Սաթենիկ Գալստյանի բոլոր հրապարակումները

satenik

Սերը երբեք չի անհետանում

2016 թվականի  հունվարի 23-ը տարբերվեց  մնացած տարիների հունվարի 23-երից:  Այո, տարբերվեց նրանով, որ ամբողջ Հայաստանում նշվեց Սուրբ Սարգսի՝ Սիրո բարեխոսի տոնը: Երիտասարդները աղի բլիթ կերան, որպեսզի ծարավեն և երազում տեսնեն իրենց սիրելիին: Ոմանք հավատում են, իսկ ոմանք՝ ոչ: Այս օրը  նաև չամուսնացած աղջիկներից շատերը այլյուրով սկուտեղ են դնում իրենց պատուհանի գոգին՝ սպասելով, որ առավոտյան Սուրբ Սարգիսն իր նժույգով կգա, կանցնի իրենց տան մոտով, և նժույգի ոտնահետքերը կմնան ալյուրի վրա: Այս տոնը նաև նշեցինք մենք՝ գլուղ Արարատի երիտասարդությունս: Բոլորս հավաքվել էինք մեր գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում: Ես կարծում եմ, որ եկեղեցին կարող է միավորել մի ամբողջ ազգ: Օրը սկսվեց Պատարագով: Եկեղեցում հավաքվել էին տարբեր բնավորության, խառնվածքի տեր մարդիկ, սակայն նրանց բոլորին միավորում էր աղոթքը: Բոլորը լսում էին Տեր Դավթի օրհնանքը՝ առ մեզ: Պատարագից անմիջապես հետո բաժանվեցին աղի բլիթներ: Եվ այդ ամենին հաջորդեց երաժշտական ծրագիր՝ հենց եկեղեցու բակում:

Լուսանկարը՝ Ծովինար Ղազարյանի

Լուսանկարը՝ Ծովինար Ղազարյանի

Ահա և երեկոյան բոլոր  երիտասարդները` և աղջիկ, և տղա, կերան աղի բլիթները՝ հավատալով, որ երազում կտեսնեն  իրենց սիրեցյալին: Անկախ ամեն ինչից, թե դուք տեսաք երազում, կամ չտեսաք, հավատացեք. «Սերը համբերող է, քաղցրաբարո է, սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում: Սերը երբեք չի անհետանում»:

satenik

Դե, առաջ ուրիշ էր, էլի

Մենք հաճախ ենք լսում. «Դե, առաջ ուրիշ էր, էլի» արտահայտությունը: Բայց շատ-շատերս ուշադրություն չենք դարձնում կամ էլ վերաբերվում ենք հումորով, սակայն այս և այլ արտահայտությունների ետևում թաքնված է մի պարզ ճշմարտություն, որ առաջ կյանքը եղել է անհոգ, երջանիկ և ապահով: Դե հա՛,  բոլորս էլ կմտածենք՝ ի՞նչն է վատ: Հետևում ենք նորաձևությանը, ձեռք ենք բերում թանկարժեք հեռախոսներ, բայց այս ամենն ուղղակի պատրանք է, որը մեր կյանքը ավելի է հեշտացնում և տանում, այսպես ասած, նստակյաց կյանքի: Այս ամենը կարդալով՝ ձեր մեջ հարց է առաջանում, թե արդյոք ինչո՞վ են տարբերվում 70-90-ական թվականներն այժմյան ժամանակաշրջանից: Այս բոլոր հարցերի պատասխանը տվեց մայրս:

-Մա՛մ, որ էդքան ասում ես` «Առաջ ուրիշ էր», ի՞նչն էր ուրիշ:
-Դե, մեր ձգտումները, նպատակները, հետաքրքրությունները տարբերվում էին:
-Օրինակ, էդ ի՞նչ ձգտումներ են, որ տարբերվում են:
-Մենք ձգտում էինք սովորե՜լ, սովորե՜լ, սովորե՜լ՝ ինչպես բոլորը: Այս և այն ժամանակաշրջաններում տարբերությունն այն է, որ այն ժամանակ հեշտ ու հանգիստ էինք գտնում գրքեր ու նման այլ բաներ, քանի որ ուսումը, գրքերը անվճար էին, և յուրաքանչյուրի պարտքն էր միմիայն սովորել, իսկ հիմա ուսման համար առաջանում են շատ ու շատ խնդիրներ՝ կապված նյութերի, գրքերի, անվճար ուսումնական հաստատությունների հետ:
-Բա հետաքրքրություննե՞րը:
-Այն ժամանակ հետաքրքրությունները ամբողջովին ուրիշ էին: Մենք զբաղվում էինք ասեղնագործությամբ, շյուղագործությամբ, կազմակերպում էինք մրցույթներ՝ «Ամենագեղեցիկ ասեղնագործությունը» և այլն: Աղջիկների համար շատ հետաքրքրիր էին անցնում տեխնոլոգիայի դասերը: Դրանք վերջում վերածվում էինք հավաքույթների: Մենք կիսվում էինք տարբեր կենցաղային և խոհանոցային նորամուծություններով: Կազմակերպում էինք ինտելեկտուալ խաղեր զուգահեռ դասարանների միջև, այժմյան «Ամենախելացին» խաղի պես: Ավագները ուսուցիչների օգնությամբ կազմում էին հարցաշար: Այնուհետև դասարանները սկսում էին պատրաստվել խաղին: Եվ հաղթող դասարանի համար դա մի այլ ուրախություն էր, քանի որ ուսուցիչները սկսում էին ավելի լավ զգալ, քանի որ դա նրանց պարծանքն էր դառնում:
-Հա՛, լավ կլիներ մենք էլ նման խաղեր կազմակերպեինք: Բայց դե, մեր խաղերն էլ են լավը՝ 21 ենք խաղում, պոկեր ենք խաղում: Ի՞նչն է վատ,- ցանկանալով գովել մեր երիտասարդությանը՝ մեջ մտա ես:
-Լավ ա,  բայց ի տարբերություն ձեզ, մենք դասերից հետո իջնում էինք դպրոցի բակ՝ անկախ տարիքից և սեռից, և կազմակերպում էինք խաղեր ամեն ինչով՝ «ռեզինով», պարանով, գնդակով, օղակով, և հաստատ ավելի լավ էր անցնում քան հիմա, երբ այդ ամենը վերածվել է վիրտուալ իրականության:
-Այ օրինակ, որ  ասում ես` դասատուների հանդեպ հարգանք չկա, բա ձեր ժամանակ ո՞նց էր:
-Ավելի փոքր տարիքում ուսուցիչները մեզ համար առեղծվածներ էին: Մենք մտածում էինք. «Տեսնես իրենք հաց ուտո՞ւմ են…» կամ «Իրենք քնո՞ւմ են»: Իսկ հիմա … Հիմա աշակերտի և ուսուցչի միջև ջերմ և ընկերական մթնոլորտ է: Երբ իրենք միջանցքում էին, մենք դասարանից դուրս չէինք գալիս, մենք ամաչում էինք բարև տալ, բայց հիմա երեխաների ուշադրությունը  գրավում է ամեն մի փոփոխություն ուսուցչի մեջ, թե ով մազերը ներկեց, ով կտրեց, ով ամուսնացավ և այլն:

Ես ստացա իմ հարցերի պատասխանը և երևի դուք էլ, գուցե ոչ ամբողջովին: Գուցե իմ մայրիկի հասակակիցները մի քիչ տարբերվում էին ձեր մայրիկների և հայրիկների հասակակիցներից: Չգիտեմ, բայց շատ կուզեի իմանալ, երևի դուք էլ:

Ի՞նչ եք կարծում. Արժե՞ այս մասին բանավեճ սկսել:

Ամեն դեպքում միշտ էլ կարելի է հիշել հին ու բարի ժամանակները՝ չմոռանալով ներկայի և ապագայի մասին:

satenik

Հազար պատմություն մի ընտանիքում

Գալստյանների ընտանիքում տնային կենդանիներ պահելը դարձել է արդեն սովորույթ: Տան պայմաններում տարբեր տեսակի կենդանիներ՝ աղավնի, ճագար, բադ, շուն, կատու, ձկներ, պահելը սովորական երևույթ էր: Մի խոսքով՝ կենդանաբանական այգի: Ամեն ինչ սկսվեց մոտ 20 տարի առաջ՝ գարնանը: Մի օր պապս մի շան ձագ գրկած մտավ տուն: Բնականաբար շուն պահելը՝ այն էլ բնակարանում, այդքան էլ հեշտ չէ: Դե իհարկե, շանը անուն էր պետք: Այդ ժամանակ հեռուստացույցով ընթանում էր բրազիլական սերիալ, որի գլխավոր հերոսուհու անունն էլ հետագայում դարձավ շան անունը: Շանն անվանակոչեցինք Մալու: Դե հա՜, ամեն մի սկիզբ ունի նաև վերջ, բայց այս անգամ վերջը մոտեցավ շատ շուտ: Մեկ տարի անց Մալուն հիվանդացավ և սատկեց: Մեծ հանդիսավորությամբ պապս «հուղարկավորություն» արեց: Այնուհետև պապս տուն բերեց բադ՝ Սիմային: Շուն, կատու, ձուկ, բայց բա՞դ: Ընտանիքի անդամները դեմ էին, այդ իսկ պատճառով Սիման բնակություն հաստատեց ավտոտնակում: Սիման արդեն սովորել էր իր նոր, բայց տարբերվող ընտանիքին: Պապս կանչում էր.

-Սիմա՜,- բադը լսելով իր անունը տնգտնգալով մոտիկ էր գալիս: Մուրզիկ. այս բառն ասելիս Գալստյանները հիշում են իրենց երկար տարիների ընկերոջը: Օրերից մի օր՝ մոտ տասնհինգ տարի առաջ, Գալստյանների տան առջև մի փոքրիկ փիսիկ էր նստել և մլավում: Իր ոտքով եկավ և հիմքը դրեց երկար տարիների պատմության: Սկզբում ոչ ոք չէր մտածում, որ կատվին պետք է պահեն տանը: Նախ կերակրեցին, մի քիչ խաղացին հետը, եկավ ժամանակը, որ պետք է հրաժեշտ տային՝ մտավ պապս և ցանկացավ լրացնել «կենդանաբանական այգու» կենդանիների ցուցակը:
Մուրզիկի գլխով շա՜տ բաներ են անցել: Օրինակ՝ եղբայրս պատուհանից նետել էր նրան, որպեսզի համոզվի, իսկապե՞ս կատուները յոթ կյանք ունեն: Մուրզիկը ապրեց մեր ընտանիքում և կիսեց մեզ հետ մեր տխուր և ուրախ օրերը:
Պապս մեզ սովորեցրեց սիրել մեր կրտսեր եղբայրներին` կենդանիներին և հոգ տանել նրանց մասին: Հիմա մենք այլ կերպ չենք պատկերացնում:

satenik

Վաղ ընտրություն

Իններորդ դասարանն ավարտող յուրաքանչյուր պատանու խնդիրն է որոշել` կամ դուրս գալ դպրոցից, կամ ընտրել մասնագիտություն, կամ շարունակել հաճախել դպրոց: Ահա այդպիսի դժվար ընտրության առաջ էի կանգնել ուսումնական տարվա սկզբին: Մայրս ամբողջ ամառ հարցնում էր. «Սա՛թ, կարող ա՞ անգլերենի մասնագետ դառնաս, կարո՞ղ ա` մանկավարժ, կամ դիզայներ, կամ մոդելավորող»: Իսկ այդ բոլոր հարցերին հետևում էր հետևյալ պատասխանը. «Չգիտեմ»: Իսկապես չգիտեի, չէ որ այդ տարիքում դեռ չես կողմնորոշվում, թե ինչ ես ուզում դառնալ: Դեռ շատ մասնագիտությունների մասին ոչինչ չգիտես, բայց ստիպված ես արագ ընտրություն կատարել, ինչը իմ կարծիքով սխալ է:

Վերջիվերջո առանձնացրեցինք երկու մասնագիտություն` տնտեսագետ և մանկավարժ: Իսկ այս երկուսից հաղթեց տնտեսագետը` ձայների մեծամասնությամբ: Որից էլ հետևում էր, որ դուրս եմ գալիս դպրոցից և ընդունվում Արարատի պետական քոլեջի` «Սպասարկման կազմակերպում» բաժինը: 

Քոլեջից առաջին տպավորությունները շատ լավ էին` նոր միջավայր, նոր «դասարան», «նոր դասասենյակ», լավ բացատրող «ուսուցիչներ»: Բնականաբար յուրաքանչյուր առաջին կուրսեցու համար դժվար է ադապտացվել կուրսղեկ, կուրս, դասախոս և լսարան բառերին: Նաև առաջիկա օրերի խնդիրն էր` լսարանների համարները հիշել, քանի որ շրջում էինք լսարանից լսարան, բացառությամբ ձմռանը: 

Քոլեջի ամենաուրախ պահերից մեկը երկար դասամիջոցին «բուֆետ» գնալն է: Սակայն ի տարբերություն դպրոցի, բուֆետ չկա: Մենք օգտվում ենք քոլեջի դիմացի խանութներից: 

-Ըհը, զանգը տվեց,-արագ-արագ հավաքվելով ասացի ես ու ընկերուհուս ձեռքը բռնեցի և քաշեցի դեպի մուտքը: 

Հիմա կասեք` «Ինչի՞ց եք ուշանում», որովհետև եթե մի քիչ ուշ ենք գնում, մեզ ուտելու բան չի հասնում: 

Չնայած քոլեջը դասաժամի տևողությամբ տարբերվում է դպրոցից` 80 րոպե, սակայն դասաժամը այնքան բովանդակալից և հետաքրքիր է անցնում, որ չենք նկատում, թե դասը երբ վերջացավ:

Սկզբում աշակերտից անցումն ուսանողի դժվար է, սակայն որոշ ժամանակ անց համակերպվում ես: Դպրոցն ունի հատուկ համակարգ, իսկ քոլեջում դու ես քո գլխի տերը: Բայց չմտածեք, թե քոլեջը վերահսկողությունից դուրս է. քեզնից պահանջում է սովորել և հաճախել դասերին, լինել կազմակերպված և պատասխանատու, հակառակ դեպքում բացակաների պատճառով կհեռացվես: 

Առայժմ ինձ դուր է գալիս ուսանող լինելը. քեզ մի տեսակ մեծ ես զգում: Բացի այդ քոլեջում շատ ակտիվ է անցնում նաև ժամանակը դասերից դուրս: Ամեն շաբաթ կազմակերպում ենք միջոցառումներ, մրցույթներ տարբեր կուրսերի միջև:
Հուսամ, մինչև ավարտելս ավելի լավ կհասկանամ. Ուզում եմ դառնալ տնտեսագետ թե ոչ, և իմ ընտրության համար հետագայում չեմ զղջա:

Իմ գյուղը` Արարատ

Լուսանկարը՝ Սաթենիկ Գալստյանի

Արարատ: Մի բառ, որը ասելիս հասկանում ենք լեռան, մարզի, քաղաքի և գյուղի ամբողջություն: Արարատ մարզում է գտնվում Արարատ կոչվող գյուղը, որը տեղացիներին հայտնի է Դավալու անվամբ: Դավալու անվան մեկնաբանությունը ոմանք կապում են դավի և լի բառերի հետ, բացատրելով, որ այն նշանակում է կռվի, դավի, վեճի վայր։  

Ուսումնասիրություններն ապացուցում են, որ գյուղի բնակիչները պատվասեր և հյուրասեր են եղել ու զենք գործածելու մեջ հմուտ։ Յուրաքանչյուր ընտանիք զենք է ունեցել։ Դա է պատճառը, որ Դավալու գյուղը կանգուն է մնացել, թալանի չի ենթարկվել։ Ոմանք Դավալու անունը բացատրում են, ասելով, թե դավալեցիների սարսափն այնքան է տարածված եղել ավազակ ցեղերի վրա, որ գյուղ մտած ուղտը վախից լու է դարձել։ Գյուղում կա 3 դպրոց, խաչքարեր, հուշահամալիր, Ս. Հակոբ եկեղեցին և Վազգեն Սարգսյանի անվան տուն-թանգարանը: Մեր գյուղը շատ հերոսներ է պարգևել հայ ժողովրդին: Արարատ գյուղում է ծնվել և մեծացել սպարապետ Վազգեն Սարգսյանը, ում անունով էլ այժմ գյուղում տուն-թանգարան կա: Այնտեղ պահվում են  արժանապատիվ հայի  անձնական իրերը, զենքերը, փաստաթղթերը և պարգևները: Գյուղացիները  զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, ինչպես նաև անասնապահությամբ և մեղվաբուծությամբ:

Իմ առօրյան գյուղում անցնում է շատ հետաքրքիր: Թեև մեծահասակները ամբողջ օրը տարված են գործերով, բայց գյուղի աշխուժությունը պահպանում են փոքրերը:

Գյուղի հուշահամալիրի առջև միշտ մարդաշատ է արևոտ օրերին: Պապիկները հավաքվում են  ու կիսվում միմյանց հետ գյուղում տեղի ունեցած իրադարձություններով:  Գյուղում շատ բաներ կան շտկելու և փոփոխելու: Գյուղում կան փողոցներ, որ ոռոգման խնդիր ունեն, ասֆալտապատելու: Սակայն ես համոզված եմ, որ ժամանակի ընթացքում և բոլորիս ջանքերով այս խնդիրները կվերանան: