Մարիամ Յավրումյանի բոլոր հրապարակումները

mariam yavrumyan

Քնել չի ստացվում

Քնել չի ստացվում, հատկապես՝ անձրևոտ եղանակներին: Բայց ամբողջ սրտով ուզում եմ քնել, քնել ու մի քանի ժամ խուսափել բոլորից:

Բայց անձրևի կաթիլները «Թամզարա» են պարում տանիքին ու չափից շատ դմփդմփացնում:

Մտածում եմ՝ երբ փոքր էի, ինչ-որ բանի սպասելիս «քնել-զարթնելով» էի հաշվում:

-Մամ, իսկ Ձմեռ Պապը ե՞րբ կգա։

-Երկու անգամ էլ քնես-զարթնես, Ձմեռ Պապը կգա:

Համոզելու այս ձևը միշտ ակտուալ էր թվում: Միայն ոչ հիմա: Երանի էլի Ձմեռ Պապին սպասեի, նա կգա, քեզ նման չէ…

Քանի տերև է ընկել, իսկ դու դեռ չկաս, բայց ոչինչ, մի տերև էլ ընկնի՝ կգաս:

Քանի աստղ է վառվել, իսկ դու դեռ չկաս, բայց ոչինչ, հաջորդի վառվելուց վաղուց եկած կլինես:

Մի անգամ էլ քնեմ-զարթնեմ, հաստատ կգաս:

Սպասելուց հոգնել կա… Երբ գիտեմ, որ չես գալու:

mariam yavrumyan

«Սթինգոտ» տրամադրություն

Նորից ավտոբուս: Էս ավտոբուսային տրամադրությունն իսկը ինձ համար է:

Լավ էր, այս անգամ իմ սիրած նստատեղը զբաղված չէր: Դա ամենավերջին շարքի պատուհանի կողմի նստատեղն է: Ծանոթացեք` սա մելանխոլիայի անկյուն է շատերի համար: Էստեղ նստող ամեն մեկի ականջակալներում տարբեր երաժշտություն է: Մեկինը՝ ռոք, մյուսինը` ջազ, այ հա, հենց այդ երրորդինն էլ` Հռիփսիմե Հակոբյան: Այս երրորդի ճաշակը դուրս չեկավ մի փոքր, բայց դե, ճաշակին ընկեր չկա: Նստում են օրեկան հազարավոր մարդիկ, թողնում իրենց հույզերն ու զգացմունքները: Մեկը` ծնողների հետ վիճելը, մյուսը` սիրելիի հետ բաժանումը, այ հա, հենց այդ երրորդն էլ, ճիշտ նկատեցիք, այն մեկը, ում ականջակալներում Հռիփսիմե Հակոբյան է, արևոտ մեկն է ու իր շողերն է թողել նստարանին:

Նստում եմ, ամեն անգամ մտքումս վիճում ծնողներիս հետ ու արև կլանում:

-Որ խնդրեմ՝ Ձեր լսած երգի անունը չէիք ասի՞։

-Առանց խնդրելու, Sting. «Love her when she loves someone else»,- իրականում երգի վերնագիրն այդպես չէր, բայց ես մտքումս իբր կարևոր տողն առանձնացրի։

-Շնորհակալ եմ: Հետաքրքիր է, այս ոճը չեմ սիրում, բայց սա լավն էր, իսկ Ձեր ականջակալների ձայնը շատ բարձր է, կվնասեք Ձեր լսողությունը։

-Ինչ արած, կյանքն է ստիպում,- խոստովանեմ, որ չժպտացի, այլ ուղղակի այտիս ձախ մկանը ձգվեց։

Դե, իսկ մեր չափազանց մտերմիկ զրույցն ընդհատեց նրա «կանգառում կանգնեք»-ը:

Այդ խոսքերը դեռ երկար հնչեցին ականջներումս` որպես իմ լսողությամբ մտահոգված տղայի վերջին խոսքեր: Կամ էլ ուղղակի ուղևորներն էին հաճախ ասում: Ինչևէ:

Թողնում եմ իմ կիսախամրած շողերն ու սթինգոտ տրամադրությունս հաջորդ ուղևորին:

Հանկարծ կանգառում չկանգնեք, այս անգամ դեպի անվերջություն ենք գնում:

mariam yavrumyan

Գրկող մեկը

Կներեք, չէ՞, որ էսպես միանգամից սկսեմ։

Հուսով եմ՝ կներեք, իսկ եթե ոչ, հոգ չէ, հա։

Տեսնես կենդանիները չե՞ն մրսում։ Առհասարակ, բոլորը։ Միշտ մտածել եմ, որ մորթին իրենց տաքացնում է, բայց հնարավոր չէ, է: Տաքանալու համար գրկող մեկն է պետք, նրանք ունե՞ն այդ մեկին։ Այդ հարցն է ինձ շարունակ մտահոգում:

Մութ կանգառներում ծառերի տակ կուչ եկած կատուներին ես հիմնականում չեմ կերակրում: Իհարկե, չեմ կարող ասել՝ բոլորը, բայց ինձ նման շատերը չեն անում դա: Դե, գլուխ չեմ գովում, վատ է, ինչ խոսք:

Շատ հաճախ չենք մտածում, որ գուցե իրենց սիրտն էլ է կոտրել մեկ ուրիշ կատու, շուն կամ ցանկացած կենդանի: Իրենք էլ այսօր գիշերելու տեղ չունեն, իրենք էլ են մի բաժակ տաք թեյ ու պինդ գրկող կամ հոգատար զրուցակից ուզում:

Կանգառում եմ, սպասում եմ ավտոբուսին: Երկար ժամանակ կողքիս պառկած փիսիկին ինչպե՞ս չէի նկատել: Ժպտացի նրան: Թաթն ուրախությամբ պարզեց, թվաց՝ գտել էր այն միակին, ով պետք է իր կյանքը փոխեր: Թվաց՝ գտել է հենց նրան, ով այդ վայրկյանին պիտի պայուսակից դուրս բերեր տաք ծածկոցն ու թեյի բաժակները: Բայց ամենևին: Ես ուղղակի ժպտացել էի: Կշոյեի անհանգիստ մռռացող մեջքը, բայց ավտոբուսս եկավ: Ավտոբուսը սիրուն կադրերը փչացնելու հատկություն ունի։

Տաքանալու համար գրկող մեկն է պետք, ոչ բոլորն ունեն այդ մեկին…

Կներեք, չէ՞, որ էսպես միանգամից ավարտեմ։

Հուսով եմ՝ կներեք, իսկ եթե ոչ, հոգ չէ, հա։

mariam yavrumyan

Կանգառում կկանգնեք

-Մա՛մ, ա՛յ մամ, ախր ասում էի, չէ՞, էս վարորդի դեմքը շատ ծանոթ է, հաստատ մեր շենքի բակում եմ տեսել,- հերթական անգամ մամայի նյարդային համակարգի վրա ազդելով բացականչեցի ես:

-Դե չգիտեմ, իսկ ընդհանրապես ինձ չի հետաքրքրում, թե նա ով է, միայն գիտեմ, որ շատ դանդաղ է վարում մեքենան:

Երևի հասկացաք, որ մաման կողմ է միայն գրական հայերենին ու դա է օգտագործում:

Ուֆ, էս մեծերին էլ ոչ մի բան չի հետաքրքրում: Հիմա, որ պարզվի` իրոք մեր շենքից ա, մամայի դուրը տեսնես կգա՞… Դեհ, չգիտեմ, էլ բարձր չեմ խոսի, մեկ է, ոչ ոք «բանի տեղ» չի դնում: Ավելի լավ կլինի, որ հարմար տեղավորվեմ նստարանիս ու «պատուհանից դուրս գամ` երևակայեմ»:

Սկզբում մտքերս սովորական էին, ասենք, գուցե էս մարդը երկու կերպարանք ունի (դա դեռ սովորական էր): Ըըը, իսկ ի՞նչ, եթե բանդիտ… Չէ, ուֆ…

Երևի Գոգոլի «Մեռած հոգիներից է»: Ա~, լավ հասկացա, հա, հաստատ Չիչիկովն է:

Հըմ, բայց էդ դեպքում ովքե՞ր են մեռած հոգիները, մե՞նք: Սկսեցի անհանգստանալ: Չեղավ, չեղավ, դիմեմ էս անզգույշ քայլին.

-Մամ, կարո՞ղ է մենք մեռած ենք, էդ էլ քիչ է` հոգի…

-Անիմաստ խոսելու համար մի հատ ես, գիտե՞ս:

Դե իրականում գիտեի, բայց հո չէի՞ խոստովանելու, գաղտնիք է… Լավ, «մեգաբայթեր» ունեմ հեռախոսիս մեջ, սպասեք` գուգլեմ: Մի րոպե, բայց ի՞նչը գուգլեմ, գրեմ. «Արդյո՞ք մենք մեռած հոգինե՞ր ենք», հա՞ որ:

Ընդհանրապես, էդ դասը վատ էր ազդել վրաս, անընդհատ անկապ խոսում էի, չնայած մաման ասում էր, որ մինչև կարդալն էլ էի էդպես: Ես չեմ հավատում նրան:

Մի վարկած էլ կա, հենց նոր եմ, է, վերջացրել «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիրքը, դեռ գրքի ազդեցության տակ եմ, ասում եմ` գուցե գրքի հերոս Չարլին է… Քանի դեռ չգիտեք, պատմեմ:

Ուրեմն Չարլին մտավոր հետամնաց տղա էր, սակայն բժիշկները որոշում են նրա IQ-ն եռապատկել: Ասեմ՝ ստացվում է, տղան դառնում է հանճար: Բայց միայն մի քանի օր: Հետո նրա IQ-ն վերադառնում է նախկինին: Նա հուսահատ ու ամոթով գնում է մի քաղաք, որտեղ իրեն չեն ճանաչում… Հիմա հասկացաք, չէ՞, ասում եմ` գուցե հենց այդ տղան է, եկել էստեղ վարորդ է դարձել…

Մեկ էլ հա, կանգառում կկանգնեք, Չիչիկով, Չարլի, մեր շենքի բնակիչ, ուղղակի վարորդ կամ իմ երևակայության զոհ…

mariam yavrumyan

Կճեպիկս

Տուն մտա: Լավ եմ հիշում. առաջինը հանեցի կոշիկներս: Հիմնականում ես դրանք քնելուց եմ հանում, սա բացառություն էր: Զգում եմ՝ գրպանս ծանր է: Հետաքրքրությունից պարունակությունը արագ դատարկեցի սեղանին. բանալի, մի քանի կոպեկ ու ամենազարմանալին` արևածաղկի սերմի կճեպ: Ամենահետաքրքիրը էն էր, որ հենց մի հատն էր, էլ չկար:

Մտածմունքների մեջ ընկա էլի… Ախր, ես վերջին անգամ արևածաղկի սերմ մի քանի շաբաթ առաջ եմ կերել, բայց մաման երեկ շալվարս լվացել էր: Գուցե ավտոբուսում թաքո՞ւն են գցել գրպանս: Չէ, հիմարություն: Ո՞վ է պարապ, որ գրպանս հատուկ կճեպ գցի:

Մի րոպե, բայց եթե կճեպիկս ամբողջ ընթացքում գրպանումս է եղել, ուրեմն ինձ հետ ճանապարհորդել է, չէ՞: Արթնացել է… Չէ, խաբեցի, չի արթնացել, արթնանալիս դեռ հագիս չէր շալվարս: Ուրեմն, դուրս է եկել տնից, նստել ավտոբուս, հասել «Մանանա» կենտրոն, գնացել լուսանկարչության, դա էլ քիչ էր, հետս եկել է սիմֆոնիկ նվագախմբի համերգի:

Է, հիմա ի՞նչ: Ես ճանապարհածախս անեմ, կիլոմետրերով քայլեմ, ինքը նստի ու վայելի՞: Ինչ խոսք, սկսեցի նախանձել… Իսկ եթե իրենք էլ մեզ են նախանձո՞ւմ: Գուցե իրենք ավելի ուրախ կլինեին, եթե 300-400 դրամ տային ավտոբուսներին, քայլեին, նկարվեին: Չէ՞ որ մենք նկարվելուց երբեք չենք ասում՝ ինձ ու կճեպիկիս էս սիրուն ֆոնին նկարեք:

Հա, հաստատ երազում են ու նախանձում: Էլ ո՞վ չէր ուզի, որ իրեն չճխլեին հեռախոսը, կոպեկներն ու անիմաստ թղթերը:

Մի միտք էլ ծագեց գլխումս… Կարո՞ղ է մենք էլ ենք ինչ-որ մեկի գրպանում, ուղղակի նրանք մեր նման սահմանափակ չեն ու սև, մութ գրպաններ չունեն: Ունեն երկինք, արև, հող, սիրուն անցորդներ:

Հա, հա հաստատ: Համենայնդեպս, ես էդպես եմ կարծում:

Կհամաձայնեք` խնդրեմ, չէ` դուք գիտեք:

Մեկ էլ նա, ում գրպանում ես ապրում եմ, շալվարը հանեց ու գնաց քնելու: Ես պիտի մոտ մի 10 ժամ անիմաստ քնեմ, մինչև հագնվի: Իսկ եթե ուրիշ շոր հագնի, կաթված կստանամ:

Ուֆ, է, տրամադրությունս փչացավ, բարի գիշեր:

mariam yavrumyan

Մտքեր ծնված ճանապարհին

-Կանգառում կկանգնեք:

-Սա ստացեք, երկու հատ:

Ինչպես միշտ, ականջակալներս պինդ գրկած նստած եմ, ուշադրություն չեմ դարձնում ոչ մի բանի: Բայց սուս, սա կարծես թե ուշադրության արժանի դեպք է: Ավտոբուս է բարձրանում ձեռնափայտով, սև ակնոցով մեկը: Տեսքից անկհայտ է, որ չի տեսնում, կույր է: Բնականաբար նրա գործողությունները կատարվում են սովորականից ավելի դանդաղ: Լսում եմ՝ վարորդը ձայն է տալիս.

-Զզվցրիր, արագացրու…

X մարդը նորից ձայն չի հանում, իսկ իմ մտքով արդեն ինչ ասես անցնում է. գուցե խո՞ւլ է, գուցե հա՞մր…

-Ստացի, կանգառում կկանգնես:

-Քանի՞ հատ, հը՞:

-Մեկ հատ:

Վարորդի խոսքերին հաջորդում են X հերոսի չափազանց դանդաղ քայլերը: Չեմ զարմանում՝ լսելով անձնական վիրավորանքի խոսքեր վարորդից: Եռում եմ, ուզում եմ մի բան ասել, բայց նայում եմ շուրջս նստած քարի կտորի պես դեմքերին ու սսկվում: Հա, ինձ հուզում է նման մարդկանց վիճակը: Հաշմանդամություն ունեցողների վիճակը: Ավտոբուսներում չկան բավարար պայմաններ հավասար ու լարված չզգալու համար: Համրն ինչպես բացատրի, որ կանգառ է հարկավոր:

Չնայած, Երևանի մի քանի ավտոբուսներում (իմ սիրած մեծ, մանուշակագույն ավտոբուսներում) առկա են կոճակներ, որոնք խուլերին ու համրերին թույլ են տալիս կանգառ պահանջել: Կարելի է մի փոքր ուշադրություն դարձնել, որովհետև շատ մարդկանց հարմարությունն է կախված սրանից:

Չեմ սիրում անտարբերությունը, բայց ինչ-որ տեղ մարդիկ ջերմացել են ավելի, կարելի է առանց դժվարության գտնել մարդկանց, ովքեր իրենց տեղը մեծահոգաբար կզիջեն հոգնածին, փոքրին, մեծին, հաշմանդամին: Մարդիկ լավն են… Դե, հիմնականում, էլի, ոչինչ չեմ խոստանում:

Դե լավ, շատ խոսեցի, հիմա կանգառս կանցնեմ, կուշանամ պարապմունքից: