Էրիկ Խեչումյանի բոլոր հրապարակումները

Ես կլառնետ եմ նվագում

Ամեն ինչ սկսվեց հենց այն ժամանակ, երբ ես ավելի լրջորեն և ուշադիր լսեցի կլառնետի վայելուչ հնչյունները: Երբ ես յոթ տարեկան էի, ծնողներիս հայտնեցի, որ ուզում եմ հաճախել երաժշտական դպրոց: Քանի որ հայրս նույնպես կլառնետ է նվագում, դա շատ դուր եկավ նրան, և ինձ ուղարկեց երաժշտական դպրոց: Իմ կլառնետի ուսուցիչը  հայտնաբերելով իմ մեջ գործիքին տիրապետելու տաղանդը, հաճախակի ինձ ներկայացնում է տարբեր մրցույթներում և փառատոներում, որտեղ ես մեծ հաջողությամբ եմ հանդես եկել: Այս ասպարեզում իմ ամենամեծ հաջողությունն այն էր, որ 2013 թվականի ապրիլին մասնակցեցի Գյումրիում «Վերածնունդ» միջազգային փառատոնին: 2500 մասնակցի մեջ հայտնվեցի լավագույն 30 պատանի երաժիշտների շարքում և ստացա դիպլոմ «Լավագույն կատարող» անվանակարգում: Վերջերս` հունիսին, UNESCO-ի նախաձեռնությամբ Երևան էր հրավիրվել Մոսկվայի պետական կոնսերվատորիայի փողային բաժնի ամբիոնի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանը: Այցի նպատակն էր`ստուգել երեխաների ունակությունները: Լոռու մարզից ինձ ընտրեցին գալ Երևան և մասնակցելու այդ լսումներին: Պարոն Բաղդասարյանը  ինձ մասնագիտական օգտակար խորհուրդներ տվեց, հորդորեց, որ ավելի շատ ուշադրություն դարձնեմ դասական կատարմանը, և ասաց, որ ունեմ շատ լավ տվյալներ բարձրակարգ երաժիշտ դառնալու: 

Այս խորհուրդներից հետո ես ավելի եմ ոգևորվել և ավելի հաստատվել իմ որոշման մեջ. Անպայման շատ կաշխատեմ, որպեսզի արդարացնեմ հայրիկիս, ուսուցիչներից ու բոլոր մասնագետների սպասումները: