Այսօր` ժամը 23-ն անց 47 րոպեին, ես գրում եմ իմ ամենալավ պատմությունը:
Միգուցե շատ տարիներ անց այս օրը հայտնի դառնա ամբողջ աշխարհում, բայց այդ մասին դեռ ոչ ոք չգիտի: Ինչի մասին ուզենամ` կգրեմ:
Կարող եմ գրել իմ դժբախտությունների մասին, բայց կասկածում եմ, թե ինչ-որ մեկը ցանկանա կարդալ դրանց մասին:
Կարող եմ գրել, թե ինչպես եմ անցկացրել օրը, բայց այսօր ոչ մի հետաքրքիր բան էլ չի կատարվել:
Կարող եմ գրել դասերի մասին, բայց երևի բոլորն արդեն զզվել են դրանցից:
Կարող եմ գրել դասից փախչելու անհաջող փորձի մասին, բայց այդ մասին արդեն գրել եմ, իսկ նոր փորձ դեռ չեմ արել:
Կարող եմ գրել ժամանակակից սանրվածքների ու հագուստների մասին, բայց, ճիշտն ասած, հավես չկա:
Կարող եմ գրել, թե ինչ էինք անում անգլերենի ժամին, բայց դա էլ ձեր գործը չէ:
Կարող եմ գրել, թե ինչպես եմ անցկացնում ազատ ժամանակս, բայց ազատ ժամանակ համարյա չեմ ունենում:
Կարող եմ գրել…
Ճիշտն ասած, հիմա ժամը չգիտեմ, բայց արդեն շատ ուշ է, քունս էլ տանում է:
Ես չեմ կարողանում վերջացնել պատմությունս:
Իմ լավագույն պատմությունը չստացվեց: Խոստանում եմ, որ մի օր անպայման կգրեմ, և առաջինը այդ մասին դուք կիմանաք:
Լիլիթ Հովհաննիսյան, 13տ., 2002թ.