Քրիստինե Ստեփանյանի բոլոր հրապարակումները

qristine stepanyan

Կեսգիշերային զրույց

«Նրա համար տարօրինակ է, որ մարդիկ հիշում են, թե մյուսն ինչ է սիրում, իսկ դա ի՜նչ երանելի բան է»:

Դեռ երբեք ուրիշի զրույցը չէր դարձել մեր մասնիկը, քանի նա չէր գրել իր «Կեսգիշերային զրույցը»: Զրույց հոր ու որդու, ներկա ու ապագա «ես»-երի միջև: Եվ իսկապես ի՜նչ երանելի է հիշել մյուսի աչքերը, ձեռագիրը, բույրը: Չէ՞ որ այդ դեպքում կարող ենք նրան դիպչել ընդամենը աչքերը փակելով: Ի՜նչ երանելի է իմանալ նրա անունը ու ամեն անգամ արտասանելով գրկել նրան, ով ֆիզիկապես կողքիդ չէ: Ի՜նչ երանելի է ինչ-որ մեկին հայր անվանելը ու հայր լինելը ինչ-որ մեկի համար: Բնավ պարտադիր չէ զավակ ունենալ հայր կոչվելու համար, բայց պարտադիր է ունենալ հայր, քեզ թևավոր զգալու համար գոնե մի վայրկյան:

Մենք հայրն ենք մեր կարոտների: Ի՜նչ երանելի բան է ունենալ կարոտ, նույնիսկ եթե երբեք չի հագենալու, նույնիսկ եթե կարոտդ հավերժական է լինելու ու երբեք չի փարատվելու: Հրաշալի բան է՝ կարոտել ինչ-որ մեկին:

«Մենք կարոտում ենք հազար ու մի բանի, բայց մտածել ե՞ք արդյոք, որ ամենից շատ կարոտում ենք ինքներս մեզ»:

Վարդգես Պետրոսյան, «Կեսգիշերային զրույց»:

Հեղինակը ներկայացնում է զրույց, որը երբեք չի կորցնի իր արդիականությունը: Այստեղ կան ափսոսանքներ, ապրումներ և մարդ, ով շատ բաներ կփոխեր, եթե միայն կողքին լիներ նա, ումով թևեր ենք առնում ու կորցնում թևերը: Այստեղ մեզանից մեկը խոսում է բոլորիս անունից ու բոլորիս համար: Այստեղ հեղինակը զգում է այն, ինչ զգացել ենք ամենքս կյանքում առնվազն մեկ անգամ: Կարդալով այս մի քանի էջը՝ հասկանում ենք մեր հայրերին, որդիներին ու աշխարհն ամբողջովին:

Կան երազանքներ, որոնք կոչված են իրականանալ միայն երազներում:

«Պիտի վերջին անգամ հավատաս այն երազին, որով կամար ես սարքել»:

qristine stepanyan

Հայացք

Մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ պահի, ինչ-որ հանգամանքներում, կամա թե ակամա, ներառվում է այլ մարդկանց կյանքում, հաճախ նաև փոխում ճակատագրեր: Անծանոթ մարդիկ, հայացքներ, վայրկյան… Ընդամենը մի վայրկյանում մենք դառնում ենք ուրիշի պատմության մի մասը: Այս պատմությունը մի աղջկա մասին է, որին տեսել եմ մեկ անգամ շատ տարիներ առաջ…

Մշտական առօրյա, երբ ձեռքերդ փայտանում են ցրտից, երբ հայացքդ հառում ես մի ամայի կետի ու, որևէ տեղ չշտապելով, մնում ես կանգնած, կարծես տրվում ես բնությանը՝ ցրտին: Նրան տեսա մեկ անգամ՝ երթուղայինում, հայացք էր՝ կարծես պայքարից հոգնած, չմոռացվո՜ղ: Ձեռքերը տաքացնում էր բերանի գոլորշով, գոլորշին էլ կարոտած էր, ինչպես և նա: Չհամարձակվեցի օգնությունս առաջարկել, նա այդ օգնության կարիքը չուներ: Հայացքը մնաց աչքերիս առաջ: Նույնիսկ նկարիչ լինելու դեպքում չէի ցանկանա փոխանցել այդ հայացքը կտավին… Ինչպես Ռեմարկն էր գրել, նա ճչում էր, պարզապես ոչ ոք չէր լսում նրա ձայնը: Հայացքն անպաշտպան էր, անմեղ, հոգետանջ…

Արդեն մի քանի տարի է` փնտրում եմ այդ հայացքը: Հուսով եմ, նա էլ երբեք չի ունենա այն հայացքը, որով դարձավ այս հոդվածի հերոսուհին:

Ապրելով կամ չապրելով կյանքը, շնչելով կամ ոչ, լինելով կամ չլինելով ներկայում, մենք մտնում ենք ուրիշների հոգիները, դարձնելով կամ չդարձնելով այն մերը: Մենք հետք ենք թողնում դիմացինի մեջ, նույնիսկ որևէ բառ չփոխանակելով ու չճանաչելով նրան:

Լույսով լցնենք ինքներս մեզ, ու լույսով պարուրենք մարդկանց, միգուցե մենք էլ ինչ-որ մեկի հոդվածի, ինչու ոչ, նաև կյանքի մասնիկն ենք դառնում:

qristine stepanyan

Ռեմարկ

«Դու միակն ես, ով կախվածություն ունի գրքերից»: Այսպես են բնութագրում ինձ մտերիմներս:

Էրիխ Մարիա Ռեմարկ: Հեղինակ, որն ինձ ստիպեց սիրահարվել բոլոր գրքերին, որոնց վրա գրված էր իր իսկ անունը:

«Ինչքա՜ն լավ է, երբ մարդն ամբողջությամբ է սիրում և ոչ թե ինչ-որ մի փոքրիկ մասով: Երբ մարդ լցված է եզրե-եզր և այլևս տեղ չունի ուրիշ ոչ մի բանի համար»:

21-րդ դարում, երբ ժամանակի խնդիր ունեն բոլորը, քչերն են կարդում: Իրականում կարդալու համար հարկավոր չէ ժամանակ: Մենք կընտրենք գիշերվա ամենահանգիստ պահը սիրելի գրքից մի նախադասություն ավելի կարդալու համար: Գրքասերը երբեք բաց չի թողնում ազատ վայրկյանը: Իսկ երբ հարցը վերաբերում է Ռեմարկին, ես պատրաստ եմ թողնել առավելը…Կարևորել ոչ թե ապագան,այլ հաջորդ վայրկյանը, կարևորել սիրելիի ժպիտը, այլ ոչ բառերը, կարևորել ինքնին կյանքը, որը հաճախ այնքան քիչ է յուրաքանչյուրիս համար:

Էրիխ Մարիա Ռեմարկ: Հեղինակ՝ երևակայության, սիրո, կյանքի, երազների ու երազանքների:

Նրանց, ովքեր խորհուրդ կհարցնեն որևէ գիրք կարդալու համար և նրանց, ում խորհուրդ հարկավոր չէ, ես կառաջարկեմ կարդալ «Հաղթական կամար»-ը, «Երեք ընկեր»-ը, «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» և բոլոր գրքերը, որոնց շապիկին գրված կլինի Ռեմարկ: Նա սովորեցնում է ապրել առանց ոտքերի տակ հողն զգալու, առանց շնչելու, առանց տեսնելու և, միևնույն ժամանակ, շնչելով անտեսանելին ու տեսնելով շնչահեղձ լինելու աստիճան…

Իմ երազանքների, հուզմունքների ու կարոտների հեղինակ՝ անկրկնելի Ռեմարկ:

«Երջանկությունը քեզնով սկսվում է և քեզնով վերջանում»…

qristine stepanyan

Հայրենիքի լուսաբացը

Առավոտ էր: Երեխաներին հատուկ աղմուկ լսելով մոտեցա պատշգամբին: Մեր հարևանությամբ գտնվող մանկապարտեզից մի խումբ փոքրիկներ՝ մոտ 4-5 տարեկան, երգելով զբոսնում էին: «Մեր հայրենիք, ազատ անկախ…»

Նկատեցի, որ խմբի վերջում մի քանի տղա, իրենց տարիքին բնորոշ մանկական տաքարյունությամբ վիճում էին: Հետո վեճն ընդհատվեց, նրանք ևս միացան երգին: Շուտով խումբը ավելի մոտեցավ, ու տղաները նորից սկսեցին աղմկել: Պարզվեց, որ նրանցից «ամենահայրենասերիկը» կռվում էր երկու տղաների հետ, թե. «Բարձր երգեք էս երգը, վա՜յ…»:

«Էս երգը» ասելով, նա նկատի ուներ այն երգը, որը ամեն անգամ լսելիս ձեռքը դնում ենք սրտի վրա, ոմանք` սովորույթին զոհ գնալով, ոմանք էլ` հայրենիքը սրտում զգալով:

Այդ օրվանից անցավ մի քանի օր: Անսահման հետաքրքրությամբ լցված աշակերտներից մեկին՝ իննամյա Արամին հարցրեցի.

-Արա՛մ, գնում ենք սահման, ես ու դու, գալիս ես, չէ՞:

-Կլինի` ես չգա՞մ:

-Ինչո՞ւ Արամ ջան:

-Ախր, շալվարս կեղտոտվել է, ես չգամ, հա՞:

Կողք-կողքի, նույն հողի վրա, նույն միջավայրում մեծանում են գրեթե հասակակից, փայլող աչքերով, բազմաթիվ երազանքներով ու հեքիաթներով պարուրված փոքրիկներ: Նրանցից ինչ-որ մեկը կռիվ կտա «հայրենիքի երգը» բարձր երգելու համար, ինչ-որ մեկը դիտմամբ կկեղտոտի տաբատը` հայրենիքից փախչելու համար: Մեզանից ինչ-որ մեկը աղոթքը շուրթին կդիմավորի լուսաբացը, ինչ-որ մեկը կփախչի հայրենիքի լուսաբացից:

Հայրենիքը երակներում հոսող արյունը չէ, այն այդ արյան մի կաթիլն է միայն՝ կենարարը, անբիծը, անրջականը…