Մարգարիտա Ոսկանյանի բոլոր հրապարակումները

margarita voskanyan lori

Մառնեուլը լոկ շուկա չէ

Շատերին է հայտնի, որ Լոռուց ավելի շուտ կարելի է հարևան երկիր՝ Վրաստան հասնել, քան մայրաքաղաք Երևան: Իսկ իմ գյուղից՝ Արևածագից՝ հատկապես: Ու գնալով այդ պարադոքսը ավելի լայն տարածում ստացավ, ու միայն իմ համագյուղացիների մեծ մասը շաբաթվա ընթացքում մի քանի անգամ լինում են Վրաստանում: Ես էլ վարակված` մեծ ոգևորությամբ ուզում էի գնալ Վրաստան: Եթե անկեղծ, ապա Վրաստանի մասին մտածելիս ես միշտ պատկերացրել եմ Թբիլիսին՝ իր կոլորիտային փողոցներով: Բայց առաջին այցելությունս ինձ իմ մտքերի Վրաստանը չտարավ: Մենք էլ շատերի նման գնում էինք Մառնեուլ: Մառնեուլը քաղաք է Վրաստանում: Սակայն շատ շատերի համար այն ասոցացավում է շուկայի, առևտրի հետ: Մինչև գնալս ու գնալու ժամանակ շատերն էին ասում, որ փոշմանելու եմ: Է հա, ինչ կա որ էնտեղ` ցեխ, էստեղ-էնտեղ թափթփված արկղեր, աղբի կույտեր ու անհամար ջրափոսեր:

Առաջին տպավորությունս անբացատրելի վատն էր: Երբ ուզում էի մեքենայի դուռը բացել ու դուրս գալ, հանդիպեցի մի մեծ պատնեշի՝ սոխի կեղևներով մի սար էր գոյացել: Սկզբում շատ անտարբեր հայացքով քայլում էի` ոչինչ չնկատելով շուրջս: Բայց դա միայն սկզբում, հիմա ասում եմ` երանի ինձ ու իմ աչքերին, որ այնտեղ էին: Կույրն անգամ կարող էր հասկանալ, որ սա միայն շուկա չէ, այստեղ մի բան կա, որ մարդու հոգուն է ձգում: Երբ նույն տեղով արդեն երրորդ անգամ էի անցնում, նկատեցի երկու մարդու, որ կանաչի էին վաճառում: Ազգությամբ ադրբեջանցի էին, արևելյան երաժշտություն էին միացրել ու թուրքական թեյի բաժակներով թեյ էին խմում: Երանելի տեսարան էր: Հետո մի քիչ հեռվում հայ ու ադրբեջանցի կանայք հագուստ էին վաճառում: Հագուստը, մեղմ ասած, բանի պետք չէր ու փռված էր գետնին: Իմ ուշադրությունը բնավ էլ դրա վրա չէր սևեռված, այլ այն բանի, որ հայն ու ադրբեջանցին, թշնամի լինելուց բացի, կարող են նաև հաշտ «գործընկերներ» լինել: Մի ուրիշ վայրում էլ ամուսիններով էլի ինչ-որ ապրանքներ էին վաճառում: Թառը ձեռքներին` մեկ ամուսինն էր նվագում, մեկ՝ կինը: Ու օդը լցված էր այդ երաժշտությամբ: Չգիտեմ` երբևէ հայտնվե՞լ եք մի վայրում, որտեղ կանգնած ես, ու ականջներիդ հասնում են մի շարք լեզուներով բառեր՝ հայերեն, վրացերեն, թուրքերեն, ռուսերեն: Ու ես երբևէ չէի պատկերացնի, որ այդ երևույթը ինձ գերագույն հաճույք կպատճառի: Երբ քայլում ես Մառնեուլի շուկայի փողոցներով, քեզ զգում ես Թուրքիայում, հետո` Հայաստանում, հետո և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում միաժամանակ: Անբացատրելի զգացողություն է:

Ինչ թյուր կարծիք էր ստեղծվել այդ քաղաքի մասին: Ու հենց այդ պահին, հենց այդ վայրում ցանկացա շատ բարձր գոռալ, որ բոլորը լսեն, որ բոլորն իմանան, որ Մառնեուլը ուղղակի քաղաք չէ, շուկա չէ, այն տարբեր ազգերի, տարբեր ժողովուրդների ու նաև, այսպես կոչված, «թշնամի ժողովուրդների» կենցաղի ու մշակույթի միաձուլում էր, համատեղում էր: Ու այդ ամենն այնքան նուրբ ու հավես էր ստացվել, որ ուզում էիր անընդհատ շրջել այդ ջրափոսերի միջով, շրջանցել աղբակույտերն ու հետևել նրանց: Ու այդ պահին ինչքան ափսոսացի, որ չեմ վերցրել ֆոտոխցիկս, այդ մարդկանց, այդ համատեղված կենցաղն ու մշակույթը իսկապես անմահացնել էր պետք: Այնքան կուզեի լիքը հարցեր տալ, որովհետև համոզված էի, որ մեծ սիրով կպատասխանեն: Հաջորդ անգամ հաստատ կուղղեմ սխալս ու շատերին ապացույցներով կպատմեմ Մառնեուլի «կարևորության» մասին: Կյանքումս այդքան հագեցած ու նոր բացահայտումներով օր չէի ունեցել: Օրվա վերջին հրաշքը կապոցով թուրքական թեյի բաժակներին էին: Դրանցով թեյ խմելուց հավես բան չկա:

margarita voskanyan lori

Ես ուղղված եմ քեզ

Բարև: Ես նամակ եմ: Եկել եմ հեռավոր անցյալից: Եկել եմ քո ներկայիս ժամանակաշրջան:

Ես դժբախտ ու միաժամանակ երջանիկ նամակ եմ: Իմ ներսում ցավ, վիրավորանք, տխրություն ու, միևնույն ժամանակ, սեր, երջանկություն, հույս և հավատ կա:

Դե հա, ես տարօրինակ նամակ եմ: Մի քիչ պատմեմ իմ մասին:

Ես ծնվել եմ Եգիպտոսում: Այսպես ասած՝ մայրս եղել է Կլեոպատրա թագուհին, նա է ինձ առաջին անգամ ճամփորդության մեջ դրել, առաջինն ուղղված եմ եղել Կեսարին: Ցավոք, հենց սկզբից ես վիրավորանք ու անհավատարմություն տարածեցի:

Հետո շատ տարիներ անց հայտնվեցի Հայաստանում: Ինձ համար իսկապես մեծ պատիվ էր Հայոց հզոր թագավոր Աշոտ Երկրորդի հույզերն ու զգացմունքները փոխանցել իր սիրելիին՝ Ասպրամին:

Պատերազմի թեժ կետերում էլ եմ եղել: Ֆրանսիայի թագաժառանգ Շառլը ինձ ուղարկեց Ժաննա դ’Արկին՝ խոսելով ինչ-որ թվերի ու զորքերի մասին: Եվ հենց այդ դարաշրջանում էլ քիչ էր մնում կնքեի մահկանացուս: Ինձ պատրաստվում էին այրել Ժաննայի հետ. պատահմամբ փրկվեցի:

Հասա մինչև Նապոլեոնի ժամանակաշրջան: Իսկապես շատ բան կարող եմ պատմել նրա մասին: Ես նրա հետ Սուրբ Հեղինե կղզում էի:

Անցա բազում դժվարությունների միջոցով ու հասա մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմ: Այս տարիներին ես իրականացրի իմ կյանքի գլխավոր առաքելություններից մեկը: Ես նամակ էի, որը որդին մորն էր գրում, զինվորը՝ սիրած աղջկան, հրամանատարը՝ ժողովրդին:

Հետո երկար ժամանակ հանգստի մեջ էի, ինձ՝ որպես երկար ճանապարհորդության մեջ եղած նամակի, պահում էին անգլիական մի թանգարանում:

Հիմա ես քո ժամանակաշրջանում եմ: Ես քեզ մոտ եմ եկել Սիրիայից, Իրաքից, Իսրայելից ու բոլոր այն երկրներից, որտեղ պատերազմ է:

Ես քեզ եմ բերել այդ վայրերի մարդկանց աղերսները, որոնք ուղղված են համայն աշխարհին: Ու չէ որ դու էլ, քո ընկերն էլ ու բոլորդ էլ այս աշխարհն եք: Եվ կապ չունի, թե դու մոլորակի որ ծագից ես, ինչ ազգություն ունես կամ ինչ գաղափարներ:

Ես ուղղված եմ քեզ: Ես խաղաղության, համերաշխության ու հանդուրժողականության նամակ եմ:

margarita voskanyan lori

Իմ երեք կյանքերը

Իմ կյանքը 1000 հատիկ ունեցող փազլ է:

Դու իմացար, որ այն այդքան շատ հատիկներ ունի: Իմացար ու վախեցար: Վախեցար ու փախար: Փախար ու էլ hետ չեկար: Ես անգամ չհասցրի ասել, որ 999-ը ես արդեն վաղուց հավաքել եմ, քեզ միայն մեկն էր մնացել: Մեկը, բայց ամենակարևորն ու պատասխանատուն:

Քո գնալուց հետո իմ փազլի բոլոր հատիկները խառնվեցին իրար: Բայց ես քեզ պես վախկոտ չէի: Փազլիս՝ կյանքիս 999 հատիկը հավաքեցի ու սկսեցի փնտրել քեզ: Փնտրեցի ու չգտա: Չգտա ու տխրեցի:

Որպես օրենք՝ փազլ հավաքելիս մարդիկ կորցնում են վերջին հատիկը, փնտրում են ամենուր՝ տուփի մեջ, սեղանի ու բազմոցի տակ, անգամ այն տեղերում, որտեղ չեն էլ եղել, ու վերջում, երբ չեն գտնում՝ կանոնի համաձայն ասում են. «Ի սկզբանե տուփի մեջ չի էլ եղել այդ վերջին մի հատիկը»:

Կանոնից չշեղվելով՝ ես էլ չէի գտնում իմ վերջին ու 1000-րդ հատիկը, ու չէի կարողանում հասկանալ՝ կորցրել եմ, թե ի սկզբանե չի եղել:

Հիմա հասկացա, որ այդ մի հատիկը դու տարար քեզ հետ՝ չմտածելով, որ իմ մի մասնիկն ուրիշ փազլների համար խորթ է լինելու ու տարբեր: Իսկ դու միայն այդ մի հատիկն ունես՝ ամբողջություն լինելու համար:

Էլ ինչպե՞ս չատեմ քեզ, կամ էլ` ինչպե՞ս ներեմ, որ քո լինել-չլինելու պատճառով ուրիշները փորձում են իրենց կեղտոտ, ճմրթված ու անհամապատասխան փազլի հատիկը մտցնել իմ կյանք: Միևնույնն է՝ թույլ չեմ տա:

Եվ վերջապես, դու գիտես, թե ինչ է նկարված իմ փազլի վրա: Որքան էլ զարմանալի թվա քեզ, բայց փոկ, հեռավոր հյուսիսում ապրող փոկ: Դու ինձ սառն ու հաջողություն չբերող համարեցիր, փոխեցիր ճանապարհդ ինձ տեսնելիս: Իսկ ես գալիս էի քեզ մոտ, որ հասկանամ՝ ինչ կերպարանք ունես: Բայց դու միշտ փախչում ես ինձնից, նույնիսկ իմ մասնիկն ես վերցնում ու կորչում՝ չմտածելով ո՛չ իմ, ո՛չ էլ քո մասին: Չէ՞ որ դու կամ ավելի ես լինելու կամ պակաս, իսկ այդպիսի կիսատ-պռատ պատկերներով ո՞ւմ ես պետք: Հավատա, բոլորն էլ մեծ ու խոշոր, հասկանալի փազլներ են փնտրում, միայն ես եմ քեզ նման անհասկանալի, բայց նաև տարբերվող փազլի հետ կռիվ տալիս: Շատ եմ խնդրում, էլ ճամփադ մի փոխիր ինձ տեսնելիս, ես սառն ու անհաջողակ չեմ: Ես քո կիսատ սառնությունը լրացնող միակ մասնիկը կլինեմ։

Ես փազլի 1000, չէ՛, արդեն 999 հատիկից կազմված և 3 կյանք ունեցող փոկ եմ: Դու մի անգամ հեռացար ու սպանեցիր ինձ: Ես փազլի 999 հատիկից կազմված, 2 կյանք ունեցող փոկ եմ:

Եկ Արևածագ

Լուսանկարը՝ Մարգարիտա Ոսկանյանի

Լուսանկարը՝ Մարգարիտա Ոսկանյանի

Արևածագը գտնվում է Լոռու մարզում, տեղակայված է Լոռու սարահարթի արևելյան հատվածում, Ձորագետի ստորին հոսանքի բարձրադիր ձախափնյակում՝ սարավանդի վրա: Այս չոր ու ցամաք տվյալները, հավանաբար, պատկերացում չեն կարող տալ իմ գյուղի իրական կերպարի մասին:

Իսկ միգուցե լսած կլինեք Ստեփան Զորյանի «Ղաչաղանի» մասին: Նա գրում է, որ Ղաչաղանում անտառ ու ծառեր չկան, որովհետև այն ջուր չունի:

Հիմա փոխվել է թե՛ գյուղի անունը, թե՛ պատմվածքի բովանդակությունը: Ղաչաղանը դարձել է Արևածագ, ու եթե այն ժամանակ, երբ Զորյանը գրում էր գյուղիս մասին, գյուղում ջուր չկար, և ասում էին, թե միայն «տանը մնացած» աղջիկներն էին այստեղ հարս գալիս, ապա հիմա լրիվ հակառակն է՝ բոլոր աղջիկներն էլ երազում են Արևածագում ամուսնանալ:

Արևածագցիների նախնիները Լոռի են եկել Արցախից: Արևածագում անգամ աքաղաղի կանչն ու ցորեն հնձելու մեքենայի ձայնն են ուրիշ: Ասֆալտապատ ու լուսավոր փողոցներ, գույնզգույն երդիկներով տներ ու աննկարագրելի սիրուն բնություն: Մարդիկ էլ են էստեղ ուրիշ՝ անասելի շատ են աշխատում: Շոգ ամառ լինի, թե ցրտաշունչ ձմեռ, միևնույնն է՝ գյուղում միշտ էլ գործ կգտնվի: Թեպետ Արևածագում ժամանցային վայրեր քիչ կան, բայց օրդ բավականին հետաքրքիր է անցնում: Գյուղում «COAF»-ի կողմից բացված SMART-սենյակ ունենք, մենք առաջիններից էինք, որտեղ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպությունը բացեց վիքիակումբ:

Հատկապես՝ ամռան ամիսներին, գյուղում անպայման մի մոլորված զբոսաշրջիկ կգտնես, որը փորձում է անգլերեն չիմացող պապիկներից ճիշտ ճանապարհը պարզել:

Արևածագում և՛ արևն է առաջինը ծագում, և՛ լուսինը: Էստեղ ամեն քար ու թուփ շատախոս են, եթե ընկերակցես նրանց, քեզ շատ բան կպատմեն:

Ու եթե հոգնել ես քո միանման առօրյայից, քաղաքի աղմուկ-աղաղակից, ուրեմն Արևածագը քեզ է սպասում:

Ու հա, եթե արդեն որոշեցիր գալ, չմոռանաս քեզ հետ մի երկու կարևոր բան վերցնել՝ տաք հագուստ, թուղթ ու գրիչ և ականջակալներ: Տաք հագուստը քեզ պետք կգա, որովհետև նույնիսկ ամռանը՝ երեկոյան ժամերին, հաստատ մրսելու ես, թուղթ ու գրիչն ամենաշատն են հարկավոր, որովհետև ոչ միայն սարերի հետևից դուրս եկող արևածագն ես տեսնելու, այլ Արևածագի հարյուրամյակների պատմությունը ծայրից ծայր իմացող արևածագցի Վազգեն Հովհաննիսյանից պիտի լսես այն ու գրառումներ կատարես, իսկ երբ մեր Թափեն բարձրանաս՝ արևամուտը տեսնելու համար, պիտի որ ուզենաս ականջակալներովդ քո սիրած երգը լսել:

Մենք մեր գյուղի բնակիչներով խոստանում ենք, որ քո այցելությունը անմոռանալի կլինի:

margarita voskanyan lori

Մի պահ

Մի շաբաթ առաջ ասացին, որ դասարանի մի քանի աշակերտներով զինղեկի հետ գնալու ենք կրակելու:

Գնում ենք Վանաձորի «ԴՈՒՑ»-ը: Դե, հուզված եմ՝ կրակելու ենք: Մեզ զորամաս տանող մեքենան արդեն եկել է, հիմա էնքան չեմ ուզում գնալ, որ մտածում եմ. «Երանի մեքենայից ինչ-որ մաս փչանա, ու գնալներս խափանվի»: Արդեն գնում ենք, թվում է, թե մի քիչ հանգստացել եմ, բայց չէ… Հասանք: Իրականում իմ երազանքներին թիվ ու հաշիվ կա, բայց զորամասում գտնվող աշակերտներին՝ չէ: Ա՜հ, պիտի սպասենք: Սպասում ենք, սպասում ենք, շատ ենք սպասում: Տարբեր ճամբարներից ծանոթ մի քանի ընկերներիս եմ հանդիպում: Ու էդպես անհույս սպասում ենք: Ըհը՛, մեր հերթն է, է՛հ, հիմա էլ փամփուշտներն են վերջացել: Ու էլի սպասում ենք: Իրականում ցուրտ է՝ ուժեղ քամի, մռայլ երկինք, չեղած տրամադրությունն էլ ավելի է փչանում: Քեզ համար մրսելով սպասում ես ու, հանկարծ, արդեն կրակած երեխեք են գալիս ու իրանց դեմքերից տաղտկություն է ծորում, մտածում եմ՝ էսքան սպասում ենք, որ իրանց նման դժգո՞հ գնանք:

Ու վերջապես ասում են՝ եկեք, ձեր հերթն է: Շատ արագ հերթ եմ կանգնում, ու զորամասի ծառայողներից մեկը ինչ-որ կանոններ է բացատրում, բայց հուզմունքից ոչինչ չեմ լսում: Վերցնում եմ պահեստատուփը ու վազում ուղիղ իմ դիմաց գտնվող խրամատը, ինձ թվում է՝ հիմա հուզմունքից սիրտս կպայթի: Յուրաքանչյուր խրամատում մի զինվոր կա, որ պիտի օգնի կրակողին: Էնքան շփոթված եմ, որ ուզում եմ պահեստատուփը թողնել զինվորի ձեռքին ու հեռանալ: Բայց… Առաջին իսկ բառը զինվորի հետ փոխանակելուց հետո ինձ էնքան հանգիստ ու հարմարավետ եմ զգում, որ թվում է՝ տանն եմ, տաք թեյը կողքիս դրած:

Բարևում է, հարցնում՝ ինչպե՞ս եմ, արդյո՞ք վախենում եմ: Քաջալերում է: Ու հա՛, ես կրակում եմ ու շատ հանգիստ: Կարծես մեկ րոպե առաջվա հուզվողը ես չէի: Ու բոլոր վեց փամփուշտներն էլ կրակելուց հետո ինքն ինձ ասում է.

-Ապրե՛ս, շատ լավ էր:

Ու ես էլ ուզում եմ իրեն հարցնել, արդյո՞ք ինքը մեր մոլորակից է: Թվում է, թե իրեն ճանաչում եմ արդեն միլիարդավոր տարիներ: Ժամանակս սպառվում է, ստիպված եմ վերցնել պահեստատուփը ու նորից դուրս գալ, գնալ ու էլ երբեք նրան չտեսնել: Գոնե անունը իմանայի: Թիկունքից շտապեցնում են, դուրս եմ գալիս: Միանում եմ նույն «հերոսությունը» կատարած ընկերներիս: Ու լսելով իրենց՝ հասկանում եմ, որ չէ, իմ զինվորը հաստատ տիեզերքից էր: Հույզերս, էմոցիաներս ու զինվորիս մի անգամ էլ հանդիպելու ցանկությունն էնքան շատ է, որ ուղղակի ասում եմ՝ եկեք չգնանք էստեղից:

Հպարտանում եմ, որովհետև բոլորի ականջները քիչ թե շատ խլացել էին կրակոցի ձայնից, իմը՝ ոչ. իմ զինվորը ամենաճիշտն ու ամենալավն էր բացատրել ինձ կանոնները:

Հիմա գնում ենք տուն: Անձրևի խոշոր կաթիլները ընկնում են մեքենայի ապակիների վրա: Ընդամենը մի պահ էր: Հիմա նոր եմ սկսում մտաբերել, թե ինչպես էր ընդմիջման ժամանակ զինվորների խմբի մեջ բոլորից տարբերվում իմ զինվորը: Աննկարագրելի համեստություն ու անկեղծություն:

Մի օր գուցե էլի կհանդիպենք իրար, ու դու կասես քո անունը, կամ էլ գուցե մի օր կկարդաս սա, դու անպայման կհասկանաս, որ սա քո մասին է, որովհետև դու նման չես մյուսներին՝ տարբերվող ես:

Մի պահ, որ մի ամբողջ կյանք արժեր: Միշտ կհիշեմ քեզ, քո վերաբերմունքը ու կողքիդ դրված մի տուփ քաղցրավենիքը:

Աստված պահապան բոլոր զինվորներին: