Լիանա Գրիգորյանի բոլոր հրապարակումները

liana grigoryan

Անցյալի քաղաքը

Քայլում ես հին փողոցներով ու քեզ թվում է, թե հայտնվել ես տարիներ առաջ նկարահանված ֆիլմում, որտեղ այդ ժամանակներից ոչինչ էլ չի փոխվել: Քարերը, փողոցները, շենքերը կարծես խոսում են հին ու իսկական Հայաստանի լեզվով: Սև քարե կիսաքանդ շենքեր, դռներ, որոնց տարիներով մարդկային ձեռք չի դիպել: Երևի թե այդպես լավ է. գոնե անցյալի քաղաքից մի քանի կտոր պահպանվել է:

Գնացքն արդեն հասնում է կայարան: Հնամաշ ու փոշոտ լուսամուտներից ներս է թափանցում զով աշնանային օդը: Դուրս ենք գալիս ոչ պակաս հին ու գունաթափված գնացքից և հյուրընկալ մարդիկ մեզ դիմավորելով՝ ուղեկցում են դեպի հին քաղաքը:

Քայլելով փողոցներով՝ մի տեսակ դատարկություն ու տխրություն ես զգում: Հազվադեպ փողոցով անցնում են արդեն բոլորի կողմից մոռացված «24» կոչված մեքենաները: Երբեմն մարդկանց կարող ես հանդիպել, որոնք փոքր-ինչ զարմացած, բայց և հուզված աչքերով նայում են քեզ. երևի զգում են, որ հյուր ես: Շատ տաք են ու մարդամոտ, ուզում են մի բանով պարտադիր օգնած լինել:

Շարունակելով ճանապարհը՝ կրկին տեսնում ենք դատարկ փողոցներ, հին ու գործունեությունը վաղուց դադարեցրած խանութներ ու գործարաններ, որոնց վրա անցյալից գրություններ են պահպանվել: Մի փոքր գնալով հին քաղաքի խորքերը՝ գտնում ես ամայություն ու մռայլություն: Անխնամ ճանապարհներ, կիսաքանդ շենքեր, հայտնի պատշգամբ, որն իր աուրան անփոփոխ է պահել, սակայն տեսքը շուտով միայն նկարով կլինի հիշել: Քաղաքում հայ մեծեր կան, որոնք ուշիուշով հետևում են քաղաքի անցուդարձին, ամեն մի հյուրի հետ նկարվում ու ժպտում նրան:

Անցյալի քաղաք Գյումրիում աչքիդ առաջ են գալիս հայկական մշակույթն ու դրա ճյուղերը: Այստեղ տեսնում ես մեր իրական ճարտարապետությունը, տեսնում ես իրական մարդկանց՝ մաքուր ու պարզ: Քաղաքը գնալով դատարկվում է՝ թողնելով հինն ու անցյալից եկածն այնպես, ինչպես որ կա: