Անահիտ Իսրայելյանի բոլոր հրապարակումները

anahit israyelyan

Ջուջևան. այսօր և վաղը

Բազում այլ բնակավայրերի նման Տավուշի մարզի Ջուջևան գյուղում ևս առկա է այն մեծ խնդիրը, որը կոչվում է գործազրկություն: Մեր թաղում, որ մի ժամանակ գյուղի ծաղկուն շրջաններից էր, այնքան մեծ, որ թաղի մեծահասակները բողոքում էին երեխաների աղմուկից, այսօր անգամ երեխա չկա, որ աղմկի: 

Ընդամենը երկու ամիս առաջ, աշխատանք չգտնելով հայրենիքում,  արտագաղթեց մեր հարևաններից մեկը` իր հետ տանելով  ամբողջ ընտանիքը` երկու երեխաներին ու կնոջը: Տարիներ շարունակ նա գյուղում թողնում էր ընտանիքը և միայնակ գնում արտագնա աշխատանքի: Պատկերացրեք` ինչ դժվար կլինի կնոջ համար ընտանիքի մասին հոգ տանելը, երբ տանը չէ ամուսինը, երբ որդին ծառայում է սահմանին, որտեղից գրեթե ամեն օր վատ լուրեր են հասնում, երբ աղջիկը սովորում է տասներկուերորդ դասարանում, և շուտով անհրաժեշտություն է առաջանալու նրան բարձրագույն կրթության տալու, իսկ ընտանիքի ֆինանսական վիճակը հիմա էլ, մեղմ ասած, լավ չէ:
Երկու ամիս առաջ նրանք ամուսնացրին իրենց աղջկան, որդին եկավ բանակից, և նրանք գնացին արտասահման` աշխատելու: Ի՞նչ իմանաս, վաղը գուցե նրանց տղան ամուսնանա օտարերկրուհու հետ, այդպիսով կիսով չափ կորցնելով իր հայ լինելը:
Եթե  անգամ հեռու չգնանք, իմ հայրն էլ, դպրոցում սովորել է գերազանց, համալսարանը ավարտել է կարմիր դիպլոմով (այնքան լավ է սովորել, որ նույնիսկ առաջարկ է ստացել որպես դասախոս աշխատելու), իսկ այսօր ինչո՞վ է նա զբաղված` անասնապահությամբ ու հողագործությամբ:
Այսօր  էլ ես աշխատում եմ լավ սովորել, սովորել այն, ինչ կարող եմ, փորձում եմ յուրաքանչյուրից մի բան սովորել, իսկ վաղը չգիտեմ` ինչ կլինի: Այսօր, որ ես երեք առարկա եմ պարապում, որ իմ ծնողները ամեն օր ինձ տանում ու բերում են Նոյեմբերյան պարապմունքի, որ երկու տարուց ես գնալու եմ սովորելու համալսարանում  ու իմ ծնողները պետք է վճարեն  ոչ միայն իմ ուսման վարձը, այլ նաև իմ այնտեղ մնալու համար գուցե տուն վարձեն ու մնացած ծախսերը հոգան: Թեև սահմանամերձ գոտի ենք, սակայն մեր գյուղին ոչ մի արտոնություն չեն տվել: Այդ ամենից հետո ես կունենա՞մ աշխատանք, որ կարողանամ  վերադարձնել այդ ծախսերը, որ կարողանամ ստեղծել  իմը: Չգիտեմ…

Հրաժեշտի պահը

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

1942 թվական… Պատերազմ… Ջուջևան… Դրսում միապաղաղ անդորրություն է տիրում: Ձյան ճերմակ փաթիլները մեղմիկ պարելով իջնում, փարվում են հողին, դարսվում իրար վրա: Ահա դատարկ ճանապարհով մի շուն է անցնում` գլխիկոր, ականջները կախ` ձյան ճերմակի վրա թողնելով հետքեր: Պատուհանին սառնամանիքը գեղեցիկ նախշագծեր է նկարել, որոնց միջով երևում է դիմացի բլրի մշուշապատ, ձյունով ծածկված անտառը: Ճարճատյունով վառվում է կրակը, հին թախտին նստել է հայրը և խոժոռ ու միևնույն ժամանակ գորովալից հայացքով նայում է որդիներին, որոնց մանկական աչքերի մեջ մի տեսակ տագնապ կա, արտառոց ինչ-որ բանի սպասում: Քիչ հեռու կանգնած մայրը օրորում է փոքր որդուն, որ բարուրից այնպես է լացում, կարծես նրա փոքրիկ սրտին ևս պաշարել է եղբայրներին համակած տագնապը:
Մոտենում է հրաժեշտի պահը. հայրը պետք է մեկնի պատերազմ, ինչպես շատ համագյուղացիներ, պետք է զենք վերցնի և պայքարի հանուն իր երկրի, հանուն իր երեք որդիների անվտանգ ապագայի: Պետք է կռվի ու հաղթի. չէ որ նա Խամսայի մելիքություններից Ջրաբերդի մելիք Տեր-Իսրայելյանների ժառանգորդն է, որ պայքարել ու պաշտպանել են իրենց հողն ու իրենց ժողովրդին, և հիմա արյունն է նրան մղում դեպի այդ հայրենանվեր գործին:
Ծանր վեր կացավ տեղից, խոր հառաչեց, մեկ-մեկ համբուրեց ավագ որդիների ճակատները, մոտեցավ փոքրիկի բարուրին: Մինչ այդ լացող որդին, տեսնելով հորը, անմիջապես լռեց և իր գեղեցիկ, խոշոր աչուկներով ուշադիր զննում էր հոր դիմագծերը, կարծես ուզում էր մտապահել այդ դեմքը: Հայրը համբուրեց փոքրիկի` բարուրից դուրս եկած փոքրիկ թաթիկը, որ հազիվ էր բռնել հոր մատը: Ապա նայեց կնոջը, որը փորձում էր թաքցնել արցունքները: Իր աչքերում էլ արցունքի մի կաթիլ խաղաց, բայց նա շրջվեց, բացեց դուռը, ևս մեկ անգամ ետ նայեց, հրաժեշտ տվեց ու հեռացավ:

Գնաց… Կռվեց… Նա ևս իր շատ զինակիցների հետ պայքարեց ու կյանքը զոհեց հանուն հայրենիքի` հերոսի անմահ անունով պսակելով իր հիշատակը: Իսկ իր որդիները մեծացան, դարձան իրենց հոր արժանի զավակները: Փոքր որդին էլ, իր հոր հիշատակը ամուր պահած սրտում, դիմագրավեց կյանքի բազում փորձություններին, աշխատեց, արարեց, ընտանիք կազմեց, թոռներ ունեցավ, որոնցից մեկն էլ ես եմ:
Այո, նա իմ պապիկն է, և ես հպարտ եմ դրանով, հպարտ եմ, որ կրում եմ նրա ազգանունը, հպարտ եմ, որ իմ երակներով հոսում է իմ նախնիների` հերոսական ոգով տոգորված արյունը, հպարտ եմ… Հպարտ եմ և միշտ կփորձեմ լինել իմ ամբողջ գերդաստանի բոլոր արժանի ներկայացուցիչների արժանի ժառանգորդն ու հետևորդը: