Սոնա Ղևոնդյանի բոլոր հրապարակումները

Դպրոցական տարիներ, որ «թռած» անցնում եք

Եվս մեկ ուսումնական տարի ավարտվեց: Ամբողջ տարվա ընթացքում տքնաջան աշխատած ու տարին գերազանցությամբ ավարտած աշակերտները, ինչպես նաև նրանք, ովքեր բոլոր դասաժամերի վայրկյաններն էին  միայն հաշվում և ուսումնական տարվա ավարտին այդքան անհամբեր էին սպասում, հիմա վերջապես հանգստանում են: 

Իսկ նրանք, ովքեր ինձ պես մյուս տարի  ավարտելու են դպրոցը և առաջիկա ուսումնական տարին անց են կացնելու շտեմարանների առաջ` պատրաստվելով միասնական քննություններին, հա´տկապես են հանգստանում, փորձելով մաքսիմալ քանակությամբ էներգիա կլանել պայծառ ամառային օրերից` սպասվող «տանջանքներին» դիմանալու համար:

Ինձ հանդիպող բոլոր ծանոթները, հարազատները խորհուրդ են տալիս այս ամառվա ընթացքում մի լավ հանգստանալ: Իսկ ես ժպտալով նայում եմ նրանց, ընդունում  խորհուրդը և նորից հիշում, որ ամբողջ ամառային արձակուրդների ընթացքում «Հայ ասպետի» կիսաեզրափակիչ փուլին ենք պատրաստվելու, և իմ  հանգիստը սահմանափակվելու է միայն մրցույթի նախորդ փուլից շահած հնգօրյա արշավով, որ հուլիսին պիտի լինի: Արձակուրդներից արդեն մի ամիս անցել է, և այս ամբողջ ամսվա ընթացքում գրեթե ամեն օր գնացել ենք դպրոց, որ պատրաստվենք մրցույթին: Բայց չափազանց ուրախ եմ ու գոհ, որ ամառս այսպես է անցնելու: Կարծում եմ, այսպես այն  ավելի երկար կթվա:

Կարծես երեկ էր, որ ավագ դպրոց եկա, ու այն ժամանակ երեք տարին, որ անց էի կացնելու իմ նոր դպրոցում, մի ամբողջ հավերժություն էր թվում: Սակայն չնկատեցի էլ, թե ինչպես անցավ, ու հիմա ևս երկու ամիս հետո  կլինեմ 12-րդ դասարանցի: Այս ուսումնական տարին կլինի իմ և էլի շատ ու շատ աշակերտների դպրոցում անց կացրած ուսումնական տարիներից վերջինը: Հույս ունեմ, որ հագեցած ամառային արձակուրդներս չեն շտապի ավարտվել, և այդքան սիրելի ու թանկ դպրոցական տարիներից վերջինը մյուսների նման չափազանց արագ չի անցնի: Չէ որ մեծերը միշտ ասում են. «Երանի եք տալու ձեր էս տարիներին»:

Իջևան` իմ քաղաք

Շատ եմ սիրում իմ քաղաքը: Ամեն անգամ, երբ դուրս եմ գալիս տնից, ուշադիր սկսում եմ հետևել՝ ինչ է փոխվել, քանդվել կամ կառուցվել, ավելացել կամ պակասել: Գիտեք, մարդիկ են պակասել: Վերջերս միայն դա եմ նկատել: Օր-օրի փողոցները դատարկվում, տները տարիներով կողոպտվում, մի խոսքով, մարդիկ հեռանում են: Գրեթե ամեն օր լսում եմ, թե ինչպես է մեր դպրոցից ինչ-որ մեկը գնում: Դպրոցում էլ երեխաներն են պակասում: Փողոցներում տեսնում եմ հատուկենտ մարդկանց՝ հիմնականում տանջված, դժգոհ հայացքներով: Բակերում երեխաներ չեն խաղում, ոչ թե համակարգչով զբաղված լինելու պատճառով, այլ ուղղակի երեխա չկա, որ խաղա…

Ուզում եմ մի անգամ դուրս գամ ու տեսնեմ, որ Իջևանս նորից ապրում է, որ փողոցները կրկին լի են երջանիկ մարդկանցով, բակերը՝ երեխաներով, և քաղաքս ապրում է իր երբեմնի կյանքով: Տեսնես` կտեսնե՞մ…

Վանդալիզմի անխոս զոհերը

1985 թվականին Իջևանում բացվեց ամենամյա քանդակի սիմպոզիում և շարունակվեց մինչև 1991 թվականը: Այդ տարիների ընթացքում քաղաք եկած քսան երկրների շուրջ իննսունհինգ քանդակագործների գործերը տեղադրվեցին Իջևանի գլխավոր զբոսայգում: Արդյունքում զբոսայգին դարձավ թանգարան բաց երկնքի տակ, որը յուրաքանչյուր իջևանցու հպարտությունն էր:

Երբ սիմպոզիումը փակվեց, մի քանի տարվա ընթացքում հուշարձանները սկսեցին կորցնել իրենց հետաքրքրությունը, և նրանց վրա նստեց հնության փոշին: Անխիղճ քաղաքացիները սկսեցին ավիրել հուշարձանները: «Ընկերական» հիմար գրազներ, թվացյալ հաճույք, անբանների զբաղմունք և այլն: Եվ քանդակներ ջարդելու դեպքերը սկսեցին շատանալ՝ վերածվելով վանդալիզմի: Հասկանալի էր, որ սա կտաներ քանդակների վերացման:

Եվ հանկարծ հուշարձանները փրկելու հույս ծագեց:

2010 թվականի սեպտեմբերի երեսունին Իջևանում կայացած կառավարության արտագնա նիստում որոշվեց, որ քանդակի Իջևանի սիմպոզիումը կվերականգնվի: 2011 թվականն ավարտվեց, սակայն քանդակի սիմպոզիումն այդպես էլ չկայացավ՝ հուսախաբ անելով բոլորին:

2011-ը մոտենում էր ավարտին: Դեկտեմբերի իննին ջարդած գտան Իջևանի քաղաքային զբոսայգում տեղադրված, պատմամշակութային արժեք ներկայացնող «Զարթոնք» հուշարձանի աջ ձեռքը: Մայիս ամսին նույն զբոսայգում տեղադրված պատմամշակութային արժեք ներկայացնող «Եվա» հուշարձանի ձախ ձեռքն ու քանդակված օձը, իսկ օգոստոսի տասնյոթին և նոյեմբերի տասներեքին պոկված էին գտել Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու մուտքի դռների զարդաքանդակ թուրն ու կշեռքը:

2012 թվականի առաջին գարնանային օրը նույնպես սկսվեց վանդալիզմով: Վնասել էին երկու քանդակ և մեկ նստարան: Քանդակների ու նստարանի վրա փրփուր են փչել, քանդակված կնոջ արձանի վրա ջարդած աթոռ էին դրել, իսկ բերանին՝ քարի կտոր: Զբոսայգու պահակ Հրաչիկ Ավետիսյանի խոսքերով, դեպքերը տեղի են ունեցել գիշերը:

Ինչքա՞ն պետք է այսպես շարունակվի: Հիմա պարզ է, թե ինչու չեն հուշարձաններին ուշադրություն դարձնում: Ո՞ւմ պետք է հետաքրքրեն արձանները՝ առանց ձեռք ու գլխի, մասնատված վիճակում: Առավել ևս, գետնին տապալված և մամուռով պատված քանդակները:

Եթե այս խնդրին շուտափույթ լուծում չտրվի, ապա շուտով քանդակները կվերածվեն քարի կտորների, որոնք արագ կհեռացվեն զբոսայգուց՝ իրենց տեղը զիջելով կրպակներին ու սրճարաններին: Ահա այսպիսին կլինի զբոսայգու անշունչ բնակիչների ճակատագիրը:

Մեր քաղաքի սեփականությանը մենք պիտի տեր կանգնենք: Որպես ապագա քաղաքացիներ մենք պիտի պայքարենք, որ մեր միակ զբոսայգին չվերածվի կրպակների ու սրճարանների երկար շարքի, այլ գեղեցկանա և նորից սկսի ուշադրություն գրավել՝ հպարտություն հանդիսանալով քաղաքացիների համար: