Բելլա Առաքելյանի բոլոր հրապարակումները

bella araqelyan

Իմ աղավնին

Լուսանկարը` Բելլա Առաքելյանի

Լուսանկարը` Բելլա Առաքելյանի

Հոկտեմբեր ամիսն էր, ցուրտ, ցեխ ու ձյուն: Կլիներ մոտ մեկ ամիս, ինչ ինձ հետապնդում էր անհաջողությունը ամեն քայլափոխի, նույնիսկ երազում:

Անախորժությունը դարձել էր իմ մտերիմ ընկերը, և իմ կյանքում անկոչ հյուր էր ձախողում կոչվածը:

Կլիներ մեկ ամիս, ինչ «թաթախվել» էինք անձնագիր հանելու գործի մեջ: Անձնագրիս վավերականության ժամկետը լրանալու պատճառով ինձ հարկավոր էր նորը, նորը հանելու համար՝ հինը, որը կորցրել էի։ Ինձ շտապ անձնագիր էր հարկավոր, իսկ հինը չգտնելու դեպքում մինիմում մեկ ամիս սպասելու էի: Հնարավոր է, որ կարդալով չպատկերացնես, բայց կատարյալ քաոս էր տիրում։

Լուսանկարը` Բելլա Առաքելյանի

Լուսանկարը` Բելլա Առաքելյանի

Մեկ շաբաթ անընդմեջ անձնագրային գնալ-գալով հոգնել էի: Երբ հասկացա, որ անձնագիրս գտնելու հնարավորություն չկա, որոշեցի սպասել մեկ ամիս, սակայն աշխատողներից մեկը ինձ առաջարկեց, որ հետ գնամ տուն, նորից փնտրեմ և չգտնելու դեպքում հաջորդ օրը հայտ ներկայացնեմ:

Տուն էի գալիս, տան դռան մոտ տեսա մի սպիտակ աղավնի՝ խոտը բերանին, ինձ Նոյի աղավնուն հիշեցրեց։ Մայրս ասաց.

-Լավ լուր ստանալու նշան է:

Դեռ տան դուռը չբացած՝ անձնագրիս տեղը հիշեցի ու բղավեցի.

-Հիշեցի՜, հիշեցի՜…

-Ի՞նչը,- հարցրեց մայրս:

Լուսանկարը` Բելլա Առաքելյանի

Լուսանկարը` Բելլա Առաքելյանի

-Իմ աղավնին,-ասացի ես,- աղավնին իմն է, ոչ ոքի չեմ տա, պահելու եմ: Հիշեցի անձնագրիս տեղը:

-Այ քեզ լավ լուր, հաստա՞տ:

-Հա՜, հա՜, հաստատ:

Անձնագիրս գտա: Խոսքիս տերն էի, պահեցի աղավնուն, մինչ օրս պահում եմ ու պահելու եմ, և գիտե՞ք ինչ՝ նա չի էլ փախչում, մեր հավիկների ու ճուտիկների հետ հաշտ-համերաշխ ապրում է:

Լուսանկարը` Բելլա Առաքելյանի

Լուսանկարը` Բելլա Առաքելյանի

Իսկ հիմա ինձ հետապնդում է հաջողությունը, մտերիմ ընկերս աղավնին է, և իմ հյուրն է երջանկությունը:

Սնահավատ չեմ և չեմ էլ եղել, պարզապես աղավնու միջոցով շատերին է երջանկություն փոխանցվել:

Մեր ձմեռը աշնան կեսին

Նորից ձմեռ, ձյուն ու բուք, որքան էլ զարմանալի է, մեզ մոտ` Ծովազարդում, ձմեռ է, ձյուն…

Այնքան հաճելի է նայել դուրս ու տեսնել, որ ամեն բան ներկված է սպիտակով։

Գիտե՞ք` անցյալ տարի նմանատիպ մի հոդված էի գրել: Մինչև հիմա աչքերիս առաջ է, թե ինչպես էի ջղայնացած գրում «Ծովազարդի երկար ձմեռը» հոդվածը, ասես երեկ լիներ, և այսօր նույն թեմայով եմ գրում, սակայն այլ զգացմունքներով։

Սիրում եմ ձմեռը, այն անակնկալների ու հրաշքների աշխարհ է, և այդ աշխարհում կա միայն սպիտակ գույն, սակայն ամեն ինչը այնքան հետաքրքիր է, այնքան գունավոր է թվում։

Անհամբեր սպասում եմ, թե երբ կբերենք եղևնին ու ընտանիքով կզարդարենք։ Անցյալ տարվանից հետո միայն մի բան չի փոխվել` ես էլի չեմ կարողանում աստղը դնել տոնածառի գագաթին։

Տարօրինակ է, չէ՞, որ դեռ նոյեմբերն էլ չի եկել, սակայն ես գրում եմ այս թեմայով: Ում համար դաժան, ում համար էլ շատ հաճելի` մեր ձմեռը սկսվեց։

Ձմռան հենց առաջին օրով արդեն հասցրել եմ ձնագնդի «ուտել»` ուղիղ իմաստով։

Կյանքում ամեն ինչ չէ, որ մեր սրտով է, բայց մենք պետք է համակերպվենք, ինչպես համակերպվեցինք ձմռանը, որը եկավ աշնան կեսին, անկոչ, բայց սիրելի հյուրի պես: Այդպիսի հյուրերը մեր շրջապատում այնքան էլ քիչ չեն։

bella araqelyan

Արցախ

Արցախ. վայր, որտեղ ամենավտանգավորն է, բայց ես այնտեղ ինձ ամենաապահովն եմ զգում, երբ տեսնում եմ մարդկանց, որոնք բոլոր վախերը հաղթահարելով՝ իրենց մեջ ուժ են գտել ժպտալու: Եվ մի ամիս առաջ, երբ ես առաջին անգամ ոտքս դրեցի Արցախի հողի վրա, ինձ այնքան հոգեհարազատ թվաց ամեն ինչ, կարծես ես այնտեղ մի ամբողջ հավերժություն եմ ապրել:

Դա իմ երազանքների երկիրն էր: Այնտեղ մարդիկ այնքան խաղաղ էին թվում, որ անծանոթ մեկը չէր պատկերացնի, թե այդ նույն խաղաղ վայրը բոլորովին այնպիսին չէր, ինչպիսին երևում էր:

Չկար մի տարածք, որտեղ չլիներ պատերազմից մնացած հետք, գրեթե չկար մի տուն, որի կտուրը կիսաքանդ չլիներ, կամ տարածքում նմանատիպ մի փլատակ չհանդիպեր: Սակայն ադ ամենի հետ մեկտեղ, երբ մարդկանց հարցուփորձ էինք անում, թե ինչպես գտնենք այն տունը, որը փնտրում ենք, նրանք մեծ հաճույքով էին պատասխանում: Եվ երբ վերջում իրենց հարցնում էինք, թե ինչպե՞ս է կյանքը, նրանք առանց երկմտելու միանգամից պատասխանում էին․ «Լյավ ա լոխ, մատաղ ինիմ, փառք Աստծուն, սենց էլ վեր մինա, լավ կինի», և այնքան դրական լիցքեր էին հաղորդում, չնայած իրենք ունեին այդ էներգիայի կարիքը:

Իսկ ինչ վերաբերում է զինվորականներին, նրանք այնպիսի մեծ եռանդով էին խոսում ծառայությունից, որ դրանից հետո, թե ինձ թույլ տային, կգնայի ու ինքս կպաշտպանեի մեր հայրենիքը:

Երբ խոսում էի փոքրիկների հետ, այնքան էլ լավ չէի հասկանում բարբառը, սակայն մի բան պարզ էր, որ նրանց մեջ կար այդ չարաբաստիկ վախը, մեծերն էլ կատակելով ասում էին, թե անգամ հրավառության ձայն լսելուն պես արդեն լարված, անձնագրերը պատրաստած սպասում են, որ կարող է` փախչելու կարիք լինի:

Եվ այդքանից հետո նրանք շարունակում էին ինքնավստահ քայլել Արցախի փողոցներով:

Արցախցիների միակ երազանքն է` ապրել իրենց երկրում խաղաղ ու երջանիկ, և մանուկների աչքերում ես տեսնում էի այդ պայծառ ապագայի լուսավոր կայծերը:

bella Araqelyan

Տրամադրվենք լավ բաների

Ամեն ինչ մեր գլխին եկավ, այո, այո, հենց այդպես, ինչպես միշտ՝ բոլորս բողոքում ենք, որ ժամանակները մեր օգտին չեն շարժվում։

Միասնական քննություննե՜ր, բոլոր-բոլորն իրար են խառնվել։

Ուզում եմ խոսել փոփոխությունների դրական ու բացասական հետևանքների մասին։ Դրական հետևանք․ և այսպես, բոլորն իրենց «ջանից դուրս են գալու», որպեսզի կարողանան տալ միասնական քննությունները։

Այս հետևանքին միանգամից հաջորդում է բացասականը․ այստեղ առաջ է գալիս «զուբրիտ» հասկացությունը, մենք ամեն ինչը «սովորելու» ենք շա՜տ լարված։ Հանձնելու ենք քննությունները և հետո միանգամից մոռանալու մեր սովորածը։

Մենք միշտ բողոքում ենք ամեն ինչից, ամեն բան մեր աչքերում շա՜տ բարդ է երևում, ավելի բարդ, քան իրականում է։ Մենք մեկ կամ երկու տարի առաջ բողոքում էինք բանավոր քննություններից, թե բարդ են, բայց արի ու տես, որ դրանից բարդ էլ կարող է լինել։ Հիմա վախենում եմ բողոքել միասնական քննություններից, վախենում եմ այն մտքից, թե սրանից բարդ է՞լ ինչ կարող է լինել, դե, օրինակ բանավոր քննություն մաթեմատիկայից, սարսափելի է հնչում, չէ՞։

Տրամադրվեք լավը մտածելով, մի՛ մտածեք վատի մասին, կարող են ավելի ու ավելի վատ ու բարդ երևույթներ էլ լինել, և մենք կհաղթահարենք դրանք, այնպես որ, երևի բարին էլ հենց սա է։ Երևի…

bella Araqelyan

Ծովազարդի երկար ձմեռը

Ձյունը ծածկել է գյուղս, հետո վերածվել ցեխի, հիմա էլ նորից փորձում է ծածկել: Բոլորը հիանում են ձյան փաթիլներով, իսկ ես, տաք հագած, թեյը՝ ձեռքիս, պատուհանից նայում եմ դուրս, ու կռիվ եմ անում ձյան հետ: Բոլորը սպասում են Նոր տարվան, իսկ ես ցրտից գոռում եմ՝ երբ պետք է գա մարտի վերջը: Դե, մեզ մոտ` Գեղարքունիքում, ձյունը հալվում է մոտավորապես այդ ժամանակահատվածում: Շրջապատիս մարդիկ ասում են, թե ձմեռը շատ գեղեցիկ է և հեքիաթային, իսկ իմ կարծիքով այն ոչ թե հեքիաթային է, այլ հանելուկային, որովհետև ինչ անում ես՝ չես տաքանում: Ինքս ինձ ստիպում եմ ժպտալ ու սիրել ձմեռը, չէ՞ որ ծնունդս նույնպես ձմռանն է, փորձում եմ ինձ համոզել, որ ձյունը գեղեցիկ է, մխիթարվում եմ այն փաստով, որ հա՜-հա, հիմա տոնածառ ենք զարդարելու: Այն էլ կեսից էլի բողոքում եմ, որ չեմ կարողանում առանց աթոռին կանգնելու աստղը դնել տոնածառի գագաթին: Իբր ձմեռվանից շատ գոհ էինք, հիմա էլ արձակուրդները, որոնք ամենևին էլ հանգստանալու համար չեն, այլ սովորելու ռուսերենի և գրականության երկար անգիրները, քիմիայի դասը, որին ես երբեմն անվանում եմ «գերմաներեն», քանի որ ոչ մի բառ չեմ հասկանում:

Առհասարակ, ձմռանն ամեն ինչ ծածկվում է սառնությամբ և տխրությամբ, և հենց սա է պատճառը, որ ես չեմ սիրում այս «գեղեցիկ» ձմեռը:

Հ.Գ. Թող ներեն ինձ բոլոր այն մարդիկ, ովքեր սիրում են Ամանորն ու ձյունը:

bella Araqelyan

Ինձ համար տարօրինակ, բայց միևնույն ժամանակ՝ հարազատ լեզուն

Կփորձեմ ձեզ ծանոթացնել մեր բարբառին: Ես ապրում եմ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում: Ճիշտ է, կան բառեր, որոնք չեմ հասկանում: Այդ դեպքում կդիմեմ տատիկիս օգնությանը: Դե ինչ, գնացինք.

Գիվա թե-իբրև թե

Բը իմալ-բա ոնց

Խա-հա

Գախ-ժամանակ

Ճիժ-երեխա

Յարա-վերք

Յոնջա-խոտ

Չուրի-մինչև

Ջոչ-մեծ

Գեղ-գյուղ

Խատիկ-հատիկ

Յողրան-վերմակ

Կոնախ-հյուր

Ֆլան-ֆստան – այսինչ-այնինչ

Հաշկ-աչք

Հուշիկ-կամաց

Խարսնքավոր-հարսանքավոր

Անգախ-անժամանակ

Չափալախ-ապտակ

Խամ-համ

Խինգ-հինգ

Մկա-հիմա

Հավար-տագնապի կանչ

Արաղ-օղի

Սուրու-ոչխարի հոտ

Պախկվել- թաքնվել

Խմուկ-խմած

Օյաղ-սթափ

Խոտ-հոտ

Գացի-գնացի

Քեֆովնալ-հարբել

Վայթե -երևի

Եքա-մեծ

Օղբաթ-փորձանք

Զոռել-ստիպել

Ջուխտ-զույգ

Իմ խետ-ինձ հետ

Գյուլաշ-կռիվ

Ծուռ- խենթ, խելառ

Հերգեն-երկար

Իլաջ- հնար, միջոց

Բառերը շատ-շատ են, բոլորը չեմ կարող գրել: Անկեղծ ասած՝ ես մինչև հիմա չեմ հասկանում թե ինչու են «քյավառցիք» բառերն էսպես «թարս» արտասանում, բայց երևի համն ու հոտն էլ հենց դրա մեջ է:

bella Araqelyan

Քննություններ

Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր այս տարի քննության են, ինձ պես գոնե մեկ անգամ ասել են;

-Է՜հ, հենց մեր ժամանակով քննությունները պիտի բանավոր դարձնեի՞ն։

Ինչքան շատ է մոտենում քննություն տալու ժամանակը, այնքան շատ է ավելանում լարվածությունս։

Ամբողջ դասարանով «կպած» պարապում ենք, որ քննության օրը պատրաստ լինենք, չնայած նրան, որ դասերն այս տարի ավելի ու ավելի շատ են, քան մնացած տարիներին։

Մեկ-մեկ ընկերուհուս` Հասմիկին, ասում եմ.

-Ինչ դաժան ա ամեն ինչ, եկանք առաջին դասարան՝ 10-ամյայից 12-ամյա դառավ կրթությունը, հասանք 9-րդ դասարան՝ քննությունները դարձան բանավոր։

-Ոչինչ, եթե պարապենք, բանավորը գրավորից հեշտ կտանք,-մխիթարում է Հասմիկը։

Ամեն օր պարապել, պարապել, պարապել․․․

Այս կյանքում ոչինչ հեշտ չէ, անգամ ամենահեշտ բանը` քննությունը։

Ինչ-որ տեղ լավագույնը լինելու համար հարկավոր է պայքարել։