Գարիկ Խաչատրյանի բոլոր հրապարակումները

garikkhachatryan

Երկրի միջուկից ավելի տաք

-Բարև ձեզ, երեխանե՛ր։ Ես հայոց լեզվի և հայ գրականության ձեր ուսուցչուհին եմ։ Ինձ կարող եք դիմել տիկին Սարգսյան։

Մենք, անկեղծ ասած, զարմացել էինք։ «Տիկի՞ն», ախր, մենք տարիներ շարունակ սովոր էինք «ընկեր»-ին։ Լավ, ինչևէ, առաջին տպավորությունը զարմանքն էր։

Դասերը շարունակվում էին, ես սովորում էի, բայց մի ժամանակահատվածում սկսեցի դաս չանել, և դա հատկապես վերաբերում էր «գրականություն» առարկային։ Դե ինչ, շուտով ամեն ինչ ջրի երես դուրս եկավ․ ես ծուլացել էի։ Ու գիտե՞ք՝ ինչ եղավ։ Ես, որ այսքան տարի լավ էի սովորել, որ իմ գնահատականները բարձր էին, ստացա իմ առաջին 1-ը։

-Գարի՛կ, տղաս, դու կարող ես հանգիստ ինձ ատել, բայց ես քեզ «մարդ» եմ սարքելու։

«Հա-հա-հա, մա՞րդ, ինչի ես մա՞րդ չեմ»,- ասացի մտքումս։

Ես շարունակում էի սովորել։ Արդեն նոր թափով։ Ու ահա գրականության ավարտական քննությանը 20 ստացա։ Ամենաբարձրը։ Ես ամեն ինչ հասկանում էի, ես ամեն ինչ հիշում էի․ ո՞նց կարող էի մոռանալ, ախր նրա խոսքերը իրենց կնիքն էին դրել խղճիս վրա։ Այնուամենայիվ, շարունակեմ։

Ապրիլի 23-ին՝ երկար ընդմիջումից հետո, ես տեսա նրան։ Ոգևորությունս ու ուրախությունս մեկ էին եղել։ Ես պատրաստեցի բառերը, որոնք պետք է արտաբերեի նրա առաջ։ Ես ուզում էի շատ, ահռելի շատ քանակությամբ բառեր արտաբերել, բայց ես դրանք համախմբեցի մի բառակապակցության մեջ ու ասացի․

-Բարև ձեզ, տիկի՛ն Սարգսյան։

-Վայ, բարև, Գարիկ ջան։ Ինչպե՞ս ես․․․

Մեր զրույցը երկրագնդի միջուկի տաքությունից ավելի ջերմ էր, սակայն ուրանի ատոմի տրոհումից ավելի կարճ։ Ես շատ բան էի ուզում ասել, ես կարող էի րոպեներով գրկել նրան, ես անգամ նորմալ չխոսեցի․ շտապում էի։

-Գարիկ ջան, ես հետևում եմ քո ֆեյսբուքյան գրառումներին։ Ես այնքան ուրախ եմ, որ դու լավ մարդ ես դարձել։

«Մարդ», հիշո՞ւմ եք։ Ամբողջ պատմությունը աչքիս առջևով գնաց։

Տիկի՛ն Սարգսյան, ես ձեզ շա՜տ եմ սիրում։ Խնդրում եմ, երբ սա կարդաք, չհուզվեք, որովհետև իմ թիրախը ձեզ հուզելը չէ, այլ այն հանգամանքի ընդունումը, որ այսքան տարիներ աշխատելով ինձ հետ՝ դուք տարիներ չե՛ք կորցրել։ Հենց դո՛ւք եք քաղաքացի կերտել, հենց միջին դպրոցից։ Շնորհակալ եմ։

Հ․ Գ․ Հիշո՞ւմ եք՝ աշխարհագրությանը վերաբերող գիրք ինձ նվիրեցիք։ Ես այն մինչև հիմա պահում ու կարդում եմ։

Եկեք ձեզ պատմեմ ի՛մ պատմությունը

Ապրիլի 17-ն էր, երբ ավագ դպրոցի աշակերտներով ընդհանուր չաթ բացեցինք և սկսեցինք քննարկել տեղի ունցող իրադարձությունները։ Որոշում կայացվեց․ պետք է պայքարենք, և դրա առաջին քայլը քաղաքումս ցույց կազմակերպելն էր։

Սովորականի պես եկա դպրոց՝ ուսապարկը մեջքիս՝ կասկած չհարուցելու համար։ Դպրոցի բակը աղմկոտ էր, ոստիկաններ դեռ չկային։ Դե, տրամաբանական է, ով կմտածեր՝ ախր, մենք ընդամենը երեխաներ ենք, ընդամենը երեխաներ։

Ապա երթը սկսվեց։ Մենք բոլորս գոռում էինք հայտնի կարգախոսները՝ «Սերժի՛կ, հեռացիր, Քայլ արա, մերժի՛ր Սերժին»։
Մի պահ անգամ զգում էինք՝ պահանջատեր քաղաքացի արտահայտության իսկական իմաստը, բայց (տատս ինձ միշտ ասում էր, «Բայց-ից առաջ ընկած նախադասությունը իր արժեքը կորցնում է», եսի՞մ, երևի ճիշտ էր ասում)։

Ապա մեզ միացավ քաղաքի քաղաքապետը (ինչի չեմ նշում քաղաքը, վերջում կգրեմ)՝ փորձելով հոգեբանական ազդեցություն ունենալ մեզ վրա, սակայն չհաջողվեց՝ մեր ոգին անկոտրում էր։ Հաջորդ քայլը նստացույց անելն էր հրապարակում՝ Մշակույթի տան աստիճաններին։ Հա, մոռացա ասել՝ այս ողջ ժամանակահատվածում մեզ արդեն «ուղեկցում էին» ոստիկանները, որ հանկարծ ոտքներս քարին չտանք։ Դե, եկեք անտեսենք այն հանգամանքը, որ ցույցի մասնակիցներին համեմատում էին հայտնի կենդանիների հետ, իսկ ով դեմ էր ելնում իրենց ասածներին՝ ենթարկվում էր ֆիզիկական բռնության։ Այո, ցավ է։

Գիտեք, վերը նշածիցս ավելի ողբերգական բան կա։ Մենք քայլում էինք խանութների շրջակայքով, գոռում՝ «Միացեք մեզ», և որպես պատասխան ստանում՝ «Էդ ձեր դասերը սովորե՞լ եք, որ մի հատ էլ ձեր արևին ցույց եք անում»։

Ախպեր․ եթե դու 10,000-ով քեզ ծախում ես, մենք տենց չենք, մենք ուզում ենք էդ քո օրական 28 դրամը վերանա, ուզում ենք որ հենց դու, քո երեխաները ու թոռները ապրեն ավելի լավ հասարակությունում, բա չէ՝ «դասերներդ սովորել ե՞ք»։ Գիտե՞ք, 9 տարի գերազանցիկ եմ եղել, ի դեպ։

Դպրոցը կերտում է քաղաքացի։  Հա-հա-հա… Քո ծիծաղն էլ եկավ, չէ՞։ Քաղաքս ու դպրոցի անունը անվտանգության տեսանկյունից ելնելով չեմ նշում, խնդրում եմ, հասկացեք, մենք դեռ այդքան ժողովրդավար երկիր, հասարակություն չունենք, հիշեք էլի՝ դպրոց։ Դպրոցը ընդամենը վախենում է աշխատատեղեր կորցնելուց։ Ցավալի է։

Մենք բոլորս պոտենցիալ արտագաղթողներ ենք, բայց մենք՝ չե՛նք ուզում դա անել, մենք ուզում ենք տեսնել լա՛վ Հայաստան, ուզում ենք տեսնել օրինական ընտրություններ, չենք ուզում տեսնել ազատությունը սահմանափակող դպրոցներ, որոնք մեզ մի բանում են օգնում՝ դառնալ քառակուսի մտածելակերպ ունեցող անձինք, անհատներ, երևի թե՝ ապագա քաղաքացիներ։

Մենք շարունակում ենք քայլել։ Քայլ՝ քայլի վրա, բառ՝ բառից հետո, կոչեր՝ մեկը մյուսից հետո (թե՞ առաջ, չեմ էլ հիշում)։