Վարդուհի Մնացականյանի բոլոր հրապարակումները

Անգեղակոթս

Ես ապրում եմ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում: Քայլելով գյուղի փողոցներով՝ ես ամեն օր մի նոր գիտելիք եմ ստանում իմ գյուղի մասին:

Լուսանկարը` Վարդուհի Մնացականյանի

Լուսանկարը` Վարդուհի Մնացականյանի

Գյուղում կան շատ գեղեցիկ և տեսարժան վայրեր: Օրինակ՝ այն պատկերը, որը ես տեսնում եմ ամեն օր և հիանում, դա գյուղի բարձունքից երևացող լիճն է, որի շուրջ բազմած են սարեր: Այն գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին: Նրա մյուս կողմում մի փոքրիկ գյուղ է զետեղված: Այդ ամենին վերևից նայելով թվում է, թե դու երկնքում ես:

Լուսանկարը` Վարդուհի Մնացականյանի

Լուսանկարը` Վարդուհի Մնացականյանի

Ես այնտեղ եմ գնում գրեթե ամեն օր, նստում քարին և  բարձունքի վրայից նայում այդ հրաշք վայրը: Հաջորդը դա գյուղի մյուս ծայրն է, որտեղ ժայռերի վրա կառուցված է գյուղի եկեղեցին: Փոքր-ինչ վտանգավոր, բայց շատ հաճելի վայր է մտքերը հավաքելու և հանգիստը վայելելու համար: Այդ ամենից շատ հեռու, գրեթե գյուղից դուրս, գտնվում է դպրոցը: Այն գյուղից բարձր է և այնտեղից երևում է ողջ գյուղը:Անգեղակոթում այնքան շատ են այդպիսի վայրերը, որ ամբողջը գրի առնել ուղղակի անհնար է:

Լուսանկարը` Վարդուհի Մնացականյանի

Լուսանկարը` Վարդուհի Մնացականյանի

Ես նկարագրեցի այն վայրերը, որտեղ շատ հաճախ եմ լինում և ցանկացա իմ տպավորությունները կիսել ձեզ հետ: Ես մոռացա պատմել մի զարմանալի դեպք: Քանի որ խոսեցինք եկեղեցու բարձր ժայռի վրա գտնվելու մասին, ձեզ կներկայացնեմ մի պատություն: Այն տեղի է ունեցել դեռ հին ժամանակներում, երբ եկեղեցին կիսաքանդ վիճակում էր: Մի մարդ կար, ով ուներ փոքրիկ կատու, երբ այդ մարդը քնած է լինում, կատուն բարձրանում է այդ մարդու վրա և  դեմքը ճանկռում: Այդ ծեր պապիկը զայրանալով, բարձրանում է եկեղեցու գագաթը և այնտեղից նետում այդ կատվին: Այնքան բարձր էր գտնվում եկեղեցին, որ լսողները կարծում են, թե կատուն ընկնելուց  սատկել է, բայց երբ լսեցին պատմության վերջը, բոլորն ապշեցին: Այդ կատուն նույնիսկ փոքրիկ քերծվածք չէր ստացել և ողջ-առողջ, տիրոջից շուտ հասել էր տուն: Այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն էր, որ այդ մարդը իմ տատիկի պապն է եղել: 

Ես ինքս լսելով այս պատմությունը, շատ ապշած եմ և այսպես զարմացած ներկայացրեցի Ձեզ: