Բելլա Առաքելյանի բոլոր հրապարակումները

bella Araqelyan

Երբ որոշումը կայացվել է

Հարցազրույց բռնցքամարտիկ զարմիկիս` Մհեր Դավթյանի հետ

-Գիտեմ, որ զբաղվում ես բռնցքամարտով, որքա՞ն ժամանակ ես զբաղվում այդ սպորտաձևով և ի՞նչ մրցումների ես մասնակցել:

-Բռնցքամարտով զբաղվում եմ 10 տարեկանից: Մասնակցել եմ տարբեր մրցումների թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս:

-Բռնցքամարտով զբաղվելու որոշումը քո՞նն էր, թե՞ քեզ ինչ-որ մեկը ուղղություն է ցույց տվել:

-Հայրս նույնպես զբաղվել է այս մարզաձևով, և նրա խորհրդով սկսեցի մարզվել, իսկ որոշ ժամանակ հետո արդեն իմ ցանկությամբ:

-Բացի բռնցքամարտից ուրիշ ի՞նչ սպորտաձևով ես զբաղվում:

-Դեռևս այլ մարզաձևերով չեմ զբաղվում, ուշադրությունս միայն այս սպորտաձևին եմ հատկացրել:

-Այսքան ժամանակ ի՞նչ մրցումների ես մասնակցել:

-Հայաստանի առաջնությանն եմ մասնակցել, մարզային և միջազգային այլ մրցույթների:

-Ի՞նչ պարգևատրումներ ունես:

-Հիմնականում առաջին հորիզոնականում եմ եղել լավ մարզավիճակիս շնորհիվ:

-Ի՞նչ նշանակություն ունի սպորտը քո կյանքում:

-Չեմ կարող հոբի համարել, բռնցքամարտը ուղղակի իմ կյանքի ուղեկիցն է:

-Իսկ առաջիկայում ի՞նչ մրցույթների ես մասնակցելու:

-Հիմա պատրաստվում եմ մեծահասակների Հայաստանի առաջնությանը:

-Կարողանո՞ւմ ես համատեղել ուսումը և սպորտը:

-Փորձում եմ, բայց չի ստացվում: Հետ չեմ մնում դասերիցս, ուսուցիչներս էլ զիջում են:

-Կա՞ ինչ-որ մեկը, որ դեմ է քո այդ որոշմանը, որ պետք է բռնցքամարտիկ դառնաս:

-Այո, եղբայրս, բայց նկատելով իմ ջանասիրությունը, նա սկսեց ինձ ոգևորել:

Սևան մեդիա ճամբար. Աշնան ցուրտ օրն ու ֆոտոարշավը

Օրը շատ ցուրտ էր, և ոչ ոքի մտքով չեր անցնում, որ կարող էր այդքան հետաքրքիր անցնել: Մենք բաժավեցինք խմբերի և անցանք գործի: Մի մասը գնաց ֆոտոյի, իսկ մյուս մասը թիավարության ֆիլմը նկարելու:

-Ֆոտոյի երեխեք, ֆոտոյի երեխեք,- կանչում էր ընկեր Դիանան:

-Գալիս ենք…Գալիս,- գոռում էինք մենք ի պատասխան:

Հավաքվեցինք, տեղավորվեցինք մեքենայի մեջ ու գնացինք ֆոտոարշավի: Արշավը անցկացրինք Սևան քաղաքում: Քաղաքում շատ ցուրտ էր: Մեր միակ բողոքը դա էր, իսկ մնացածը շատ հրաշալի էր: Սևան հասնելուն պես բաժանվեցինք երկու խմբի և սկսեցինք ֆոտո անել: Փորձում էինք նկարել այն ամենակարևորը, որն ամբողջովին կնկարագրեր Սևան քաղաքը: Առաջինը, որ մեր աչքից չվրիպեց, դա կանգառում կանգնած մարդիկ էին, իսկ հետո նկարեցինք շուկան, կոշկակարներին և իհարկե, մի բարի պապիկի, ով գնումներ արած տուն էր վերադառնում:

Սկզբում ես հարցրեցի պապիկին, թե արդյո՞ք կարելի է իրեն նկարել: Պապիկը համաձայնվեց, բայց նկարելուց հետո մի քիչ նեղվեց, թե ինչու ես իրեն չեմ հարցնում` ով է ինքը և ինչով է զբաղվում: Ես վատ զգացի, որովհետև ախր ասել էին` անպայման ծանոթացեք մարդկանց հետ, հարցազրույց արեք: Պապիկը էլեկտրակայաններ կառուցող է եղել և աշխատել է մեր երկրին միշտ օգուտ տալ: Նա պատմեց նաև, որ մենակ է ապրում: Իմ հարցին, թե ինչու է մենակ ապրում, նա ասաց, որ եթե մի օր չբնակվի իր սեփական տանը, հաջորդ օրը այն կավերեն: Ես այսպես կարող էի երկար խոսել պապիկի հետ, բայց քանի որ մյուսները հեռվում սառչելով ինձ էին սպասում, աշխատեցի շուտ ավարտել խոսակցությունը ու հասնել նրանց:

Այսպես երկար շրջեցինք քաղաքով, բայց ձյունը հալվել էր, և մենք աշխատում էինք, ինչքան հնարավոր է, շրջանցել գոյացած ջրափոսերը: Մոտեցանք մի ձկնավաճառ կնոջ, ցանկացանք նկարել, բայց կինը մեզ վրա մի քիչ բարկացավ ու թույլ չտվեց նկարել իրեն: Դե, մենք էլ ինչ անեինք, չնկարեցինք: Ինչ իմանաս` ինչու չցանկացավ, հիմա մարդ էր էլի…

Մի խոսքով, շարունակեցինք մեր ֆոտոարշավը, և մեր տղաներից Արտյոմը մեզ համար քաղցրավենիք գնեց: Մենք վազելով նստեցինք մեքենան ու սկսեցինք իրար մեջ բաժանել քաղցրավենիքը:

Այսպես անցավ աշնան ցուրտ օրն անցկացրած մեր ֆոտոարշավը:

Լաուրա Սեկոյան

***

Ցուրտ օրվա տաք հուշեր

Ինչպես  միշտ  մեդիա  ճամբարում  անչափ  հետաքրքիր  էր  և  այսօր, որ  օրն  այսչափ  ցուրտ  էր, ոչ  ոք  չէր  կարող  պատկերացնել, թե  այդ  ցուրտ  օրը  ինչպես  կարող  էր  այդքան  հետաքրքիր  անցնել:

Որոշեցինք, որ  պետք  է  գնանք  ֆոտոարշավի, ավտոբուսում  տեղավորվելուն  պես  ծիծաղով  և  հաճելի  զրույցներով  հասանք  Սևան  քաղաք,  բաժանվեցինք  խմբերի  և  սկսեցինք  զանազան  և  հետաքրքիր  ֆոտոներ  անել: Ոմանք  համաձայնվում էին  նկարվել, ոմանք`մերժում: Նույնիսկ  մեկը  կար,  ինձ  ասաց.

-Ինձ  մի  նկարեք, գնացեք  սիրուն  տեսարաններ գտեք,  նկարեք:

Այնքան  հետաքրքիր  ֆոտոներ  ստացվեցին:

Միջավայրն  այնքան  հաճելի  էր, որ  ոչ-ոք  չէր  նկատում,  թե ինչքան  ցուրտ  է:

Բելլա  Առաքելյան 

Bella Araqelyan

Իմ լիճն ու ես

Իմ լիճը. ասում եմ իմը, որովհետև ամբողջ օրը լճի հետ եմ: Իմ սենյակի պատուհանից երևում է Սևանա լիճը՝ իր ամբողջ հմայքով: Ամեն օր՝ օրվա տարբեր ժամերի, լիճն իմ հետ է, ես՝ լճի:

Անձրևից հետո ծիածանը լճի վրա, երկնքի արտացոլանքը լճի մեջ, ալիքների ծփանքը, որը ես ամեն օր լսում եմ: Ամեն օր առավոտյան վազում եմ դեպի լիճը, լվացվում նրա զանգակ ջրով:

Իմ տոներն էլ են կապված լճի հետ: Վարդավառին լիճ ենք իջնում, լողում, ջրվում, ուրախանում: Բա Համբարձմանը, թաղի երեխեքով իջնում ենք ջուր գողանալու: Ջուր գողանալու խորհուրդն այն է, որ ջուր գողանալիս ընդհանրապես պիտի չխոսեն: Մի օր ջուր գողանալու գնացինք ես, եղբայրներս, մեծ եղբորս կինն ու որդին:

Մեծ եղբորս տղան` Անդրանիկը, շատ չարաճճի է: Պատկերացրեք մինչև լիճ գնալը ինչքան ենք համոզել, որ չխոսի: Եվ այսպես, գնում էինք լիճ, որոշեցինք, որ փողոցն անցնելուն պես պիտի էլ չխոսենք: Փողոցն անցանք ու թարսի պես, գյուղի նախրչիները դեմներս ելան ու բարևեցին, մենք լռեցինք: Ձկնորսները իջնում էին լիճ, բարևեցին, ծիծաղեցինք, բայց էլի չբարևեցինք: Քիչ անց հարսիկիս զանգեց իր մայրը, Աստված իմ, հարսիկս միացրեց հեռախոսը, բայց չխոսեց: Երբ նա զգաց, որ չի կարողանում հասկացնել, որ զբաղված է, անջատեց հեռախոսը:

Վերջապես ջուրը գողացանք, գնացինք տուն ու պատրաստվեցինք Համբարձման տոնին: Տեսեք, թե այդ տոնը նշելու համար ի~նչ փորձությունների միջով անցանք:

Bella Araqelyan

Մեր ժողովրդի ոգին

Հարցազրույց հորս` Արցախյան հերոսամարտի մասնակից Անդրանիկ Առաքելյանի հետ

-Գիտեմ, որ ծառայել ես բանակում, ո՞ր թվականին ես ծառայել և որտե՞ղ:

-1982-1984 թվերին ծառայել եմ Սովետական բանակում`Սվերդլովսկում: Հայաստանը այն ժամանակ Խորհրդային Միության կազմում էր: Խաղաղ իրավիճակ էր: Շինարարական գումարտակում էի: Չնայած պատերազմական իրավիճակ չէր երկրում, սակայն մենք զգոն էինք և ամրապնդում էինք դիրքերը:

-Ի՞նչ ռազմական գործողությունների ես մասնակցել:

-1990 թվին ընդունվել եմ ՆԳ բաժին: 1991թվականին սկսվեց Արցախյան հերոսամարտը: ՆԳ բաժնի աշխատակիցներից կազմված ջոկատով մասնակցել ենք մի քանի պաշտպանողական մարտերի:

-Այդ ժամանակաշրջանից ի՞նչն է ավելի շատ տպավորվել:

-Նախ, հայ ժողովրդի հայրենասիրական ոգին: Այդ ժամանակ չկար կանոնավոր բանակ, բայց առանձին կազմավորված ջոկատներով այնպիսի սխրանքներ էին գործում, որ կանոնավոր կազմակերպված բանակը չէր կարող, եթե չունենար հայրենասիրական ոգի: Պատերազմի ժամանակ ընկերներիցս շատերը վիրավորվեցին, ուղեղի ցնցում ստացավ շատ մոտ ընկերս`Հովիկը, ինչը տարիներ հետո պատճառ դարձավ նրա վաղաժամ մահվան:

-Դու ասում ես, որ այն ժամանակ չկար կանոնավոր բանակ, իսկ ի՞նչ կամավորական ջոկատներ կային:

-Շատ կամավորական ջոկատներ կային: Դրանցից մեկը մեր տարածաշրջանից էր` Գեղարքունիքի մարզից, Լյովա Գևորգյանի ջոկատն էր, որը պատերազմական գործողությունների ժամանակ շատ զոհեր ու վիրավորներ ունեցավ:

-Ունե՞ս շքանշան: Ի՞նչ նշանակություն ունի շքանշանը քեզ համար:

-Ստացել եմ «Արցախյան մայրերի երախտագիտություն» շքանշան: Դա մեծ պատիվ է ինձ համար, որ ես իմ գործով արժանացել եմ Արցախյան մայրերի երախտագիտությանը:

-Ինչպիսի՞ իրավիճակ ես ակնկալում, երկրի իրավիճակը կգնա՞ դեպի լավը, թե՞ վատը:

-Արցախի խնդիրը միշտ վիճելի է եղել ու կմնա այդպիսին: Բայց հայ ժողովրդի անձնվեր զավակները իրենց արյան գնով են ազատագրել Արցախ աշխարհը: Ինչ էլ որ լինի, Արցախը պետք է մնա ազատ և անկախ:

Bella Araqelyan

Բացահայտված նոր աշխարհ

Ընտանիքիս անդամները շատ են`տատս, հայրս, մայրս, միջնեկ եղբայրս, մեծ եղբայրս` կնոջ և որդու հետ: Դե, պատկերացրեք քանի հոգի են կանգնած, որ համակարգչի դիմաց նստելուն պես նախատեն ինձ: Մոտավորապես այսպես:

Մի պահ նստեցի համակարգչի առաջ.

Տատս ասաց.

-Ախչի, էլի նստա՞ր էդ կաբուդատորի դեմը, հելի, մեղք ես, հաշքերտ քոռցան: Տենաս ո՞վ էտ անտերը ստեղծեց, մեր գախ որ չկար, չի°նք աբրում…

Անդրանիկը`եղբորս որդին.

-Հոքու~ր, մի հատ իմ մուլտիկը կդնե°ս:

-Չէ, մի քիչ հետո:

-Է~, հիմի եմ ուզում…

Մեծ եղբայրս.

-Պա~հ, էս էլի հասա՞ք իրար կամպուտրի համար:

Միջնեկ եղբայրս.

-Արագ վերջացրու, գործ ունեմ անելու, քուրս:

-Լա~վ էլի, ժողովուրդ, թողեք մի վայրկյան հանգիստ նստեմ:

Տատս.

-Չէ~ հելի, բոլա, հելի` թող էրեխեն նստի:

Հայրս.

-Մի կռվեք: Թե չէ`մյուս ամիս կապի փողը չեմ մուծի, կանջատեն:

Էսպես ամիսներ շարունակ: Մի օր դպրոցում անցկացրած 17.am-ի սեմինարից հետո գնացի ու հորս ասացի.

-Պապ, սեմինարի եմ մասնակցել:

-Ի՞նչ թեմայով էր:

-Լրագրություն, լուսանկարչություն, կինոյի: Եթե ակտիվ մասնակցեմ, կգնամ լրագրողական դասընթացների, կթողնե°ս:

-Բա գնա, բա ի՞նչ պիտի անես: Գնա, համ էլ էն ինտերնետից կկտրվես:

Մասնակցեցի 17.am-ի դասընթացներին: Շատ հետաքրքիր էր:

Ես ինքս ինձ մտածում էի, որ աշխարհում շատ ավելի հետաքրքիր բաներ կան ինտերնետից բացի: Ես ազատ ժամանակ ինտերնետում էի անցկացնում, իսկ հիմա բոլորը գիտեն, որ ես նստած նյութեր եմ գրում: Նույն բանը տատս էր մտածում, և ինքն էլ մի օր քթի տակ իրեն-իրեն ասաց.

-Լավ ա, լավ: Էդ աղջիկը լավ էլ զբաղմունք ա ճարել: Լավ էլ գրում ա…

Բայց ինձ համար դա զուտ զբաղմունք չէ, այլ մի նոր աշխարհ, որը ինձ կլանել է իր մեջ: