ի՞նչ կասես քննությունները դեկտեմբերի վերջ տեղափոխելու մասին: Արդյո՞ք լավ որոշում է, թե՞ շտապեցին:

-Դե, եթե ճիշտն ասեմ, ես էդ թեմայից մինչև հիմա էլ նորմալ գլուխ չեմ հանում: Եթե ուզում եք իմանալ, կոնկրետ ինձ համար ավելի հարմար է քննություների մի մասը հիմա տալ, մյուսը` մայիսին: Երկրորդ կիսամյակում կարող եմ կենտրոնանալ այն առարկաների վրա, որոնցից միասնական քննություն պիտի հանձնեմ: Չէ: Չեմ բողոքում: Ես գոհ եմ: Աշակերտները իմ կարծիքով, պիտի գոհ լինեն: Մի դարդ ու ցավ քիչ կլինի հետո: Այ, ուսուցիչներից ոմանք են բողոքում: «Մենք զահլա չունենք գանք, էդ նոր տարվա օրով ձեր աշխատանքները ստուգենք…»: Հարգելի ուսուցիչներ, չթարսվեք ինձ հետ սա կարդալուց հետո. ես ուղղակի հարցազրույց եմ տալիս:

-Լավ, Վահե, մի ծավալվիր: Կարո՞ղ ես ենթադրել, թե ինչ խոչընդոտներ կարող են առաջանալ: Կամ ի՞նչ դրական կողմեր ունի այս որոշումը:

-Դե, դրական կողմերն ասացի: Երկրորդ կիսամյակում կկենտրոնանանք այն առարկաների վրա, որոնք մեզ պետք են, բացի այդ «մայիսյան քաշքշուկները» կթեթևանան: Էդտեղ էլի մի քանի մանրուքներ կան, բայց չեմ թվարկի, որովհետև հլը կես տարի պիտի մեր դպրոցում սովորեմ:

-Իսկ խոչընդոտնե՞րը:

-Հա: Ես էլ ասում եմ` մի բան մոռացա անել: Ինչը վերաբերվում է խոչընդոտներին: Ինձ չի թվում, թե աշակերտության կողմից ինչ-որ խնդիրներ կառաջանան: Խնդիր կլինի, եթե նախարարությունը չհասցնի քննություններին, պատրաստվել: Բայց ինձ չի թվում, որ մեր կրթական համակարգը այդքան թույլ է: Մեկ այլ խոչընդոտ է, որ մեր ուսուցիչները պետք է տոլմա փաթաթեն, և ամենևին չունեն մեր ժամանակը, բայց …

-Վերջ, Վահե: Մի շարունակիր: Ինչ-որ բան կավելացնե՞ս քո կողմից:

-Եսիմ: Հըմ: Դե, ճիշտն ասած, մեզ հնարավորություն էր տրված այդ քննություները թողնել մայիսին (եթե ես իհարկե, ճիշտ եմ հասկացել), բայց փորձը ցույց է տվել, որ բոլոր քննությունները մայիսին հանձնելով, հլը ոչ մեկը «դորդը-բեշ» չի արել: Ընդհակառակը: Կուզեի էդ երկրորդ կիսամյակի կրթական սխեման (սովորում ես այն, ինչ դու ես ընտրել) 4-րդ դասարանից գործեր: Էդպես ավելի խորացված գիտելիքներ կունենանք մեզ անհրաժեշտ առարկաներից: Դե, երևի վերջ:

-Շնորհակալություն, Վահե: Հուսով եմ բարեհաջող կհանձնես քննությունները:

-Մենք բոլորս ենք հուսով: Ձեզ էլ շնորհակալություն` հարթակ տրամադրելու համար: Բայց քո դեմքը շատ ծանոթ ա, է…

-Ցտեսություն:

-Ցտեսություն: Բայց…

Ես զրուցում էի Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ստեփանյան Վահեի հետ:

Հ. Գ. Իմիջիայլոց, ես նրան գտա Ռաֆոյենց տանը «բլոտ» խաղալուց: Հետո էլ կասի` սաղ օրը դասի եմ, ժամանակ չունեմ շնչեմ, գիշերները չեմ քնում, «տուդա-սյուդա» …

Ապրելը բանաձև չունի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Ուզում եմ գրել կյանքի մասին: Էսօր Սեդա Հարությունյանի նյութը կարդացի մահվան մասին: Դրա համար էլ նյութս կարող եք նրա նյութի հետ նույն «կոմպլեկտում» դնել:
Սեդան չուզեց ասել, թե ի՞նչ է մահը: Ես կասեմ: Ի՞նչ է մահն իմ պատկերացմամբ: Մահն ինձ համար ոչ հարազատների վիշտն է, ոչ նրանց լացը, ոչ ափսոսանքը և ոչ վախը մահվան նկատմամբ: Մահն անշունչ մարմինն է: Մահը գերեզմանատան լռությունը խախտող մահվան թափորի շշուկն է: Մահը խունկի հոտն է: Մահ է այն ամենը, ինչը կյանք չի: Մահը բացատրելը հեշտ է: Իսկ այ, ի՞նչ է կյանքը… Թերևս այս հարցին էլ ես պատասխան չունեմ:
Ես երբեք ոչնչից չեմ սարսափել: Մահից մի անգամ սարսափեցի: Ողջ գիշերը մահվան մասին մտքերը պտտեցնում էին գլուխս: Իմ մահից չէի սարսափում… Վազեցի դուրս ու գոռացի: Գոռացի կյանքի վրա: Որովհետև կյանքն է մեզ մահից վախեցնում: Սարսափեցի առաջին ու վերջին անգամ:
Սեդան սարսափում է, որ մի օր այլևս աչքերը չի բացի: Ու նրա բոլոր պլանները, քայլերը ու սերերը կիսատ կմնան: Վախենում է կորցնել նրանց, կիսատ թողնել իր կյանքը: Բայց կյանքը միայն դա չէ: Կյանքը նույնիսկ մի միլիոն բառով չեք կարող բնութագրել: Միշտ կիսատ կասեք: Քիչ առաջ ասացի, որ մահ է այն ամենը, ինչը կյանք չէ: Դրա համար կյանքը բնութագրելու համար պիտի մահվան մասին խոսես:
Մահացած մարդկանց հետևից ասում են. «Գնաց դեպի հավերժություն»: Ինչո՞ւ: Ի՞նչն է հավերժ, երբ մարդ այլևս չի շնչում: Դրա՞խտը, դժո՞խքը, թե՞ բանն այն է, որ պահեն մահացածի հավերժ հիշատակը: Եթե նա սովորական մահկանացու է, նրա մասին ոչ ոք հավերժ չի հիշի: Ո՞րն է պատճառը` մահը հավերժությանը հավասարեցնելու: Չգիտեմ: Ինձ համար այդ դարձվածքը սխալ է ու անընդունելի: Մի բան գիտեմ միայն: Չեմ ուզում, որ իմ հետևից ասեն նույնը: Ուզում եմ աչքերս վերջին անգամ փակելուց հետո էլ ոչինչ չլինի: Փակեմ աչքերս, ու վերջ: Էլ ոչինչ: Իմ հետևից թող ասեն. «Գնաց հավերժությունից այնտեղ, որտեղից եկել էր»: Ու ինչպես ծնվելուց առաջ ուղղակի չկայի, թող այնպես էլ մահվանից հետո ուղղակի չլինեմ:
Այ, ներողության մասին չեմ կարող խոսել: Պատահում է, որ ես ներողություն եմ խնդրում ինչ-որ բանի համար: Բայց ես դեռ չեմ հասկանում` ինչ է դա: Ու չեմ թողնում, որ ինձնից ներողություն խնդրեն ամեն պատեհ ու անպատեհ առիթով: Որովհետև ներելն էլ դեռ իմ խելքի բանը չի:
Սեդան վախենում է մի օր ամաչել իր ապրած կյանքից: Վախենում է իր մտքերի համար հիասթափվել ինքն իրենից: Այս պարագայում ես կհակասեմ իրեն: Մի ապրեք այնպես, որ ձեր «կյանքի գիրքը» վերջիվերջո դառնա մեկը հազարավորներից: Մի ապրեք այնպես, որ ձեր հետևից ոչինչ չասեն բացի. «Լավ մարդ էր»: Ամաչեք, հիասթափվեք ու զգացեք բոլոր մնացած զգացմունքներն ու հույզերը, ու հենց դրանով էլ, զգացեք ձեր կյանքը: Ապրեք առանց տանջվելու քո մի օր գործած սխալի համար: Դա բնական է: Դու մարդ ես: Դու հենց դրանով ես մարդ:
Ասում է` ապրեք ձեր կյանքը ազնիվ ու մաքուր, որովհետև չգիտեք, որը կլինի ձեր վերջին օրը: Ու էլի սխալ: Եթե «չկեղտոտվես» ու չստես, երբեք չես իմանա, թե ինչ է մաքուրն ու ազնիվը: Ու թող մեզ հիշեն ոնց որ մենք եղել ենք իրականում, այլ ոչ ինչպես կուզեինք մեզ հիշեին: Եթե ամեն օր վախենաս վաղը մեռնել, երբեք չես ապրի…

Իսկ ո՞րն է իմ լավ ապրելու բանաձևը` կմտածի Սեդան: Ապրելը բանաձև չունի: Ուղղակի շնչիր…

vahe stepanyan

Մի պահ մոռանանք քննությունները

Հեյ: Բարև: Ահագին ժամանակ չեմ գրել: Ախր, ինձ էլ հասկացեք. 12-րդ դասարան, ամեն օր պարապմունք, դեմն էլ` միասնական քննություններ… Էսպես «կռուտիտ» կլիներ ամեն 2-րդը, բայց ոչ ես: Չէի գրում, որովհետև իրականում գրելու բան չկար: Դե, հիմա էլ բան չկա: Դրա համար եկեք էլի գրքերից խոսենք:

Եթե իմ նյութերը կարդում եք, երևի կիմանաք, որ ես շատ եմ սիրում ֆանտաստիկ, դետեկտիվ ու թրիլլեր ժանրերը: Ֆանտաստիկայից արդեն խոսել ենք: Իսկ երբ իմ ներկայությամբ ասում են «թրիլլեր» ու «դետեկտիվ» բառերը իրար հետ, ես մտքիս մեջ մեխանիկորեն ասում եմ. «Դեն Բրաուն, Դեն Բրաուն, Դեն Բրաուն…»:
Ժանրի սիրահարները,, ովքեր ամենայն հավանականությամբ նստած բազկաթոռին կարդում են սա, հիմա երևի ժպտացին ու հետ ընկան իրենց բազկաթոռի մեջ: Իսկ ովքեր առաջին անգամ են լսում Դեն Բրաունի անունը, ոչ մի բան էլ չարեցին: Հե-հե: Ու քանի դեռ չես փակել էջը ու մտել Վիքիպեդիա` իմանալու համար ով է Դեն Բրաունը, ես կասեմ:
Դեն Բրաունը ուղղակի 52 տարեկան քեռի է Ամերիկայից: Չգիտեմ` որտեղ ա ծնվել, ինչ ա արել, ոնց արել: Հետաքրքիր էլ չի մի տեսակ: Մենակ գիտեմ , որ ներկա դրությամբ Դենը արձակագիր, լրագրող ու երաժիշտ ա: Դե, եթե ասեմ, որ Դենի բոլոր գրքերի համար գժվում եմ ՝ կստեմ: Չգիտեմ բոլորը լավն են թե չէ, որովհետև դրանցից ընդամենը հինգն եմ կարդացել: Այսօր խոսքը նրա դեբյուտային «Թվային ամրոցի» մասին չի գնա: Ես կխոսեմ նրա չորս լավագույն գրքերի մասին, որոնցում ներկայացված են Հարվարդի համալսարանի կրոնական խորհրդանիշերի պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնի արկածները:
Հերթով նշեմ գրքերն իրենց բնագրային անվանումներով, որովհետև… Եսիմ, թող լինի էլի:

«Հրեշտակներ և Հրեշներ»
«Angels and Demons»

«Դա Վինչիի կոդը»
«The Da Vinci Code»

«Կորած նշանը»
«The Lost Symbol»

«Ինֆերնո»
Հըմ… «Inferno»

Դուք հավանաբար տեսել եք առաջին, երկրորդ ու չորրորդ մասերի նույնանուն էկրանավորումները: Համաձայն եմ, վատը չեն, բայց դե գիրքը…
Դե, գիրքը լավն ա:
Առաջին գրքում ներկայացված են խորհրդավոր դեպքեր, որոնք տեղի ունեցան Հռոմի պապի մահվանից հետո: Հա, մոռացա ասել: Էս ամեն ինչը մեր ժամանակներում ա տեղի ունենում:
Իրադրությունները հյուսվում են Կոնկլավի հավաքի շուրջը, որի ժամանակ պիտի ընտրվեր նոր Հռոմի պապ: Ախ… Հիմա որ հիշում եմ, ոնց էի չտեսի պես գիշերվա չորսին կարմիր աչքերով կարդում: Չեմ ուզում «սփոյլեր» անել: Շատ հետաքրքիր ա: Ուղղակի շնչել չես հասցնի:

Երկրորդ գիրքը իր հետաքրքրությամբ մազաչափ չի զիջում առաջինին: Ամեն ինչ սկսվում է նրանից, որ Լուվրի հսկիչ Ժակ Սոնիերի դիակը գտնում են Լուվրի սրահներից մեկի հատակին Դա Վինչիի «Վիտրուվյան մարդու» դիրքով, իսկ այդ ժամանակ պատահականորեն Ռոբերտը Փարիզում իր գրքի շնորհանդեսն էր անցկացնում…

Երրորդ գրքի իրադարձությունները տեղի են ունենում Վաշինգտոնում 12 ժամվա ընթացքում: Նրան իր ընկերը Պիտեր Սողոմոնը հրավիրում է Կապիտոլիում` դասախոսություն կարդալու: Բայց հասնելով այնտեղ, նա ընդամենը Պիտերի կտրած ձեռքն է գտնում…

Չորրորդ գրքում Ռոբերտը աչքերը բացում է Ֆլորենցիայում՝ շտապօգնության բաժանմունքում, թեև իր հիշելով, պիտի լիներ Հարվարդում: Նա գաղափար էլ չուներ` ինչի մեջ է ներքաշվել, մինչև Բոտիչելիի «Դժոխքի քարտեզը» նրան չգցեց Դանթեի «Դժոխքի» հետքին…

Մեկը մեկից հետաքրքիր են: Ես գիտեմ, որ ձեզ էլ հետաքրքրեց: Լենգդոնի արկածները ամենահետաքրքիրներից են ժամանակակից գրականության մեջ: Ուղղակի բացեք «Հրեշտակներ ու Հրեշներ» գրքի առաջին էջը ու չեք էլ հասցնի հասկանալ, թե ինչպես թերթեցիք «Ինֆերնոյի» վերջին էջը: Լավն է, իրոք: Կարդացեք ու կիսվեք:

vahe stepanyan

Ինքնահաստատման իմ ուղին` գրելը

Ես Վահեն եմ: Ինձ համար էլ է տարօրինակ, բայց արդեն 17 տարեկան: Արդեն երկու տարուց ավելի է, ես ծանոթ եմ «Մանանայի» աշխարհին: Ու երբեք ոչ մի կաթիլ չեմ փոշմանել, որ մի օր  ինձ «ստիպողաբար» հանեցին դպրոցից և ուղարկեցին մասնակցելու «Մանանայի» դասընթացին՝ Եղեգնաձորում: 

Ու այդ օրվանից «Մանանան» փոխեց իմ կյանքը: Չէ: Սրանք դատարկ խոսքեր չեն: Ես իմ ներկա կերպարի ու նախկինի մեջ շատ տարբերություն եմ տեսնում: Ես, կարելի է ասել, «Մանանայի» նոր սերնդի ներկայացուցիչ եմ: Ու ես ներկա եղա այնպիսի մեծ իրադարձության, ինչպիսին է 17.am-ի բացումը: Դա հայ պատանիների համար մեծ իրադարձություն էր:

Դե, մեկը կոնկրետ ինձ համար: Ես վերջապես գտա այն հարթակը, որտեղ կարող եմ ինձ զգալ ազատ: Այնտեղ մեր պատանի թղթակիցները, որոնք ապրում են Հայաստանի բոլոր մարզերում, հանրությանն են ներկայացնում հայ պատանիների (և ոչ միայն պատանիների) կյանքը ամենատարբեր տեսանկյուններից: Սկսած մարդկանց ներաշխարհից և վերջացրած հայկական գյուղերում հանդիպող խնդիրների ներկայացումից ու քննարկումից:
Ես մասնակցել եմ «Մանանայի» կողմից կազմակերպված  մեդիաճամբարներին. մեկ անգամ որպես մասնակից, իսկ մյուս անգամ որպես կամավոր: Գիտեք, ես նույնիսկ չեմ կարող համեմատել մեդիաճամբարները: Ախր, մեկը մեկից լավն են, է: Այդ աշխատանքային մթնոլորտը ուղղակի անփոխարինելի է:
Եթե խոսեմ, թե ինչ փոխեց «Մանանան» անձնապես ինձ համար:  Դե, նախ և առաջ, ես ձեռք բերեցի ընկերներ հանրապետության բոլոր ծայրերից: Շատ բան սովորեցի մեր ավագ ընկերներից: «Մանանան» ինձ տվեց գիտելիքներ ու փորձ, որոնք շատ թանկ են, ու կարելի է ասել, անփոխարինելի: Դրա համար սրտաչափ շնորհակալ եմ «Մանանայի» ամբողջ աշխատակազմից :
Վերջիվերջո, «Մանանան» ինձ օգնեց հասկանալ, որ ես կարող եմ գրել: Գրել ազատ: Ինչի մասին ուզեմ: Ինչն ինձ դուր է գալիս: Ոնց որ մարդիկ էլ դեմ չեն իմ մտքերին: Ու ես գտա ինքնահաստատման իմ ուղին՝ գրելը:

vahe stepanyan

Խոսքը այլ բանի մասին էր

Երևի բոլոր մարդկանց մոտ էլ էդպես ա: Երբ ուժերի գերլարումով, ինքդ քեզ խաբելով, մի կերպ նստում ես դաս անելու, պարտադիր պայման ա, որ «ֆոնի վրա» հեռուստացույցից ինչ-որ ձայներ դուրս գան: Ու հեչ էլ կարևոր չի, թե ինչ են ցույց տալիս: Կարող ա լինի` լուրեր, ինչ-որ ֆիլմ, հաղորդում… Ու կարող ա լինի հայկական սերիալ: Հիմա կասեք, որ «մեյնսթրիմ» ա. եկավ հայկական սերիալները «քլնգի» ու գնա: Չէ, չէ: Ուրիշ բան եմ ուզում ասել:

Ամեն միջին վիճակագրական տան մեջ, ամեն օր գալիս ա էն պահը, երբ մայրիկները ու տատիկները կազմում են «սերիալային կոալիցիա», գրավում են հեռակառավարման վահանակը (թող ինձ ներեն ոսկեղենիկ հայերենի բոլոր ջատագովները, բայց, էս ի՞նչ հիմար բառ ա) ու հյուրասենյակում զբաղեցնում այնպիսի մի դիրք, որտեղից հեռուստացույցի վրա կբացվի հրաշագեղ տեսարան: Ու գնա՜ց: Կոտրված սրտեր, խեղված ճակատագրեր, ես քո հորեղբայրն եմ, ես էլ քո մորաքույրը: Ու էսպես շարունակ: Լավ, ես դրա մասին չէի ուզում գրել:

Չնայած առիթից օգտվելով հայկական հեռուստաընկերություններին կխնդրեմ, որ էդ ձեր գրողի տարած սերիալների ժամերը փոխեք: Գիշերվա 4-ին, օրինակ, որ ես քնած լինեմ: Կամ էլ ցերեկը՝ 2-ի մոտերը, որ տանը չլինեմ: Համ էլ էդ ժամին 2×2-ով կարգին սերիալ ա գնում: Փոխեք ժամը, թողեք ես էլ հեռուստացույց նայեմ մեկ-մեկ: Լավ շեղվեցի:
Հա: Ուրեմն նստած անգլերենի պարապմունք եմ անում: Ու մեկ էլ սկսվեց աշխարհի ամենահիմար երկխոսությունների ժողովածուն: Էլ չեմ ասում հերոսների էն «բարձրաձայն մտածելակերպի» մասին: Դե արի ու դիմացի: Սրանից մենակ մի պրծում կա: Ականջակալներս դրեցի: Մի 5 րոպե ինձնից գոհ գրում եմ: Հետո կարդում եմ:
Mafia is famous party game created in the USSR in 1986. It models a sky full of stars, cause you’re sky full of stars. I’m gonna give you my heart …
Էս ի՞նչ եմ արել: Coldplay-ի երգի բառերը խառնել եմ Mafia-ի մասին տեքստին: Ըհ: Լավ էլի: Ականջակալներով դաս անելը անհնար բան ա: Սենց չի լինի: Հանում եմ ականջակալներս ու ստիպված «սերիալ լսելով» եմ գրում: Վերջում ստուգում եմ: Լավ ա: Վազգենի ու Աստղիկի (այստեղ կարող է լինել ձեր սիրելի «սերիալային ընտանիքը») ընտանեկան վեճը չեմ խառնել տնայինիս:
Ու էսպես ամեն օր լսում եմ էդ սերիալները ու հիշում ամեն ինչը մինչև վերջին դետալը: Ու երբ դասարանում կռիվ են անում, թե ով ում ա սպանել սերիալում, կամ ով ում երեխան ա, կողքից լսելով «նրանց ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը սերիալներին» մեջ եմ մտնում ու տալիս ճշգրիտ ինֆորմացիա: Նրանք ցինիկ հայացքով նայում են ինձ ու ոչ պակաս ցինիկ տոնով ասում են.
-Բա հետո էլ ասում ես` սերիալ չեմ նայում. հենա մեզնից լավ գիտես:

Ու իմ պատասխանը՝ «չեմ նայում է, լսում եմ, էն էլ իմ կամքից անկախ», ոչ-ոք չի լսում:

Խոսքս հղում եմ ձեզ: Էդ ձեր սերիալները մի քիչ ուշադիր նայեք: Թե չէ կողքից ապատեղեկատվություն լսելն ու կուլ տալը իմ ուժերից վեր է: Մի ստիպեք ինձ ուղղել ձեզ: Ես մեղավոր չեմ, որ նույնիսկ չիմանալով սերիալի անունը, ամբողջ սցենարը անգիր գիտեմ:

Հ.Գ. Եթե այս նյութում ես վիրավորում եմ ձեր սիրելի հայկական սերիալները, իմացեք, ես … Ես չեմ պատրաստվում ներողություն խնդրել ձեզնից: Հեհե: Էդ էր պակաս: «Զիբիլ» ա էլի , հո սուտ չե՞մ ասում:

vahe stepanyan

Մենք անմահ ենք

Նախ զգուշացնեմ, որ այս նյութը կարող է շատ երկար ստացվել: Ինքս էլ չգիտեմ դեռ: Այսինքն, եթե դու հավես չունես ու համոզված չես, որ կկարողանաս մինչև վերջ կարդալ, ավելի լավ ա` մի սկսիր: Փակիր էջը ու կբացես, երբ մի քիչ ազատ ժամանակ ունենաս և ուզես մի հետաքրքիր բան իմանալ:

Ասում են` մարդիկ անմահ չեն լինում: Հիմա կասեք` «ասում են»-ը ո՞րն ա. պարզ ա, անմահ չեն լինում: Հեհե: Դու չարաչար սխալվում ես: Հա, ու ես անմահ ասելով նկատի չունեմ, օրինակ, Շեքսպիրին կամ Բեթհովենին (ճիշտն ասած, ես կլասիկայի սիրահար չեմ, բայց դե փաստը մնում է փաստ` նրանք անմահ են): Ես նկատի ունեմ անմահ՝ ֆիզիկապես: Մահը հարաբերական է: Ուզո՞ւմ եք մի քիչ գլուխներդ տանեմ:

Հա, ինչի՞ եմ հարցնում որ. մեկ ա, պիտի պատմեմ: Դե, եթե դու դեռ չես քնել ու շարունակում ես կարդալ, ուրեմն, լարիր ուղեղդ ու շարունակիր: Էստեղ մի 2 հետաքրքիր բան ունեմ ձեզ համար:
(Ստորև ներկայացված մասը իմի եմ բերում այն գիտելիքներից, որոնք ինձ «տվել են» Մայք Սթիվենսը ու Բիլ Բրայսոնը: Այն կարող է հետաքրքիր լինել, կարող է նաև՝ ոչ: Դրա համար էլ խորհուրդ եմ տալիս մի բաժակ սուրճով կամ թեյով զինվել):

Ֆուհ: Հլը մի հատ լուսամուտից նայեք: Նայեք, կարող ա` հենց հիմա պատահաբար անցնում ա էն աղջիկը (կամ էլ տղան), ով ձեզ վաղուց դուր ա գալիս: Բայց քանի որ դու շատ ամաչկոտ երիտասարդ ես ու չգիտես ինչ պիտի ասես նրան, երբ նայես նրա աչքերին, քանի որ երբեք չես մոտեցել նրան: Դե, հիմա հանկարծ պահը բաց չթողնեք: Վազեք փողոց, հասեք նրան, բռնեք նրա թևից ու ասեք.
-Իսկ դու գիտե՞ս, որ մենք բարեկամներ ենք:
Ու մինչ ինքը ձեռքը կազատի, կնայի քեզ ու կասի. «Կարո՞ղ է դեբիլ ես», դու կհիշես իմ գրածը ու առանց ստելու կպնդես, որ ինքը քո բարեկամն ա:

Դե, գիտեք, եթե նայենք գենետիկայի տեսանկյունից, հավանականությունն ուղղակի ահռելի ա, որ քո երկրում ապրող ու քո ազգին պատկանող ամեն պատահական մարդ քո հետ ունեցել է ընտանիքի ընդհանուր անդամ ամենաշատը 10 սերունդ առաջ: Այսինքն, 1600-ականներում ապրող մի մարդ կարող է լինել երկուսիդ ընդհանուր նախնին: Ու սա հեչ էլ դատարկ խոսքեր չեն: Մաքուր գիտական հաշվարկ:
Քանի մտածում եք. «Ի՞նչ ա անկապ խոսում», մի բան էլ ավելացնեմ:
Հիմա Երկիր մոլորակի վրա ապրող 7 միլիարդ մարդկանց ընդհանուր նախնին հնարավոր է, որ գոյություն է ունեցել մոլորակի վրա արդեն մ.թ.ա. 300 թվականին: Ըստ երևույթին, նա ապրել է Թայվանում, որտեղից իր հաջորդները կարողացել են արագ տարածվել ամբողջ աշխարհում: Թեթև հաշվարկը ցույց է տալիս, որ մոլորակի վրա ապրող ամեն մարդ մյուսի «պիծիձիսիտիյուռդնի» ( չգիտեմ հայերեն համարժեքը, դե «դվայուռդնիի» պես էլի, ուղղակի 50 պորտ) զարմիկն է կամ զարմուհին: Հասկանո՞ւմ եք, ամեն պատահական մարդ: Մինչև սա մարսեք, մի ուրիշ բան էլ ասեմ, որ գուցե ձեզ հետաքրքրի, գուցե և` ոչ:
Երկու բառ տեսությունից:
Մեր մարմնի բջիջները ու բակտերիաները մշտապես մահանում են ու փոխվում նորերով: Նույնիսկ մեր ուղեղի բջիջները՝ նեյրոնները, որ ահագին երկարակյաց են, անընդհատ փոփոխվում են: Նորից մի երկու կտկտոց հաշվիչի վրա, ու կպարզվի, որ մեր մարմնի մաս կազմող ատոմներից յուրաքանչյուրը 5 տարին մեկ փոխվում է ուրիշով: Հիշեք ձեզ 5 տարի առաջ: Դուք ատոմային մակարդակով ոչ մի ընդհանուր բան չունեք նրա հետ: Ոչ մի ատոմ: Գուցե դուք արդեն ձանձրացե՞լ եք, բայց ես միևնույն է, պիտի շարունակեմ:
Եթե մարդ վայրկյանում մի թիվ հաշվեր, մինչև միլիոնը հաշվելու համար նրանից կպահանջվեր 12 օր, իսկ մինչև միլիարդը` 34: 34 տարի… Էս ուղղակի, որ պատկերացնեք, թե միլիարդը ինչքան մեծ թիվ ա: Որովհետև հեսա վերջում միլիարդների հետ ենք գործ ունենալու: Հա ու մեկ էլ. եթե ունենաք մի միլիարդ նատրիումի ատոմ, նրանց ընդհանուր կշիռը միասին կկազմի 0 ամբողջ 13 հատ 0 վերջում 38 գրամ: Էս էլ որ պատկեարցնեք, թե ինչ փոքր ա ատոմը, որովհետև հեսա ատոմների հետ ենք գործ ունենալու:
Հեսա սպասեք: Մարդու ամեն բջիջ իր մեջ ունի 100 անգամ ավելի շատ ատոմ, քան աստղ կա մեր գալակտիկայում: Այսինքն, մի մարդու մարմնում ավելի շատ ատոմ կա, քան գիտությանը հայտնի ամբողջ տիեզերքում (ուղղակի ֆիզիկայով հետաքրքրվողների համար էստեղ թողնեմ, որ գիտությանը հայտնի տիեզերքը իրենից ներկայացնում է 130 միլիարդ լուսային տարի տրամագծով մի գունդ):
Բիլ Բրայսոնը (իմիջայլոց, մի շատ կայֆ մարդ) իմի բերեց էս փաստերը, մի քիչ կռվեց թվերի հետ ու հասավ մի հասարակ վիճակագրության: Դե, եթե մեր մարմնում էդքան անընդհատ փոփոխվող ատոմներ կան, ըստ Բիլի հաշվարկների, ներկա պահին քո մարմնում կա մի միլիարդ ատոմ, որ ժամանակին եղել են նույն Շեքսպիրի կամ Բեթհովենի մարմնում: Հենց հիմա տվյալ պահին մի միլիարդ ատոմ քո մարմնից Չինգիզ Խանինն են, մի միլիարդը` Դա Վինչիինը: Չէ, բայց դու զգո՞ւմ ես:
Մյուս կողմից, հենց հիմա քո մարմնի մասը կազմող մի միլիարդ ատոմ 1000 տարի հետո կարող են լինել ԱՄՆ 200-րդ նախագահի մարմնի մասը: Դու մասը կլինես այն մարդու, ով 1000 տարի հետո առաջինը ոտք կդնի մի անհայտ մոլորակի վրա ու կսեղմի այլմոլորակայինի ձեռքը (դե, կամ կմեռնի նրա ձեռքով):

Հասկանո՞ւմ ես, քո մի մասը միշտ էլ կմնա: Դու անմահ ես: Դե, գուցե մասամբ, բայց դու միշտ կթողնես քո հետքը տիեզերքում:

Մենք անմահ ենք: Ու պահում ենք մեր մեջ անմահներին: Ու ամենևին էլ կապ չունի` մարդը քո թշնամին է, թե բարեկամը. դու կապված ես նրա հետ: Դու կապված ես բոլորի հետ: Մենք բոլորս իրար հետ ենք կապված: Ինչ Հարաբերական բան ա դառնում կյանքը:

Մի ջարդեք ձեր գլուխը դատարկ բաների վրա: Ուղղակի սիրեք իրար:

Հ.Գ. Շնորհակալ եմ, եթե դու դիմացար ու կարդացիր մինչև վերջ, որովհետև ես ահագին լարեցի միտքս նյութս գրելուց:Հուսով եմ, հասկացար` ինչ էի ուզում ասել:

Հա, ու մեկ էլ. հիշիր, որ մենք բարեկամներ ենք: