Լիլիթ Վարդանյանի բոլոր հրապարակումները

lilit vardanyan

Ձկները, շատակեր գորտը, կրիան ու երազանքները

Հիշում եմ, որ ժամանակին մենք ձկներ էինք պահում: Միջանցքում կար մի ակվարիում, որի մեջ փոքրիկ ձկնիկներ էին: Ու վերջ: Չեմ հիշում, թե երբվանից էինք մենք ձկներ պահում: Բայց դրանք իմ առաջին կենդանիներն էին: Ես շատ էի սիրում կերակրել ձկներին և հետևել նրանց ուտելու ընթացքին:

-Հերիք ա կերակրեք, ձկներն արդեն կուշտ են,- ասում էին ծնողներս:

Մի օր եղբայրս ու հայրիկը գնացին շուկա և այնտեղից չինական գորտ բերեցին: Այդ գորտը սպիտակ էր և տարօրինակ տեսք ուներ: Մի քանի շաբաթվա ընթացքում մենք նկատում էինք, որ ձկները քչանում են, իսկ գորտը գիրանում էր: Արդեն ձկների կեսից շատը պակասել էր: Հերթական ձկնիկի անհետացումից հետո մտածում էինք՝ ինչ անել գորտի հետ: Հայրիկը զայրացավ և գորտին գցեց զուգարանակոնքի մեջ: Մենք երկար ծիծաղում էինք: Հետո ես հարցրի.

-Բա գորտին ի՞նչ ա լինելու:

-«Կանալիզացիայում» կապրի,- ասացին հայրիկն ու եղբայրս:

Հետո հայրիկը նոր ձկներ գնեց: Որոշ ժամանակ անց մենք հոգնեցինք ձկներ պահելուց, և հայրիկը նրանց կենդանիների խանութ տարավ:

Իսկ 2009 թվականին մենք կրիա գնեցինք, որովհետև Արամը (եղբայրս) գերազանց ավարտել էր 2-րդ դասարանը և ուզում էր կրիա պահել: Կրիան երկկենցաղ էր: Դրա համար էլ ակվարիումի մեջ մի քիչ ջուր ու ավազ լցրեցինք և նրան դրեցինք մեջը: Հետո նրա համար բակից մեծ քար գտանք: Ես և եղբայրս կրիային անվանեցինք Կրյոշ (իսկ ինչպե՞ս կարելի էր ավելի լավ անուն հորինել կրիայի համար): Այդ տարի ամռանը մենք կրիային իջեցնում էինք բակ: Իմացանք, որ խոտ էլ է ուտում: Ես ու Արամը նրան դնում էինք բազմոցի վրա, որ բարձրանար: Դնում էինք մեջքի վրա, որ հետ շրջվեր ու ասում էինք, որ նրան տարբեր հնարքներ ենք սովորեցնում: Շատ ուրախ էինք անցկացնում ժամանակը՝ տեսնելով, թե մեր կրիան ինչ լավ է ընտելանում:

Իսկ ձմռանը նա երկարատև քուն մտավ: Այդպես մենք նրան 6 տարի խնամեցինք: Բայց վեց տարի անց մենք արդեն հոգնել էինք նրան խնամելուց: Ակվարիումի ջուրը շաբաթներով չէինք փոխում: Չէինք կերակրում: Հետո մենք որոշեցինք, որ հերիք է նրան տանջել: Կրյոշին տարանք շուկա և վաճառեցինք տիրոջը:

Մենք էլ ոչ մի կենդանի չպահեցինք:

Երբ ես փոքր էի, երազում էի շուն ունենալ: Հիշում եմ, որ մենք նույնիսկ գնացել էինք վերնիսաժ՝ շներին նայելու: Մի խելացի շուն տեսանք, որը լպստեց և հոտ քաշեց իմ կոշիկներից:

-Իմ հոտը կհիշի, չէ՞,- հարցրի ես:

Որոշել էի, որ այդ շանը պիտի գնենք:

Բայց ծնողներս ինձ չէին թողնում շուն պահել: Երբ հարցնում էի՝ ինչու, նրանք պատասխանում էին, որ պապիկը չի սիրում կենդանիներ, ու հետո, այդ շունը մի օր կսատկի: Ծնողներիս կարծիքով, ես դեռ փոքր էի այդպիսի պատասխանատվություն կրելու համար:

Մտածում էի՝ կարելի է պուդել պահել: Իսկ երբ ես պուդել տեսա ու իմացա, թե ինչ աշխույժ ու ագրեսիվ է, փոշմանեցի:

Շուն ունենալու պատմությունը շատ հին է ու երկար: Ես վաղուց մոռացել էի այդ երազանքի մասին:

Հիմա ես ավելի շատ ուզում եմ կատու ունենալ: Կատուն հանգստացնում է նյարդերը: Չնայած, ես չեմ սիրում կպնել կենդանիներին: Չնայած, իմ կարծիքով, կատուները եսասեր են, հավատարիմ չեն ու մտածում են միայն լավ տիրոջ, տաք վերմակի ու համեղ նախաճաշի մասին:

Կենդանիների հետ կապված միակ բանը, որ մինչև հիմա երազում եմ՝ կյանքում գոնե մի անգամ ձի նստելն է: Գիտե՞ք՝ երբ սկսվեց իմ սերը ձիերի հանդեպ: Ես մոտ 6 տարեկան էի:

-Մամ, ես ինչի՞ տարի եմ ծնվել,- հարցրի ես:

-Ձիու: Ավելի շուտ՝ ծովային ձիու:

Ես այդ ժամանակ ծովառյուծի պատկերացրի: Բայց հետո իմացա, թե ինչ է ծովային ձին:

11 տարեկանում կարդացի «Երեք հրացանակիրները» ու ես էլ ուզեցի ունենալ դ’Արտանյանի՝ ամբողջությամբ սև, ճակատին սպիտակ աստղաձև նշանով ձիուց:

Իսկ եթե ճիշտն ասեմ՝ ես չգիտեմ, թե կոնկրետ երբվանից սկսվեց իմ սերը ձիերի հանդեպ:

2016 թվականին Աղվերանի մեդիա ճամբարում ես մասնակցեցի Նուշիկի ու իր ձիու մասին ֆիլմի նկարահանմանը: Նուշիկը պատմում էր իր ձիերի մասին: Տեսա, թե ինպես էր ձին հասկանում իր տիրոջը: Իմացա, թե ինչ խելացի կենդանիներ են ձիերը: Նուշիկը խոստացավ, որ նկարահանումներից հետո ամեն մեկս հերթով կնստենք ձիու վրա: Ես շատ ուրախացա: Իմ երազանքը կկատարվեր:

Բայց իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ մենք շուտ գնացինք և չնստեցինք ձիու վրա:

Հուսով եմ՝ այս տարի կկատարվի իմ երազանքը, որովհետև որոշել եմ ամռանը ձիարշավի դասերի գնալ:

lilit vardanyan

2017թ. իմ հավանած երեք գրքերը

Մոտ մեկ տարի առաջ ես գրել էի 2016թ. ամենահավանած գրքերի մասին: Այս անգամ ուզում եմ գրել 2017թ.-ի գրքերի մասին, որոնք ինձ դուր են եկել կամ կարևոր են ինձ համար: Ուզում եմ գրել Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստոն ճայը», Ջորջ Օրվելի «Անասնաֆերման» և Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451» գրքերի մասին:

«Ջոնաթան Լիվինգստոն ճայը» տարբերվելու, չհանձնվելու, նպատակին հասնելու և կատարյալ դառնալու մասին է: Այն փոքր վիպակ է, որի գլխավոր հերոսը Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայն է: Նա նման չի մյուս ճայերին, որոնք միայն մտածում են ծովում որս անելու մասին: Նրա նպատակն է՝ կարողանալ թռչել հնարավորինս արագ և բարձր: Եվ, միգուցե դա նրան հաջողվում է…

Պատմվածքի հիմնական իմաստն այն է, որ պետք չէ վախենալ տարբերվելուց և հասնել նպատակին՝ ուշադրություն չդարձնելով մյուսների քննադատություններին:

Մյուս գիրքը, որի մասին ուզում եմ պատմել, «Անասնաֆերման» է: Ամեն ինչ սկսվում է, երբ ֆերմայի կենդանիները որոշում են ապստամբել և ստեղծել անկախ ֆերմա: Նրանք երգում են վաղուց մոռացված «Անգլիայի գազանները» և պատրաստվում ապստամբության:

«Անասնաֆերման» իշխանության մասին է: Գրքի մեջ կան և՛ լուռումունջ հնազանդվողները, և՛ ազդեցիկ ճառ ասողները, և՛ պայքարել ցանկացողները, և՛ իրականությունը տեսնողները, բայց չպայքարողները, և՛ նրանք, ովքեր կարողանում են միայն սուտ խոստումներ տալ, բայց իրականում կատարել այն, ինչ ուզում են, որովհետև հասարակությունը միշտ չի, որ կազմակերպված է և խելացի:

Իմ կարծիքով, այս գիրքը շատ կարևոր է և կարելի է կարդալ (եթե մտածում եք, թե ինչ գիրք կարելի է կարդալ):

«Ֆարենհայթ 451» վեպի գործողությունները կատարվում են ապագայում: Ապագայում, երբ մարդկանց այլևս հարկավոր չեն գրքերը, և հրշեջները դարձել են հրկիզողներ: Մարդիկ ապրում են երջանիկ 4 հեռուստապատերի հետ զրուցելով և մտածելով, որ շատ բան գիտեն (իսկ իրականում նրան ոչինչ էլ չգիտեն): Աշակերտները դասերից հետո զվարճանում են ավտոմեքենան վարելով այնքան արագ, որքան կարող են և դժբախտ պատահարների պատճառ դառնալով: Իսկ նրանցով, ում դուր չի գալիս այդ կյանքը, զբաղվում են էլեկտրական շները:

Գրքի գլխավոր հերոսը հրկիզող Մոնթագն է, ով զրուցելով իր հարևանուհու հետ, հասկանում է, որ աշխարհը այլևս այնպիսին չէ, ինչպիսին անցյալում: Նա մեկն է այն մարդկանցից, ովքեր փորձելով փոխել աշխարհը, կամ արժանանում են մահվան, կա՛մ էլ փախչում են (միանալով նույն ճակատագրին արժանացածներին):

Լավ, հերիք է պատմեմ: Ավելի լավ է դուք կարդաք, որպեսզի ավելի հետաքրքիր լինի:

lilit vardanyan

Իմ 2017-ը

Այս տարի ես մասնակցեցի հայոց լեզվի և հայոց պատմության օլիմպիադաներին: Հունվարին պարապում էի հայոց պատմության օլիմպիադայի համար: Կրկնեցի 6-9-րդ դասարանների դասագրքերը: Հետագայում դա ինձ օգնեց քննությունների համար պարապել, անգիր հիշել բոլոր թվականները և չսիրել պատմությունը:

Մայիսի 28-ին ես առաջին անգամ կամավորական աշխատանք արեցի: «Բարքեմփ» Երևանի կամավորների թիմում էի: Ես ամենափոքր կամավորն էի և ամենաքիչ փորձ ունեցողը: Բայց ինձ շատ դուր եկավ այդ աշխատանքը: Հետո էլ՝ նոր մարդկանց հետ ծանոթացա:

Մայիս-հունիս ամիսներին քննություններ էի հանձնում: Հետո ավագ դպրոց կամ քոլեջ ընդունվելու հարցն էր: Միշտ սիրել եմ օտար լեզուներ սովորելը: Մտածեցի՝ կարելի է փորձել ֆրանսերեն էլ սովորել, հետո էլ կընդունվեմ Ֆրանսիական համալսարան: Հենց այդպես էլ կայացրի իմ դժվարագույն որոշումը և ընդունվեցի Ֆրանսիական քոլեջ:

Երևի 2017-ը որոշումների տարի էր, որովհետև այս տարի մենք որոշել էինք ամառային արձակուրդներին գնալ Մոնտենեգրո: Ես առաջին անգամ ինքնաթիռ նստեցի: Ինձ դուր եկավ ինքնաթիռով ճանապարհորդելը: Ինձ դուր եկան Մոնտենեգրոն, Կոտորի չափից նեղ փողոցները (ընդամենը երկու մարդ կարող էին կողք կողքի քայլել), գեղեցիկ պատուհանները, կատուներն ու կարմիր տանիքները, Մոնտենեգրոյի խաղաղ և ծույլ բնակիչները և Ադրիատիկ ծովի խաղաղ, սառը ալիքները, հատկապես՝ Սուրբ Նիկոլա կղզու ոչ մարդաշատ ափը (բացի այդ ափի հսկայական քարերից):

Արդեն 10 տարի է, ինչ տատիկը օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին Դիլիջան գնալու ուղեգիր է վերցնում: Այս տարին բացառություն չէր: Ես, եղբայրս ու զարմուհիներս շատ ենք սիրում ամռան վերջին երեք օրն անցկացնել Դիլիջանում՝ առանց ծնողների (տատիկի ու պապիկի հետ): Անտառ, բնություն, գիրք, հանգստություն և ամենակարևորը՝ առանց համացանցի:

Սկսվեց սեպտեմբերը: Այս անգամ ես գնացի ոչ թե դպրոց, այլ քոլեջ: Մի ամիս սովորում էի գնալու ճանապարհն ու անցնում 63-ի խաղը:

Նոյեմբերին եկավ իմ սիրելի խորն աշունը: Հենց այդ ժամանակ է, երբ հասկանում եմ, որ իմ ծնունդն է մոտենում: Իսկ երբ իմ ծնունդն է մոտենում, հասկանում եմ, որ Նոր տարին է մոտենում, և իմ տրամադրությունը բարձրանում է:

Հուսով եմ, որ մյուս տարին ավելի հետաքրքիր և անակնկալներով լի կլինի:

lilit vardanyan

63-ի խաղը

Այս տարի ես ընդունվել եմ Ֆրանսիական քոլեջ: Առավոտները պետք է իջեցնեմ դասից ուշանալու հավանակությունը: Ասեմ, որ սկզբում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր: Չեմ հիշում՝ ես առաջ եղե՞լ էի Զեյթունում, թե՝ ոչ: Դրա համար մի ամիս հայրիկիս հետ էի գնում: Այն ժամանակ ավելի շատ էին դժվարությունները, որովհետև սեպտեմբերի սկիզբն էր: Բայց ես այդ մասին չեմ ուզում գրել: Ես ուզում եմ գրել այն մասին, թե ինչպես Նորքի 2-րդ զանգվածից ժամանակին հասնել Ֆրանսիական քոլեջ:

Նախևառաջ պետք է ճիշտ ժամանակին տնից դուրս գալ: Ես հիմնականում տնից դուրս եմ գալիս ժամը 8-ին: Իսկ եթե տնից դուրս գամ ժամը 8:05-8:10-ին, ապա ուշանալուս շանսերը կմեծանան:

Հետո պետք է ոտքով հասնեմ 63-ի կանգառ: Մեր տնից մինչև կանգառ հինգ րոպեի ճանապարհ է, չհաշված այն փաստը, որ իմ մենակ քայլելը վազելու հաշիվ է: Ճիշտն ասած, տնից դուրս գալուց ես չեմ նայում ժամացույցին, բայց մոտ երեք րոպե անց ես արդեն կանգառում եմ: Հիմնականում իմ բախտը չի բերում, և ես չեմ հասցնում նստել ժամը 8-ի «գազել»-ը: Երբ համարյա վազելով մոտենում եմ 63-ին, իսկ մյուս կողմից մի մարդ հանգիստ քայլերով մտնում է ներս ու նստում վերջին ազատ նստարանին: Ստիպված պետք է նստեմ 8:05-ի երթուղայինը: Այդ ժամանակ պետք է իմանալ, թե որն է հաջորդը: Հիմնականում ես գուշակում եմ: Մի անգամ  նստել էի, իմ կարծիքով, ճիշտ ավտոմեքենան: Հետո տեսա, թե ինչպես էր մյուս 63-ը գնում: Բայց ես դուրս եկա, իմ կարծիքով, ճիշտ ավտոմեքենայից և հասցրեցի նստել իրականում ճիշտը:

Քանի որ նստեցի իրականում ճիշտ ավտոմեքենան, կարելի է սկսել 63-ի խաղը: «Իսկ ի՞նչ է 63-ի խաղը»,- կհարցնեք դուք:

«Գազել»-ը նստելու քայլերը կատարելուց հետո, ես այլևս ոչինչ չեմ կարող անել դասից ուշանալու հավանականությունը փոքրացնելու համար: Մնացածը վարորդից և խցանումներից է կախված: Ահա, թե ինչու հենց «63-ի խաղ»:

Առաջին արգելքը, որին վարորդը հանդիպում է՝ 135 դպրոցի խցանումն է: Այս շաբաթ դպրոցականները արձակուրդ են: Այս մի քանի օրը այնտեղ խցանում չի լինում:

Կանգառից մինչև Առևտրի քոլեջ 63-ը մարդկանց է հավաքում: Մարդիկ էլ, երևի, խաղի միջի կոպեկներն են: Հավաքում է մինչև ավտոմեքենայի մեջ շնչելու տեղ չի լինում: Ես նստած եմ լինում, բայց ինչ-որ մեկը պարտադիր վերևից շնչում է իմ վրա այնպես, որ ես չեմ կարողանում շնչել (ի դեպ, ես քամու ժամանակ էլ չեմ կարողանում շնչել): Մի անգամ էլ մեկը կծու ծամոն էր ծամում: Ես էլ ստիպված էի շնչել նրա արտաշնչած, խեղդող հոտը: Հա, ու մարդիկ կան, ովքեր իրենց պայուսակները հենում են իմ նստարանին: Գիտեմ, որ կանգնածներին անհարմար է, բայց ինձ էլ է տարածք հարկավոր: Հետո էլ ես ինքս պայուսակով եմ: Ի՞նչ են մտածում, որ կվերցնե՞մ իրենց պայուսակը:

Առևտրի քոլեջից մինչև Գայի արձան 63-ը խցանումների չի հանդիպում: Եթե վարորդը արագ է վարում, ապա ժամանակ է շահում, իսկ եթե՝ ոչ, ուրեմն ուշանալու հավանականությունը մեծանում է: Գայի արձանի մոտ սկսվում է խցանումը: Գայի արձանից մինչև Հայկի արձան ավտոմեքենան հասնում է 15 րոպեում: Դրա համար էլ 63-ը մինչև իմ կանգառը 20 րոպեի ճանապարհը 45 րոպեում է անցնում:

Մասիվի խցանումներն անցնելուց հետո ճանապարհին գրեթե խցանումներ չեն լինում: Մեքենան արագ է առաջ շարժվում: Մարդիկ էլ սկսում են իջնել ավտոմեքենայից: Իսկ հիմա, ուշադրություն: Շատ վարորդներ կան, ովքեր լավ չեն լսում կամ համարյա չեն լսում: Պետք է իմանալ ճիշտ «կանգառում կկանգնե՛ք» ասելու արվեստը: Երկու ամսվա ընթացքում ես կարողացա տիրապետել այդ «արվեստին»:

Հիմա պատմեմ մի փոքր պատմություն իմ ու հայրիկի հայտնագործության մասին: Ամեն անգամ ես ու հայրիկը իջնում էինք Ռայկոմի կանգառում: Հետո մենք պետք է անցնեինք 10-15 րոպեի ճանապարհ մինչև հասնեինք Ֆրանսիական քոլեջ: Այդ պատճառով ես մի անգամ (կյանքումս առաջին անգամ) 2 րոպեով ուշացա դասից: Տատիկը ասում էր, որ այնտեղ ավելի կարճ ճանապարհ կա: Մի անգամ ես ու հայրիկը քաջություն արեցինք և որոշեցինք մի կանգառ շուտ իջնել ու գտանք տատիկի ասած կարճ ճանապարհը: Այդ օրվանից ես էլ երբեք չեմ ուշացել:

Երբ դուրս եմ գալիս մեքենայից: Գնում եմ կարճ ճանապարհով և համարյա առաջինը (երբեմն նաև առաջինը) հասնում քոլեջ:

Սա էլ իմ պատմությունը 63-ի խաղի մասին:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Երևան՝ սիրո քաղաք. Էրեբունի-Երևան 2799

DigiTec Expo – 2017

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսով «Yerevan Expo» ցուցահանդեսային համալիրում տեղի է ունեցել «DigiTec Expo-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը:
17.am-ի թղթակիցները ստորև լուսաբանում են «DigiTec Expo-2017»-ը:  

«Արփի Սոլար» ընկերության մարքեթինգի և վաճառքի բաժնի ղեկավար Կատարինե Գալստյան:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

-Ե՞րբ է ստեղծվել կազմակերպությունը, ո՞րն է նրա հիմնական արտադրանքն ու առաքելությունը:

-Ընկերությունը արդեն 5 տարի է, ինչ գործում է հայաստանյան շուկայում և ներկայացնում է արևային էներգիան օգտագործելու տարբեր տեսակների համակարգեր: Հինգ տարվա գործունեության արդյունքում արդեն ունենք գրեթե 1200-ից ավելի նախագծեր:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Արևային էներգիան երկու խոշոր մասերի է բաժանվում՝ ֆոտովոլտային համակարգեր, որոնց միջոցով մենք ստանում ենք հոսանք, և ջերմային համակարգեր, որոնց միջոցով մենք ստանում ենք տաք ջուր: Այս համակարգերը ստեղծված են կենցաղային օգտագործման համար: Այս տարի, որպես 5 տարվա գործունեության արդյունք, շահագործման ենք հանձնելու մեր մեկ մեգավատտանոց առաջին արևային կայանը, որն օգագործվելու է սպառման համար:

-Ինչքանո՞վ են արևային համակարգերը տարածված Հայաստանում:

-Այսօր այստեղ՝ «ԴիջիԹեք էքսպոյում» մենք ներկայացնում ենք ոչ միայն մեր նոր մեկ մեգավատտանոց կայանը, այլ նաև մեր ողջ արևային համակարգերի տեսականին: Ներկայացնում ենք մարդկանց, թե ինչու ընտրել հենց մեր կազմակերպությունը: Առաջին պատճառը հենց հինգ տարվա փորձն է Հայաստանում, իսկ ընդհանրապես՝ մենք ունենք տասնհինգ տարվա փորձ, մեր գործարանը գտնվում է Սիրիայում: Մեր սպասարկումը, վաճառքը գործում է բոլոր մարզերում: Նաև ունենք հատուկ կրթական կենտրոններ, որոնք պարբերաբար անցկացնում են սեմինարներ, մարդիկ կարող են սովորել, դառնալ արևային էներգիայի ինժեներներ:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

«Արփի Սոլար» ընկերության ամենակարևոր մոտեցումը անհատական մոտեցումն է յուրաքանչյուր հաճախորդին: Մենք հաշվի ենք առնում մեր կողմից սահմանված չափորոշիչները, որոնք տարբեր են ֆոտովոլտային և ջերմային համակարգերի համար: Բոլոր չափորոշիչները հաշվի առնելուց հետո միայն մենք հաճախորդին խորհուրդ ենք տալիս, թե որ համակարգն ընտրել, առաջարկում ենք արևային լուծումներ: Մենք վաճառում ենք ոչ թե ապրանք, այլ լուծում:

-Ինչքանո՞վ են արևային համակարգերը ավելի տնտեսող ու սպառողի համար ձեռնտու, քան ամեն ամիս էլեկտրականության դիմաց վճարելը:

-Համակարգերը բավականին մատչելի են: Ջրատաքացման համակարգերն արժեն մոտ 800 դոլար: Եթե հաշվենք ամսական այն գումարը, որ դուք տրամադրում եք գազի դիմաց վճարելուն, մոտավորապես 2.5-3 տարի հետո ներդրված գումարը ամբողջությամբ դուրս է գալիս: Սովորական ջրատաքացման համակարգի շնորհիվ կարելի է 20 տարվա մեջ խնայել 2.5 միլիոն դրամ: Ֆոտովոլտային համակարգերը նույնպես մատչելի են: Այն այֆոնները, որ մենք այսօր գնում ենք, ավելի թանկ են, քան մեկ ամբողջական արևային համակարգը: Այսօր այս համակարգերը ձեռք բերելու համար սկզբնական ներդրում անել էլ պետք չէ: Այն գումարը, որ ամսական վճարում ենք գազի կամ էլեկտրաէներգիայի դիմաց, կարող ենք վճարել ֆինանսական կազմակերպություններին արևային համակարգի համար:

-Ինչքանո՞վ է ժողովրդի գիտակցությունը բարձր, որ այս համակարգերն ավելի խնայող են:

-Դեռևս երկու տարի առաջ արևային համակարգերը դեռ նոր էին, չտարածված, բայց հիմա վստահորեն կարող եմ ասել, որ պարզապես չենք հասցնում տեղադրել համակարգերը: Երբ մի հոգի տեղադրում է, մնացած բոլորը նրա շրջապատում նույնպես սկսում են տեղադրել:

-Ինչպիսի՞ն է արևային համակարգեր առաջարկող կազմակերպությունների մրցակցային շուկան Հայաստանում:

-Կան ևս մի քանի կազմակերպություններ, որոնք նույնպես առաջարկում են արևային համակարգեր, բայց դա դեռևս մրցակցություն չենք համարում, որովհետև թե՛ վաճառքի ծավալներով, թե՛ մեզ հետ համագործակցող ընկերությունների թվով ու մեր ունեցած փորձով մենք բացարձակ առաջատար ենք եղել ու կմնանք: Եթե հաշվենք միայն կենցաղային սպառման համար ձեռք բերված համակարգերը, մենք արդեն 1200-1300 սպառող ունենք, ինչը բավականին լուրջ թիվ է: Մենք ուրախ ենք, որ կան էլի այս գործով զբաղվող կազմակերպություններ, որովհետև շուկան շատ մեծ է, շատ բաց, ու մենք այսօր ունենք էներգետիկ անկախության պետական պրոբլեմ:

-Ինչպիսի՞ն էր պետության վերաբերմունքը կազմակերպությանը՝ որպես ալտերնատիվ էներգիա առաջարկողի: 

-Օրենսդրական դաշտում փոփոխությունները տեղի են ունենում ամեն ամիս: Այդ փոփոխություններն արդեն նպաստում են զարգացմանը, որովհետև դրանք համակարգը դարձնում են ավելի մատչելի, ավելի ճկուն, ինչի շնորհիվ մենք ունենում ենք ավելի շատ սպառողներ: Մենք հիմա այն եզակի պետություններից ենք, որ կայանը տեղադրում ենք, և էներգիան փոխանցում ընդհանուր ցանցին: Կարող ենք նաև արևային պլանտացիաներ ունենալ:

-Ի՞նչ հետագա պլաններ ունեք:

-Կփորձենք տարբեր գործիքներ կիրառել, որ մեր արտադրանքը սպառողին ավելի մատչելի, ավելի հասանելի լինի: Երկրի էներգետիկ անկախության տեսանկյունից նախատեսում ենք մի քանի այլ կայանների բացում, որոնցից առաջինը կլինի հոկտեմբերի 27-ին Թալինի առաջին մեկ մեգավատտանոց կայանի բացումը: Կայանը արտադրելու է էլեկտրաէներգիա ոչ թե ինչ-որ մեկի սպառման համար, այլ գործելու է մյուս ջէկերի, ատոմակայանի պես: Արևային էներգիայի կայանի ռեսուրսը անսպառ է, այն չի կեղտոտում շրջապատը: Էներգիան հավաքվելու է ընդհանուր ցանցում, այսինքն՝ ձեր օգտագործած էներգիան հնարավոր է, որ լինի հենց արևայինը:

***

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

«Արփինետ» ընկերության տեխնիկական տնօրեն Առնակ Մելիքյան:

-Մենք ներկայացնում ենք հեռուստատեսային նոր պլատֆորմ, որը ավելի հարմար է և մատչելի: Ամենակարևոր բաժիններից մեկը նախընտրելի բաժինն է: Այս բաժնի օգնությամբ դուք կարողանում եք ամբողջովին կառավարել ձեր եթերը: Այսինքն՝ այն կարող է ցույց տալ այս պահին բոլոր ալիքներով ցուցադրվող ֆիլմերը կամ երեխաների համար նախատեսված հաղորդումները: Դուք անգամ կարող եք ժանրերով ֆիլտրել ձեր եթերը: Սա մեր հեռուստատեսության ամենամեծ առավելությունն է: Ալիքները մեծամասամբ հայկական ալիքներ են: Յոթ օրվա ընթացքում դուք կարող եք կրկին նայել հաղորդումը: Ունենք նաև բնութագրող տողեր տվյալ հաղորդման մասին:

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

Մեր հեռուստատեսության ամենամեծ առավելությունը և նորարարությունը արագ գործելն է: Էսպիսի արագ աշխատող պլատֆորմ դեռ Հայաստանում չկա: Մեր հավելվածը գործում է «խելացի հեռուստացույցների» և «անդրոիդ» օպերացիոն համակարգերի վրա երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

***

Դավիթ Գևորգյանը ներկայացնում է իր էլեկտրական հոսանքով աշխատող մեքենան:

-Ներկայացնում եմ էլեկտրական ավտոմեքենա: Հեղինակը ես եմ: Աշխատում է էլեկտրական հոսանքով։ Որպես առանձնահատկություն կարելի է նշել, որ պատրաստված է սովորական ավտոմեքենայի բազայի հիման վրա։

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

Այսինքն՝ պատրաստի մեքենայի բազան վերցրել ենք ու վրան տեղադրել էլեկտրական շարժիչ՝ իր օժանդակ սարքերով։ Որպես էլեկտրական մեքենա՝ մրցունակ է աշխարհում։ Չորս անգամ տնտեսում է վառելիքով աշխատող սովորական մեքենայի ծախսը։ Մեքենան լիցքավորվում է 2-3 ժամում։

***

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

Ֆրանսիական համալսարանը «DigiTec Expo-ում»: Ներկայացնում են համալսարանի ուսանողները:

-Հայաստանում ֆրանսիական համալսարանն ունի նոր ֆակուլտետ՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա։ Ունենք նաև չորս այլ ֆակուլտետներ՝ իրավաբանություն, մարքեթինգ, կառավարում և ֆինանսներ։ Չորրորդ կուրսի երկրորդ կիսամյակից լավագույն ուսանողները պրակտիկա են անցնում Ֆրանսիայում։

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

Բացի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետից՝ մնացած բոլորի համար ունենք նաև մագիստրատուրա և ասպիրանտուրա։ Համագործակցում ենք «Լիոն 3» համալսարանի և Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտական ինստիտուտի հետ։ Ունենք նաև նախապատրաստական զրո կուրս։ Այսինքն՝ դիմորդները նախապատրաստվում են ընդունելության քննություններին։ Նոր ֆակուլտետը կբացվի 2018 թվականին։ Ծրագիրը դեռ ամբողջական չէ, շուտով կհրապարակվի։

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

Ասեմ, որ էքսպոյի ընթացքում ոգևորությունը նկատելի է։ Մեր ռեկտորն էլ իր ելույթում փաստեց IT ոլորտի զարգացման կարևորությունը Հայաստանում:

***

DAAD կրթաթոշակային ծրագրերի խորհրդատու Մերի Նավասարդյան:
-Ներկայացնում ենք գերմանական ակադեմիական փոխանակման ծրագիրը, որն անվանում են DAAD։ Մենք ամեն տարի մասնակացում ենք «ԴիջիԹեքին»։ Այս տարի ևս հրավեր ստացանք։ Ներկայացնում ենք այն բոլոր հնարավորությունները, որ տալիս է DAAD-ը ուսանողներին, գիտական հետազոտությամբ զբաղվող անձանց Գերմանիայում ուսանելու և գիտական կապեր ստեղծելու համար։ Քանի որ մեզ դիմում են նաև IT ոլորտի և տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրվող անձինք, «ԴիջիԹեքի» ղեկավարությունը նպատակահարմար է գտել մեր՝ այստեղ գտնվելը և մեր ծրագրերը ներկայացնելը:

***

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

«Erasmus+» ծրագրի պատասխանատու Էդիթ Սողոմոնյան:

-Մենք այսօր ներկայացնում ենք Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Erasmus+» կրթական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ուսանողներին և դասախոսներին կարճաժամկետ վերապատրաստվելու եվրոպական որևիցե բուհում, ինչպես նաև մագիստրոսական ծրագրեր են առաջարկվում անհատներին և բուհերին:

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

2015 թվականից Հայաստանը կարողացավ օգտվել հանրահայտ «Erasmus+» շարժումից: Մինչ այդ «Erasmus»-ը միայն եվրոպական ծրագիր էր, թույլ էր տալիս մի երկրից գնալ մյուս երկիր, ապա գնալ մայր բուհ ու կրթությունն ավարտել: Հիմա արդեն Հայաստանի ուսանողները բակալավր, մագիստրատուրա և ասպիրանտուրա ծրագրերում նույնպես կարող են փոխանակվել ամենաքիչը 3 և ամենաշատը 12 ամիս գործող ծրագրերով: Եվրամիությունը նաև տրամադրում է կրթաթոշակ, որն օգնում է ուսանողներին հոգալ իրենց պահանջները Եվրոպայում: Կրթությունը այդ ընթացքում միանգամայն անվճար է:

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

Դասախոսները, որոնք դասավանդում են հայաստանյան բուհերում, ունեն հնարավորություն մինչև 2 ամիս դասավանդելու Եվրոպական որևէ բուհում:
Ցավոք, քոլեջների և դպրոցների աշակերտները դեռ չեն կարող օգտվել «Erasmus»-ից, միայն բակալավրի 2-րդ կուրսից սկսած: Հայաստանում արդեն բոլոր պետական և միջպետական բուհերն ունեն «Erasmus» ծրագիրը:
Այսօր ներկայացնում ենք տեխնիկական «Erasmus Mundus» մագիստրոսական ծրագրերը, որոնք շատ նորարարական են, քանի որ դրանցից շատերը IT, ինժեներական և համակարգչային ճարտարապետությանն են անդրադառնում: Քանի որ «ԴիջիԹեքի» այցելուների մեծ մասը ուսանողներ են, մենք բերել ենք տվյալ ցանկը և ներկայացնում ենք, թե ինչպես կարելի է օգտվել ծրագրերից:

***

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

«Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» կազմակերպության տնօրեն Սամվել Խաչատրյան:

-Այսօր ներկայացնում ենք մի ծրագիր, որը կոչվում է եռաչափ մոդելավորում և եռաչափ տպագրություն։ Մեր կազմակերպությունը միտված է սահմանամերձ գյուղերում եռաչափ մոդելավորման ուսուցմանը, որից հետո սովորողները ապահովվում են աշխատանքով։ Իսկ մեր կազմակերպությունը զբաղվում է գերճշգրիտ եռաչափ տպիչների արտադրությամբ:

Այստեղ ներկայացված են տարբեր տիպի եռաչափ մոդելավորման տպիչներ։ Այն նաև սոցիալական պրոյեկտ է։ Յուրաքանչյուրի կատարած աշխատանքի մոտ 50%-ը ուղղորդվում է ՀԿ-ի զարգացմանը, ՀԿ-ն պետք է ֆինանսավորի սովորողների և աշխատողների համայնքների սոցիալական խնդիրների լուծումը։ Հետևաբար յուրաքանչյուր սովորող գիտի, որ աշխատելով նպաստում է իր համայնքի սոցիալական զարգացմանը։

Եռաչափ տպիչը նորարարական է ամբողջ ԱՊՀ-ի տարածքում։ Ուրախ ենք, որ այս տեխնոլոգիան կարողացել ենք բերել Հայաստան։ Համոզված ենք, որ Հայաստանի ապագան տեխնոլոգիական է:

Եռաչափ տպիչը նախատեսված է ատամնատեխնիկական ծառայությունների և ոսկերչության համար: Օգտագործելի են նաև քարտեզագրման համար։

***

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

«Իրական դպրոցի» ուսուցչուհի Հասմիկ Այվազյան:

-«Իրական դպրոցը» կրթական նոր ձևաչափ է, որտեղ երեխաները իրենց ուսումնառությունը ստանում են իրենց պրոյեկտների հիման վրա։ Այն միջին մասնագիտական ուսումնական հաստատություն է, իրականացնում է 4 տարվա ավագ դպրոցին համարժեք ուսուցում: Այսինքն՝ երեխաները գալիս են 9-րդ դասարանը ավարտելուց հետո և սովորում են 4 տարի, որի վերջում ստանում են դիպլոմ և արդեն կարող են աշխատել IT որևէ կազմակերպությունում։ Ամբողջ նպատակն այն է, որ երեխաները միանգամից մասնագիտանան իրենց ոլորտում։

-Որտե՞ղ է գործում դպրոցը։

-Իրական դպրոցը այս պահին տեղակայված է Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում։ Բայց դեռ ունենք դրա հետ կապված խնդիրներ. դպրոցը պետք է տեղակայված լինի «Ինստիգեյթ» կազմակերպության հետ նույն տեղում, որը «Իրական դպրոցի» հիմնադիրներից մեկն է: Պետք է ուղիղ կապ պահենք ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ։

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

-Իսկ այսօր ի՞նչ նորարարություն եք ներկայացնում:

-Այստեղ ներկայացված են առաջին և երկրորդ կուրսեցիների աշխատանքները։ Մենք տեղափոխվել ենք նոր շենք, որտեղ չունեինք համապատասխան գույք։ Առաջարկ եղավ, որ աշակերտներն իրենք նախագծեն այն աթոռներն ու սեղանները, որոնք կուզենան ունենալ իրենց դպրոցում։ Եվ այստեղ ներկայացված են այն բոլոր նախագծերը, որոնք ներկայացրել են երեխաները։ Մի քանի փուլերի արդյունքում հղկվեցին այս նախագծերը։ Բոլորն ստացան իրենց նախագծերին անհրաժեշտ գումար և իրականացրին դրանք։ Շոշափելի արդյունքը կդրվի քննարկման և կորոշվի, թե որոնք են օգտագործվելու մեր դպրոցում։ Եվ քանի որ իրական դպրոցի ուսումնական պրոցեսում մեծ տեղ են գրավում արշավները, երեխաները նախագծել են նաև վրաններ, քնապարկեր, ուսապարկեր։ Մեր բոլոր սեղաններն ու աթոռները երեխաների աշխատանքն են:

«Ինստիգեյթ ռոբոտիքսը» համարվում է իրական դպրոցի հովանավոր կազմակերպություններից մեկը: Բացի այն, որ հովանավորում է, երեխաները նաև հնարավորություն են ստանում այնտեղ դասեր անցկացնելու, անօդաչու սարքեր հավաքելու: Ներկայացված են սավառնակներ, որոնք նախատեսված են լաբորատորիաների միջև կապեր հաստատելու համար:

***

«ԴիջիԹեք 2017» էքսպոյում իրենց աշխատանքներն էին ներկայացնում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տարբեր մարզերի պատանիները:

-Այս սարքը ես եմ ծրագրել,- պատմում է Նարեկը,- սարքի բուն նպատակը մարդու մարմնի ջերմաստիճանի ու օդի ջերմաստիճանի հարաբերակցությունից հոսանք ստանալն է: Սարքի հատուկ մասը տեղադրելով ձեր ձեռքին՝ կարող եք տեսնել, որ հեռախոսը սկսում է լիցքավորվել: Սարքը հենց նախատեսված է հեռախոսներ լիցքավորելու համար:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

-Ես Պողոսյան Արամն եմ, ներկայացնում եմ երկու պրոյեկտ՝ «Խելացի լույս» և «Խելացի գազ»: Առաջին պրոյեկը հեռախոսի ծրագիր է, որը կառավարում է հոսանքը, այսինքն՝ կարելի է հեռախոսով անջատել և միացնել լամպերը: Իսկ «Խելացի գազ»-ը գազի արտահոսքի դեպքում հեռախոսին հաղորդագրություն է ուղարկում, և միացնում է համապատասխան ձայնային ազդանշան:

-Ես Ժորա Անդրեասյանն եմ, իմ ստեղծած սարքն աշխատում է լազերի միջոցով: Այն բաղկացած է հորիզոնական հարթակից, որի վրա հիմա կա թուղթ, ու դրան ամրացված ուղղահայաց գրիչից: Գրիչը հատուկ կոդի միջոցով սկսում է գրել: Գրիչի փոխարեն լինելու է լազեր, որը կտրելու է թուղթը: Իսկ Նարեկը ստեղծել է ունիվերսալ հեռակառավարման համակարգ, որն ուզում ենք օգտագործել դրոնների համար: Ուզում ենք մասնակցել «Անօդաչու թռչող սարքերի» մրցույթին, որի ժամանակ բոլորն օգտագործում են չինական պատրաստի հեռակառավարման վահանակներ, մենք ուզում ենք դուրս գալ այդ ստանդարտից:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Ներկայացնեմ նաև մեր հիմքը, «Արմաթը» «Արմաթ» չէր լինի առանց 3D-տպիչների, որոնք բոլորն արտադրված են Գորիսում: Մենք մեր մյուս դետալները այս տպիչների միջոցով ենք ստանում:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

-Այս ծրագիրը մենք մտածել ենք երեքով՝ Նազարյան Հովհաննես, Նալբանդյան Վալերիկ և Շեկոյան Արտակ: Սկզբում մտածում էինք ստեղծել ինչ-որ փոքր բան, բայց հետո հասկացանք, որ այդպես պրիմիտիվ է, և որոշեցինք ստեղծել այս հեծանիվը: Երեք օրերի և անքուն գիշերների ընթացքում ստեղծեցինք այս սարքը, որն առաջինն է: Հեծանիվի վրա տեղադրված է մարտկոց, որը անիվների պտույտի ընթացքում իր մեջ էներգիա է հավաքում և USB լարի միջոցով փոխանցում հեռախոսին: Էներգիան բավարար է հեռախոսը ամբողջությամբ լիցքավորելու համար: Այն մարդիկ, ովքեր նախընտրում են առողջ ապրելակերպ, կարող են լիցքավորել իրենց հեռախոսը՝ սիրելի սպորտով զբաղվելիս: Այս էքսպոյի ընթացքում հայտնվեցին մարդիկ, ովքեր պատրաստ են վճարել, որ իրենց համար էլ պատրաստենք այս սարքից:

Հարցազրույցները վարեցին՝ Ամալյա Հարությունյանը, Էլիզաբեթ Հարությունյանը, Մարիամ Պապոյանը, Լիլիթ Վարդանյանը, Հովիկ Վանյանը, Մարիամ Նալբանդյանը

Պապիկի թղթապանակը

Այն օրը պապիկիս հետ զրուցում էի Սեպտեմբերի 21-ի մասին: Նա բազմոցի դարակից ինձ տվեց մի թղթապանակ: Թղթապանակի մեջ կային հին թերթեր, տպագրական մեքենայով հավաքած կամ ձեռագիր երգերի տեքստեր և այլ թղթեր:

Ես ընտրեցի 1989-1992 թվականների թերթերը ու սկսեցի կարդալ:

1989թ. թերթում (անունը «Ավանգարդ» էր) այդ տարվա իրադարձություններն էին՝ ամիս առ ամիս: Կարդացի, թե ինչպես էին մարդիկ պայքարում անկախանալու համար:

Հունվար.
Թերթում գրված էր, որ պարետային ժամը շարունակվում է:

Փետրվար.
Փետրվարի 28-ին «լրացավ Սումգայիթյան ցեղասպանության մեկ տարին»: Պարետային ժամը շարունակվում է:

Մարտ.
Պարետային ժամը շարունակվում է:

Ապրիլ.
Ապրիլի 24-ին նշվեց Մեծ Եղեռնի 74-րդ տարեդարձը: Պարետային ժամը շարունակվում է:

Մայիս.
Պարետային ժամը ոչ կա, ոչ չկա: Մայիսի 3-ին Ղարաբաղում սկսվեց գործադուլ:

Հունիս.
ԼՂԻՄ-ում շարունակվում է գործադուլը: Պարետային ժամը ոչ կա, ոչ չկա:

Հուլիս.
ԼՂԻՄ-ը շարունակում է գործադուլը: Սկսվեց Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակման առաջին փուլը: Պարետային ժամը ոչ կա, ոչ չկա:

Օգոստոս.
Օգոստոսի 16-ին Ստեփանակերտում իր աշխատանքը սկսեց ԼՂԻՄ-ի բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարը: Ընտրվեց Ազգային խորհուրդ: Պարետային ժամը ոչ կա, ոչ չկա:

Սեպտեմբեր.
Շրջափակում:

Հոկտեմբեր.
Շրջափակումը շարունակվում է: Պարետային ժամը ոչ կա, ոչ չկա:

Նոյեմբեր.
Տեղի ունեցավ Հայոց համազգային շարժման հիմնադիր համագումարը: Պարետային ժամը ոչ կա, ոչ չկա:

Դեկտեմբեր.
Լրացավ երկրաշարժի մեկ տարին: Խորհրդային պաշտոնական մամուլում՝ ի վերջո հրապարակվեց «Մարդու իրավունքների համընդանուր հռչակագիրը»: Պարետային ժամը ոչ կա, ոչ չկա:

Թղթապանակում մի քանի հին «Հայաստանի Հանրապետություն» թերթի համարներ կային: 1990թ.-ի թերթում կարդացի, որ օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը: Օգոստոսի 24-ին ընդունվեց Հայաստանի պետական դրոշի, զինանշանի և օրհներգի մասին օրենքը: Թերթում նաև գրված էր հայոց օրհներգի մասին: Հեղինակը դեմ էր «Մեր հայրենիքի» ընդունմանը, բայց նա գրում էր, որ մեծամասնությունը ընդունեց «Մեր հայրենիքը»: Այդպես մեր հիմնը դարձավ «Մեր հայրենիքը»:

Հաջորդ թերթը տպագրվել էր 1991թ. սեպտեմբերի 23-ին՝ Անկախության հանրաքվեի օրվա՝ Սեպտեմբերի 21-ից հետո առաջին համարն էր: Թերթում գրված էր, որ ժողովրդավարական Հայաստանի օգտին, նախնական տվյալներով, քվեարկել է մասնակիցների 99,31 կամ հանրապետության ընտրական իրավունք ունեցող բնակչության 94,39 տոկոսը: Հայաստանը անկախացավ: Հռչակվեց Հայաստանի 3-րդ հանրապետությունը:

1992թ.-ի թերթը արդեն գունավոր էր: Այն Հայաստանի անկախության 1-ամյակի առթիվ էր: Այնտեղ գրված էր այն մասին, որ մենք դեռ նոր ենք սկսում առաջին քայլերը կատարել, որպես անկախ պետություն:

Թղթապանակում նաև գտա տպագրական մեքենայով հավաքած կամ ձեռագիր երգերի տեքստեր, օրինակ «Արդյոք ովքեր են» երգը: Պապիկը պատմեց, որ անկախության համար շարժման տարիներին մարդիկ ազգագրական երգեր էին գրում և ձեռքից ձեռք փոխանցում: Սովետական տարիներին այդ երգերը մոռացվել էին: Մարդիկ Ազատության հրապարակում հանրահավաքների ժամանակ երգում էին այդ երգերը:

Ես հավանեցի «Զինվորի երգը»՝

Թռիր իմ նժույգ, սլացիր շուտով,
Տար ինձ ցանկալի կռվի փոթորիկ,
Կռվի մեջ միայն ես արյան գնով,
Կը կփրկեմ իմ խեղճ փտրուկ հայրենիք…

Հայրիկս էլ ասաց, որ գրամեքենայով հավաքած կամ ձեռագիր տեքստերը ժամանակին խաղացել են նույն դերը, ինչ հիմա խաղում են սոցիալական ցանցերը: Դա է եղել տեղեկությունները տարածելու ոչ պաշտոնական ձևը:

Պապիկս ասաց, որ թերթերն ու երգերը թղթապանակում պահել է որպես հիշողություն: Ու ես շատ ուրախ եմ դրա համար:

Հատկապես ինձ դուր եկավ «Ավանգարդ»-ի վերջին բանաստեղծությունը Նոր տարվա մասին.

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պետք է.
Նախ ծառ մը-հետո զարդեր ծառին վրա:

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պետք է-ծառեն զարդեն զատ
Հավատքը գալիք աղվոր օրերում:

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մեկ բան կբավե- ոչ ծառ, ոչ այլ զարդ-
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգվույս բարի խաբկանք է:

Կաղանդ ծառ մը շտկելու համար
Արդեն պատրանքը լրիվ կբավե

«Խվալա»

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Այս տարի ամռանը ընտանիքով գնացինք Մոնտենեգրո: Մոնտենեգրո կամ Չեռնոգորիա: Մոնտենեգրո թարգմանաբար նշանակում է` սև լեռներ: Առաջին բանը, որ ես նկատեցի այնտեղ, հենց լեռներն էին:

Գիտե՞ք, ես չունեմ տեսողական հիշողություն: Նոր քաղաքներում չեմ կարողանում կողմնորոշվել, բայց Բուդվայում (որտեղ մենք ապրում էինք) ճանապարհները այնքան քիչ էին ու հեշտ, որ նույնիսկ ես հիշեցի դրանք:

Բուդվայում մի կղզի կար: Երբ տեսա այդ կղզին, ուզեցի լինել այնտեղ: Եվ մենք գնացինք կղզի՝ Սուրբ Նիկոլա: Այդ կղզին դարձավ իմ սիրած տեղերից մեկը: Կղզում մարդիկ քիչ էին, ջուրը ավելի մաքուր էր, և այդ ժամանակ մայրամուտի ժամն էր: Բայց մայրամուտը Ադրիատիկ ծովի այդ ափից չէր երևում:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Սուրբ Նիկոլայում բացահայտեցի իմ վախերից մեկը՝ մեծ քարերից ֆոբիան: Երբ ես մի քիչ խորն էի գնում, քարերը ահռելի չափսերի էին հասնում, ու ես վախենում էի: Սկսում էի տարօրինակ ձայներ արձակել:

Չգիտեմ, թե այդ վախը ինչպես է առաջացել և ինչպես է կոչվում, բայց մի օր հայրիկս շատ մեծ սունկ էր գնել: Ես տեսա այդ սնկի մեծ չափերը և, չեք հավատա, վախեցա:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Մոնտենեգրոյի քաղաքներից ամենաշատը հավանեցի Կոտորը: Կոտորը կատուների քաղաքն է: Այնտեղ այնքան շատ կատուներ կային: Կոտորը եղել է արհեստավորների քաղաք: Իսկ կատուները նավերի հետ Կոտոր են եկել, և մնացել այդ քաղաքում: Քաղաքը շատ հին էր՝ գեղեցիկ պատուհաններով: Փողոցները այնքան նեղ էին, որ երկու-երեք հոգի հազիվ կարող էին կողք կողքի քայլել:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Կոտորում ցերեկվա շոգին տանջվելով բարձրացանք քաղաքի պարիսպներով: Բարձրացանք 520 փլված աստիճան, որպեսզի տեսնենք փոքրիկ եկեղեցին: Կարող էինք շարունակել աստիճաններով բարձրանալը, բայց արդեն հոգնել էինք: Վերևից մենք տեսանք Կոտորի տների կարմիր տանիքները: Հետ գնալուց մենք ուժասպառ քայլում էինք քաղաքի լաբիրինթոսի պես ճանապարհներով և նայում տների ստվերներում անհոգ պառկած կատուներին:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Մենք եղանք նաև հին Բուդվայում, որը ինչպես անունից հասկացաք, հին ամրոց-քաղաք էր: Այն տեսքով նման էր Կոտորին: Բուդվան ժամանակին գրավել են ծովահենները: Երբ իմացա այդ մասին, հասկացա, թե ինչու էին այնտեղ ծովահեններով վերնաշապիկները վաճառվում 8 եվրոյով:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Իսկ մյուս քաղաքը, որտեղ եղանք՝ Հերցեգ Նովին էր: Հերցեգ Նովի գնացինք երեկոյան: Այդ պատճառով էլ քիչ ժամանակ ունեինք այնտեղ մնալու և չէինք կարող լողալ ծովափում: Բայց երբ տեսա այդ քաղաքի ափը, ափսոսեցի, որ չեմ լողալու: Հերցեգ Նովիում մենք եղանք երկու ամրոցում: Առաջինը իտալական էր, իսկ երկրորդը՝ թուրքական: Երբ մտանք իտալական ամրոց, տեսանք, որ այնտեղ կար բեմ: Այնտեղ բացօթյա բեմադրություններ էին ներկայացնում: Ընդհանրապես, բոլոր այն ամրոցներում, որտեղ ես եղա, ներկայացումների համար բեմահարթակներ կային: Թուրքական ամրոցից տեսքը շատ գեղեցիկ էր: Ծովի խորքում փոքր ժայռ կար: Մայրամուտ էր և ծովափը երևում էր սև ու դեղին գույներով: Մենք ընդամենը մի ժամ մնացինք այդ քաղաքում:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Հիմա կպատմեմ մեր տրանսպորտի մասին: Մենք նստում էինք ավտոբուս: Ավտոբուսը գնում էր մինչև նավահանգիստ: Հետո մի քանի ավտոբուսներ և ավտոմեքենաներ նստում էին մի մեծ լաստի վրա: Այդ մեծ լաստը ավտոմեքենաներին տեղափոխում էր ծովի մյուս ափ, և ավտոբուսը շարունակում էր ճանապարհը:

Մոնտենեգրոյում շատ էր օգտագործվում «խվալա» բառը: Երբ մենք գնումներ էինք կատարում, ասում էին՝ «խվալա»: Այդպես ես սովորեցի «խվալա» բառը, որը նշանակում է շնորհակալություն:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Ձեր լվացքը չորացել է

Լուսանկարը` Եվա Հախվերդյանի

Իսկ դու գիտե՞ս, թե ինչ է կոռուպցիան (մաս 4)

-Գիտե՞ք, թե ինչ է կոռուպցիան:

-Այո, գիտեմ, թե ինչ է կոռուպցիան՝ կաշառք, հովանավորչություն, պետական փողերի լվացում (Գեղամ Վարդանյան, Երևան, 43 տարեկան, լրագրող):

-Կոռուպցիա՞ն, իհարկե գիտեմ: Հայաստանում, ի դեպ, բավականին տարածված է: Գումարի միջոցով հասնել ուզածիդ, կաշառքը, դիրքը, շանտաժը, որ կոռուպցիայի հիանալի օրինակներ են (Նանե Վարդանյան, Երևան, 14 տարեկան, աշակերտ):

-Երբ գումար կամ նվեր են տալիս իրենց գործը առաջ տանելու համար՝ դա կաշառքն է: Երբ որ կաշառքը մեծ մասշտաբներ է ընդունում, կամ կաշառում են պետական պաշտոնատար անձի, այդ դեպքում սովորական կաշառակերությունը դառնում է կոռուպցիա: Այսինքն՝ կոռուպցիան այն է, երբ կաշառքը մուտք է գործում պետական համակարգ (Ռուզաննա Ազիզյան, Երևան, 41 տարեկան, լրագրող):

-Համակարգային հանցագործություն է: Տվյալ համակարգում վերևից ներքև ոչ թե համակարգի շահերից բխող գործողություններ են կատարվում, այլ հակառակը. ամեն ինչ կատարում են իրենց անձնական շահի համար: Այդ թվում և համակարգի աշխատողներից կարող են շահույթ ստանալ, և համակարգից դուրս մյուս անձնավորություններից (Վազգեն Վարդանյան, Երևան, 70 տարեկան, թոշակառու):

-Կոռուպցիան՝ պաշտոնական դիրքի չարաշահումն է (Գայանե Ղուկասյան, Երևան, 68 տարեկան, թոշակառու):

-Հավատո՞ւմ եք, որ Հայաստանում մի օր կվերանա կոռուպցիան:

-Չեմ հավատում, որ կոռուպցիան կվերանա ոչ միան Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Ուղղակի կարող է չափերը կրճատվեն, ու այդքան ակնհայտ չլինի կոռուպցիայի ազդեցությունը մարդկանց առօրյա կյանքում (Գեղամ Վարդանյան, Երևան, 43 տարեկան, լրագրող):

-Հայաստանում կոռուպցիայի վերացմանը դժվար է հավատալ: Կարծում եմ՝ հնարավոր է, բայց բավականին տանջվել է պետք (Նանե Վարդանյան, Երևան, 14 տարեկան, աշակերտ):

-Այո, իհարկե հավատում եմ (Ռուզաննա Ազիզյան, Երևան, 41 տարեկան, լրագրող):

-Դժվարությամբ, բայց՝ գուցե (Վազգեն Վարդանյան, Երևան, 70 տարեկան, թոշակառու):

-Ոչ, չեմ հավատում (Գայանե Ղուկասյան, Երևան, 68 տարեկան, թոշակառու):

-Ինչո՞ւ չի վերանա:

-Չի վերանա, որովհետև կոռուպցիան այնքան հին է, որքան մարդկությունը: Զուտ հայաստանյան երևույթ չէ կոռուպցիան: Բայց կարող ենք քննարկել ծավալների կրճատումը, ու այո՛, հավատում եմ, որ ժամանակի ընթացքում կոռուպցիայի ծավալները Հայաստանում կկրճատվեն (Գեղամ Վարդանյան, Երևան, 43 տարեկան, լրագրող):

-Որովհետև արդարություն չկա (Գայանե Ղուկասյան, Երևան, 68 տարեկան, թոշակառու):

-Եթե կվերանա, ի՞նչ է դրա համար պետք: 

-Պետք է ուժեղացնել հակակոռուպցիոն օրենսդրությունը: Պետք է աշխատեցնել եղած օրենքները: Պետք են կոռուպցիայի դեմ հաղթանակի մի քանի լավ օրինակներ, որ հասարակությունը տեսնի, որ իրավիճակը փոխվում է: Պետք է մարդիկ իրենք դա ամոթ համարեն ու կաշառք չտան (Գեղամ Վարդանյան, Երևան, 43 տարեկան, լրագրող):

-Առաջին հերթին կարևոր է երիտասարդ բնակչության մտածողությունը, մնացածը ինքն իրեն կլուծվի (Նանե Վարդանյան, Երևան, 14 տարեկան, աշակերտ):

-Կամքի ուժ (Ռուզաննա Ազիզյան, Երևան, 41 տարեկան, լրագրող):

-Միայն արդարություն, դատական համակարգի անկախություն և արդարության հաստատում (Վազգեն Վարդանյան, 70 տարեկան, թոշակառու):

Հարցումներն անցկացրեց Լիլիթ Վարդանյանը