Աննա Կոստանյանի բոլոր հրապարակումները

Anna Kostanyan 2

Երանելի օրերի դեսպանները

«Երջանիկ ժամանակներ էին․ ցավի ալիք չկար։ Ձեր պատկերացրած ազատությունն այսօր որբ է, երջանիկ  ու անհոգ ժամանակները անցել են շատ վաղուց․․․»։

…Ազատությունը լիարժեք էր դառնում ուրախության, երջանիկ պահեր ստեղծող մարդկանց ներկայությամբ, մի խոսքով, մի քաղցր նայվածքով…

Ամեն ինչ, որ ստեղծվում ու ծնվում էր բոլորի շնորհիվ,  վստահաբար բոլորինն էլ կդառնար: Սա իմն է, սա էլ՝ քոնը. չէ, չկար նման հասկացողություն: Բոլորինս էր: Այս միտքն էր ծնում մյուս լավատեսական տրամադրությունները, արժեքները, որոնք առանձին-առանձին վերցրած ամբողջ պատմության գինն ունեն՝ չվաճառվելու սուրբ խոստումով:

Բակի անբաժան մասն էինք կամ մասնիկը, որ որոշում էինք մարդկանց բարկության կամ համբերության աստիճանը, մարդկանց լռելու կամ ամեն րոպե անեծքներ թափելու կարողությունները. դրանով էինք մի մասնիկ, լիարժեք մասնիկ:

Կարծում եմ՝ մեր բակի մարդիկ հոգնել էին, սպառվել: Մենք էլ տեղ չունեինք զարմացնելու, թեև ամեն հնարամտություն կյանքի էր կոչված: Սովորական էր դարձել ամեն ինչ, բակի մարդկանց առօրյայի անբաժանը…

Բոլորի երեխան լինելու պատիվ մեզ էր վիճակված, որ վաստակել էինք  անհուն բարության, նվիրվածության, ամենակարևորը, անկեղծ լինելու շնորհիվ: Մի ամանից ուտելը սոսկ կաղապարված դարձվածք չէր այս օրերի նման, այլ սովորական իրականություն: Աղջիկների մազերը ձեռքից ձեռք էին գնում, հյուսում էին բոլորի մայրերը, չէ որ մենք բոլորի երեխաներն էինք… Սա էլ քարացած չէր․ մեր օրերը չէին, ընդունե′ք։

Հատուկ արարողություն էր հարևանների օգնությամբ հաց թխելը: Խմոր անել ու զրուցել, տաք-տաք քննարկել, բողոքի գիրք բացել, դեսից-դենից շաղախել  խմորն ու ծիծաղել: Մի պահ հանգստություն տալ ամենքին, ամեն մի կծու խոսքին, որի պատասխանը չէին տվել հմուտ կանայք, հետո թոնիր վառել արդեն լուռումունջ:

Երևի թե չկար մեկը, որ բակում թթենի չունենար: Հիշում եմ, որ (երանելի օրերի մի մասի համար էլ այդ ծառին ենք պարտական) հաճախ էինք հավաքվում  թթենու տակ, մի թեմա գտնում ու ճեպազրույցի նման մի բան սարքում ու էլի էս կողմ ու էն կողմ վազվզում: Հանգիստ նստելը մերը չէր: Կանգուն է թթենին այսօր էլ, մարդկային ձեռք այդտեղ չի հասել…

Երանելի էինք նաև նրանով, որ ուրախություն ունեինք:
Ծաղրածու, այո-այո, (այդպես էին անվանում). բեղերով, արհեստական քթով, գունավոր հագուստով․ իսկը ծաղրածու: Նա հայտնվում էր այնտեղ, ուր փող կար կամ կարող էլ լիներ: Կանգնում էր հարուստ մարդկանց կողքին ու ասում. «Ապրի′ քո արևը, դու շատ լավ մարդ ես», «Դու այս ես կամ այն ես», ու արդյունքում փող «վաստակում»: Լինում էին պահեր, որ էդ հարուստները շատ էին զարմանում. իրենց մասին էնպիսի գովեստի խոսքեր էին լսել, արդյո՞ք իրենց մասին էր խոսքը (ակամայից հիշեցի Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաները»): Միայն ծաղրածուն չէ, որ դառնում էր օրվա հրամայողը կամ աստղը կամ ավելին՝ շահած դուրս եկածը: Տղաները ծաղրածուի գլխարկը գողանում էին ու էնքան չարչարում, որ խեղճը նստում էր ու սգավորի տեսք ընդունում… Պարզ է՝ հստակ դերերի բաշխում չկար․ կյանքն ու իր մարտահրավերները․․․

Հ․Գ․
Պատմել են ինձ, ես շարադրել եմ:
Գուցե ե՞ս էլ երանելի եմ, որ իրենց եմ լսել․․․

Anna Kostanyan

Առանց փշերի վարդեր․․․

Շտուտգարտ քաղաքում հաճախ էին լինում, մասնակցում գինու խոշորագույն փառատոներից մեկին․․․

Ուշ էր։ Լուռ, գլխահակ, ուրվականի պես շրջում էին, անցնում լուսավոր պատուհանների կողքով․ մի առանձին հաճույք էին ստանում իրենց ստվերներին նայելուց։ Կանգ առան։ Գինետուն էր։ Գինետան պատերին խոշոր տառերով սև-սպիտակ տողեր էին փորագրված: Հեռվից կարդալ չկարողացան կամ ուղղակի չուզեցին ու մոտեցան` իրենց շուրջը նայելով, որ հանկարծ մեկը չնկատեր․ «Ստեղծե՛ք մի աշխարհ ու ապրեք  առանց «բայց»-երի, «եթե»-ների…
Նրանք իրենց կյանքը բաժանում էին կիսամյակների․ մտածում էին` հանգստի  օրեր ունեն ու դատարկում էին օրերը գրպանների պարունակության մեջ։

Հետևանքները թաղում էին գինու գավաթներում՝ մեծ, ավելի մեծ, ապակուց, որ եթե դրա հեղուկի մեջ էլ փնտրածը չգտնեին, կոտրեին ու փշուրների վերածեին։ Այնուհետև ընդարմանային ոչ թե ապակու փշուրների ցավից, այլ փայլից։

Նրանք առաջնորդներ փնտրում էին ներքևում, հետո նրանցից ակնկալում երկար-բարակ մխիթարանքներ, լսում՝ որն էր ավելի լավը կամ վատագույնը՝ մոռանալով մի պահ վերև նայել՝ աչքերը փակած․․․
Նրանք մրգերը չէին կեղևազրկում, վախենում էին ցավեցնեն, իսկ ծառի տակ մի վայրկյան առաջ ընկածներին տրորում էին․ «Չէ՜, մենք չէինք նկատել, թե չէ կկեղևազրկեինք, շատ էր կեղտոտվել»։
Միայն բարձր խոսել գիտեին. որ ցածր խոսեին, չէինք նկատի, բայց կզգայինք, որ աչքերը մի կետին գամած  կամ այս ու այն կողմ պտտելով՝ դավեր էին  նյութում  կամ մտածում էին  արժանի հակահարված տալ․ նրանք այդ պահին վտանգավոր չէին, օրեր հետո` միգուցե․․․

Երբ լույսը բացվում էր, ու նոր օր սկսվում, ծնվում էր նաև հերթական  սպասումը։ Նրանք նստում էին պատուհանի առաջ ու աչքերը մի կետի  բևեռած՝ դատարկ օդը լցնել էին  ուզում, ջերմ զրույց վառարանի առաջ, ուզում էին թեյ՝ առանց շաքարի, որ քաղցրացնեին ներկաների աչքերի փայլով ու ժպիտով․ շատ բան չէին ուզում. միայն շնչառության ներկայություն, որ աչքերը թարթել սովորեին․․․
Նրանցից մեկը անընդհատ խոսում էր փոքրամարմին մարդկանց սրտերի հետ, արցունքներ քամում նրանց աչքերից, խփում լարերին, հրդեհում ամենքին իր ապրած օրերի կրակով, այրված ձեռքերով «հպվում» արտաշնչած օդին։

Նրանք այսօր էլ ըմպում են փրփրող վարդակարմիր գինին՝ չնկատելով անցորդների` արտասուքով ողողված աչքերը, դողացող թարթիչները, իսկ ո՞վ էր նրանցը նկատել։

Ծաղիկներ ստանալ չէին  սիրում. երևի երբևէ չստանալուց էր կամ չգիտակցելուց, որ մի օր էլ գուցե իրենց կնճռոտ ձեռքերում «կունենային» ոչ փարվող, ներդաշնակ վարդեր․ նախքան ջրի մեջ դնելը, երևի փշերն ու տերևները կհեռացնեին, չէին ցանկանա՝ վարդերը շուտ լքեին այս քաղաքը։

Նրանք միշտ նայում էին ձեռքերի ափերի մեջ, հաշվում ուղիղ ու ոլոր գծերը, որ հաճախ ճակատագրի «ուղենիշ» են անվանում։ Հետո չէին հավատում իրենց տեսածին ու լսածին։ Տխուր մի բան էին լսել, կարդացել, հետո զգացել՝ ձեռքերը վախից պաղել էին ու քրտինք ծորել։

Եվ արևածագին, երբ հեռանիստ արևը հուր էր թափում, նրանք լուռ, հանգիստ հետևում էին սրտի ամեն զարկին ու կարոտում վայրկյանները անդարձ։ Իրականում  արդեն գծագրվել ու ավելի շոշափելի էին դարձել տարիների ակոսները․ շնորհալի դեմքի ամեն անկյունում թշվառ գծեր էին, որ հատվում էին ամեն երկրորդ բացատրության խաչմերուկում։ Լռություն էր, արդեն մութ, նրանց հոգում արշալույս էր։ Անցավ այս օրն էլ։ Դեռ չեկած օրերը կշարունակեն անցնել ու փոշի դառնալ մյուս օրերի նմանությամբ։

Անուղղելի լավատես էին․ նրանց մեջ տիրապետող ոգին լավատեսությունն էր։ Թևաթա՞փ լինել. երբե՛ք․ մռայլ երանգներ չէին տալիս ապրած օրերի շղթային, երազում էին միայն մարդկային կյանքի երջանիկ ակունքներ ու առանց փշերի վարդեր․․․