Լիլիթ Սուքիասյանի բոլոր հրապարակումները

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Կհաղթի, չէ՞, թագավորը

Կյանքիս 18-րդ տարին նշանակալից դարձավ մի շարք նոր, բարդ, եզակի ու խճճված դեպքերով, որոնց ազդեցությունը ինձ վրա կրելը միաժամանակ և’ հետաքրքիր էր, և’ երջանկալի, և’ պարտավորեցնող, և’ հպարտացնող։

Հիմա կուզեի պատմել այդ դեպքերից ոչ պակաս կարևոր ու  զավեշտալի մեկի  մասին։

Ինձ ու ինձ նման շատ երիտասարդներ առաջին անգամ ընտրության մասնակցելու հպարտության զգացումը սրտում,  օրեր առաջ կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը’ մասնակցելով ընտրություններին, իրենց փոքրիկ, բայց որոշիչ ընտրությամբ ազդելով ողջ ընթացքի վրա։

Քանի որ Երևանում եմ սովորում, հատուկ ընտրության մասնակցելու համար որոշեցի հասնել Ստեփանավան։

Այսպես այդ օրն էլ ընտրություն կատարելուց հետո  ինձ ասացին, որ  եթե ցանկանամ, կարող եմ, որպես օգնական գրանցվել ու  մի պապիկի օգնել։ Մեծ սիրով համաձայնեցի։

-Ըհը, պապի ջան, հիմա ո՞րին եք ուզում ընտրեք։ Էս ՀՀԿ-ն ա, էս… Ո՞րն եք ուզում` «Իմ քայլը», «Լուսավոր»…

-Ազիզ ջան, x-յանին եմ ուզում, մեկ էլ Փաշինյանին։

-Հա, պապի ջան, բայց մենակ մեկին կարաք ընտրեք, ո՞րն եք ուզում։

-Հաա՞, դե Փաշինյանին ուրեմն։

-Պապ ջան, իրա անունն էլ չկա, ես մոռացել էի, ինքը թեկնածու ա վարչապետի, իրան չենք կարա ընտրենք։

-Հա ՜, դե ուրեմն x-յանին, ազիզ ջան։

-Ըհը, դե էկեք, էս մնացածը դեն գցենք ու ընտրենք։

-Բայց կհաղթի չէ՞, մեր թագավորը, մեր Նիկոլը։

-Հա, բա ոնց, պապի ջան։

-Ըհը՜, ապրե’ս հա, բալա ջան։

Էական ոչինչ չէի արել, բայց այնքան ուրախ էի, որ կարողացա օգնել պապիկին։

Իրականում մեզ շրջապատող մարդկանց մեծ մասը, լինի դա 6 տարեկան երեխա, 18 տարեկան պատանի, թե 80 տարեկան պապիկ, իրենց հույսը դրել են թագավորի վրա, ու մեծ սպասելիքներ ունեն նրա հետ կապված, սակայն շատերս նույնիսկ չենք հասկանում, որ անհատ անձը ինչքան էլ հզոր ու պայքարող լինի, չի կարող միայնակ ամեն ինչ փոխել։

Եկեք յուրաքանչյուրս մեր մեջ փնտրենք այդ փոփոխությունը և գնանք դրա հետևից, որովհետև եթե մենք  մեր մեջ հեղափոխություն չանենք, երբեք էլ չենք հասնի երանելի արդյունքի։ Եկեք փոխենք մեր մտքերը, գործողությունները, որոնք դեռևս չեն վերածվել բնավորության, իսկ եթե արդեն ուշ է` պայքարենք դրանց դեմ ու օգնենք մյուսներին հետևել փոփոխությանը։

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Աշխատել է պետք

-Հը, Լիլ, դու ի՞նչ ես որոշել։

-Չգիտեմ դեռ, տեսնենք։

-Արդեն ժամանակն ա, էս ա՝ 12-րդ դասարան ես։

Եթե դու ավարտական դասարանի աշակերտ ես, կամ եղել ես, ինձ թվում է՝ ծանոթ ես այս տեսակ խոսակցություններին։ Ճիշտն ասած, միայն վերջերս եմ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում։ Երբ բացում էի տվյալ բուհի ֆակուլտետների, քննությունների, վարձերի աղյուսակը, առաջինը, իհարկե, ուսումնասիրում էի, թե ինչ քննություններ են անհրաժեշտ տվյալ բաժինն ընդունվելու համար ու մտածում՝ արդյո՞ք կարող եմ այդ առարկան մասնավոր պարապել, կամ կարող եմ գուցե առանց մասնավոր պարապմունքների՞ ընդունվել: Փնտրում էի այնպիսի մասնագիտություն, որը և՛ կսիրեի, և՛ հեշտ կլիներ դուրս գալ մասնավորի տակից ու նաև վարձի, և՛ հետագայում իմ մասնագիտությամբ կկարողանայի աշխատել։

Իհարկե, ես այսպես մտատանջվում էի՝ մտածելով ծնղներիս մասին ևս, որովհետև հիմա այդքան էլ հեշտ չէ ուսանող պահելը, այն էլ՝ միանգամից երկուսին։ Ես ու եղբայրս այս տարի միասին ենք ավարտում։ Իհարկե, մենք միակը չենք:

Ես ապրում եմ Ստեփանավանում, իսկ մասնագիտության ընտրության հարցում օգնեց իմ քաղաքը: Ստեփանավանը հարուստ է իր անտառներով, մաքուր օդով, ձորերով։ Ամռանը, համեմատաբար, շատ հով եղանակ է։ Շատ մարդիկ մեծ քաղաքներից գալիս են միայն այն բանի համար, որ հունիսին տեսնեն սոճիների փոշոտումը։

Հիմա կմտածեք՝ սա ի՞նչ կապ ունի գրածիս հետ։ Իրականում ես ուզում եմ ասել, թե ինչ ուղղությամբ եմ ցանկանում շարժվել, և ինչքանով է իմ մասնագիտությունը կապված ծննդավայրիս հետ, որովհետև ապագայում կցանկանամ իմ հմտություններն ու գիտելիքները ներդնել իմ բնօրրանը զարգացնելու ու այն զբոսաշրջային խոշոր կենտրոն դարձնելու մեջ։ Իմ քաղաքն ունի շատ մեծ ռեսուրսներ տուրիստական խոշոր կենտրոն դառնալու համար։ Սակայն այսօր թե հանգստացողներն են քիչ, թե չկան զբոսաշրջիկներին առաջարկվող բազմաթիվ ծառայություններ:

Մի խոսքով՝ ցանկանում եմ սովորել հենց տուրիզմի բաժնում և մի քանի տարի հետո սպասում եմ ձեզ Ստեփանավանում։

«Վաղահաս» Վարդավառ

-Երեխե՜ք, երեխե՜ք, ինձ չջրեք։

Մեր բակի երեխաներով որոշեցինք «ջրոցի» խաղալ։ Մեծ ոգևորությամբ էին երեխաները լցնում շշերն ու տարրաները։ Եվ վերջապես, երբ եկավ շատ սպասված ու բաղձալի իրար ջրելու պահը, ջրի շիթերին խառնվեց նաև երեխաների ուրախ, «ջրոտ» ու երջանիկ ծիծաղը։ Իսկ աշխույժ խաղի մեջ անընդհատ լսվում էր իմ ձայնը․

-Երեխե՜ք, երեխե՜ք, ինձ չջրեք, ես նկարում եմ…

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Չոր ու անհարմար ոտքը

Կապվածությունը հոր պապի, կամ մոր տատի հետ հաստատ այնքան ուժեղ չէ, ինչքան օրինակ հոր, մոր կամ տատ ու պապի հետ: Բայց այն օրը, երբ արդեն գիշեր էր, ու մութը իր մեռելային ծանրությամբ ընկել էր քաղաքի վրա, և երբ բոլորը քնած էին, և միայն ես էի արթուն ու քրքրում էի ընտանեկան անցած-գնացած տեսանյութեր ու նկարներ, գտա հորս պապի վիդեոն, նայելիս աչքերս թրջվեցին:

Թեև դեռ վեց տարեկան էի, երբ նա հոգին ավանդեց, և թեև արդեն տասնմեկ տարի է անցել, բայց ես հիշում եմ:

Երբեք չեմ մոռանա նրա մեծ, հաստ և կոշտացած ձեռքերը, որոնցով բռնում էր մեր՝ իմ ու եղբորս ձեռքից ու ման ածում։

Երբեք չեմ մոռանա, որ միայն մեզ էր հիշում այն ժամանակ, երբ նույնիսկ սեփական երեխաներին էր մոռացել։

Երբեք չեմ մոռանա իմ ու եղբորս կռիվները նրա իսկական ոտքի վրա նստելու համար։ Նա մի ոտքը կորցրել էր պատերազմի ժամանակ, պրոթեզ էր, հետևաբար՝ չոր ու անհարմար էր նստելը այդ ոտքին, իսկ առողջ ոտքը փափուկ էր։ Երբ նա իր ծնկներին էր նստեցնում մեզ, ես ու եղբայրս կռվում էինք առողջ ոտքի համար։ Ու միշտ հաշտվող ու խելոք Լիլիթը տեղի էր տալիս իհարկե։ Ի՞ նչ անեի. մեծը ես էի։

Հիմա նման բաների համար կռիվ չէի անի, այլ մի քիչ շատ հարցեր կտայի ու ուղղակի կլսեի նրա ձայնը՝ նստած թեկուզ պրոթեզին։

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ամեն տեղ և ամենուր

Սպասում ենք 14 համարին։ Է՜, էս ինչի՞ չի գալիս։ 43, 41, 8… Ըհը, ըհը, եկավ, գնացինք։ Ես ու եղբայրս բարձրացանք երթուղային։ Ես փորձեցի առաջ գնալ, որ ճանաչեմ մեր իջնելու տեղը, բայց չկարողացա հասնել բռնակին։

-Վիգ, բռնվելու տեղ չկա,-ասում եմ եղբորս։

-Ինձանից բռնվի,- ասաց կողքս կանգնած հաճելի արտաքինով մի աղջիկ։

Լայն ժպիտը դեմքիս մտա այդ աղջկա թևը։

-«Մանանայի» մեծ ընտանիքի պես,-հանկարծ ասաց նա։

-Վա՜յ, դուք էլ ե՞ք «Մանանայից»,- զարմացած հարցնում եմ ես (բայց հոգուս խորքում ինձ վատ էի զգում, որ չեմ ճանաչել իմ թղթակից ընկերոջը, իսկ նա ինձ ճանաչել էր):

-Ահա։

-Էստե՞ղ եք ապրում, սովորում։

-Էստեղ եմ սովորում, բայց Հրազդանից եմ։ Բա դո՞ւ։

-Ստեփանավանից եմ, 11-րդ դասարանցի եմ դեռ։

Ի վերջո նա իջավ երթուղայինից, իսկ իմ դեմքին դեռ շարունակում էր խաղալ ժպիտը։

«Մանանան մեծ ընտանիք է»․այս խոսքերը զուտ խոսքեր չեն, այս խոսքերին կյանք տվողները մենք ենք։ Շնորհակալություն, Հայարփի Բաղդասարյան, դու ինձ վերստին ապացուցեցիր այս խոսքերի իսկությունը։

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

1 տարի, 9 ամիս, 15 օր, 22 ժամ, 46 րոպե, 32 վայրկյան

Ուղիղ 1 տարի, 9 ամիս, 15 օր, 22 ժամ, 46 րոպե, 32 վայրկյան ես «Մանանա» կոչվող մեծ ընտանիքի անդամ եմ: Այս երկար, բայց կարճ ժամանակահատվածում հասցրել եմ խոսել գրեթե բոլոր թեմաներից, սակայն կա մի բան, որին դեռ չեմ անդրադարձել։

Ոտք դնելով այստեղ՝ ես սկսեցի աստիճանաբար փոխվել, այլ կերպ նայել շուրջս կատարվող իրադարձություններին, դեպքերին, դեմքերին, ծառին, քարին, շենքերին, մարդկանց։ Աշխարհը սկսեց այլ կերպ երևալ իմ «մանանայոտ» աչքերին։ Հիմա մտածում եք. «Հա ի՞նչ, բոլորիս հետ էլ տենց բան եղել ա», բայց պետք է ասեմ, որ իմ մոտ հեղաշրջումը մի քիչ մեծամասշտաբ ստացվեց։

Մի բան եմ ուզում խոստովանել քեզ, սիրելի՛ ընթերցող։ Հուսամ ինձ ճիշտ կհասկանաս։ «Մանանայի» հետ իմ ունեցած հանդիպումից երեք ամիս անց հնարավորություն ստացա մասնակցելու Ծաղկաձորում կազմակերպվելիք մեդիա ճամբարին։ Պարզվեց, որ ճամբարին պետք է մասնակցեր նաև իմ շատ լավ ընկեր Նինան (հիշեցնեմ, որ մենք Ստեփանավանից ենք)։ Այնքան ուրախ էի, որ երկուսով էինք լինելու։ Մտածում էի՝ ի՜նչ լավ ա, երկուսով կգնանք, մենակ չեմ մնա։ Ճամբարից առաջ այն մտքին էի, որ առանց ինձ հարազատ մարդու՝ ես մենակ կմնամ և ոչ ոք չի գտնվի, ում հետ կկարողանամ անցկացնել այդ մի քանի օրը։ Դա ողբերգական էր։

Եվ ինչպիսի՜ դժբախտություն, Նինան չէր կարող գալ, դասերից չէր կարող բացակայել։ Ի՞նչ արած, շատ կուզենայի, որ նա էլ մասնակից լիներ, բայց պետք է մենակ գնայի։

Ճամբարի յոթ օրերը հրաշալի անցան։ Հնարավորություն ունեցա հաղթահարելու իմ մեջ գոյացած վախը՝ նոր մարդկանց հետ շփվելու և մտերմանալու։ Ինձ սխալ չհասկանաս, իհարկե, ես շատ կուզեի, որ իմ սիրելի անձնավորությունը նույնպես վայելեր այն վայրկյաները, որ ես վայելեցի ճամբարում, բայց մենակ մնալն ինձ համար մի բանալի էր, որ թույլ տվեց բանալ մարդկանց հետ ազատորեն շփվելու գաղտնիքները և խեղդել նոր ծանոթություններից խուսափելու իմ սովորությունը։

Գուցե դուք ինձ չհասկանաք, կամ էլ կհասկանաք՝ չգիտեմ։ Գուցե դու էլ, հարգելի՛ ընթերցող, ինձ նման այն պատանիներից ես, ում «Մանանա»-ն տվել է ոչ միայն լոկ լրագրողական կամ լուսանկարչական հմտություններ, այլև հնարավորություն՝ բացահայտելու ինքդ քեզ, քո մեջ թաքնված տաղանդը, շփվել առանց բարդույթների, ձեռք բերել շատուշատ ընկերներ, և վերջապես՝ ազատ արտահայտել քո մեջ կուտակված մտքերն ու ապրումները, ինչը ես հիմա անում եմ։

Այս պահին, երբ նյութս եմ գրում, մտածում եմ, թե արդյոք ի՞նչ կլիներ, եթե ես երբևէ ոչ տեսնեի, ոչ էլ լսեի «Մանանայի» մասին։ Հը՜մ։ Գիտես՝ ի՞նչ, երևի դադարեմ մտածել այդ մասին, քանի որ նախ՝ ծանոթությունն արդեն եղել է, և երկրորդ՝ տխուր է այդ մասին մտածելը։

Եկեք ավելի ուրախ բաների մասին խոսենք։ Օրինակ՝ այն մասին, որ «Մանանան» իր գործունեությունը ծավալում է Հայաստանի բոլոր մարզերում։ Կամ, որ ամենա-ամենաշատն է ինձ ուրախացնում՝ իմ նմանների թիվը գնալով ավելանում է, դե, ի նկատի ունեմ՝ թղթակիցների, էլի։

Վերջաբանի փոխարեն ընդամենը մի բառ՝ շնորհակալություն։

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Թե ինչպես ես կերա այս տարվա առաջին պաղպաղակը

Ասեմ, ժողովուրդ ջան: Էս մեր Տաթևը պատիժ էր քաշել ու մեր բախտից էն էր ընկել, որ բոլորիս համար պաղպաղակ պետք է գներ: Հիմա կմտածեք՝ Տաթևը ո՞վ ա, ի՞նչ պատիժ, ի՞նչ էր արել էդ խեղճ աղջիկը, որ պատժվել էր, ու ընդհանրապես՝ ինչի՞ պետք է պատիժ քաշեինք: Եթե այս բոլոր հարցերի պատասխանները ձեզ հետաքրքրում են, ես սիրով կպատմեմ ողջ եղելությունը:

Բանն այն է, որ ի բարեբախտություն Ստեփանավանում և հարակից գյուղերում ապրող երիտասարդների, մեր քաղաքում վերջապես գործում է «SKYE» երիտասարդական ակումբը, որն իր գործունեությունն է ծավալում արդեն երկու ամիս: Տաթևը, ես ու էլի շատ երիտասարդներ ակումբի լիիրավ անդամներ ենք: «SKYE»-ն ուղղված է համայնքի զարգացման համար գործունեություն ծավալելուն, այն ոչ ֆորմալ կրթություն է: Մենք՝ «SKYE»-ականներս արդեն հասցրել ենք որոշակի պլաններ կազմել մեր համայնքի բարելավման համար:

Հա, ինչից էինք խոսում: Գիտե՞ք, բանն այն է, որ մեր ակումբում ուշանալու, խանգարելու, ընդհատելու, անտեղի խոսելու դեպքում պետք է պատիժներ քաշենք փոքրիկ արկղիկից, որոնք հենց մենք ենք գրել ու լցրել այնտեղ, ու կատարենք՝ ինչ էլ որ գրված լինի: Դե, էդ մի անգամն էլ Տաթևի բախտը չբերեց, փոխարենը՝ բոլորով պաղպաղակ կերանք:

Իսկ «SKYE»-ի գործունեության արդյունքների մասին ես դեռ կպատմեմ:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Անակնկալ հանդիպում

-Արի՝ էս խանութը մտնենք,- ասացի։

-Արի,-համաձայնվեց դասընկերուհիս։

-Բարև Ձեզ,- ասացինք՝ մտնելով խանութ։

-Բարև, էրեխեք ջան,- պատասխանեց վաճառողուհին։

Բարևելուց հետոսպասեցինք այնքան, մինչև վաճառողուհին վերջացրեց հատակն ավլելն ու հարցրինք.

-«Ադնառազվի» բաժակ, աման ունե՞ք։

-Հա, էրեխեք ջան, նայեք։

Մինչ մենք ընտրություն էինք անում,մեկ ուրիշը ներս մտավ։

-Բարևձեզ։

Ականջիս հասան ինձ շատ ծանոթ ձայնի հնչյուններ։ Մեքենայաբար շրջվեցի։Ճիշտն ասած, մի պահ կասկածեցի, որ ինձ համար շատ հարազատ մարդն է իմ դիմաց կանգնած։Երևի նրանից, որ մի քիչ մեծացել էր։ Երևի։

-Էմմա Գարեգինովնա՞։

-Վա՜յ, Սոն ջան։

Գրկախառնվեցինք (չկարծեք, թե ինձ այլ մարդու հետ էր շփոթել, ուղղակի կամ անունս էր մոռացել, կամ էլ… Կամ էլ չգիտեմ, մեծ կին է վերջիվերջո։Վերջին հանդիպումից երեք տարի անցմիմյանց հանդիպելիսայսպիսի արձագանքն անսպասելի չէր)։

-Ո՞նց եք, Էմմա Գարեգինովնա։

-Լավ, ազիզ ջան, դու ո՞նց ես, մամաանք, բան սաղ լա՞վ են։ Աշակերտուհիս ա էղել, երկար ժամանակ չեմ տեսել, շա՜տ երկար,- խոսքն ուղղում է վաճառողուհուն։

-Լավ, ապրեք շատ,- պատասխանում եմ հուզված։

-Էս ինչքան ես մեծացել, ո՞ր դասարան դառար, ազիզ ջան։

-11 արդեն։

-Բանո՞ւմ, էս վարժարանո՞ւմ։

-Հա, հա։

-Դե, կբարևես մամաանց, Սոն ջան։

Ինչպես տեսաք, ես Էմմա Գարեգինովնայի աշակերտուհին եմ եղել, 5 տարի երաժշտական դպրոցում դաշնամուրի դասեր է ուսուցանել ինձ։

Հաճելի, ուրախ ուարևոտ զգացում է, երբ տեսնում ես մեկին, ում շատ երկար չես հանդիպել,բայց միշտ ցանկացել ես տեսնել։Ինձ թվում է՝ ոմանք կհասկանան ինձ և այդ պահին ունեցած իմ զգացումները։

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Խորամանկ պապիկներս

Մի ժամանակ պապիկիս եղբայրները՝ Բաբկենն ու Վալերը, խմել շատ էին սիրում:

Մի օր էս Վալերը գալիս է մեր տուն ու Բաբկենին ասում.

-Բաբկե՛ն, արի մի բան անենք, մի զադ խմենք, հը՞:

Բաբկենն էլ մորն ասում է.

-Ա՛յ մամ, բա մի բան չունե՞ս խմելու:

-Չէ՛, ոչ մի բան էլ չունեմ, չկա՛:

-Ի՞նչ անեն, ի՞նչ անեն, բայց դե, Բաբկենն էլ հո՞ գիտի, որ մի զադ կա։ Որոշըմ են խորամանկություն անել,-պատմում է պապս,- Մի արաղի շշի մեջ ջուր են լցնըմ, Բաբկենս էլ ձեռն ա առնըմ, գալիս, Վալերն էլ, թե.

-Ա՛յ հոքիր, էս ո՞րդի էիր պահել։ Լա տես՝ ո՞նց քթանք:

Հոքիրն էլ բարկացած.

-Արա՛, չոռ ու ջհանդամ էի պըհել, էն անդեր ամբարմըն էի պըհել։ Էդ ո՞նց քթաք…